17:04
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵՎ ՁԻՈՒ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

2013-07-15 11:15

«Դե Ֆակտո»  4 (2007թ.)

Դոմինոյի էֆե՞կտ, թե՞ շախմատային հստակ գծագրված պարտիա։

Ովքե՞ր կլինեն ԱԺ 2007-ում։

«Տվե՛ք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկրագունդը»,- ժամանակին ասել էր իմաստուններից մեկը։ Ավելի շատ հին արևելյան շուկա, քան գաղափարախոսությունների մենամարտի ասպարեզ հիշեցնող հայաստանյան քաղաքական դաշտի ուժերն էլ այժմ և ողջ 2006 ի ընթացքում հենման կետ էին փնտրում փափուկ վայրէջքով Աժ-ում հայտնվելու հանար։ Հենման կետը, գոնե ասպարեզում քիչ թե շատ երևացողների համար, տարբեր էր և յուրատիպ։ Կարտոֆիլի դաշտ, հեռուստացույցներով և էպիլյատորներով լի կառամատույց, մաուզերի վրա վարժությունների և Օպերայի շրջակայքում սրճարաններ բացելու ԽԻՍՏ ԱԶԳԱՆՎԵՐ գործունեության դադարների ժամանակ կառավարության աշխատանքի քննադատության (տեսնես էդ կառավարության մի քանի անդամները ո՞ր կուսակցությունից են), եվրոկազմակերպությունների ողորմած գումարներով երևանյան տաքուկ հյուրանոցներում, թանկանոց կոստյումներով զրույցներ իշխանության կոռուպացվածության և նրանց փոխելու կենսական անհրաժեշտության մասին։ Շարունակե՞նք։ Չէ՛, բավական է։ Անգամ քաղաքականությունից հեռու շարքային հայաստանցին հասկացավ, թե ում նկատի ուներ տողերիս հեղինակը։

Վերը նշված բոլոր հենման կետերը հաշվի առնելով` ո՞վ կկազմի հաջորդ ԱԺ-ի երեսփոխանների բանակը։ Սենսացիայի սպասողներին ստիպված ենք միանգամից հիասթափեցնել։ Ապագա ԱԺ-ն չնչին տարբերություն կունենե ներկայիս խորհրդարանից` թե՛ այսպես կոչված գաղափարախոսական բախումների, թե՛ ազգը ներկայացնողների ինտելեկտուալ-օրենսդրական կարողությունների առումով։ Ֆորս մաժորների ևս, ասենք արտահերթ ընտրությունների և հեղաշրջման տեսքով, չսպասե՛ք։ Անդեմ, անընդհատ աչքը դրսին հառած, ընտրական հանձնաժողովներում պարբերաբար տեղեր վաճառող, կներեք արտահայտությանս, ընդդիմությունից նման բան ակնկալելն ուղղակի կարճատեսություն է։ Նախընտրական և արդեն ընտրական տարում հնչող տեսակետները, ու նաև ամենաբարձր մակարդակով, բավարար հումք են խորհրդածելու ապագա ԱԺ-ի հնարավոր խճանկարի վերաբերյալ։ Քաղաքական դաշտի խոշորներն արդեն վստահ են հաղթանակի վրա և անգամ իրենց հասանելիք մանդատների մոտավոր քանակ են նշում, նույնիսկ մտածում մի քանի մանր մունրների էլ տեղեր բաշխելու մասին, որ եվրոձյաձերը չասեն, թե Կովկասում ժողովրդավարության վերջին հենարան Հայաստանը գլորվում է միակուսակցականության գիրկը։ Աժ-ում մեծամասնությունը, կա՛մ բացարձակ, կա՛մ հարաբերական, ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կկազմի։ Ազգային պահպանողական գաղափարախոսության քարոզ, գումարած դաշտում կշիռ ունեցող անձանց ներգրավում` ամենաազդեցիկ օլիգարխների մշտարթուն աջակցությամբ։ Համաձայնեք` բավականին հզոր ռեսուրս է Հայաստանի նման երկրում իշխանություն կազմելու համար։ Չմոռանանք հիշատակել ՀՀԿ-ի օգտին խոսող մեկ այլ կարևոր գործոնի մասին` կուսակցության ղեկավար ՀՀ ամենաերկարակյաց վարչապետը, թերևս միակ բարձրաստիճան պաշտոնյան անկախ Հայաստանի տասնհինգամյա պատմության մեջ, որ չի արժանացել թե՛ ընդդիմադիր հորջորջյալների, և թե՛ հասարակ ժողովրդի քննադատության սլաքին։ Սակայն նժդեհյան գաղափարով տոգորվածները դժվար միայնակ թագավորեն ապագա Աժ-ում, ավելի ճիշտ` նրանց դժվար թե թողնեն միայնակ թագավորել։ Որոշ տարածված տեսակետների համաձայն` նախագահականից աճեցվող, իսկ ոմանց կարծիքով, հայաստանյան խոշորագույն օլիգարխի հերթական բիզնես պրոեկտ` Բարգավաճ Հայաստան կուսակցության հավակնությունները ևս լուրջ են։ Պատկերացրեք նորաստեղծ կուսակցություն, որը մի քանի ամսում կոտրելով ռեյտինգների մասին ավանդական պատկերացումները, առաջ է անցնում մի քանի հանրահայտ ու անգամ 116-ամյա կուսակցություններից։ Թե ինչպես ու ինչ ճանապարհով` այլ խոսակցության առակա է։ Դուրս եկեք ձեր քաղաք, գյուղ, թաղամաս, փողոց։ Կարտոֆիլի սերմացուի ու ցորենի բաշխման կետերը լավագույնս կպատմեն ԲՀԿ ժամանակավոր հաջողության բանաձևը։ Ինչո՞ւ ժամանակավոր։ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, ինչպես հայտնի է, աջակցելու է Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը, մոտավորապես այն պրոֆիլը, ինչ անում է ԲՀԿ-ն այս փուլում։ Այնպես որ ԲՀԿ առաջնորդին ուղղորդող պոլիտտեխնոլոգներին խորհուրդ ենք տալիս արագորեն փոխել մարտավարությունը ընտրարշավի կեսից կոտրած տաշտակի առջև չկանգնելու համար։ Հայաստանում զարգացման կարիք ունեցող այլ ոլորտներ էլ կան, գուցե ամերիկացիները հետևեն ձեր օրինակին։ Ամեն դեպքում Բարգավաճ Հայաստանը ևս, գոնե այս պահին, բոլոր շանսերն ունի Աժ-ում մեծությամբ երկրորդ ուժը դառնալու ։

