21:55
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Ես ուզում եմ միշտ մնալ մեր ժողովրդի Մարատը

2013-06-26 11:20

«Դե Ֆակտո» 15 (2007թ.)

- Պարո'ն Ջանվելյան, Հայաստանի անկախության տարիներին Ձեր ձեռնարկությունը առաջիններից մեկն էր, որ սկսեց հայրենական արտադրությունը։ Կներկայացնե՞ք ինչից և ինչպես սկսեցիք։

- Անկախությունից հետո ամեն ինչ ավիրվեց, Հայաստանում անցումը շատ սխալ եղավ։ Այդ հզոր խորհրդային միությունից մնացած կապիտալը փոշիացավ, երկիրը կառուցողները ճիշտ չհասկացան անկախությունը։ Այն, որ դա  ժողովրդի  արյամբ ու քրտինքով էր  ստեղծված։ Քանդվեցին, ավիրվեցին, ոչնչացվեցին հզոր գործարանները, անասնապահական կոմպլեքսները։ Թռչնաբուծության թանկարժեք սարքավորումները մետաղ ջարդոնի տակ հանվեցին երկրից դուրս։  Դա ազգային հզոր հարստություն էր, որը պետք է պահպանվեր։ Պատերազմից հետո ես 3-4 տարի հեռացա Ռուսաստան`  Տվեր։ Սակայն սա իմ հայրենիքն էր, ես պետք է հետ վերադառնայի։ Անասնաբուծության, թռչնաբուծության մասնագետ էի,  35 տարի աշխատել էի այդ բնագավառում։ Երբ վերադարձա,  Հայաստանում 5 հազար թռչուն կար ընդամենը։ Արզնին աղբանոց էր դարձել, այն, ինչ թալանելու, տանելու էր, տարվել էր։ Նույն իրավիճակում էր նաև Արմավիրի թռչնաֆաբրիկան, որի արդեն պանելներն էին մաս-մաս վաճառում։ 1995թ  250 մլն  ձու է ներմուծվել Հայաստան, հիմա տարեկան արտահանվում է մոտ 70մլն ձու։ Ինչ-որ մեկը պետք է լիներ, որ սկսեր այդ ավիրված հիմքի վրա ինչ-որ բան ստեղծել։ Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում ուժերիս վրա վստահ եմ եղել։ 1997-98թթ  սկսեցի  քչից`  5-10 հազար  հավ  բերեցինք, 50 կով  գնեցինք, 20 խոզամայր։

 -Արտադրության ծավալների իմաստով` Ձեր թռչնաֆաբրիկան ի՞նչ տեղ է զբաղեցնում հայաստանյան շուկայում։

- Այսօր մենք ունենք  600 հազար  թռչուն, 2 հազար  գլուխ խոշոր եղջերավոր անասուն,  որից 600 գլուխ կթու կով, 5 հազար  գլուխ խոզ, այսինքն`  Արզնին հանրապետության խոզատավարաթռչնաբուծականի ամենահզոր ձեռնարկությունն է։

 - Պարո՛ն Ջանվելյան, այսօր կան ավելի եկամտաբեր և քիչ աշխատանք պահանջող ոլորտներ, որտեղ կարող եք ներդրում կատարել` ունենալով մեծ շահույթ։ Երբևէ մտածե՞լ եք  այդ մասին։ 

- Այդ հարցը բազմիցս ինձ ուղղել են։ Ես տենչանք դեպի հարստությունը չունեմ։ Ես շատ համեստ կյանքով եմ ապրում, իմ հոբբիով` անասնապահությամբ։ Ես շքեղություններով չեմ գայթակղվում, մեքենաներից, լավ  հագուստից հաճույք չեմ ստանում։ Ինձ համար հաճույք են բնությունը, սարերը, անասունը։ Այդպես 300 տարի իմ պապերը եղել են անասնապահության բնագավառի հզոր մարդիկ, լավ ապրել են, ես էլ եմ լավ ապրում։ Ես գիտեմ, որ աշխարհում չկա մեկը, որ անասուն պահելով` բիզնես անի։ Կովը բոլոր երկրներում էլ ոչ եկամտաբեր է։  Սակայն ես ռոմանտիկ եմ շատ և զբաղվում եմ իմ հոբբիով։ Վերջերս նստել եմ սարի գագաթին, բանաստեղծություն եմ գրել, որ զարմացրել էր շատերին, բայց ես  փոքրուց ստեղծագործում եմ։ Կյանքին նայում եմ վառ երանգներով։

