13:25
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արմավիրը իմ տունն է, իմ մշտավառ ծննդավայրը

2013-06-29 11:48

«Դե Ֆակտո» 62 (2011թ.)

- Հարգելի պարոն Ղահրամանյան, արդեն 5 տարի է, ինչ Արմավիրի մարզպետն եք։ Պատմեք, խնդրեմ, Ձեր գործունեության մասին։

- Մարզպետ նշանակվելս ես ընկալել եմ որպես վերադարձ դեպի տուն, որովհետև աշխատանքի բերումով որքան էլ հեռու եմ եղել մարզից, այնուամենայնիվ, ինձ համար հայրենի եզերք շարունակել է մնալ Արմավիրը՝ իմ ծննդավայրը, որի մարդիկ ինձ հարազատ են ի սկզբանե, նրանց բոլոր խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, ապագան` լուսավոր ու տեսանելի։

Վերադարձից հետո առաջին զգացումը ոգևորությունն ու ցանկությունն էր որքան հնարավոր է արագ ծանոթանալ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, վեր հանել ամենակարևոր խնդիրները, կազմել համապատասխան ծրագրեր` ինչպես ռազմավարական, այնպես էլ ընթացիկ։

Մարզպետարանը և նրան առընթեր ղեկավարող օղակները ձգտեցին մոտ կանգնել հատկապես գյուղացուն։ Ամեն կերպ ջանացինք, որ գյուղացին մենակ չլինի իր բազմաբնույթ հոգսերով։ Եվ դա ոչ միայն խոսքով ու խորհուրդներով, այլև կոնկրետ աջակցությամբ, քանի որ Արարատյան դաշտի արմավիրյան եզերքը իր բնական առանձնահատկություններով համարվում է պտուղ-բանջարեղենի մեծ շտեմարան։

Արդյունքում այսօր ունենք մարզի զարգացման ռազմավարական ծրագիր առաջիկա չորս տարվա համար։ Յուրաքանչյուր տարի մեր կողմից  կատարվում են որոշակի գործեր, իրականացվում են ծրագրեր, որոնք ուղղված են մի շարք հրատապ օրախնդիրների լուծմանը։ Առանձին ոլորտներում արդեն արձանագրել ենք որոշակի հաջողություններ։

Համայնքային ուժեղ իշխանության ստեղծումհամայնքների ուժերի համախմբում

- Հայաստանի ներպետական զարգացման ռազմավարության թիվ մեկ նպատակը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու դինամիկ զարգացումն է։ Այս առումով Արմավիրի մարզը կարելի՞ է արդյոք կայացած համարել։

- Իր գործունեության լայն ծավալներով դա ամենադժվարին օղակներից է, որտեղ ակնհայտ են նաև չլուծված խնդիրները։ Այնուամենայնիվ, անպայման պետք է նկատել այն դրականը, որ վերջին տարիներին ձեռք են բերել մարզի 97 համայնքները, որոնցից 3-ը՝ քաղաքային։

Համայնքների կազմավորումից 15 տարի անց այսօր էլ ինչպես ողջ Հանրապետությունում, այնպես էլ մեր մարզում իհարկե առկա է համայնքների զարգացման ոչ համաչափ վիճակ։ Ներկայումս կարող ենք արձանագրել, որ մարզում առկա են երեք կարգավիճակում գտնվող համայնքներ` կայացած, սեփական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակով, տեղական ինքնակառավարման գործուն ու մրցունակ համակարգով և իրենց սոցիալական որոշակի խնդիրները լուծելու կարողություններով օժտված համայնքներ,  դեռևս կայացման գործընթացը չավարտած, բայց արդեն որոշակի հաջողություններ արձանագրած համայնքներ, ինչպես նաև թույլ, պակաս զարգացած, չկայացած տեղական ինքնակառավարման մարմիններ, սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակ և սոցիալական բազում հիմնախնդիրներ ու ազգաբնակչության ցածր կենսամակարդակ ունեցող համայնքներ։ Ահա այս երրորդ խմբի հետ տարվող աշխատանքներն էլ կարևորվում և մեր ուշադրության ներքո են լինելու առաջիկա տարիների ընթացքում։ Մեր կարծիքով, այդ համայնքների կայացման հիմնական խնդիրներն են լինելու համայնքային ուժեղ իշխանության ստեղծումը, համայնքների ուժերի համախմբումը՝ սեփական խնդիրների վերհանման և դրանց գերակայությունների որոշման նպատակով, այդ խնդիրների լուծման համար մասնակցային գործընկերության ապահովումը, որպեսզի համայնքի յուրաքանչյուր անդամ իր կարողությունների չափով ներգրավվի այդ խնդիրների լուծման մեջ։