116-ամյա ՀՅԴ-ն բացի ավանդական Հայ դատական բրենդից, շահարկում է ու կփորձի շահարկել պոպուլիզմի փորձված տարբերակը։ Սակայն սրանք մաշված զենքեր են ապագա Աժ-ում քիչ թե շատ ծանրակշիռ տեղ ունենալու համար։ ՀՅԴ-ի միակ ելքն այս պարագայում, ինչպես և անցյալ ընտրություններին, նախագահական հավակնություններ ունեցող դեռևս աներևույթ գործչի դուդուկի տակ պարելն է։ Բայց, որ Աժ-ում նրանք կլինեն` կասկածից  վեր է։ Համաձայնեք` առանց դաշնակների անհետաքրքիր կլինի հեռուստաեթերը։

Այսպես կոչված ընդդիմադիր ուժերի մասին ուղղակի ավելորդ է առանձին-առանձին, կամ ինչպես մեծ պատմիչը կասեր` հանվանե խոսելը։ Ընտրությունից  ընտրութուն դիմազրկվող ընդդիմութունն այդպես էլ չփոխեց ծամծմված  գործելաոճը։ Կոնկրետ քայլեր, համախբման փորձեր այդպես էլ չեղան։ Փոխարենը նաև վերջին շրջանի մի քանի բացահայտումներն ընդգծեցին ևս մեկ արատավոր ու ընդդիմության միավորները որևէ կերպ չավելացնող երևույթ. հայաստանյան ընդդիմության մի ստվար զանգված ապրում է, իր չորս տարվա կենսամիջոցները հայթայթում է ընտրութունից ընտրութուն։ Պարզ ասած` ՏՂԵՐՔԸ ընտրական հանձնաժողովներում տեղեր են վաճառում։ Այս քայլով, ինչպես մեր իմաստուն ժողովուրդը կասեր, լեզու են դնում իշխանական կուսակցությունների բերանը ու տարեցտարի նվազեցնում իրենց վարկը։ Այդուհանդերձ, ձևի համար մի քանի տեղ էլ ընդդիմությունը կունենա Աժ-ում` հիմնականում մի քանի մեծամասնական ու դեռևս չապականված ընտրյալների հաշվին։

Իսկ Սև ձիու ֆենոմենին, ասենք ինչպես անցյալ ընտրություններում ՄԱԿ-ը դարձավ, կարող է և ականատես չլինենք։ Ինչպես ներկա և նախորդ գործընթացներն են հուշում, Սև ձին կարծես թե վաղաժամ է հայտնվել. Բարգավաճ Հայաստան կուսակցութունը, ինչպես վերևում էինք նշել, աննախադեպ ոստյուն կատարեց` ավանդական թղթադրամային էքսպանսիան փոխարինելով գյուղմթերքով։ Ափսոս Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը մեյդան ընկավ, Սև ձիու ֆենոմենը կարող է խամրել։

Զաքարե Իվանյան   



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...