23:56
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ինձ հաջողվել է հոգով երիտասարդ մնալ և երիտասարդ զգալ…

2013-06-28 11:06

«Դե Ֆակտո» 38 (2009թ.)

Հարցազրույց «Անելիք բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ

-Բանկի ղեկավար լինելը արդյո՞ք այն պաշտոնն է, որի մասին երազում են փոքր տարիքում, թե՞ Դուք այլ մասնագիտություն ստանալու մասին եք երազել։

-Մանկուց ես երազել եմ դառնալ ճարտարապետ։

-Ճարտարապետ դառնալը փաստորեն Ձեզ համար չիրականացված երազա՞նք է։

-Տարիներ առաջ ճարտարապետ դառնալն իսկապես չիրականացված երազանք էր, բայց արդեն այն իմ մեջ մարել է, որովհետև ես այդ շնորհը չունեի. ո՛չ նկարել գիտեմ, ո՛չ էլ` գծագրել։ Բայց, իհարկե, մինչ օրս ես հիանում եմ այն գեղեցիկ կառույցներով, որոնք այսօր կառուցվում են մեր երկրում։ Ինձ դուր է գաիս Հյուսիսային պողոտան, յուրաքանչյուր քաղաք պետք է ունենա այնպիսի մի վայր, որտեղ երթևեկություն չկա։ 

Ես անչափ սիրում եմ Երևանը, առանց Երևանի իմ կյանքը ոչ մի կերպ չեմ պատկերացնում։ Ցակացած քաղաքում գտնվելուց 10-15 օր հետո ես լիովին կորցնում եմ հետաքրքրությունս տվյալ երկրի նկատմամբ։ Ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքը Երևանն է։

-Որո՞նք են «Անելիք բանկի» գլխավոր սկզբունքները։

-Մեզ համար սկզբունքորեն կարևոր են նախ` «Անելիք բանկի» շահերը, երկրորդ տեղում` անձնակազմի, աշխատակիցների շահերը, և երրորդ տեղում միայն` բաժնետերերի շահերը։ Մինչ վերջերս մեր բանկը 4 բաժնետեր ուներ` հավասար 25 տոկոս բաժնեմասերով։ Այսօր լիբանանյան «Կրեդիտ բանկը» դարձել է «Անելիք բանկի» գլխավոր բաժնետերը, բայց մենք պահպանել ենք մեր սկզբունքները։ Որպեսզի բանկը զարգանա, 14 տարի շարունակ բանկի բաժնետերերը երբևէ դիվիդենտներ չեն ստացել, այլ ողջ շահույթն ուղղել են բանկի զարգացմանը, իսկ բանկի զարգացումը տալիս է նոր աշխատատեղեր։ Ես այս բանկն ընդունել եմ, երբ աշխատակիցների թիվը 50-ից չէր անցնում, իսկ այսօր այդ թիվը հասնում է 500-ի։ Հայաստանում մեր բանկը միակն է, որն ունի սեփական բանկը Մոսկվա քաղաքում, որի վրա դրված է ֆիզիկական անձանց դրամական փոխադրումների «Անելիք» համակարգի հիմնական բեռը։

-Դուք հարո՞ւստ մարդ եք։

-Հայաստանի չափանիշներով ես հարուստ մարդ եմ։ Ես կարող եմ բավարարել իմ և իմ ընտանիքի գրեթե բոլոր պահանջները։ Ես հավատում եմ մարդուն, բարությանը, իմ ընտանիքին, ընկերությանը, ունեմ հրաշալի ընկերներ, հավատում եմ իմ գործընկերներին, չնայած երբեմն իմ նվիրվածությունն ինձ անհարմար կացության մեջ է դնում։

-Պարո՛ն Ճզմաչյան, ի՞նչ եք կարծում` արտերկյա կապիտալի աճը հայաստանյան բանկային համակարգում ինչպիսի՞ ազդեցություն է ունենում։