Հանրապետության բոլոր մարզերը գտնվում են ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության ներքո

- Արմավիրի մարզը այսօր գտնվում է ՀՀ նախագահի և կառավարության հատուկ ուշադրության ներքո։ Հատկապես ո՞ր խնդիրների վրա է կենտրոնացած պետական ուշադրությունը։

- Կարծում եմ, Հանրապետության բոլոր մարզերն են գտնվում ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության ներքո։ Դրա վառ վկայություններից մեկը հենց Տարածքների համաչափ զարգացման ռազմավարության մշակումն է և դրան ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն այն ոլորտներում, որոնք մարզերն իրենց համար համարել են գերակա։ Բացի ամենամյա բյուջետային հատկացումներից  միայն այս տարի բոլոր մարզերին, այդ թվում և Արմավիրի մարզին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունը հատկացրեց 1 մլրդ. 330 մլն. դրամ գումար պահուստային ֆոնդից, որը մեր կողմից ուղղվեց առաջին հերթին դպրոցների հիմնանորոգումներին, քաղաքներում` բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումներին, ինչպես նաև առանձին համայնքներում` խորքային հորերի հորատմանը։ Այս գործընթացը շարունակելի է։

Իսկ այդ ամենի դիմաց արմավիրցին, հողի աշխատավորը ձգտում է հաշվետու լինել իր կատարած լավ գործերով՝ գիտենալով, որ ներկա դժվարին ժամանակներում պետության կողմից ֆինանսավորված ամեն դրամի դիմաց պետք է լինի ստեղծարար աշխատանքի արդյունք, կարողանա գնահատել տրված օգնության և սեփական գործունեության հավասարակշռությունը, ամեն ինչին նայի հավատով և իր արարումներով տա արժանապատիվ պատասխաններ։

Հուսանք, որ 2011 թվականը արգասաբեր կլինի գյուղատնտեսության ու գյուղացու համար

-Լուրջ հետևողականությամբ հետամուտ եք եղել բարելավելու մարզի խնդիրները հատկապես գյուղատնտեսության բնագավառում։ Ի՞նչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։ (Նախորդ տարին բավականին բարդ էր Արմավիրի համար հատկապես գյուղատնտեսության տեսանկյունից։ Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի 2011-ը այս առումով)։

- Ինչպես ողջ Հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մազրում, լուրջ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանցից մեր կողմից հատկապես կարևորվել են գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքներով մատչելի  վարկերի տրամադրումը, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման խնդիրները (գյուղմեքենաներից տրակտորների ներկրումը լիզինգով), գյուղացիական տնտեսություններին որակյալ սերմերով ապահովումը և նոր բերքատու սորտեր ստանալու նպատակով արվող ներդրումների խրախուսումը, գյուղացիական տնտեսություններին էժան պարարտանյութերի, թունաքիմիկատների և մասնագիտական աջակցության ապահովումը։ Մենք կարևորում ենք նաև գյուղմթերքների իրացման նոր շուկաների որոնումը, տեղական վերամշակման ցանցի կարողությունների մեծացումը և նոր վերամշակող ձեռնարկությունների հիմնման ծրագրերին աջակցումը։

Մարզի համար կարևորագույն խնդիր է մնում նաև գյուղատնտեսությունը տարերային աղետներից պաշտպանելը և  վնասատուների դեմ ռացիոնալ պայքար մղելը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ շուտով տարերային աղետներից սպասվող հետագա սպառնալիքներից մարզը պաշտպանելու  նպատակով երկրի ղեկավարի հանձնարարությամբ, Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի ողջ մակերեսն ամբողջությամբ կապահովվի հակակարկտային կայանների ցանցով։