- Պարոն Ջանվելյան, Հայաստանում այսօր մի քանի ոլորտներ կան, որոնք  ոչ միայն բավարարում են երկրի ներքին կարիքները, այլ նաև արտահանվում են` խմիչքը, ծխախոտը, ձուն։ Իսկ թռչնամսի արտադրության իմաստով` մենք կարողանու՞մ ենք բավարարել մեր կարիքները և մո՞տ է այն ժամանակը, որ կարելի է մտածել թռչնամսի արտահանման մասին։

- Ես թռչնամսով, իհարկե, չեմ  զբաղվում։ Թռչնամիսը ամբողջ հանրապետությանը չի բավարարում, ներմուծվում է։ Չեմ կարծում, որ մոտ է այն օրը, որ արտահանվի, նման զարգացման տեմպեր նկատելի չեն։

-Ցանկացած երկրի համար սննդամթերքի արտադրությունը ոչ միայն բիզնես է, այլ նաև ազգային անվտանգության հարց։ Ձեր գործունեության ընթացքում Դուք առաջնորդվու՞մ եք այս գաղափարով։

-Եթե կա մի մարդ, որը շարժվում է այդ գաղափարով, ապա ես եմ, որովհետև ես միշտ էլ ասել եմ, որ առաջին հերթին ինձ շահը չի հետաքրքրում, ես ուզում եմ իմ ազգին կերակրել։ Ուզում եմ, որ բոլորը ինձնից գոհ լինեն, արտադրանքը գնողը լավ խոսի իմ մասին։ Ես այս երկրից հեռացողը չեմ, եթե մենք պետք է ապրենք այստեղ, ուրեմն` բարձր, որակյալ սնունդ պետք է ապահովենք մեր ժողովրդին, մեր երեխաներին։ Այդպես կա, այդպես էլ պետք է լինի։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է  մարդ լինել, կերակրող։ Երբ լինում եմ Հայաստանի տարբեր շրջաններում ասում են` մեր Մարատը։ Ես  ուզում եմ միշտ մնալ մեր ժողովրդի Մարատը։  Իմ երեխաներն էլ շարունակում են իմ գործը, սիրում են այն։ Թոռներս  արդեն գալիս, աշխատում են, երեկոյան աշխատավարձ ուզում։ Մեր տոհմի ուղղությունը անասնապահությունն է։

- Դատելով Ձեր արտադրության մասշտաբներից` Դուք պետք է որ անասնակերի խնդիր ունենաք։ Ինչպե՞ս եք լուծում այդ խնդիրը։

- Անասնակերի խնդիրը միշտ եղել է, կլինի ու հիմա, քանի գնա, ավելի է դժվարանալու։ Վերջերս սկսել են եգիպտացորենից արդեն վառելիք ստանալ, և գները կտրուկ` 2-3 անգամ, թանկացել են։ Մենք արևածաղկի դաշտեր ունենք, որը  սիլոսացրել ենք, ձմեռվա խոշորի և խոտի կուտակումն արել ենք`  2000տ եգիպտացորենի և արևածաղկի մասսա, 1500տ առվույտ։ Բացի թռչնակերից, մնացած անասնակերը հայթայթել ենք, ունենք։

-Մեր ամսագրի առաջին համարում հարցազրույցի ժամանակ նշեցիք, որ տեղական երշիկը պատրաստվում է Հնդկաչինից ներկրված գոմեշի մսով։ Ի՞նչ ճանապարհ եք տեսնում, ինչպե՞ս անել, որ տեղական երշիկը պատրաստվի տեղական մսով։

