23:10
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ավետիս Խախամյան

2013-07-18 11:44

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

-ԿԱՐԻԵՐԻՍՏ ԵՄ, ՔՍԱՆՉՈՐՍ ԺԱՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ

Ուսանողական տարիները իրենց եզակի անկրկնելիության հետ միասին թույլ են տալիս բացահայտել մեր էությանը բնորոշ հետաքրքրություններն ու  կարողությունները։ Այս անցողիկ, բայց երանելի  տարիների փնտրտուքը, ինքնադրսևորվելու ճանապարհներ որոնելը բերում է ինքնաճանաչման։ Կյանքի բանաձև դարձած ցանկանալ+կարողանալը լուծելը ավելի շոշափելի է դառնում, քանի որ բացի ճակատագրական անհայտից, ամեն ինչ  հայտնի է լինում։

Թվում էր` ամեն ինչ հայտնի է` Էլիտար կյանք ՍՊԸ-ի նախագահ Ավետիս Խախամյանը, ավարտելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դառնալու է քաղաքագետ։ Սակայն ճակատագրական անհայտը իր անակնկալով գրավեց նրա միտքը, որը սկսեց նախագծել նոր կյանքի սկիզբը։ Անգլիական ամսագրերից մեկը թերթելիս նա հանդիպեց Երևանի կոնյակի գործարանի  գովազդին, որը մեծ իրադարձություն էր ու նաև նորի սկիզբ.

-Մտածեցի ինչո՞ւ չունենանք հայկական գունավոր ամսագիր ու այդ գովազդը տեղադրենք մեր ամսագրում։

Երեք-չորս ամիս փակվելով իր սենյակում Ավետիս Խախամյանը նախագծում էր իր նոր կյանքը, որը ոչ միայն իր համար էր նոր լինելու։ Սկզբում նա ծրագրեց հրատարակել ամսագիր բջջային հեռախոսների մասին, սակայն շուտով որոշեց ավելի լայն զանգվածներին գրավող ամսագիր տպագրել։ Այդպես էլ եղավ։

-Այն ժամանակ էլիտար բառը այդքան չէր ոտնահարվել, ինչպես հիմա։ Ամեն ինչ արդեն կարող է էլիտար լինել։

Եվ ահա 2004թ.-ի հունվարի 31-ից էլիտար կյանք կոչվածը սկսեց լուսաբանվել Էլ էլիտար կյանք նոր գունավոր ամսագրում։ Ճիշտ է` նորություն բերելը ու դրանով հմայելը հաճելի աշխատանք է, սակայն այն ընդունելու համար հասարակությունը պետք է պատրաստ լինի։

-Մեծ դժվարությունների հանդիպեցինք։ Մեր հասարակությունը չէր պատկերացնում, որ իր կարդացած ռուսական ամսագրերի նման կարող է լինել նաև հայկական ամսագիր։ Գովազդ տեղադրելու կուլտուրան նույնպես բացակայում էր։

Թեև սկզբում դժվարություններով, սակայն արդեն 1 տարի անց այն կայացած ամսագիր էր։ Ընթերցողների մեծ բանակ ուներ, որը ընդգրկում էր  տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց։

-Որոշեցինք էլիտարը մաքուր թողնել։ Անկողնային պատմություները, գիշերային կյանքը, շոուբիզնեսը փորձեցինք հանել Էլիտար կյանքից։

Այսպիսով` ստեղծվեց Elite Life-ը, որը խորհրդանշում է ապակի, սև փայտ, սպիտակ կաշի և ստեղծվեց Էլ Style-ը, որը ասոցացվում է կարմիր փայտի, ոսկու, կարմիր կաշվի հետ։ Շուտով լույս կտեսնի ևս 2 ամսագիր։

Էլիտար կյանք ՍՊԸ-ն էլիտար կյանքը լուսաբանելուց բացի, հենց ինքն է կազմակերպում էլիտար կյանքի էլիտար պահեր։ Տարին 2-3 անգամ կազմակերպվում են Էլ-party-ներ, որոնց մասնակցում է քաղաքի «ոսկի երիտասարդությունը», շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Ամեն ինչում լավագույնը լինելու ձգտմամբ` ՍՊԸ-ն ունի տարբեր բաժիններ, որոնցից մեկը զբաղվում է PR-ով, մյուսը ամսագրերի պատվերներ է ընդունում, կա նաև սոցիոլոգիայի բաժին, որը պարբերաբար ոչ միայն իրենց, այլ նաև տարբեր ամսագրերի վերաբերյալ հարցումներ է անցկացնում։

-Ունենք ինտերնետային էջ, որը միայն իմիջային բնույթ չի կրում։ Փորձելու ենք զարգացնել նաև ինտերնետային կուլտուրան, գրավել այս շուկան։

Նման լայն գործունեություն ծավալելու պայմաններում «Էլիտար կյանքը» կյանքի նկատմամբ իր պատկերացումները արտահայտում է իր արտադրանքում։ Այդ ոճը արտացոլվում է ոչ միայն ամսագրի էջերում.

-Շուտով կլինեն ապակե շախմատներ Էլ-Style ապրանքանիշով։

Ավետիս Խախամյանը իր հաջողության գրավականը համարում է նպատակասլացությունն ու աշխատասիրությունը։ Ամեն տարի նոր ծրագրերով սկսում է տարին` հետամուտ լինելով դրանց իրականացմանը։ Նոր տարին տոնում է ընտանիքի հետ։

-Յուրաքանչյուր տարի ես տխրում եմ, որ ևս 1 տարի անցավ։ Պլանավորում եմ հաջորդ տարի ավելի շատ բան անել, ամեն ինչ հասցնել։

Ցանկությունները միշտ էլ խեղդում են մարդուն` հաշվի չառնելով կյանքի տևողության սահմանափակությունը։ Այս դեպքում որքա~ն դժվար է ժամանակի իմաստով ցանկանալ+կարողանալ-ի համատեղումը։ Ավետիս Խախամյանի երազանքն է նմանվել ֆիլմերից մեկի հերոսին, որը իր 65-ամյակը նշելիս հայտարարում է. «Ես շատ երջանիկ եմ և կցանկանամ, որ բոլորդ լինեք ինձ նման երջանիկ։ Ես ինչ ցանկացել եմ, ունեցել եմ, ինչի ձգտել եմ, հասել եմ։ Այսօր կարող եմ մահանալ, քանի որ իմ կյանքը լիովին ապրել եմ»։

-Ես երջանիկ կլինեմ այս խոսքերը ասել 65 տարեկանում։ Կարիերիստ եմ, 24 ժամ աշխատում եմ։ Չեմ երազում, այլ փորձում եմ երազանքներս իրականացնել։                                                     

                     Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...