16:48
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հուսանք ու սպասենք…

2013-07-18 11:08

«Դե Ֆակտո» 3 (2006թ.)

Ինչ լավ է, որ նորից հանդիպեցինք, ընթերցո՛ղ բարեկամ, քանի որ ասելու բան ունեմ.

Ուրեմն մի օր մեր նորանկախ պետության թագավորը, նեղվելով երկրի վիճակից, գնում, հասնում է Աստծո մոտ, ասում է.

_ Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ ինձ ընդունեցիք։ Եկել եմ Ձեզ մոտ երեք խնդրանքով։

Աստված հայրաբար ժպտում է մեր թագավորին։

_ Ես քեզ լսում եմ, զավա՛կս,- ասում է Աստված։- Բարբառի՛ր քո խնդրանքը։

_ Առաջին խնդրանքս այն է, Տե՛ր, որ ինձ մեկ միլիարդ դոլար փող տաս։

_ Այդ փողը դու կստանաս,- ժպտում է Աստված,- հնչեցրո՛ւ երկրորդ խնդրանքդ։

_ Երկրորդն այն է, որ ուզում եմ` իմ ժողովրդը լավ ապրի։ Ուստի խնդրում եմ, Տե՛ր, իմ բնակիչներից յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար փող տաս։

_ Ազնիվ ցանկություն է, զավա՛կս,- ժպտում է Աստված,- ասա՛ երրորդ խնդրանքդ։

Մեր թագավորը հուզվում է Աստծո առատաձեռնությունից և հնչեցնում է երրորդ խնդրանքը։

_ Այդքան հարստությունը, որ տվեցիր ինձ ու իմ ժողովրդին, Տե՛ր, խնդրում եմ այնպես անես, որ իմ երկրի ներսում կարգուկանոն լինի, մարդիկ հարգեն օրենքը։

Աստված, որ մինչ այդ բարեհաճորեն ժպտում էր մեր թագավորին, մտահոգվեց ու երկար մտածելուց հետո ասաց.

_ Որպեսզի քո երկրում կարգուկանոն հաստատեմ, ստիպված եմ լինելու երկնքի իմ հրեշտակներին ուղարկել քեզ մոտ ծառայելու, բայց չէ՞ որ ես էլ իմ երկնային գործերի մեջ  կարգուկանոնի խնդիր ունեմ։ Ուստի չեմ կարող իմ հրեշտակներին ուղարկել քո երկիր, զավա՛կս։

Մեր թագավորը տխրեց, որ Աստված մերժել իր երրորդ խնդրանքը կատարել։ Բայց Աստված մեծ էր և չթողեց, որ մեր թագավորը երկար տխրի ու ասաց.

_ Երրորդ խնդրանքդ չեմ կարող կատարել, բայց կարող եմ խորհուրդ տալ քեզ։ Զավա՛կս, քո երկրի ու ժողովրդի բարեկեցության համար փող ունենալը քիչ է, քո երկրին առաջին հերթին կարգուկանոն է պետք, որն ամենադժվարն է։ Եվ երբ դու, զավա՛կս, քո երկրում կհաստատես այդ կարգուկանոնը, քո ամեն բնակիչը կունենա իր մեկ միլիոն դոլարը, իսկ դու` քո մեկ միլիարդը։

Այսքանը, ընթերցո՛ղ բարեկամ։ Լավ, վատ այս տարին էլ անցավ։ Եվ հուսանք, որ նոր տարում մեր երկիրը կսկսի դառնալ կարգուկանոնի երկիր, և մենք մեր թագավորի հետ միասին կստանանք Աստծո խոստացած բարեկեցությունը…

Իսկ հիմա, ընթերցո՛ղ բարեկամ, չտխրե՛ք. նոր տարի է, և կեցցե՜ կյանքը. շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Հուսանք ու սպասենք…

Բարեկամաբար` Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...