2013-06-27 11:19
«Դե Ֆակտո» 18 (2007թ.)
Անցած աշնանը, արևոտ, զրնգուն մի օր Չինչինի ձորով պապ ու թոռ էշի հետ գնում էին գյուղ: Ձորում քեֆ անողների մի խումբ նայեց այդ գեղեցիկ երթին ու ասաց.
- Նայեք, նայեք, էշը հետները իրենք ոտքով են գնում:
Պապը թոռին խորհուրդ տվեց նստել էշին, և շարունակեցին
ճանապարհը: Ձորում զվարճացողների մի այլ խումբ նայեց նրանց ու ասաց.
- Մեծ մարդ է, էդքան խելք չունի' ջահել էրեխին նստեցրել է էշի վրա, ինքը ոտքով է գնում:
Պապ ու թոռ նեղվեցին:
Եվ թոռն իջավ էշից, համոզեց, որ պապը նստի:
Ավելի ուշ հանդիպեցին գետափին զվարճացողների ուրիշ մի խմբի.
- Մեծ մարդ է, չի ամաչում' ինքը նստել է էշին, խեղճ թոռանը թողել է ոտքով:
Պապ ու թոռ նորից նեղվեցին:
Եվ պապն առաջարկեց միասին նստել էշին: Քիչ անց զվարճացողների հերթական խումբը հանդիպեց.
- Մեծ մարդ է, բայց խղճի կտոր չունի, երկուսով նստել են խեղճ էշին: Բա մեղք չի՞ կենդանին:
Այս անգամ պապը վերջնականապես ջղայնացավ:
Իջավ էշից և ասաց թոռին.
- Դու նստի, բալա ջան, գնացինք: Եթե մենք սրանց լսենք, վերջում երկուսով էշը շալակած պիտի տանենք:
Այսպես, ընթերցող բարեկամ, սա է հասարակական կարծիքը: Եթե մենք հետևենք մեր դեղին մամուլին և նրա խորհուրդներին, պիտի էշը շալակենք:
Այնպես որ, եթե ընտրել ես քո ուղին և համոզված ես քո ճշմարտության մեջ, գնա' քո ճանապարհով և անպայման տեղ կհասնես:
Բարեկամաբար՝ Մերուժան Տեր-Գուլանյան
Վերադառնալ