2013-07-20 11:23
«Դե Ֆակտո» N45 (2010թ.)
2010թ. կանխատեսում ենք 1-2 տոկոս տնտեսական աճ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
-Պարո՛ն Արամյան, վերջերս կառավարությունը հաստատեց մի ծրագիր, ըստ որի` պետությունն այսուհետ հիպոթեկային վարկավորումներով փորձելու է աջակցել երիտասարդ ընտանիքներին, որ վերջիններս կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ո՞րն է այս նախագծի իրականացման պատճառը։ Նմանատիպ ծրագրերն արդյունավե՞տ են, որովհետև ամեն դեպքում խոսքը բանկային ռեսուրսների մասին է. երիտասարդները պետք է կարողանան մարել այդ գումարները։
-Նախ` նշեմ, որ ՀՀ նախագահն իր նախընտրական ծրագրում ամրագրել էր սա, որը ձևակերպված էր հետևյալ կերպ` մատչելի բնակարաններ երիտասարդների համար։ Այս նախագիծը մենք պարտավոր ենք կյանքի կոչել։ Մինչև իրականացումը այս նախագիծը բազմիցս քննարկվել է, և ներկայումս կարող եմ ասել, որ այս ծրագրի արդյունքում երիտասարդ ընտանիքներին առաջարկվող վարկային միջոցների գինը` տոկոսը, էապես ցածր է լինելու նմանատիպ ռեսուրսների միջին շուկայականից։
-Մե՞ծ են ռիսկերը։
-Նախագիծը կյանքի կոչելուց առաջ մենք ուսումնասիրեցինք համաշխարհային փորձը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում մենք վերջնականապես հանգեցինք այս մենխանիզմին։ Ես չէի ասի էական ռիսկեր կան, սակայն փաստացի իրագործումը կարող է վեր հանել որոշ գործնական խնդիրներ, որը մենք ժամանակի ընթացքում կճշգրտենք։
-Հայաստանում կոռուպցիոն ռիսկեր կան. մտավախություն չկա՞, որ կսկսի գործել հարևան-խնամի-բարեկամ մեխանիզմը։
-Այդ հարցի շուրջ մեզ մոտ բավականին բուռն քննարկում եղավ։ Որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հաղթահարվեն, մենք ստեղծեցինք բիզնես մշակույթի վրա հիմնված մի մեխանիզմ, ինչը ենթադրում է հավասար պայմաններ բոլոր շահառուների համար։ Եթե որևէ երիտասարդ ցանկանում է բնակարան գնել, ապա առաջինը դիմում է բանկին, այլ ոչ թե պետական որևէ մարմնին, և նրան բավարար է լինելու, միայն թե պետք է բանկին ներկայացնի ծրագրով սահմանված շահառու դառնալու նվազագույն չափանիշներին բավարարելու հիմքերը։ Հետո, նա պետք է անցնի վարկավորման համար անհրաժեշտ բոլոր պարտադիր գործընթացներով։ Վարկը հաստատելուց հետո այն պետք է վերաֆինանսավորվի պետության կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված վարկային կազմակերպության կողմից։ Արդյունքում ստացվում է, որ այդ վարկը տրամադրվելու է պետական ռեսուրսներից, և բանկը այստեղ հանդես է գալու որպես միջնորդ, իսկ այս ամենի արդյունքում տոկոսադրույքները վերջնական շահառուի համար նվազելու են։ Նշեմ նաև, որ պետությունը գումար է տրամադրելու հատուկ այդ նպատակով ստեղծված վարկային կազմակերպությանը, որի ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, և այդ կազմակերությունն ունի հստակ նախագծված մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն կոռուպցիոն ռիսկերը։
-Բանկերը տվե՞լ են իրենց համաձայնությունը աշխատել այս ծրագրի ներքո։