-Տարիներ առաջ, երբ ես նաև Հայաստանի բանկերի միության նախագահն էի, երկար ժամանակ ուսումնասիրում էինք, թե ո՞րն է ճիշտ որոշումը` բանկային համակարգը լինի փոքր, բայց մեր սեփականությունը, թե՞ ավելի ընդլայնվի, բայց մեծ մասը լինի այլ երկրների սեփականությունը։ Այսօր ընդհանուր հայկական բանկային կապիտալի ավելի քան 60 տոկոսը Հայաստանին չի պատկանում։ Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լավագույն տարբերակը մեր բանկային համակարգի հզորացումն է։ Մեր երկիր պետք է գումարներ մուտք գործեն, որը նաև տնտեսության զարգացման նախապայման է։

-Մտավախություն չկա՞, որ եթե տարիներ հետո մեր բանկերի ընդհանուր կապիտալի 80-90 տոկոսը լինի արտասահմանյան, իրենք կսկսեն Կենտրոնական բանկին թելադրել։

-Երկրում գույություն ունեն օրենքներ, որոնք պաշտպանում են մեր Կենտրոնական բանկի դիրքորոշումները։ Բացի այդ` մեր Կենտրոնական բանկը շատ հզոր է, նաև բանկային համակարգի մրցակցությունը թույլ չի տա դա։ Չես կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես։

-Ինչպիսի՞ն է մրցակցությունը բանկային համակարգում։

-Հայաստանի բանկային համակարգում գոյություն ունի հզոր մրցակցային դաշտ։ Մենք մրցակցում ենք յուրաքանչյուր հաճախորդի համար։ Այսօր հաճախորդներ ունենք, որոնք վարկավորված են միաժամանակ 8-10 բանկերի կողմից։

-Ինչպիսի՞ն է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը հայաստանյան բանկային համակարգի վրա։

-Մեկ տարի առաջ ես ասել եմ, որ Հայաստանի բանկային համակարգի համեմատաբար չընդգրկվածությունը միջազգային բանկային գործընթացների, հիպոթեկային ապահովագրական գործընթացների մեջ կարող են օգնել խուսափել ճգնաժամային իրադրությունից, բայց քանի որ մենք փոքր երկիր ենք, և մեր տնտեսության կախվածությունը մի քանի երկրներից, հատկապես Ռուսաստանից շատ մեծ է, մենք չէինք կարող խուսափել ճգնաժամից։ Ճգնաժամի պատճառով բանկերն ավելի զգուշորեն են սկսում աշխատել և ավելի խիստ հիմունքների վրա են վարկեր տրամադրում։ Յուրաքանչյուր բանկի ակտիվների 80-85 տոկոսը ներգրավված միջոցներ են, որոնք հիմնականում ներգրավվում են բնակչությունից, միայն մնացած մասն են կազմում սեփականատիրոջ գումարները։ Ոչ մի ավանդատու չի ցանկանա, որ ճգնաժամի այսպիսի ռիսկային պայմաններում բանկը վարկեր տրամադրի։ Բացի այդ` հաճախորդները ևս շատ զգուշավոր են դարձել, նվազել է դիմորդների թիվը։

-Այսպիսի պայմաններում ինչպե՞ս է բանկն ապահովում իր շահութաբերությունը։

-Մենք փորձում ենք վարկային պորտֆելը գոնե չպակասեցնել։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մոտ 10 տարի մեր բանկը 25-30 տոկոս աճ ուներ գրեթե բոլոր ցուցանիշներով` ակտիվների, վարկային պորտֆելի մեծացում, շահույթի ձևավորում և այլն։ Սակայն հիմա 25-30 տոկոսի մասին միայն կարելի է երազել, և եթե մենք վնասներ չունենանք, ապա դա արդեն այս պայմաններում հաջողություն է։ Մենք աշխատում ենք on line ռեժիմով, ցանկացած մասնաճյուղում կատարված ցանկացած գործարք անմիջապես արձանագրվում է մեզ մոտ, և շատ հեշտանում է վերահսկողությունն ու ընթացքին հետևելը։