- Հիմա էլ եմ կրկնում։ Պետք է նախ և առաջ լեռնային արոտավայրերը ճիշտ օգտագործել։ Այդ դեպքում մսի հեղեղ կլինի, և երշիկ պատրաստողը չի փնտրի, թե որտեղ է ավելի էժան միսը, որ բերի։

-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գյուղատնտեսության նախարարության հետ։ Օգնու՞մ, թե՞ խանգարում է։ Ինչպե՞ս կբնութագրեք պետություն-արտադրող կապը։

- Պետությունը ինձ զրոյական օգնություն է տվել։ Ես այսքան ժամանակ որևէ բան չեմ տեսել։ Գյուղնախարարության կազմը նախարարի գլխավորությամբ Արզնին կարծես այլ պետության մեջ է դիտում` ոչ Հայաստանի կազմում։  Պետության օգնությունը չեմ տեսել երբևէ, այդպիսի կապ չկա, որ  բնութագրեմ։

 Այս վերջին 10 օրերին իմ անասունները գտնվում էին Տավուշի, Լոռվա մարզում։  1000 գլուխ մատղաշներ տեղափոխվեցին հյուսիսից հարավ`  հայոց լեռնաշղթաներով։ Որպես հայ մարդ` ես ինձ ներել չեմ կարող, լացով եմ ընդունել այն, որ 100 հազարավոր հա լեռնային այդ արոտավայրերը` գարնան այդ ալպիական խոտերը, այդպես կան ու այդպես էլ կմնան ձյան տակ։ Ապշում եմ ու հիշում հոլանդացի այն հյուրերին, որոնք բարձրացան Գեղամա լեռները` նայելով այդ ալպիական արոտները ու ասացին` և դուք ասում եքմենք աղքա՞տ ենք։ Իմ  ճանապարհի հաշվարկները 100 հազարավոր հա արոտավայրերի վերաբերյալ, որտեղ միայն եղնիկների, վայրի կենդանիների հետքերն են, ցույց տվեցին, որ ոչ միայն Լոռվա, Տավուշի սահմանագծից մինչև  Գեղեմա լեռներում, այլ դեպի մյուս կողմը շարժվող Ջերմուկի սարերում կարելի է տարեկան 300 հազար անասուն 150 օր ձրի բտել և ստանալ նվազագույնը 100 կգ միս։ Եթե բազմապատկենք այդ 300 հազար գլուխը 100 կգ ձրի մսով, ապա կստանանք  հազարավոր վագոններով ալպիական, էկոլոգիապես մաքուր միս է, որ ամբողջ աշխարհն է դրան կարոտ։  Ի՞նչ է,  Ադրբեջանը իր նավթով ավելի հարո՞ւստ կլինի, քան  մե՞նք, որ  չենք օգտագործում մեր 70%  ամառային հզոր արոտավայրերը։ Ամոբղջ աշխարհին կարելի է էկոլոգիապես  ամենամաքուր հորթի, գառան միսը մատակարարել։ Սակայն այդպիսի անտարբերության է մատնվել մեր հզոր ռեսուրսը։

- Անցյալ տարի ահագնացավ թռչնագրիպի վտանգը։ Դուք նման դեպքեր ունեցա՞ք։ Ինչպե՞ս  հաղթահարեցիք վտանգը։

 - Բայց կա՞ր թռչնագրիպ, որ մենք ունենայինք դեպքեր։ Սարսափը կար, տարածվում էր։ Ես գոռում էի, որ սուտ է, նման բան չկա, հետո բերեցին գլխաքանակը վերացրին, ձուն թանկացավ` 70-80 դրամ դարձավ։ Ինձ մեղադրեցին, թե ինչու ենք գները բարձրացրել։ Ստիպված ես  200 հազար ձու կես գնով վաճառեցի, որ ժողովուրդը անեծք չտա իմ նման մարդուն։ Թռչնագրիպը, կարծում եմ,  տնտեսական շանտաժ է պետության դեմ, քաղաքականություն, քաղաքական վիրուս։