-Չեմ կարծում, որ բանկեր լինեն, որոնք չցանկանան այս ծրագրով աշխատել։ Դա նույնն է, թե տնտեսվարող սուբյեկտին ասես, թե քեզ առաջարկում եմ բավականին շահավետ պայմաններ, դու կարող ես իրացնել դրանք և ընդլայնել քո պորտֆելը, և նա ասի, թե չի ցանկանում։ Նման ձևաչափ մենք արդեն իսկ ունենք։ Ստեղծվել էր ազգային հիպոթեկային ընկերությունը, որը հիպոթեկային վարկավորման վերաֆինանսավորում էր կատարում։ Նման գաղափար դրվելու է նաև այս դեպքում, բայց մի քիչ ավելի սոցիալական բաղադրիչով։ Տոկոսադրույքները, որոնք առաջարկվելու են շահառուներին, շատ ավելի ցածր են լինելու։
-Տոկոսադրույքները որքա՞ն են լինելու։
-Մեր նախնական հաշվարկներով` ներկայումս նմանատիպ, ասենք 10 տարի ժամկետով վարկերը տրվում են 14-16 տոկոս տոկոսադրույքով։ Այս դեպքում վերաֆինանսավորման արդյունքում տոկոսադրույքը մոտավորապես 4 տոկոսային կետով զեղչվելու է։ Բայց սա ամբողջը չէ. գումարած դրան` պետությունը 2 տոկոսային կետ սուբսիդիա է տրամադրում այդ տոկոսն իջեցնելու համար։ Վարկը շահառուին վերջնականապես հասնելի է լինելու 8-9 տոկոս տոկոսադրույքով։ Սա միանշանակ լավ տոկոս է։
Մեր թիրախն այն է, որ շահառուն վարկի սպասարկման գործընթացում ունենա ծախսի նվազեցում, որին մենք ձգտելու ենք հասնել։
-Պարո՛ն Արամյան, պետությունը որքա՞ն գումար է ներդնում այս ծրագրի իրականացման համար։
-Որպես նախնական փուլ` ծրագրի իրականացման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի համաֆինանսավորման, գումարած դրան` նախնական հաշվարկներով մոտավորապես 2 տոկոս տոկոսադրույքի սուբսիդավորման համար բյուջեից մոտ 60 մլն դրամ կհատկացվի, որ կատարվի տոկոսադրույքի սուբսիդավորում։
-Կառավարությունը նաև վերին շեմ է սահմանել, որից թանկ բնակարան երիտասարդները չեն կարող գնել, իսկ եթե մեծ ընտանիք է, և ցանկություն կա մեծ և թանկ բնակարաներ գնե՞լ. ինչո՞ւ այդպիսի հնարավորություն չեք տալիս։
-Սա պիլոտային ծրագիր է։ Նախագծի շրջանակներում հաշվարկվել է նվազագույն պայմաններով բնակարան երեք հոգու համար։ Մենք հաշվի ենք առել նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ փոքր ընտանիքի բնական կենսաապահովման համար անհրաժեշտ է 64 ։ Մենք, այդ հանգամանքը հաշվի առնելով, հաշվարկներ ենք կատարել Երևան քաղաքում և ֆիքսել 16 մլն դրամ բնակարանի առավելագույն արժեք։
Եթե շահառուն ի վիճակի է գնել, օրինակ, 20 կամ 30 մլն դրամ արժողությամբ բնակարան 100-150 տարածքով Երևանում, բնականաբար, նա սոցիալապես խոցելի չէ։ Մեր հիմնական թիրախն այն մարդիկ են, ովքեր կարող են իրենց ընթացիկ եկամուտներով տոկոսադրույքների մատչելիության դեպքում օգտվել վարկից և բնակարան գնել։ Նշեմ, որ մենք սահմանել ենք 16 մլն դրամ և՛ Հայաստանի Հանրապետության մարզերի, և՛ Երևան քաղաքի համար, ինչն անուղղակի կերպով կխրախուսի տարածքային համաչափ զարգացումը, քանի որ նույն գումարով տարածաշրջաններում ավելի մեծ բնակարաններ կարելի է ձեռք բերել։
-Պարո՛ն Արամյան, այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ երբ բանկից ուզում ես վարկ վերցնել, այնքան փաստաթղթեր են պահանջում, որ շատ հաճախ հոգնում ես։ Կարո՞ղ եք վերահսկել, որ բանկերը դարձյալ այդ գործիքները չկիրառեն, որ մարդիկ ընդհանրապես հրաժարվեն տուն գնելու ցանկությունից։
