22:04
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՐԲ ՎԵՐԱԳՏԱՆՔ ԱՐՑԱԽԸ, ԱՌԱՋՆԱՅԻՆ ԷՐ ՆՐԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

2013-07-17 11:11

«Դե Ֆակտո» N77 էքսկլյուզիվ ( 2012թ.)

 

Գեորգի Օհանյան, «Արցախ բրենդի կոմպանի» ՓԲԸ նախագահ

-Պարո՛ն Օհանյան, Դուք նվիրյալ արցախցի եք, ով արցախյան շարժման  առաջին օրերից մինչև այսօր արցախցիների կողքին է և չի զգուշանում  ներդրումներ  կատարել ու աշխատատեղեր ստեղծել Արցախում։ Արդյո՞ք ռիսկային չէ Արցախում ներդրումային ծրագրեր իրականացնելը։

-Այո՛, ես ծնունդով արցախցի եմ, շատ եմ սիրում մեր բնաշխարհը, մարդկանց։ Շատ եմ սիրում նաև Երևանը, որտեղ քսան տարեկան հասակից ապրել եմ, կայացել որպես անհատականություն։

Արցախյան շարժման առաջին օրերից աշխատել եմ իմ  հնարավորությունների սահմաններում ներդրում ունենալ Արցախի պաշտպանության, արցախցիների բարօրության գործում։ Այն ժամանակ ես մեծ հնարավորություններ ունեի, և դրանք ուղղում էի զենք-զինամթերքի, հագուստի, սննդի ձեռքբերման գործին։ Մեր ձորակի ջոկատի համար նաև աշխատավարձ էի նախատեսել։ Պատերազմի օրերի հետ կապված շատ հիշողություններ ունեմ՝ երկու անգամ մահից եմ փրկվել։ Երևի դա պատահական չէր։

Ինչ վերաբերում է ռիսկային ներդրումներին, ապա պետք է ասեմ, որ  շարժման առաջին օրվանից եմ այդ ռիսկային քայլերը կատարել և  հնարավորություններս ուղղել Արցախի փրկության գործին։ Երբ վերագտանք Արցախը, ես մտածում էի նրա հեռանկարի մասին, որ իզուր չլինեն մեր գործադրած ջանքերը։ Այդպես՝ առաջինը ես ներդրում կատարեցի Արցախում՝ հանձն առնելով Ասկերանի գինու գործարանի վերականգնումը։

Դժվար էր, բայց ես այսօր ինձ երջանիկ մարդ եմ համարում, ով գործել է սրտի թելադրանքով։

-Այսինքն՝ գործարարին հատուկ մաթեմատիկական հաշվարկները չէին կարող դեր ունենալ Ձեր որոշման մեջ, և հաջողությունը ժպտաց՝ Ձեր ազնիվ նախաձեռնությանն ի պատասխան։ Կպատմե՞ք՝ ինչպես սկսեցիք արտադրության կազմակերպման գործընթացը։ 

-Ես շահույթի մասին չէի մտածում։ Ուզում էի ստեղծել այնպիսի արտադրություն, որի արտադրանքը նորություն կլիներ շուկայում,  կբացվեին աշխատատեղեր։ Այդպես էլ արեցի։ Սկզբում երեք ընկերներով էինք աշխատում, ովքեր նույնպես արցախցի էին։ Ստեղծվեց «SGS» ընկերությունը։ Սկսեցինք «Արցախ թթի» թունդ ալկոհոլային ըմպելիքի արտադրությունից, հետո տեսականին մեծացավ՝ սկսեցինք արտադրել  «Արցախ ծիրանի», «Արցախ հոնի», «Արցախ վայրի տանձ», «Արցախ դեղձ», «Արցախ սալոր»։ Որոշ ժամանակ անց ընկերներով որոշեցինք առանձնանալ, և անհատապես գործել բիզնես դաշտում։ Անվանափոխություն տեղի ունեցավ՝ ընկերության անվանումը փոխվեց  «Արցախ Ալկո»-ի, ավելի ուշ՝ «Արցախ բրենդի կոմպանի»-ի։   