Նշեմ նաև, որ վերջերս մարզի  շուրջ 29 գյուղական համայնքներ  շոշափելի վնասներ կրեցին կարկուտի հետևանքով, գյուղացին գրեթե ամբողջությամբ կորցրեց իր ապրուստի միջոցը` գոյատևման միակ հույսը կապելով  պետական աջակցության հետ։ Այս  վճռորոշ պահին դարձյալ չուշացավ պետության, հատկապես ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կոնկրետ ու գործնական արձագանքը։ Գյուղացուն  օգնության ձեռք մեկնեցին նաև որոշ հասարակական կազմակերպություններ, գործարարներ, մասնավոր ձեռնարկատերեր և մարզի` կարկտահարությունից չտուժած համայնքների ղեկավարներ։

Տարեսկզբին, չնայած նախադրյալները վատ չէին գյուղատնտեսության համար, սակայն բնակլիմայական պայմանները, գերխոնավ կլիման գյուղացիական տնտեսությունների մոտ արդեն իսկ առաջացրել են որոշակի անհանգստություններ` հատկապես պտղի համար։ Մի բան հաստատ է՝ մարզի երեք տարածաշրջաններում էլ արդեն արվել է ամեն ինչ, լավ բերք ունենալու հույսով, մնացածը կախված է բնությունից։ Հուսանք, որ 2011 թվականը արգասաբեր կլինի գյուղատնտեսության ու գյուղացու համար։

 - Արմավիրի մարզում են գտնվում Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Ո՞րն է մարզպետարանի դերը այս ձեռնարկությունների գործունեության կանոնակարգման մեջ։

Առաջին հերթին ապահովում ենք համագործակցությունը հատկապես ՀԱԷԿ-ի հետ։ Փորձում ենք նրանց ևս ներգրավել մարզի համար կարևորագույն նշանակություն ունեցող սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերում։ Մենք համագործակցության հրաշալի օրինակներ ունենք ոչ միայն մարզում տեղակայված  խոշոր արտադրողների և ընկերությունների հետ, այլ նաև լուրջ ծրագրեր ենք իրականացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի և ինչպես նաև ծննդով Արմավիրից, արտերկրում ապրող այլ գործընկերների հետ։

Լուրջ սոցիալական ծրագրեր ենք նախատեսում իրականացնել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ընթացքում։ Համատեղ ծրագրերի նախագծեր են մշակվում Հարավ-կովկասյան երկաթուղու և հայկական էլեկտրացանցերի հետ՝ մարզում ներդրումներ անելու ուղղությամբ։

Մարզում ռազմավարական ճիշտ տեսանկյունից եմ գնահատում նաև գյուղատնտեսական մթերքներ ընդունող և վերամշակող գործարանների ու ձեռնարկությունների դերը։ Նրանց միջոցով և զորությամբ է հարստանում երկրի շտեմարանը։ Չէ որ Արարատյան դաշտի բանջարեղենը, արևահամ պտուղն ու խաղողը, գինին ու կոնյակը, պահածոների տեսականին լուրջ կշիռ և համբավ ունեն ամենուրեք և կարելի է ասել ամբողջացնում են Հանրապետության գյուղատնտեսության, մեր հողի անարատ արտադրանքի պատվաբեր անձնագիրը։

- Արմավիրի մարզը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մարզում տուրիզմի զարգացման ուղղությամբ (խոսքս ոչ թե ինքնաբուխ տուրիզմի, այլև այս ուղղությամբ մարզի կողմից վարվող քաղաքականության մասին է)։

Իսկապես մեր մարզը պատմամշակութային հետաքրքիր քարտեզ ունի։ Այս ոլորտում մենք խնդիրները տրոհում ենք երեք մասի. մարզում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության կազմակերպման, այդ խնդիրները հատկապես համայնքների համար կարևորելու, նոր մշակութային օբյեկտների հիմնման, ինչպես նաև տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Հատկապես կարևորում ենք մարզը ճանաչելի դարձնելը ոչ միայն Հանրապետությունում` ներքին տուրիզմը զարգացնելու իմաստով, այլ նաև  արտերկրում, տուրիզմով զբաղվող մասնագիտական կառույցների հիմնման խթանումն ու աջակցությունը, այս կարևոր ուղղության զարգացման համար արտերկրից ներդրողների որոնման, նրանց հետ երկկողմ շահավետ համագործակցության հաստատումը։

