17:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՍԸ ԹԵԿՆԱԾՈՒ, ՄԵԿ ՆԱԽԱԳԱՀ

2013-07-17 11:04

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

 Հայաստան 2008թ., մարտ ամիս, նախագահական ընտրություններ։

Հոլիվուդյան ֆիլմերում մոտավորապես այս ոճով են սկսվում ապագայի մասին ֆիլմերը։ Մի պահ մենք էլ փորձենք պատկերացնել, որ օրեր անց ընտրելու ենք հանրապետության նախագահ։ Բայց ո՞ւմ։ Հետևաբար ԴԵ ՖԱԿՏՈ ամսագիրը հարցախույզի միջոցով այսօր արդեն փորձել է պարզել մեր համաքաղաքացիների տրամադրվածությունն այս հարցում։ Հարցը հետևյալն էր. Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԵԻՔ ՆԱԽԱԳԱՀ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ԱՅՍՕՐ։ Նախ նշեմ, որ ենթադրյալ թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել անգամ 20 տոկոսանոց արգելքը։ Իսկ արդյունքներն ավելի քան մտահոգիչ են։ Եվ ի՞նչ եք կարծում, ո՞վ է առաջատարը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այլևս չի կարող առաջադրվել։ Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են այդպես պատասխանել հարցվածներից ոմանք։

  1. Պարզապես չգիտեն, որ Հայաստանի հանրապետության նախագահը չի կարող առաջադրել իր թեկնածությունը երեք անգամ անընդմեջ, ինչը զարմանալի չէ, քանի որ մեզանում, ցավոք, շատերը չգիտեն նույնիսկ, թե ինչ է սահմանադրությունը։
  2. Այնքան են սիրում Ռոբերտ Քոչարյանին, ինչպես օրինակ Պուտինին` Ռուսաստանում, որ համաձայն են փոխել, առանց այն էլ փոփոխված սահմանադրությունը։
  3. Նկատի ունեն, որ արժանի հետնորդ չկա։
  4. Վախեցել են ուրիշ անուն տալ, ինչը նույնպես ընդունված է մեզանում` հաշվի առնելով մեր իրականությունը և այն, որ ամսագրի հարցումն անվանական է։
  5. Պատասխանել են` մի բան ասելու համար։

Սրանք ընդամենը վարկածներ են։ Անդրադառնանք ձայն ստացած մյուս քաղաքական գործիչներին։ Երկրորդ տեղում է պոպուլիստական և երբեմն կենցաղային մակարդակի ելույթներով հայտնի Արտաշես Գեղամյանը։ Հետաքրքիր դիտարկում. «Շանթ» հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած «հեռուստախայտառակությունից» հետո Արտաշես Գեղամյանին այսօր ավելի շատ քարոզում են իշխանամետները, քան ընդդիմադիրները։ Օրինակ երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե որ քաղաքական ուժերին է տեսնում հաջորդ խորհրդարանում, նա նշեց նաև Ազգային Միաբանության անունը։ Փոխարենը նա անտեսել է Արդարություն դաշինքի անդամ կուսակցություններին, այդ թվում Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն։

Արտաշես Գեղամյանի հարևանությամբ ձայների առումով տեղավորվել է պոպուլիզմով և սոփեստությամբ իր նախորդին չզիջող Արթուր Բաղդասարյանը։ Բավական է հիշել միայն, թե ինչ եռանդով էր Ազգային Ժողովի նախկին խոսնակը քննադատում գաիշնիկներին` պետավտոտեսչության աշխատակիցներին, և բարձրաձայնում տխրահռչակ ավանդների վերադարձի մասին։ Այսօր էլ ՕԵԿ-ը հպարտանում է, որ խոստումը կատարել է. ավանդները մասնակիորեն վերադարձվում են։ Սակայն ըստ էության նրանք արջի ծառայություն մատուցեցին ժողովրդին, փոխհատուցման չափի իմաստով։ Իսկ կոալիցիան լքելուց հետո Արթուր Բաղդասարյանն աչքի ընկավ միայն Գեղամյանի դիմակը պատռելով։