Ինչպես և արտադրության կազմակերպման առաջին օրվանից որոշել էի՝ գործարանի աշխատակիցների 80 տոկոսը զոհված ազատամարտիկների կանայք և մայրերն են։  

-Դժվար չէ՞ր  նոր արտադրատեսակ ստեղծել և ապահովել բարձր որակ։ 

-Մենք այդ խնդրի առջև կանգնեցինք արտադրության առաջին օրերին։ Հատուկ այդ արտադրանքի թողարկման համար ես Մոսկվայից Հայաստան, այնուհետև Արցախ տեղափոխեցի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության համար ընդունված ստանդարտները, որոնց հիման վրա էլ կազմակերպվեց մեր արտադրական գործընթացը։  Հետագայում, իհարկե, շուկայում տարածում գտան մրգային խմիչքները, որոնց արտադրության համար կիրառվեցին այդ նույն ստանդարտները։

-Ընդհանուր առմամբ, քանի՞ աշխատատեղ է բացվել։

-Արտադրությանը զուգահեռ՝ մենք ունենք նաև այգիներ Հայաստանում և Արցախում։ Մեզ մրգերով մատակարարում են նաև  գյուղացիները, ովքեր նույնպես մեր պոտենցիալ աշխատակիցներն են։ Եթե հաշվենք այգիների և արտադրության աշխատակիցների ընդհանուր քանակը, ապա նրանց թիվը հասնում է 160-ի։ 

-Պարո՛ն Օհանյան, ինչպես նկատել եմ, Դուք չեք սիրում խոսել Ձեր բարեգործությունների մասին, հարցազրույցներ չեք տալիս, բայց ամեն դեպքում, կպատմե՞ք Ձեր ծրագրերի մասին։

-Ես ավելի շատ սիրում եմ գործել, քան խոսել։ Ողջ կյանքիս ընթացքում առաջնորդվել եմ խղճիս թելադրանքով։ Բարեգործական նախաձեռնություններ շատ են եղել, որ նույնիսկ այս պահին չեմ կարողանում մտաբերել։ Կարծում եմ՝ մենք բոլորս պարտավոր ենք օգնել հատկապես այն մարդկանց ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն այն խաղաղ երկնքի, որի ներքո մենք այսօր ապրում ենք։ Դա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի հատուցում նրանց հերոսության։

-Մենք տեղյակ ենք, որ Դուք որոշակի ֆինանսական ռեսուրսներ եք ուղղում Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցմանը։

-Այո՛, արդեն երեք-չորս տարի է մենք աջակցում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման աշխատանքների իրականացմանը և կշարունակենք այդ գործընթացը  մինչև աշխատանքների վերջնական ավարտը։ 

-Պարո՛ն Օհանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ է բարեգործությունը։

-Ես կարծում եմ, որ մեր բոլոր հաջողությունները Աստծո հովանավորության ներքո են իրականանում, նաև կարծում եմ՝ Աստված մեզ օգնում է, որ մենք էլ միմյանց օգնենք։ Մենակ ուտողը չի կարող վայելել, պետք է կիսես ունեցածդ։ 

-Դուք նաև պարգևատրվել եք մեդալներով։

-Այո՛, Երախտագիտության մեդալ եմ ստացել Արցախում, իսկ Հայաստանում՝ Մ. Բաղրամյանի անվան մեդալ։ 

-Հետևելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին՝ ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։

-Ղարաբաղը պետք է հռչակվի անկախ պետություն։ Այսօր երկու կողմերն էլ դա գիտակցում են, որ պատերազմը ոչ ոքի օգուտ չի բերի։ Այստեղ կարևոր  դերակատարում ունեն մեծ տերությունները, որոնք պետք է կամք դրսևորեն լուծելու այս խնդիրը։

-Եվ վերջում, ինչպե՞ս կբնորոշեք արցախցուն։

-Եթե արցախցիների համառությունը չլիներ, նախիջևանցիների ճակատագրին էինք արժանանալու…

Արցախցին բարի է, հյուրասեր, ուղղամիտ, ուղղախոս, օժտված է կամային որակներով, շատ սուր հումոր ունի։

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...