Մշակույթի բնագավառի պատասխանատուները, քաղաքային համայնքների ղեկավարությունը խնդիրներ ունեն ընդլայնելու տեղեկատվությունը, եղածը բացառիկ մատուցումով ներկայացնելու, ցույց տալու Հայաստան աշխարհի վաղնջական փառքի եզակի նմուշները, որոնք,  «իբրև թանգարան բաց երկնիքի տակ», զարդարում են մեր մարզը։ Մենք այս ոլորտից ակնկալիք և սպասումներ անշուշտ ունենք, և դա հանգամանորեն ընդգրկված է այսօրվա և վաղվա մեր ծրագրերում։

- Այսօր ՀՀ գլխավոր խնդիրներից է նաև գործազրկությունն ու արտագաղթը։ Իսկ ի՞նչպիսին է պատկերը Արմավիրի մարզում։

- Պետք է նշեմ, որ գործազրկության մակարդակը մարզում այնպիսին է, ինչպիսին հանրապետության միջինն է, իսկ արտագաղթի թվերը վերջին երեք տարիներին ցածր են հանրապետական միջինից։

- Մարզպետարանը ի՞նչ քայլեր և միջոցառումներ է ձեռնարկում վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով։

- Գործազրկության մակարդակի կրճատման նպատակով փորձ է արվում խնդիրը լուծել արտադրության մեջ ավելի շատ գյուղատնտեսական նշանակության հողերի ընդգրկմամբ, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելով, արտադրական, թեկուզ փոքր հնարավորություններով նոր ձեռնարկություններ հիմնողների համար բարենպաստ  պայմաններ ստեղծելով (հատկապես գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններ), գործընկեր երկրների հետ, որոնց հետ այս տարիներին համագործակցության կապեր են հաստատվել (Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Սլովակիայի Հանրապետության  Տռնավայի երկրամաս, Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի, Յարոսլավի, Սվերդլովսկի մարզեր) համատեղ իրականացվելիք ծրագրերի մշակմամբ, որի արդյունքում մարզում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մեծ հույսեր են կապված կրկին ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման գործընթացի հետ, ըստ նախնական հաշվարկների շինարարության ընթացքում կպահանջվի մինչև 3000 աշխատուժ, որի զգալի մասը կընդգրկվի հենց մարզի աշխատուժից։ Մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ընտրված բոլոր ոլորտներում, որպես կարևորագույն հիմնախնդիր, դրվել է տվյալ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը և դրանք կապահովվեն ժամանակի ընթացքում։

Իմ գործունեության կարևորագույն ոլորտներից է նաև մարզի մշակութային և սպորտային  կյանքը

- Ձեր ուշադրությունից դուրս չեն մնում նաև Արմավիրի մարզի սպորտային և մշակութային կյանքի ակտիվացումը։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Մեր ազգաբնակչության կյանքի անբաժանելի մասն է կազմում և բնականաբար մեր գործունեության կարևորագույն ոլորտներից է մարզի մշակութային կյանքի կազմակերպումը և սպորտի ու ֆիզկուլտուրայի զարգացմանն ուղղված  միջոցառումների ու ծրագրերի իրականացումը։ Եվ պատահական չէ, որ  մարզպետ դառնալու առաջին իսկ պահից ինձ համար անհրաժեշտություն դարձավ մարզպետին կից՝ մարզի կյանքի տարբեր ոլորտների գործունեությունը համակարգելու, խնդիրները քննարկելու, նոր հետաքրքիր լուծումներ գտնելու համար ստեղծել տարբեր խորհուրդներ՝ այդ ոլորտների լավագույն մասնագետների, փորձագետների ընդգրկմամբ, և այսօր մարզում չկա  այնպիսի մի օր, որ այս կամ այն համայնքում, մշակութային հիմնարկում չիրականացվեն նոր, հետաքրքիր  մշակութային միջոցառումներ, որոնց մի զգալի մասին, չնայած իմ մեծ զբաղվածությանը,  ժամանակ եմ գտնում անձամբ ու սիրով մասնակցելու։ Չկա սպորտի մի փոքր հաջողություն, ձեռքբերում, որ վրիպի մարզպետի ուշադրությունից, կամ չխրախուսվեն ու չնշվեն հաջողությունները։

