12:46
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ճակատագրական վաղը

2013-07-16 11:32

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

 Հաճախ երանելի վաղվա մեջ կարող ես հայտնվել մի աշխարհում, ուր երբևէ քեզ չես պատկերացրել։ Amaras Stone ընկերության նախագահ Արթուր Ալեքսանյանի կյանքը քայլեր էին մի աշխարհից մյուսը։ Դպրոցական տարիքում շատ պատահաբար սկսել է դհոլ, թմբուկ նվագել` հայտնաբերելով իր երաժշտական տաղանդը։ Այսպես էլ սկսվեց նրա կյանքը երաժշտական աշխարհում։ Կրթություն ստացավ ժամանակի լավագույն երաժիշտների հետ պարապելով ու 15 տարներ անցկացրեց երաժշտական աշխարհի բեմում։ Թվում էր` երաժշտությունից, երաժշտական ռոմանտիկ ու հուզումնալից աշխարհից պարզապես հնարավոր չէ հեռանալ, ու ցանկություն էլ չկա հեռանալու։ Բայց արի ու տես, որ ճակատագրական վաղը դու չես պլանավորում։ Սկսվեց ղարաբաղյան շարժումը, և հայրենասեր երիտասարդը, իր ընկերների հետ վաճառելով իր երաժշտական գործիքները, Ջավախքից զինամթերք գնեց։ Կազմեցին ջոկատներ ու մինչև խաղաղության հաստատումը մնացին հայրենիքի պաշտպանության գործին հավատարիմ։ Բայց ո՞վ կմտածեր, որ ռոմանտիկ երաժիշտը հանկարծ կհայտնվի պատերազմական կրակներում։ Հենց դրանով էլ հետաքրքիր է կյանքը, ուզում ես անվերջ ապրել սպասված անսպասելիին հանդիպելու համար։

Պատերազմի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը հրավիրվեց Հայաստան` որպես Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար.

- Ինքս եմ ստեղծել այդ զորքերը և ղեկավարել մինչև 2002թ.-ը։

Պատերազմը ավարտվեց, սակայն այն չէր կարող ջնջվել մարդու հոգուց և մտքից։ Ժամանակ էր պետք վերադառնալու նոր կյանքին` աշխարհին, որը կրկին այլ պետք է լիներ։ Արթուր Ալեքսանյանը փնտրտուքի մեջ էր, նա ուզում էր իրեն գտնել որևէ գործում, որը հնարավորություն կտար ստեղծագործել։ Այդ գործը շինարարությունն էր։

- Մեկնեցի ԱՄՆ, սովորեցի շինարարի գործը, հետո եկա այստեղ ու հիմնեցի իմ ընկերությունը։

Այսօր նա արդեն հեղինակություն է վայելում, պատվերներ է իրականացնում «Վահագնի» թաղամասում, ինչպես նաև շինարարական աշխատանքներ պետք է կատարի արդեն հաջորդ տարի Երևանում։ Ներկայիս Երևանում ակտիվ ընթացող շինարարության մասին ուրախությամբ է խոսում Արթուր Ալեքսանյանը, սակայն ցավում է, որ քանդվում են մեր հին արժեքավոր շինությունները։ Հայաստանյան շինարարության մեջ  կուլտուրայի բացակայությունն է, որ նա նկատել է ու չի կարողանում հաշտվել դրա հետ։ Դժվար է նրա համար աշխատել այդ պայմաններում։

- ԱՄՆ-ում բոլոր աշխատանքները համակարգված են, ամեն ոք գիտի իր գործը ու նաև այն ժամկետը, որի ընթացքում աշխատանքը պետք է ավարտվի։

Անկախ դժվարություններից, նա  սիրում է իր նոր աշխատանքը` աշխարհը, հաճույք է ստանում դրանից` երբեմն կարոտելով անցած աշխարհները։ Աշխատանքային իր  նկատելի ձեռքբերումը անցյալ տարի է եղել, երբ «Վահագնի» թաղամասում աշխատանքի պատվեր է ստացել։ Առաջին խոշոր գումարը` 25մլն դրամը, նա ծախսել է իր ընտանիքի, հարազատների համար։ Արթուր Ալեքսանյանը շատ է կարևորում ամուր  ընտանիք ունենալու երջանկությունը։ Սրան զուգահեռ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր երկրի համար լավ քաղաքացի ու իր փոքր մասնակցությունն ունենա երկրի առաջընթացին, այլ ոչ թե մտածի` ինչպես անի, որ հարկեր չվճարի։

- Մեր բիզնեսմենների համար կարծես  նորաձև է դարձել հարկեր չվճարելը։ Պատերազմ տեսած ու ապրած մեր երկրում չպետք է նման բաներ կատարվեն։

Ձմեռ պապիից  Արթուր Ալեքսանյանը ակնկալում է խաղաղ ու բարի պայմաններ մեր երկրի համար։ Անձամբ իր համար ցանկանում է, որ իր բոլոր նախագծերը իրականանան։ Սակայն ի տարբերություն շատերի` նրա համար Ամանորը տարին մեկ անգամ չի լինում.

- Ինձ համար գարունն էլ է Ամանոր, ամառն էլ…յուրաքանչյուր եղանակ իր յուրահատուկ հետաքրքրությամբ նոր տարի, նոր կյանք է բերում մարդկությանը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...