-Պարո՛ն Ճզմաչյան, խոսակցություններ կան, որ դրամն արժեզրկվելու է։ Ինչպիսի՞ն են Ձեր անձնական կանխատեսումները։

-Իմ կարծիքով` մոտ ապագայում` գոնե մինչև տարվա վերջ, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 360-ից շատ չի հեռանա, և մեծ տատանումներ չեն լինի։

-Վերջին շրջանում «Անելիք բանկում» բավականին դրական փոփոխություններ են կատարվել, ներկայացրե՛ք, խնդրեմ, այդ փոփոխությունները։

-Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկի` «Կրեդիտ բանկի» հետ վերջին մեկուկես տարվա մեր բանակցությունների արդյունքում «Կրեդիտ բանկը» դարձավ «Անելիք բանկի» հիմնական բաժնետերը, և կապիտալի մեջ ներդրեց 9 մլրդ դրամ։ Եվ այսպիսով` «Անելիք բանկը», ըստ կապիտալի մեծության, ընդգրկվեց Հայաստանի խոշորագույն բանկերի վեցնյակի մեջ։ Արդյունքում մենք հնարավորություն ունենք շարունակել լայնածավալ վարկավորումը, ինչպես նաև մեկ վարկառուին տրամադրել շատ ավելի խոշոր վարկեր, քան նախկինում մենք կարող էինք։

-Պարո՛ն Ճզմաչյան, շատերին է գերել Ձեր հավաքածուն։ Ինչո՞ւ հավաքածուի բոլոր հուշանվերները ձիեր են, և ի՞նչ են դրանք խորհրդանշում Ձեզ համար։

-Դեռ մանկուց ես շատ եմ սիրել ձիեր և միշտ երազել եմ վարժ ձիավարել սովորել, բայց ինձ դա երբեք չէր հաջողվել։ Ձին իսկապես շատ հետաքրքիր և խորհրդանշական կենդանի է, շատ ազգերի մոտ այն երջանկության, արագության խորհրդանիշ է։ Ես միշտ ձին համարել եմ ամենագեղեցիկ կենդանին։ Կարծում եմ` ընդհանուր առմամբ իմ միտքն ու բնավորությունը նման է ձիու խորհրդանիշերին։

-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր հետաքրքրությունը մեղմացնում է բանկի ղեկավարի կոշտ առօրյան։

-36 տարի աշխատելով բանկային համակարգում` ես շատ համեմատություններ և ուսումնասիրություններ եմ կատարել և ինքս ինձ համար պարզել, որ բանկային ղեկավարներն ամենևին էլ չոր մարդիկ չեն, կամ գոնե իրենց մոտեցումներով ավելի չոր չեն, քան տնտեսության ոլորտի աշխատակիցները, բժիշկները, ուսուցիչները և այլն։ Եթե հաճախորդը կատարում է բոլոր պայմանները, որոնք դրված են բանկային համակարգում, ապա մենք պատրաստ ենք կատարել նրանց բոլոր խնդրանքները կամ պահանջները։

-Պարո՛ն Ճզմաչյան, պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին։

-Ես երկու դուստր ունեմ, մեծ դուստրս արդեն մի քանի տարի աշխատում է մեր բանկում, բանկային բավականին փորձ ունի, փոքր դուստրս բժշկուհի է։ Կինս դաշնակահարուհի է, երկար տարիներ աշխատել է, բայց հիմա իրեն նվիրել է բացառապես միայն իր թոռնիկներին։ Ծնողները տարբեր են լինում, որը պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչ սեռի երեխաներ ունեն։ Բոլորս էլ ինքներս մեզ տրամադրում և նախապատրաստում եք տղա կամ աղջիկ երեխայի ծնող լինելուն։ Ես և կինս մեր ամենամեծ ձեռքբերումն ենք համարում այն, որ ունենք շատ բարոյական, ընտանիքին նվիրված, բայց և շատ ժամանակակից դուստրեր։ 