-Սովորաբար, մեր հասարակության մեջ կա նման կարծիք, բայց բանկերն ունեն վարկավորման հստակ գործընթացներ, որոնք իրենց ռիսկերի կշռման համար են իրականացվում։ Պարզում են մարդու օրինական եկամուտը, որը, եթե չի բավարարում ամսական վճարումները կատարելու համար, ապա նրան հնարավորություն է տրվում երաշխավորի միջոցով կատարել գործարքը։ Հետևաբար, անհրաժեշտ է լինելու դրա համար երաշխավորագիր։ Բանկերը պահանջում են նաև այլ տեղեկանքներ` կապված գրավի առարկայի իրավունքի ամրագրման, նոտարական վավերացման հետ և այլն։ Դրանք այն փաստաթղթերն են, որոնք անհրաժեշտ են լինելու վարկավորում իրականացնելու համար։ Դրանցից դուրս, չեմ կարծում, բանկերը լրացուցիչ փաստաթղթեր պահանջեն։
-Բայց համաձայնեք, որ կա մի խնդիր։ Քանի որ այսօր մեր բիզնեսը ոչ միշտ է գործում օրենքի դաշտում, ապա շատ հաճախ երիտասարդը եկամուտներ ունենում է, բայց դրանք գրանցված չեն լինում։ Այս դեպքում նա չի կարող օգտվել այս գործընթացից։
-Կառավարության քաղաքականության ներքո մենք միշտ ասել ենք, որ մեր գործողություններն ուղղված են լինելու ընդհանուր` թե՛ բիզնեսին, և թե՛ հասարակությանը կամաց-կամաց սև հատվածից դեպի մաքուր հատված տեղաշարժելուն։ Սա մեծ խնդիր է։ Մենք դա ամրագրել ենք մեր ընդհանուր ռազմավարության ներքո։ Մենք ունենք հստակ քաղաքականություն, որն ուղղված է այս խնդրի լուծմանը։ Կարծում եմ, որ այս ծրագրի իրագործումը թեև փոքր, բայց ևս մեկ լրացուցիչ խթան կդառնա եկամուտները օրինական դաշտ տանելու գործընթացում, չնայած ևս մեկ անգամ նշեմ, որ այս ծրագրի հիմնական նշանակետը դա չէ։
-Չե՞ք կարծում` որպեսզի այս նախագիծն առավել արդյունավետ իրականանա, պետք է մյուս խանգարող հանգամանքները վերացնել։
-Ես իմ ելույթներում շատ եմ նշել, որ եթե դու ցանկանում ես որևիցե քայլ անել և զգալ դրա արդյունավետությունը, ապա միանշանակ ճիշտ է, որ համակարգված մոտեցում ցուցաբերես։ Եթե տնտեսության մեջ կան խոռոչներ, որոնք խնդիրներ են առաջացնում արդյունավետ քաղաքականություն վարելու համար, ապա դու պարտավոր ես բոլոր խոռոչներին արդյունավետ մոտեցումներ ցուցաբերել։ Հակառակ դեպքում քո քայլերը կընկնեն այդ խոռոչների մեջ, և ակնկալվող արդյունավետությունը կձախողվի։
-Որպեսզի ես` որպես երիտասարդ ընտանիք ունեցող մարդ, բնակարան գնեմ, ինձ պետք են նաև կուտակումներ, որ նախնական վճարում կատարեմ։ Շատ երիտասարդներ այսօր աշխատանք ունեն, բայց այդ կուտակումները չունեն։ Արդյո՞ք պետությունը չէր կարող ևս մեկ քայլ անել և ազատել նախնական գումարի վճարումից։
-Նախկինում այդպիսի մոտեցում քննարկում էինք, բայց բյուջետային միջոցների սղության պատճառով մենք այս երկրորդ տարբերակն ընտրեցինք։ Այնուամենայնիվ, այս տարբերակը ևս զգալի օժանդակություն է լինելու երիտասարդներին, քանի որ վարկի սպասարկման համար երիտասարդների գրպանից վճարվող գումարները նվազեցվելու են։
-Մոտավորապես հինգ միլիոն դրամ, կարծում եմ, ամեն ոք չէ, որ կարող է վճարել։
-Ամեն դեպքում 5 մլն դրամը նախնական հաշվարկներով է սահմանված, և դա առավելագույնն է հաշվարկված 16 մլն դրամի համար։ Ի դեպ, շատ կլինեն նաև դեպքեր, որ երիտասարդները կգնեն ոչ թե 16, այլ ավելի ցածր արժեքով բնակարաններ երկրի տարբեր մասերում, ինչին զուգահեռ կնվազի նաև այս կանխավճարի գումարը։ Միևնույն ժամանակ, կախված նրանից, թե մեր այս պիլոտային ծրագիրն ինչպես կզարգանա, հետագայում պայմանները կարող են որոշակիորեն վերանայվել։ Մեր խնդիրն է հնարավորինս շատ շահառուներ ներգրավել ծրագրում։