Բանակն է մեր նոր անկախ հայրենիքի ու  խաղաղության պահպանման առաջին պատվարը

- Դուք  տարբեր միջոցառումներով քաջալերում և բարձրացնում եք հայ զինվորի մարտական և հայրենասիրական ոգին։

- Այո՛, ճիշտ եք նկատել, որ հայ զինվորը, հայոց բանակը ինձ համար ողջ կյանքում և հիմա առավել ևս, եղել է սիրո, մշտական ուշադրության, հոգածության ու հպարտության առարկա։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք ամեն ինչ անել` սկսած ընտանիքից, դպրոցից, բանակ ճանապարհելուց ու նաև նրանց խիզախումն ու հերոսացումը պատշաճ ներկայացնելուց ու գովերգելուց։ Դա արվել է մշտապես ու շարունակվելու է այսուհետ, քանզի գիտակցում ենք այն ճշմարտությունը, որ բանակն է մեր նոր անկախ հայրենիքի ու խաղաղության պահպանման առաջին պատվարը։ Որքան հզոր ու կայացած լինի մեր բանակը, այնքան կայուն կլինի խաղաղությունը և նորանոր հաղթանակները։ Ահա այս զգացումով էլ ամեն տարի Սարդարապատի հուշահամալիրից բանակ ենք ճանապարհում մարզի առաջին զորակոչի մասնակիցներին` Սարդարապատի հաղթանակներով ոգեշնչված։ Նաև ամեն տարի հնարավորություն ենք ընձեռնում ծնողներին` այցելել բանակում գտնվող իրենց զավակներին և մասնակցել երդման արարողությանը, ինչպես Արցախում, այնպես էլ այլ մարզերում տեղակայված զորամասերում։

Իմ թիվ մեկ սկզբունքը հենց իմ սկզբունքներին չդավաճանելն է

- Ո՞րն է կյանքում Ձեր սկզբունքը։

- Իմ թիվ մեկ սկզբունքը հենց իմ սկզբունքներին չդավաճանելն է, իսկ դրանք շատ են ու կյանքով փորձված։ Նաև խղճի թելադրանքով ապրելն ու գործելը, անտարբեր չլինելը շրջապատի ու մարդկանց նկատմամբ, ոչ թե սովորություն դարձնել հարևանցի նկատելը, այլև անպայման տեսնել ինձ հետ առնչվողների հոգսերն ու ցավերը, կարողանալ մինչև վերջ լսել նրանց, երբեք չկորցնել ազնվության, բարության և կամեցողության հատկանիշները, որոնք իմ ծնողներից ժառանգած հունձքն են։

Իմ աշխատանքային կենսափորձը իմ բնավորության անփոփոխ առաջնորդն է

- Նախկին մասնագիտությունը օգնու՞մ , թե՞ խանգարում է ներկայիս աշխատանքում։

- Ո՛չ, չի խանգարում, որովհետև, իմ կարծիքով, թե՛ նախկին աշխատանքում, թե՛ հիմա իմ բոլոր գործերի ու նախաձեռնությունների հիմքում եղել է սերը մարդկանց նկատմամբ ու ցանկությունը կյանքը դարձնել մի քիչ ավելի լավը, քան կա այն իրականում։ Սա մի գաղափար է, որ միշտ օգնել ու ոգեշնչել է ինձ, որքան էլ որ դժվար լինեին խնդիրները, որ դրվել են իմ առջև այս կամ այն ժամանակահատվածում, կամ իրադրության մեջ։ Այնպես որ, իմ աշխատանքային կենսափորձը իմ բնավորության անփոփոխ առաջնորդն է, իսկ դրանք ինձ միշտ ուղեկցում են ճշմարտությանը, որ հիմա դարձյալ պահանջում է ինձնից շիտակ ու ազնիվ լինել նախ ինձ հետ, ապա՝ ուրիշների։