-Երբևէ մեղքի զգացում ունեցե՞լ եք, և եթե այո` ինչպե՞ս եք ձերբազատվել դրանից։

-Չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ մեղք գործած լինեմ, սակայն փոքր տարիքում եղել եմ շատ ամաչկոտ և հիշում եմ դեպքեր, որոնց համար մինչ օրս ամաչում եմ, և ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այժմ չեմ կարողանում դրանցից ձերբազատվել։

-Ծերության մասին մտածո՞ւմ եք։

-Անչափ մեծ ցավով։ Ինձ թվում է, որ ինձ հաջողվել է հոգով երիտասարդ մնալ և երիտասարդ զգալ, բայց, ավաղ, արտաքնապես դա հնարավոր չէ պահպանել։

-Երբևէ կորստի վախը Ձեզ հետապնդե՞լ է։

-Մշտապես, սակայն ոչ նյութական, այլ` հարազատի։ Դա ինձ համար ոչ թե վախ է, այլ սարսափ։

-Ո՞ր հարցում է կյանքն առավել բարեգութ գտնվել Ձեր հանդեպ։

-Գրեթե բոլոր հարցերում կյանքը բարեգութ է գտնվել իմ հանդեպ։ Ինձ դժվարությամբ է տրվել, բայց տրվել է։ Ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, լավ աշխատանք, լավ ընկերներ, լավ գործընկերներ, լավ թոռնիկներ…

-Դուք վախենո՞ւմ եք ուրիշներին խղճալուց։

-Խղճալով ոչնչի չես հասնի, խղճալի վիճակի հասած մարդուն պետք է ուղղակի օգնել, ինչը ես իմ ողջ կյանքում փորձել եմ անել։

-Ո՞ւմից ներողություն կհայցեիք։

-Ես միշտ կարծել եմ` իմ կյանքում չեմ կատարել այնպիսի արարք, որ ներողություն հայցեմ որևէ մեկից, բայց եթե քայլելիս հանկարծ որևէ մեկի ոտքը տրորեմ, իհարկե, ներողություն կխնդրեմ։ 

-Ես քեզ ներում եմՈ՞ւմ կուղղեիք այս խոսքերը։

-Ես շատ ներողամիտ մարդ եմ։ Շատ անգամ, երբ պատահել են մարդիկ, որոնք այնպիսի գործողություններ են կատարել իմ հանդեպ, որոնք ներելի չեն, ես միևնույն է, ներել եմ… Աստված իրենց հետ։

-Ո՞ր դեպքերում եք ստում։

-Իմ ընկերներից ոմանք կռահել են, թե ես երբ եմ ստում, իսկ ես ստում եմ այն դեպքում, երբ հարկ է լինում իմ գժտված երկու ընկերներին հաշտեցնել կամ նմանօրինակ մի քանի այլ դեպքերում։

-Ե՞րբ և որտե՞ղ եք առավել երջանիկ եղել։

-Այժմ Երևանում։

-Երբևէ Աստծուց հիասթափվել կամ վիրավորվե՞լ եք։

-Կյանքում բավականին հարվածներ եմ ստացել, սակայն մեղքը դնել Աստծո վրա և հիասթափվել կամ վիրավորվել նրանից չի կարելի։ Կյանքում ստացած ամեն մի հարված իր դրդապատճառն ունի։ Բացի այդ` ես վերջնականապես ձևավորված հավատացյալ չեմ։

-Ո՞ւմ սիրո պակասն եք զգում։

-Ես կյանքում օպտիմիստ եմ, և ինձ թվում է, որ իմ բոլոր մերձավորներն ինձ սիրում են։

-Կա՞ն չասված խոսքեր։

-Կան…

Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...