-Պարո՛ն Ջանվելյան, հետաքրքիր է Դուք կա՞ք խոշոր հարկատուների ցուցակում։ Եթե այո, ո՞ր տեղում եք։

- Իհարկե, խոշոր հարկատու եմ, սակայն չեմ հասկանում այդ համակարգը, երբ հարկ տվողին է  սեղմում պատին։ Պետք է շտկվեն նման երևույթները։ Եթե մարդիկ կան, որ թաքցնում են իրենց շահույթը, թող պատժեն, բերեն դաշտ, հավասար պայմաններում աշխատեն բոլորի հետ։ Առաջինը ես  եմ կողմ դրան։ Ես 1 մլն  դոլար տարին հարկ եմ մուծում։

- Բարեգործությունը պետք է ցանկացած գործարարի որակներից մեկը լինի։ Դուք զբաղվո՞ւմ եք բարեգործությամբ։ Եթե այո, ի՞նչ եք անում, չէ՞ որ հացը մենակ ուտելը դժվար է։

- Բարեգործության մասին ամաչում եմ խոսել։ Ես տարեկան 50 մլն դրամի բարեգործություն եմ անում, բայց չեմ գրանցում, որ դրանից հարկեր  չպահեն։ Այդ գումարները  ուղղվում են զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին, ծերանոցներին, մանկատներին և այլն։ Այսօր հազարավոր դիմումներ են գալիս, որոնց արձագանքում ենք։ Ես ամեն օր խիղճս հանգիստ եմ տուն գնում և ինձ լավ եմ զգում։ Ինչքան ես եմ անում, Աստված դրա կրկնակին, եռակին տալիս է ինձ։

- Պարո՛ն Ջանվելյան, մոտենում են նախագահական ընտրությունները։ Ունե՞ք քաղաքական հայացքներ, ո՞ր թեկնածուին եք հավանություն տալիս։

- Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ես կերակրող մարդ եմ։ Իմ անձնական համակրանքը Սերժ Սարգսյանն է եղել`որպես Պաշտպանության նախարար, որպես բանակ կառուցող, հզորացնող անձ։ Նրան գիտենք, որ կարող ուժ է։ Եթե նա դնի իր թեկնածությունը, ես կպաշտպանեմ նրան։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան։

-Երկիրը ծաղկելու է, քանի որ մենք խոհուն ազգ ենք, կգա ժամանակ, որ այս շառլատանները դեր չեն ունենա երկրում։ Մենք կունենանք կայուն նախարարներ, ժողովրդական մարդիկ, ովքեր կմտածեն գյուղացու մասին։

- Դուք հիմքեր տեսնու՞մ եք։

-Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը դա կանի։

- Եվ վերջում, ելնելով աշխատանքի բնույթից` ուզում եմ պատասխանեք  փիլիսոփաների քննարկման առարկա հարցին` հա՞վն է եղել սկզբում, թե՞ ձուն։ Իսկ գուցե աքլո՞րը։

- Ինչ-որ մեկը պետք է ձու ածեր, որ ձուն լիներ։ Հավն է եղել երևի։ Ես Աստվածապաշտ եմ և Աստծո գոյությամբ ու զորությամբ եմ  վերաբերում բոլոր երևույթներին։ Ինձ հետ մի դեպք պատահեց Հորդանանում, երբ հանկարծ այտիցս սկսեց արյուն հոսել, կինս  ուզեցավ մաքրել, ասացի`  թող հոսի, սուրբ տեղում ենք։ Հետո որքան էլ փնտրեցինք,   այտիս վրա այդ տեղը չգտանք։ Ասում են` հազարից մեկի հետ է նման բան պատահում` Աստծո մարդկանց հետ։

                                       Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի       



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...