-Ինչպիսի՞ն է Աշոտ Ղահրամանյանը աշխատանքից դուրս՝ ընտանիքում և ընկերների հետ։

- Թույլ եմ տալիս ինձ նշել, որ աշխատանքից դուրս Ղահրամանյանը շատ սիրված ու սպասված է, որովհետև վերջերս ինքս ինձ համար արձանագրեցի մի իրողություն, որ ես «աշխատանքից դուրս չեմ անգամ աշխատանքից դուրս» և ես հաճախ չեմ հասցնում լինել այնտեղ, որտեղ կա իմ կարիքը՝ որպես սովորական մարդու, ընկերոջ, հարազատի։

- Ծանրաբեռնված աշխատանքը որքանո՞վ է թույլ տալիս ժամանակ տրամադրել ընտանիքին։

- Աշխատանքիս հանրային հատվածը կազմում է իմ ժամանակի առյուծի բաժինը և, ցավոք, ընտանիքիս համար ժամանակ քիչ է մնում, չնայած վերջերս փորձում եմ գոնե թոռնիկներիս երբեմն-երբեմն ունենալ հետս այնտեղ, որտեղ դա հնարավոր է, հաճելի ու դաստիարակչական հենց իրենց համար։

-Հետադարձ հայացք ձգելով Ձեր աշխատանքային ուղուն՝ կա՞ որևէ  բան, որ դեռևս չեք հասցրել անել, կամ կցանկանայիք փոխել։

-Քանի դեռ ապրում ու արարում է մարդը և հատկապես այն մարդը, որին բախտ է վիճակված տնօրինելու նաև ուրիշների կյանքն ու ճակատագիրը, միշտ կա բան, որ չի հասցրել անել։ Այնպես որ,  շատ-շատ բաներ կան դեռ անելու, պարզապես պետք է հասցնել։ Նորից ու նորից վերադառնում եմ այն գաղափարին, որ բոլոր գործերի ու նախաձեռնությունների նպատակը «հողագնդի վրա կյանքն ավելի լավը, մարդկանց ավելի բարի ու հանդուրժող դարձնելու ու մեզանից հետո ապրող ու ապրեցնող անուն, հիշողություն թողնելն է»։

Դու տալիս ես ամեն ինչ ոչ նրա համար, որ քեզ վերադարձնեն այդ տվածի արդյունքը, այլ որպեսզի տան իրենց զավակներին

- Կցանկանայիք արդյո՞ք, որ Ձեր զավակները կամ թոռնիկները շարունակեն Ձեր ընտրած ուղին։

- Իմ զավակներն ու իմ թոռնիկները չեն շարունակի իմ ուղին, որովհետև այս կյանքում յուրաքանչյուրս ունենում ենք միայն մեր համար կանխորոշված ուղին, և յուրաքանչյուր մարդ արարած եզակի է ստեղծված Արարչի կողմից։ Բայց վստահ եմ մի բանում. այն օրինակը, որ ես իմ անցած ուղով թողնում եմ նրանց ամեն օր, ամեն ժամ, այն սկզբունքները, որոնց ես դավանում եմ իմ ողջ կյանքի ընթացքում և ի վերջո այն անունը, որ ես թողնելու եմ նրանց, մշտապես ուղեկցելու է իմ զավակներին ու վստահ եմ` օգնելու է, որպեսզի  ճիշտ անցնեն իրենց ուղին և հանգիստ լինեն իրենց զավակների համար այնպես, ինչպես ես եմ հանգիստ ու հպարտ իմ զավակներով։

Սա է երևի կյանքի ամենամեծ խորհուրդը. դու տալիս ես ամեն ինչ, ոչ նրա համար, որ քեզ վերադարձնեն այդ տվածի արդյունքը, այլ որպեսզի տան իրենց զավակներին։

- Ի՞նչ պլաններ ունեք մոտ ապագայի համար։

- Քայլ առ քայլ իրականացնել այն ամենը, ինչ առաջիկա հինգ տարիների համար   կանխատեսված է որպես մարզի գերակա խնդիրներ, երբեք չբավարարվել ձեռքբերումներով և միշտ առաջ նայել ու շարժվել առաջ։

Արմավիրը իմ տունն է, իմ մշտավառ ծննդավայրը. թվում է՝ դրանում ամբողջանում է ապագայի հանդեպ հավատը, ընդգծվում արժանապատվության տեսլականը։ Դա մի գերագույն զգացում է, որին  ամբողջ կյանքում ձգտում է հասնել յուրաքանչյուր մարդ։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...