-Երիտասարդների շրջանում ուսումնասիրություն անցկացրե՞լ եք, կա՞ պահանջարկ։
-Նախապես ուսումնասիրություններ իրականացվել են, դրանց արդյունքները նաև ամրագրված են մեր ծրագրում։ Կարծում ենք` այս տարի առնվազն 300 հոգի շահառու կլինի։
-Ե՞րբ եք սկսելու առաջին քայլերը։
-Մենք ամեն ինչ անում ենք, որ մինչև մարտի 1-ը սկսենք։ Մենք փորձում ենք հնարավորինս ավելի շուտ սկսել, բայց կան արարողակարգեր, որոնք պարտադիր պետք է կատարվեն, և մենք արագ տեմպերով փորձում ենք դրանք հաղթահարել։
-Ամփոփելով 2009թ. արդյունքները` ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է լինելու 2010թ. մեր տնտեսության, ֆինանսական դաշտի համար, և այն վերլուծությունները, թե իրականում ֆինանսական և տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար կլինի հենց 2010թ., ուտոպիստակա՞ն են, թե՞ ռեալ։
-Կարծում եմ, որ ուտոպիստական են։ Ես մշտապես իմ ելույթներում նշում եմ, որ Հայաստանը չի ապրում վակուումի մեջ, Հայաստանը գտնվում է Երկիր մոլորակում և արձագանքում է այն զարգացումներին, որոնք լինում են համաշխարհային տնտեսության մեջ։ Իսկ համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված վերջին փաստն այն է, որ այն, ինչ արեց ամբողջ աշխարհը և նաև ՀՀ կառավարությունը, նպաստեց, որ սկսվի վերականգնման գործընթացը։ 2009թ. արդեն իսկ ճշգրտվել են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները բարձրացման ուղղությամբ։ Մենք ՀՀ-ի համար 2010թ. կանխատեսում ենք 1-2 տոկոս տնտեսական աճ։ Մենք ավելի պահպանողական տնտեսական աճ ենք կանխատեսում, բայց ամեն դեպքում մեր գործողությունները, որոնց համաձայն 2009թ. երկրորդ կեսից բավականին մեծ լիկվիդայնություն ներդրեցինք տնտեսության մեջ, աստիճանաբար մուլտիպլիկատիվ ազդեցությամբ 2010թ. ունենալու են իրենց պիկային արդյունքը, և դրա հետևանքով, եթե էական ցնցումներ չլինեն համաշխարհային տնտեսությունում ¥թեև ասում են` նմանատիպ ռիսկեր կան), մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ, քան կանխատեսում ենք։
-2010թ կարո՞ղ է տնտեսական առումով լինել ավելի հաջող, քան 2009թ.։
-Այո՛։ Դեռևս մայիս ամսին, երբ տնտեսական անկման վերաբերյալ կատարեցինք մեր կանխատեսումները, այդ ժամանակահատվածում կանխատեսումը 15.6 տոկոս տնտեսական անկումն էր։ Հետագայում ես բազմիցս նշել եմ, որ կարևոր է, թե այն գումարները, որոնք կհայտնվեն մեր տնտեսությունում կառավարության գործողությունների արդյունքում, ինչ արագությամբ կկլանվեն տնտեսության կողմից, և դրան համահունչ էլ կգրանցվեն տնտեսական արդյունքները։
-Գո՞հ եք այդ արագությունից։
-Ամեն դեպքում մենք ֆիքսել էինք 15.6 տոկոս տնտեսական անկում, բայց մի փոքր ավելի լավ ընթացավ սցենարը, և մենք ունեցանք 14.4 տոկոս տնտեսական անկում։
-Պարո՛ն Արամյան, Դուք երիտասարդ գործիչ եք, փոխնախարար։ Մենք բազմիցս խոսում ենք, որ պետական համակարգում պետք է վերանան կոռուպցիան և կաշառակերությունը։ Այն աշխատավարձը, որը պետությունը վճարում է, բավարա՞ր է, որ պաշտոնյան, առանց կողմնակի եկամուտների, փորձի իր կյանքը դասավորել։
