2013-07-08 11:49
«Դե Ֆակտո» 60 (2011թ.)
ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ ունի հստակ տրամադրվածություն` բանկի ներկայությունը ՀՀ շուկայում ընդլայնելու և բանկային համակարգում ավելի բարձր դիրք զբաղեցնելու ուղղությամբ
ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ մեկն է ՙԲիբլոս՚ բանկի մի շարք մասնաճյուղերից, որոնք գործում են աշխարհի տարբեր երկրներում
- Հարգելի պարոն Ղուկասյան, պատմեք, խնդրեմ, բանկի համաշխարհային փորձի մասին:
- ՙԲիբլոս Բանկ Խումբը՚ հիմնադրվել է 1950-ին Լիբանանի Ժբեյլ (Բիբլոս) քաղաքում, և ներկայումս հանդիսանում է Լիբանանում և տարածաշրջանում առաջնային դիրք զբաղեցնող բանկերից մեկը: Անցած ավելի քան 60 տարիների ընթացքում ՙԲիբլոս Բանկ Խումբը՚ նաև ընդլայնել է իր ներկայությունը այլ երկրներում՝ հիմնելով դուստր բանկեր, մասնաճյուղեր եվ ներկայացուցչություններ մի շարք երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Սուդանում, Սիրիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իրաքում, Հայաստանում, Նիգերիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Այսօր ՙԲիբլոս՚ բանկի ընդհանուր ակտիվները գերազանցում են 15 միլիարդ ԱՄՆ դոլարը, հաճախորդներից ներգրավված պարտավորությունների ընդհանուր ծավալը 12 միլիարդ ԱՄՆ դոլար է, իսկ հաճախորդների թիվը միայն մայր բանկում 271 հազար է: Բանկի հաճախորդները օգտվում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից՝ առևտրավարկային, ներդրումային, մանրածախ և անհատական բանկային ծառայություններ, ակտիվների կառավարում եվ ապահովագրություն:
- Քանի՞ տարի է, որ բանկը գործում է Հայաստանում: Որո՞նք են Հայաստանում ՙԲիբլոս Բանկ Արմենիայի՚ գործունեության գերակա ուղղությունները:
- ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ ընկերությունը հիմնվել է 2007-ին՝ ՙԲիբլոս՚ բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային առևտրային բանկի բաժնետոմսերի 100% ձեռքբերման արդյունքում:
2008-ին Հայաստանյան ՙԲիբլոս՚ բանկի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական բանկը (ԶՎԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ չափերով՝ ՎԶԵԲ - 25% եվ ՕՄԶՀ - 10%:
Բանկի գործունեության հիմնական ուղղվածություններն են՝ սպառողական և կորպորատիվ բանկային ծառայություններ, թղթակցային ծառայությունների մատուցում, գանձապետական և կապիտալի շուկայում գործունեության ապահովում, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև արտերկրում գտնվող սփյուռքահայության բանկային ծառայությունների բավարարմանը:
Հիմնվելով լիբանանյան և միջազգային շուկաներում ունեցած կարողությունների և փորձի վրա՝ ՙԲիբլոս՚ բանկը Հայաստանում մատուցում է բանկային ծառայություններ և ապրանքներ՝ կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա.
- Սպառողական բանկային ծառայություններ, որի շրջանակներում տրամադրվում են հիփոթեքային վարկեր, ավտովարկավորում, սպառողական վարկեր և փոքր բիզնեսի վարկեր, դեբետային քարտեր, որոնք գործում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ընթացիկ և պարզ խնայողական հաշիվներ, ինչպես նաև ժամկետային ավանդային պայմանագրեր:
- Առևտրավարկային բանկային ծառայությունների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ առևտրի ֆինանսավորում՝ արտահանման ու ներմուծման ակրեդիտիվներ և ֆինանսավորում, կորպորատիվ ֆինանսավորում՝ հաճախորդների դրամական հոսքերի կառավարման և ներդրումային ծրագրերին համապատասխան, ծրագրային ֆինանսավորում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ, ուղղված արտադրական ծրագրերի զարգացմանը:
Բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ենթադրում է մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնում Երևանում և ՀՀ մարզերում
- Քանի՞ մասնաճյուղ ունի այսօր բանկը Հայաստանում: Պլանավորում եք արդյո՞ք ընդլայնել նրա աշխարհագրությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում:
- Այսօր բանկը ունի երեք մասնաճյուղ, և մենք միանշանակ պլանավորում ենք ընդլայնել մեր ներկայությունը մասնաճյուղային ցանցի ընդլայնման միջոցով: Մեկ ամսվա ընթացքում վերաբացվելու է մեր մասնաճյուղը Վանաձոր քաղաքում: Արդեն իսկ տարվում են աշխատանքներ Երևանում երկու նոր մասնաճյուղեր բացելու ուղղությամբ:
Բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ենթադրում է մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնում ոչ միայն Երևանում, այլև մարզային կենտրոններում՝ մեր հաճախորդին առավել մոտ և հասանելի լինելու համար:
-Ո՞րն է ՙԲիբլոս՚ բանկի մատուցած ծառայությունների և նրա հետ համագործակցելու առավելությունը:
-Հիմնական առավելությունը կայանում է ծառայությունների մատչելիությունը, բազմազանությունը և բանկի հուսալիությունը, որը կարծում եմ` առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով ինստիտուցիոնալ բաժնետերերի կազմը և երկար տարիների բանկային փորձը այս տարածաշրջանում:
- Ի՞նչ ռազմավարություն է նախանշել բանկը 2011 թվականի համար:
- Ընդլայնողական, որը արտահայտվում է նոր ծառայությունների և բանկային ապրանքների առաջադրմամբ: Մասնավորապես արդեն իսկ ներդրվել է փոքր բիզնեսի վարկավորման համար նախատեսված վարկային ապրանքատեսակը, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել շրջանառու կամ կապիտալ ներդրումների, այդ թվում սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցներ:
Ավելի ուշ` այս տարվա ընթացքում, վերաթողարկվելու են բանկի պլաստիկ քարտերը հաճախորդի համար ավելի նպաստավոր պայմաններով և առանձնահատկություններով:
Նոր ծառայությունների և բանկային ապրանքների ներդրմանը զուգահեռ մենք շարունակում ենք վերանայել մեր ծառայությունների պայմանները՝ փորձելով բարելավել մրցակցային առավելությունները, որոնց տիրապետում է մեր բանկը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է միջին և խոշոր բիզնեսի վարկավորման համար գրավիչ վարկային տոկոսադրույքներին և պայմաններին, այդ թվում արտաքին առևտրի սպասարկման համար մեր բանկի կողմից առաջարկվող բանկային երաշխիքներին, ակրեդիտիվներին:
Այս տարվա ընթացքում նաև նախատեսում ենք ներդնել նոր մոտեցումներ հաճախորդների վարկունակության գնահատման համար, որը կարծում եմ` լինելու է բավականին գրավիչ և նպաստելու է հաճախորդների ներգրավմանը:
Մինչև տարվա վերջ բանկում ներդնելու ենք ինտերնետ բանկային ծառայություն, որը կլինի ևս մեկ քայլ բանկ-հաճախորդ կապի ամրապնդման համար:
- Ինչպիսի՞ն են բանկի 2011 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշերը, եթե կարելի է դրանք համեմատեք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
- Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են և 2010 թվականի համեմատ բանկը ցուցադրել է աճ բոլոր ցուցանիշերով: Մասնավորապես, ակտիվների գծով՝ 43,6%, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցների աճը կազմել է 83.5%: Սակայն աճի այս ցուցանիշերը դեռ անբավարար են, և մենք տարվա ընթացքում ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ:
Արդյունավետ կառավարման ցուցանիշերով
ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ գտնվում է լավագույն հնգյակում
- ՀՀ բանկերի շարքում հիմնական ցուցանիշերով ո՞ր տեղում է գտնվում ՙԲիբլոս՚ բանկը:
- Ընդունված է ֆինանսական համակարգում բանկի ունեցած դիրքի մասին խոսել՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա: Անցած տարվա վերջի դրությամբ ունեցած արդյունքներով բանկը կարողացել է բարելավել իր դիրքը բոլոր ցուցանիշերով, այնուամենայնիվ իր դիրքով բանկը դեռ մնում է բանկային համակարգի ստորին հատվածում: Կարծում եմ, որ սա բնականոն գործընթաց է, և կան բոլոր նախադրյալները վերև շարժվելու համար: Մասնավորապես, չնայած փոքր բացարձակ թվերին, արդյունավետ կառավարման ցուցանիշերով, ինչպիսին են մեկ աշխատակցին ընկնող ակտիվները և գործառնական եկամուտները, ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ գտնվում է լավագույն հնգյակի մեջ: Նշենք նաև, որ անցյալ տարվա արդյունքով բանկը կարողացավ լիովին ծածկել ՙԲիբլոս Բանկ Խմբի՚ կողմից Հայաստանյան դուստր բանկի ձեռբքերումից հետո կատարված վերափոխումների հետ կապված ծախսերը:
Վերջում ցանկանում եմ նշել, որ բանկի բաժնետերերն ու աշխատակազմը հստակ տրամադրվածություն ունեն ընդլայնելու բանկի ներկայությունը ՀՀ շուկայում և բանկային համակարգում ավելի բարձր դիրք զբաղեցնելու ուղղությամբ: Բոլորս հասկանում ենք, որ ներկայիս մրցակցության պայմաններում սա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք հավատում ենք բանկի զարգացման ծրագրին և նպատակին հասնելու համար ունենք աշխատանքային տրամադրվածություն և նպատակասլացություն:
Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյան
Վերադառնալ