2013-07-11 11:20
«Դե Ֆակտո» 5 (2007թ.)
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի հետ
Պրն. Վարդանյան, մեր ամսագրի հարցումներով երիտասարդ գործարար-պատգամավորների շարքում Դուք ունեք ամենաբարձր վարկանիշը։ Ձեր հանդեպ վստահությունը ավելի մեծ է։ Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը։
Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում են ինձ։ Իսկ Ձեր հարցին շատ դժվար է պատասխանել։ Երևի ճիշտ կլինի հարցն ուղղել հենց հարցվողներին։ Մյուս կողմից, իմ հանդեպ վստահությունը վերագրվում է այն աշխատանքին, որ «Գրանդ Հոլդինգը» կատարել է այս տարիների ընթացքում։ «Գրանդ Հոլդինգը» վերջին տասը տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել տեղական արտադրության զարգացման և աշխատատեղերի ստեղծման առումով։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ «Գրանդ Հոլդինգը» տեղական արտադրության հիմնադիրն է Հայաստանում։ Երևի բոլորը հիշում են «մերն ուրիշ է» կարգախոսը, որով սկսվեց հայ սպառողի վերադարձը դեպի հայրենական արտադրություն։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ հատկապես սննդի արդյունաբերությունը Հայաստանում կայացել է, և մենք հպարտ ենք այս ոլորտում մեր ունեցած դերով։ Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ վստահությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով։ Ժողովուրդը միշտ ճիշտ է գնահատում յուրաքանչյուրի կատարած գործը։
Ինչո՞ւ որոշեցիք դառնալ պատգամավոր։
Ես ներկայացնում եմ «Գրանդ Հոլդինգի» չորսհազարանոց կոլեկտիվի շահերն ու տեսակետները։ Բացի այդ, ներկայացնում եմ այն բազմահազար գյուղացիական տնտեսությունների շահերը, որոնք համագործակցում են «Գրանդ Հոլդինգի» ձեռնարկությունների հետ։ Մենք ունենք ընդհանուր շահեր։ Ես դարձա պատգամավոր` այս մարդկանց շահերը պաշտպանելու համար։
Ինչպե՞ս կգնահատեք այսօր հայրենական արտադրության վիճակը։
Հայաստանում արդեն կայացել են սննդի արդյունաբերության ճյուղերը։ Արդյունաբերության մյուս ճյուղերի կայացումը, ցավոք, ուշանում է։ Սակայն սննդի և վերամշակող ձեռնարկություններն էլ այսօր ունեն պրոբլեմներ։ Տարբեր պատճառներով հաճախ ներմուծողների դիրքերն ավելի ամուր են, քան տեղական արտադրողինը։ Ներմուծված էժան և անորակ ապրանքները երբեմն կարողանում են շուկայից դուրս մղել տեղական արտադրողին։ Օրինակները բազմաթիվ են։ Իսկ ներմուծողը տնտեսություն չի զարգացնում, ներմուծողը աշխատատեղեր չի ստեղծում։ Դասագրքային ճշմարտություն է, որ տեղական արտադրողի շահերը համընկնում են ժողովրդի, ողջ հասարակության, երկրի ազգային շահերի հետ։ Ես խորհրդարանում եմ` նաև այս դիրքորոշումը պաշտպանելու համար։
Ճի՞շտ է արդյոք, որ Դուք առաջադրվելու եք պատգամավորի թեկնածու Տաուշի մարզի ընտրատարածքներից մեկում։
Կան շատ մարզեր, ուր մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, դրանց թվում են և՛ Տավուշի մարզը, և՛ Արարատի մարզը, հատկապես Մասիսի տարածաշրջանը։ Տավուշի մարզում գտնվող N 40 և Արարատի մարզում գտնվող N16 ընտրատարծքներում մենք անպայման կառաջադրենք մեր թեկնածուներին։ Այն աշխատանքը, որ մենք կատարել ենք թե՛ Տավուշի մարզում, թե՛ Մասիսում ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Այդ տարածքներում մեր աշխատանքը երկար տարիների պատմություն ունի։ Կոնկրետ Տավուշի մարզն ունի բավականին բարենպաստ բնակլիմայական պայմաններ ծխախոտի մշակության համար։ Տավուշի մարզում մենք ունենք տեղի գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցությունը ընդլայնելու ծրագիր, որը ներառում է ոչ միայն ծխախոտագործությունը, այլև գյուղատնտեսության այլ ոլորտներ։
Ձեր հայրը` Հրանտ Վարդանյանը, հանրապետությունում հայտնի գործարար է, հայրենական արտադրության հիմնադիրներից մեկը, մեծ հեղինակություն ունի։ Այս հանգամանքը Ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
Իմ հայրն այն մարդն է, որից ես միշտ սովորել եմ և դեռ սովորելու շատ բան ունեմ։ Ես լավ կրթություն եմ ստացել Հայաստանում և նրա սահմաններից դուրս` Կանադայում, սակայն իմ ամենակարևոր համալսարանը ես անցել եմ իմ հոր մոտ` սովորելով Հրանտ Վարդանյանից։ Խոսքը ոչ միայն բիզնեսի և աշխատանքային հմտությունների մասին է, այլև այն արժեքների, որոնք նա փոխանցել է իր զավակներին։ Արժեք ունի այն բարիքը, որը ստեղծված է արդար քրտինքով։ Աշխատասիրություն և հարգանք` աշխատող և աշխատասեր մարդու նկատմամբ։ Հայրենասիրություն, որն ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ` գործով։ Ազգային արժանապատվություն, որը կարող է ունենալ միայն արարող մարդը։ Սեր և նվիրվածություն սեփական ընտանիքի նկատմամբ։ Ահա, շատ համառոտ այն արժեքները, որոնք մեզ ներարկվել են մանկուց։
Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։
Իմ ընտանիքը իմ հենարանն է այս կյանքում։ Կինս Էմիլիան է, որդիս` Հրանտը, շուտով կդառնա վեց տարեկան, ավագ դուստրս` Իզաբելլան, տասներկու տարեկան է, և կրտսեր դուստրս` Զինան, ինը տարեկան է։ Չնայած զբաղվածությանը` ես միշտ փորձում եմ ժամանակ տրամադրել երեխաների դաստիարակությանը։ Կարծում եմ, որ առ այսօր դա ինձ հաջողվել է։ Համոզված եմ, որ լավ ընտանիքը կարող է գոյատևել միայն փոխադարձ սիրո և ուշադրության մթնոլորտում։
Մեր այս համարը լույս կտեսնի կանանց տոնի նախաշեմին։ Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց։
Նախապես շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը և ապրիլի 7-ը։ Հայ կինը, չնայած մեր կյանքի բոլոր դժվարություններին, շարունակում է արժանավայել կերպով կատարել իր մեծ դերը մեր կյանքում։ Նա է ընտանիքի և ընտանեկան արժեքների պահապանը մեր հասարակության մեջ։ Նա է բարոյական արժեքների հենասյունը։ Բավական է շրջել մեր սահմանամերձ գյուղերում, տեսնելու համար, թե ինչ դժվարություններ հաղթահարելով է հայ կինը մաքառում իր ընտանիքի` ուրեմն նաև իր հայրենիքի համար։ Մեր սահմանամերձ գյուղերը չեն դատարկվել, որովհետև այնտեղ ապրում է հերոսական ժողովուրդ։ Ամուր և բարեկեցիկ ընտանիքներ, համբերություն և տոկունություն, սեր և երջանկություն. սա եմ մաղթում մեր կանանց։
Վերադառնալ