Երրորդ տեղում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է։ Մենք գիտենք, որ նա իր զբաղեցրած դիրքով, լայնածավալ գործունեությամբ բազմազբաղ մարդ է, և հարց է ծագում. ինչպե՞ս է համատեղում պարոն Սարգսյանն այս ամենը (Նապոլեոնը միանշանակ կնախանձեր)։ Չնայած` հանուն ճշմարտության պետք է ասել, որ գործերը լավ են ընթանում հիմնականում բանակի և շախմատի մասով։ Ինչևէ, Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ լուրջ քարոզարշավ է ծավալել, և որևէ մեկը կասկած անգամ չունի, որ նախագահական ընտրություններում նրանք առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և նրանց, իմ կարծիքով, շուտով կմիանան ուրիշ կուսակցություններ։ Ի դեպ շատերն այսօր միամտորեն մտածում են, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լուրջ հակասություններ ունեն հենց հաջորդ նախագահի թեկնածության հետ կապված։

Հարցումների 7,5 տոկոսի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Եթե հիշում եք, նա Թուրքիայում բարձրաձայն պաշտպանեց քրդերին, զրկվեց պաշտոնից, և ժողովուրդը նրան այդ օրվանից համակրեց։ Այսօր նա ընդդիմություն է, սակայն դժվարությամբ է հավաքում 100-200 հոգի հանրահավաք անցկացնելու համար։ Այս առումով երկու տարբերակ կա` կա՛մ նա ծանոթ չէ PR տեխնոլոգիաներին, կա՛մ օժտված չէ առաջնորդի հատկանիշներով։

Հարցախույզի տվյալներով հաջորդիվ գալիս են Գագիկ Ծառուկյանը, Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը։ Գագիկ Ծառուկյանի օգտին արտահայտվողները, ամենայն հավանականությամբ, Աբովյան քաղաքից և հարակից գյուղերից են եղել կամ էլ Մուլտի Գրուպ-ի հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ։ Ստեփան Դեմիրճյանը ակնհայտորեն բաց թողեց աստեղային պահը, երբ 2003-ին ոչ ավել, ոչ պակաս հազարավոր ցուցարարներ հանրահավաքի ժամանակ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո  նրանից պահանջում էին վերականգնել արդարությունը, իսկ նա բոլորին տուն ուղարկեց հաջորդ օրը հանդիպելու պայմանով և մինչև օրս խոսում է իշխանափոխության մասին, թեև վերջին հանրահավաքների պատկերը տխուր էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ լռում է, և հայտնի չէ` ուզում է վերադառնալ քաղաքականություն, թե ոչ։ Տիգրան Կարապետյան «գործչի» (այդ թվում քաղաքական) մասին լիարժեք խոսում է ԱԼՄ հեռուստաընկերությունը, հատկապես իր իսկ երևակայության գլուխգործոց «շոգեքարշ» ծրագիրը, որն ըստ էության աննկարագրելի խայտառակություն, իսկ եթե լուրջ` ցավալի մի երևույթ է հայերիս համար։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին` իսկապես քաղաքական գործիչ, եզակիներից, որ համապատասխանում է իր կոչմանը։ Վազգեն Մանուկյանը 1996-ին ընտրված նախագահ էր, սակայն դեպքերի հետագա ընթացքը հասցրեցին նրան, որ այսօր նա մեր հարցումների արդյունքներով ընդամենը 1,5 տոկոսով է առաջ անցել նույն Տիգրան Կարապետյանից։

Հարցախույզի մասնակիցների նախընտրած ենթադրյալ թեկնածուների նման բազմաժանրությունն ինքնին ապացույց է, որ այսօր ասպարեզում չկա այն առաջնորդը, որին ժողովուրդը հիրավի կվստահեր։ Ամեն ինչ շատ ճիշտ էր հաշվարկված. զանգվածային արտագաղթից հյուծված, հոգսերի մեջ խրված, հացի խնդիր հաղթահարող և իր դեմքն ու արժեքային համակարգը խարխլված ժողովուրդ. հենց սա է իրականացվող քաղաքականության իրական պահանջարկը։ Միայն այս դեպքում է կարելի 5000 դրամով, ոգելից խմիչքներով, բրնձի, լոբու և կարտոֆիլի սերմացուով ձայնի առևտուր անել։ Հետևաբար օրինաչափ է նաև ընտրությունների որակը Հայաստանում` վերջին տասը տարիների ընթացքում։ Պատմությունը կրկնվում է. դարձյալ պետք է ընտրենք չարյաց փոքրագույնը և շարունակենք տոնել բարոյական հաղթանակներ։ Իմաստուններից մեկն ասել է. «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր առաջնորդին»։ Այսքան բան։

 Արմեն Չիբուխչյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...