2013-07-10 11:25
«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)
1617 թվականի հունիսին Խաչկո Սերեբկովիչի գլխավորությամբ Լվովից Կոնստանդնուպոլիս է ուղևորվում հայկական առևտրական մի քարավան, որի կազմում էր Իվաշկո Յակուբովիչ-Վարդերեսովիչը։ Նա մորեղբոր խնդրանքով՝ վաճառելու նպատակով, իր հետ վերցրել էր նրա 45 զույգ շվեդական լուսանի մորթի։
Ըստ մորեղբոր՝ Ղուլաբ Իվաշկովիչի, 1617թ. հունիսի 21-ի գրավոր խնդրանքի, Յակուբովիչ-Վարդերեսովիչը թանկագին մորթիները պետք է Կոնստանդնուպոլսում վաճառեր կամ փոխանակեր արժեքավոր այլ ապրանքների հետ և նրա դիմաց Լվովում փոխհատուցեր 1150 ոսկով։
1618թ. սկզբին նա այլ ճանապարհով վերադառնում է Լվով, չբերելով á́չ ոսկի, á́չ մորթի, տեղեկացնելով, որ ապրանքը պահ է տվել և գործարքը կավարտի հաջորդ ուղևորությունից հետո։ Չհավատալով առևտրական գործընկեր-ազգականին, Ղուլաբ Իվաշկովիչը, որը ղեկավարում էր Լվովի հայկական համայնքը, հայցադիմում է ներկայացնում լեհ-հայկական ինքնավար դատական ատյանին։
Դատը սկզբից ի վեր ձգձգվում է։ 1618թ. ապրիլի 27-ին Իվաշկո Յակուբովիչ-Վարդերեսովիչն ի պաշտպանություն իրեն, դատական ատյանին է ներկայացնում հայ-ղփչաղերեն բարբառով հայատառ մի փաստաթուղթ, ըստ որի քարավանի անդամներն իրենց կամոք և ստորագրությամբ հաստատագրված, նամակով հավաստում են մորթիների հանձնումն իրեն։ Այնուհետև՝ գրությունը չի դիտվում որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, այլ պարզապես նամակ-խնդրանք, և պաշտոնական փաստաթղթի չգոյության պայմաններում, մերժվում է զուտ հայկական այդ ատյանի կողմից։
Դատը վերստին ձգձգվում է մինչեւ 1618թ. ավարտը, և այս անգամ արդեն Ղուլաբ Իվաշկովիչը դատական ատյանին է ներկայացնում քարավանի ղեկավարի ու անդամների ստորագրությամբ հաստատագրված հայ-ղփչաղերեն բարբառով արձանագրված՝ մորթիների վերաբերյալ հայատառ մի այլ շարադրանք-հանձնարարական։
Այս անգամ ևս, նույն պատճառաբանությամբ, դատարանի կողմից մերժվում է հայցը, որ հայ-ղփչաղերեն շարադրանքը բնավ իրավական ուժ չունի, քանի որ այն սոսկ նամակ է՝ բարի կամքի արտահայտություն։
Հայ առևտրականների սույն վեճի պատճառով, մորթիները, հավելյալ արժեքով հետգնվելուց հետո, վերադարձվում են Լվով, իսկ դատական հայցը երկու դեպքերում էլ մերժվում է, նման պարագաներում երկկողմանի իրավական փաստաթղթի՝ պայմանագրի չգոյության պատճառաբանությամբ։
Հոդվածի ավարտին հարկ է անդրադառնալ կարևոր երկու հանգամանքների։ Առաջինը, որ վաղեմությունը բնավ չկորցրած, անկողմնապահ, անաչառ ու օրինապահ սույն դատավարությունն է։ Երկրորդը՝ Ռեչպոսպոլիտայի (լեհ-լիտվական) և Ուկրաինայի տարածքում հայտնաբերված միջնադարյան վերոհիշյալ ոչ-իրավական, բայց ըստ էության իրավական ծանրակշիռ դեր խաղացած սույն փաստաթղթերն են, որոնք վկայում են, որ հայ-ղփչաղերեն բարբառը, որ ստեղծվել էր Ղրիմում՝ Անիից արտագաղթած մեր հայրենակիցների հետնորդների կողմից և թաթար-մոնղոլական արշավանքների հետևանքով տեղափոխվել էր արևմուտք, հարատևում էր 17-րդ դարում՝ Եվրոպայի հարավ-արևելքում՝ Կոնստանդնուպոլսում, որտեղև այն գրի է առնվել 1618 թվականին։
Ուշագրավ է, որ հիշարժան այդ հայ-լեհական փաստաթղթերի ընթերցանությունից վերանում է տարածական այն զգացողությունը, որ գոյություն ուներ Լեհաստանի և Օսմանյան կայսրության՝ Լվովի ու Կոնստանդնուպոլսի միջև, թեև դրանց բաժանում էին մի շարք երկրներ ու հազարավոր մղոններ։ Բայցև, միևնույն ժամանակ, հայաբնակ Լվովը հանդես էր գալիս որպես Արևելքն ու Արևմուտքն իրար կապող առևտրի միջնադարյան կենտրոն։
Իսկ ի՞նչ ասել է հայ-ղփչաղ բարբառ. ովքե՞ր են այդ ղփչաղներն ու ղփչաղահայերը և ի՞նչ առնչություն ունեն հայության հետ։ Վատ չէր լինի, եթե վերհանվեր ու արժևորվեր պատմական այս, գրեթե մոռացության մատնված, իրողությունը։ Միևնույն ժամանակ, հարկ է հստակեցնել ղպտի և ղփչաղ իրողությունները, քանզի դրանք ժամանակակից լրատվամիջոցներում հաճախ նույնացվում են։
Արթուր Նավասարդյան
Վերադառնալ