-Ես այս հարցին հետևյալ կերպ եմ անդրադառնում, թեև ինձ քննադատում են։ Իհարկե, այդ աշխատավարձը բավարար չէ։ Իր կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից պետությունը կարող ենք նույնականացնել որևիցե ընկերության վարքագծի հետ։ Այստեղ շատ կարևոր է արտադրողականությունը և ամեն անհատի մակարդակով դրա չափողականությունը։ Եթե դու կարողանաս կառավարման համակարգում վարչարարությունն այնպես փոխել, որը ունենաս յուրաքանչյուր չինովնիկի աշխատանքի արդյունքի գնահատման գործիք, ինչը կնպաստի արտադրողականության բարձրացմանը, ապա դա հնարավորություն կտա համապատասխանաբար բարձրացնել աշխատավարձը, միևնույն ժամանակ բացահայտել այն օղակները կամ անհատներին, որոնք պարապուրդի են մատնված։ Այլ կերպ ասած` աշխատավարձերի աճը հանարավոր է, եթե համակարգում լինի պետական մարմինների ֆունկցիաների հստակ տարանջատում, տվյալ մարմինների ներսում բիզնես գործընթացների նկարագրություն, դրանց վրա հիմնված անհատական աշխատատեղերի նկարագրություն և յուրաքանչյուր աշխատողի տարեկան ծրագրեր և կատարողականի գնահատման համակարգ։
Մենք ուզում ենք ներդնել այս ամբողջը, ինչը ամրագրված է պետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների ներքո, սկսելու ենք յուրաքանչյուր պետական մարմնի բիզնես գործընթացների նկարագրությունից և ֆունկցիաների տարանջատումից։ Բացառելու ենք նմանատիպ ֆունկցիաների մի քանի պետական մարմնի կողմից կրկնօրիակումներից։ Երկրորդ` կառավարման համակարգում ներդնելու ենք աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը, ըստ որի, յուրաքանչյուր չինովնիկի աշխատանքի արդյունքները կգնահատվեն կոնկրետ չափանիշների ներքո. դա կնպաստի, որ մարդիկ ավելի պատասխանատու լինեն իրենց աշխատանքի նկատմամբ և փոխարենը կարող են ստանալ լրացուցիչ հավելումներ։
-Պարո՛ն փոխնախարար, կա՞ն այնպիսի սողանցքներ, որոնցից կարելի է օգտվել և կողմնակի գումար աշխատել։
-Ամբողջ աշխարհում այդպիսի սողանցքներ լինում են։ Չմոռանանք հանրահայտ «Էնրոնի»-ի դեպքը ԱՄՆ-ում, որը ևս կոռուպցիայի դրսևորում էր, սակայն երկրից երկիր տարբերվում են այդ սողանցքներից օգտվելու ձևերը։
-Հնարավոր չէ՞ այդ սողանքները փակել։
-Սողանցքների փակման դասական տարբերակը այն համակարգի ներդրումն է, ինչ ես արդեն վերը նշեցի, և այստեղ կարևոր է այդ համակարգի ներդրմանը զուգահեռ, երբ սկսում են աստիճանաբար աճել աշխատավարձերը, կառավարման ստորին մակարդակում խստացվի նաև պատասխանատվությունը։
-Հիմա մենք գնո՞ւմ ենք այդ համակարգին։
-Այո՛։ Արդյունքում` դու կարող ես չինովնիկին նորմալ գումար վճարել, այսինքն` լավ աշխատողին` բարձր աշխատավարձ` գումարած լրացուցիչ բոնուսներ, վատ աշխատողին` պատժամիջոցներ և լրացուցիչ բոնուսներից զրկում։ Եթե աշխատավարձերը չբարձրանան, շատ դժվար կլինի կոռուպցիայից և կաշառակերությունից ձերբազատվելը։ Համաշխարհային բանկն իր հաշվետվություններում բազմիցս նշում է, և ամբողջ աշխարհի փորձը ևս ցույց է տալիս, որ կոռուպցիայից և կաշառակերությունից ձերբազատվելու համար անհրաժեշտ է բարձր աշխատավարձ+մեծ պատասխանատվություն` համապատասխան թափանցիկության և պատժամիջեցների գործիքակազմի առկայությամբ։ Եվ սրանք պետք է հենված լինեն աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգի վրա։
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