21:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄՈՆԹԵ` ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԸ

2013-07-08 11:38

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

«Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի։ Եվ կասեի, թե կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետևաբար, բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին։

Անցյալում Սփյուռքի մեջ պայքարել եմ մեր ժողովրդի իրավունքների համար և այստեղ եմ նույն պատճառով։ Սա այդ նույն պայքարի շարունակությունն է։

Շատ նորմալ բան է։ Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Իրավունքն է բոլորի ու նաև պարտականությունը։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու, միայն այդ է զարմանալի»։

Մոնթե (Ավո) Մելքոնյան, 1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության

 լրագրողին տված հարցազրույցից

Ի՞նչ գրել Մոնթեի մասին… Մտքերը` անսպառ ու հախուռն պտտվում են գլխումդ, հասկանում ես, որ բառերը քիչ են նկարագրելու ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ անհատին. նա հայ ժողովրդի պայքարի, կամքի, ազնվության, համախմբման… առհասարակ այն ամեն դրականի մարմնացումն է, որ ունի ՀԱՅ տեսակը։

Օտարության մեջ ծնված, արմատներով հայ մի երիտասարդ, ով անընդհատ փնտրտուքների ու պայքարի մեջ էր ինքն իր հետ, իր կյանքի իմաստի ու գերնպատակի որոնումների մեջ։  Նա ծնվել էր անկախության ու պայքարի զինվոր դառնալու, ազգիս համար կյանքը զոհաբերելու համար։ Նա ընկավ, նա հավերժություն դարձավ, որ մենք ապրենք, ապրենք անկախ հայրենիքում և խաղաղության մեջ։ Արյան կանչը, պապենական հայրենիքի, հողի ու անկախության դարավոր կարոտը Մոնթեի գեներում էին։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների։ 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը։

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին։ 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի «Օրլի» օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախի ազատագրական պայքարը։ Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ։ 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի։ Կարծելով հայեր են՝ մոտենում են, պարզվում է ազերիներ են։ Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը։ Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային հերոս կոչմանը։

Հունիսի 12-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցն է։ Արդեն 20 տարի է, ինչ նա ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա անունը, հայ ազգի համար նրա թողած անգնահատելի ավանդը, նրա ամեն մի խորհուրդը, բառը, հայացքը… մեզ հետ են, մեր բոլորի մեջ, նոր ծնվող ամեն մի հայ մանկան մեջ։

«Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա... »

Այո, դա նրա վերջին պայքարը չէր, քանզի հավերժանալով` Ավոն դարձավ հայ ոգու, կամքի ու պայքարի խորհրդանիշ, յուրաքանչյուր հայի հոգու մի մասնիկը։ Նրա անունը ամեն հայի մոտ հպարտություն է արթնացնում, նա վերմարդկային հայրենասիրության ու արդարության օրինակ է…

Եվ ինչպես 20 տարի առաջ «00»-ն  միշտ կապի մեջ անձնվիրաբար պաշտպանեց ու ազատագրեց մեր հայրենի հողերը, այնպես էլ այսօր«00»-ն կապի մեջ էԴուք ապրեք խաղաղությամբ

Ծառայակիցների կարծիքները  Մոնթե Մելքոնյանի մասին

 «Գոնե ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարները իշխել և իշխում են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով և այլն։ Մոնթեն իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի փոքրիկ իշխանի ազնվությամբ և պարզությամբ։ Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետևից բանակներ կարող է տանել։ Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ».

 Սպարապետ Վազգեն Սարգսյան


Մոնթեն երբեք չէր ասում` առաջ զինվորներ, ասում էր` իմ հետևից, առջևում միշտ ինքն էր։ Եթե ուշանում էր ժողովից, ինքն իրեն պատժում էր` պահում էր սեփական աշխատավարձից։ Իսկական հայի, իսկական մարդու, իսկական հրամանատարի տեսակ` Մոնթե Մելքոնյան։

Ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյան

 

Այնտեղ, որտեղ հողը պաշտպանելու խնդիր կար, Մոնթեի ջոկատները ոչ միայն պաշտպանում, այլ նաև տարածքներ էին ազատագրում։ Մոնթեն հուսալի հրամանատար էր, ում վստահում էին զինվորները։

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

 

«Մոնթե, Մոնթե… Կան մարդիկ, ովքեր իրենց մահկանացուն կնքելուց հետո անգամ շատ ավելի մեծ ու անգնահատելի ծառայություններ են մատուցում սեփական ազգին ու իրենց չգոյության հետևանքով որբացած հայրենիքին, քան մեզանից շատ-շատերը, ովքեր օրավուր կուրծք են ծեծում և ցցվում են ամենուր՝ որպես հայրենասերներ, իբր ազգի առաջադեմներ ու անշահախնդիր ազգին ծառայողներ, իրականության մեջ իրենց հոգեկերտվածքով, գործողություններով, վարվելակերպով, պահվածքով ու կյանքով վերջապես ամեն վայրկյան ‚բռնաբարումե ու արժեզրկում են ՀԱՅ ԱԶԳ գաղափարը։ Ահա այդպիսիների մասին է ասված` ‚Իր անձիցը խոսողը, իր անձի փառքն է որոնում, բայց նա որ իրեն ուղարկողի փառքն է որոնում, նա է ճշմարիտ եւ անիրաւութիւն չկայ նորանումե (Յովհաննես 7-18)։

Մոնթե Մելքոնյանը հենց այն ճշմարիտ, իր անձի համար այս աշխարհում որևէ բան չփնտրող նվիրյալներից է, ով սուսուփուս, առանց ավելորդ դատարկ և կեղծ հայրենասիրական գոռում-գոչյունների արել և հավատացեք՝ նույն եռանդով շարունակում է անել իր կյանքի գործը` իր ծառայություններն այսօր էլ անմնացորդ մատուցանելով իր ազգին, համայն հայությանը, քանզի շատերն են, որ, հետևելով նրա օրինակին, իրենք էլ փորձում են Մոնթեի դավանած արժեքային համակարգում գտնվել, մաքրության ու ազնվության, արդարության ու արժանապատվության հորիզոններում մաքառել, վերջապես Մոնթեավարի ապրել, և հարկ եղած դեպքում Հայրենիքի, իրենց Ազգի համար Մոնթեի օրինակով առանց վարանելու նաև տալ իրենց կյանքը։

Իր կենդանության օրոք արդեն կյանքի համար իր ընտրած ուղենիշներով, իր ապրելաձևով, իր Ազգի և Հայրենիքի հնազանդ ծառան լինելու նվիրումով Մոնթեն լրացրել է ազգընտիր երանելիների շարքը։ Երկար կյանք քո նվիրական երազանքներին, ՄԵԾ ՀԱՅ»։

 Արտաշես Փափազյան

 Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...