17:51
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՆԱ ՈՏՔ ԴՐԵՑ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

2013-06-06 11:07

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

                                                 Հավերժական ոչինչ չկա աշխարհում,

                                                  Ամենայն ինչ անցողիկ է…

                                                  Բարի անունն է մնում։

                                                                                Սաադի

Դա 1973 թվականին էր։ Ես նոր էի Երևան տեղափոխվել Կամչատկայից, որտեղ տասը տարի աշխատել էի որպես բժիշկ։ Այն ժամանակ Երևանում քչերին էի ճանաչում, թերևս միայն մի քանի բժիշկների, որոնց թվում էր Հայաստանի առողջապահության նախարար Զաքարիա Նարիմանովը։ Անսպասելիորեն հիվանդացավ աներս՝ Արցախի Շահումյանի շրջանի հայտնի իրավաբան Երվանդ Մարությանը (աչքի հետ կապված խնդիր ուներ), և այնպես զուգադիպեց, որ այդ օրը հանդիպելու էի նախարարի հետ։ Դե, և օգտվելով առիթից, խնդրեցի նրան ինձ ծանոթացնել որևէ ակնաբույժի հետ։ Մեկ ժամ անց աներոջս հետ այցելեցինք այդ բժշկին։

Փոքրիկ, եթե չասենք՝ նեղլիկ աշխատասենյակում, գրքերի, թղթապանակների, թղթերի կույտերով  բեռնված  սեղանի մոտ , սպիտակ խալաթը հագին նստած էր աշխատասենյակի տերը։ Դատելով ըստ ամենայնի, ինչ-որ գրելիք էր ավարտում։ Համենայն դեպս ցուցադրաբար դրեց վերջակետը, բավական արագ ոտքի ելավ ևժպտալով եկավ մեզ ընդառաջ։ Չէի հասցրել ներկայանալ, երբ նա շտապով, առանց կանգ առնելու սկսեց խոսել։ Պարզվեց, դեռ առավոտյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում կարդացել էր իմ «Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածը, ևհանկարծ հենց այդ ժամանակ նրան զանգել էր ինքը՝ նախարարը, տալով իմ անունը։ Վերջապես նա ավարտեց իր երկարաշունչ խոսքը ևբարձր հավելեց. «Այստեղ ուղղակի Աստծո մատն է խառը»։ Դա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վարդանի Մալայանն էր։

Բարեբախտաբար աներոջս առանձնապես  ոչինչ չէր սպառնում, բայց փոխարենը, ինչպես ինքը՝ պրոֆեսորն ասաց, այդ «Աստծո մատը» սկիզբ դրեց մի հրաշալի բարեկամության, որը սրտառուչ կերպով ամրապնդվեց նաևայն պատճառով, որ եղբայրակիցներ էինք անտանելի մի վշտի մեջ։ Երկուսիս էլ, 1937 թվականի օգոստոսի համարյա նույն օրը, ստալինյան ռեժիմը զրկել էր հորից։ Նրա հետ դա կատարվել էր Թբիլիսիում։ Սերգեյը, նրա քույր Վառվառան ևմայրը՝ Արուսյակը փրկվել էին միայն իր հորեղբոր՝ Արտաշեսի շնորհիվ։ Արտաշեսի անունը թնդում էր Վրաստանով մեկ։ Հայտնի ակնաբույժ էր։ Հենց այդ հանգամանքն էլ Սերգեյին ևՎառվառային բերեց դեպի բժշկություն, ակնաբուժություն։ Երկար ևդրամատիկական պատմություն է։ Երկու բառով կասեմ միայն, որ բժիշկ դառնալով, Սերգեյը հրաժարվեց գայթակղիչ հնարավորությունից՝ մնալու Թբիլիսիում ևաշխատելու իր հորեղբայր Արտաշեսի ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայում։ Հայկական «Կոմունիստ» թերթում հայտարարություն կարդալով այն մասին, որ մրցույթ է հայտարարվում ակնաբուժության գծով ասպիրանտուրա ընդունվելու համար, նա ուղևորվեց Երևան, դեպի ուր, բացի ամենայնից, նրան ձգում էր նաևգիտությունը…

…Մեր հանդիպումներն այնքան էլ հաճախակի չէին։ Սակայն նրա մահից հետո ինձ թվում էր, թե մենք պարզապես չէինք բաժանվել։ Նրա առաջարկով, մեր ծանոթության առաջին իսկ օրերից, առանց որևէ բրուդերշաֆտի, մենք անցանք «դու»-ի։ Հավանաբար դա կատարվեց հեռախոսային հաճախակի զրույցների պատճառով։ Որպես կանոն, առիթ էին ծառայում իմ հրապարակումները, առանձնապես «Լիտերատուրնայա գազետա» թերթում։ Եվ սակայն հոգումս խոր հետք թողեցին հենց մեր հանդիպումները։ Քանզի հենց այդ ժամանակ ես նրա մեջ բացահայտեցի ճշմարիտ մտավորականի ևհայրենասերի զարմանալի գծերը։ Դեռևս առաջին հանդիպման ժամանակ նա կրկնեց իսպանացի հայտնի վիրաբույժ Խոսե դե Լատամենդիի խոսքերը, որոնք ես մեջբերել էի թերթի հոդվածում. «Միայն բժշկություն իմացող բժիշկը չգիտի նույնիսկ բժշկություն»։ Այդ պահին նա հանեց հաստ ապակիներով ակնոցը՝ թաշկինակով շփելու, ևես տեսա, թե ինչպես են փայլում նրա կանաչավուն աչքերը։ Սերգեյը գտնում էր, որ բժիշկի իրոք պետք է լինի հանրագիտակ, այնպիսին, ինչպիսին ինքն էր ըստ էության։ Գտնում էր, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժիշկը պետք է տեստ հանձնի, ինչպես բուհ ավարտելիս պետական քննությունների ժամանակ։ Քանզի հայտնի է, որ  հինգ տարում նշանակալից նորություններ են գրանցվում բժշկագիտության ևառանձնապես բուժամիջոցների ասպարեզում։ Վրդովվում էր, երբ դիպլոմավոր որևէ տգետի պատճառով  մամուլում ցեխ էին շպրտում ողջ բժշկագիտության, բոլոր բժիշկների վրա…

…Հավատարիմ իմ վաղեմի (ավելի քան կեսդարյա) սովորությանը՝ հետաքրքիր մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումներից հետո գրառումներ կատարել հուշատետրում, ես հաճախ էի գրիչ վերցնում նույնիսկ Մալայանի հետ հենց ուղղակի հեռախոսային զրույցների ևհանդիպումների ժամանակ։ Եվ հիմա, իմ բարեկամի իննսունամյակի նախաշեմին (ի՜նչ արագ է թռչում ժամանակը) ես սկսեցի փորփրել գրառումներս։ Դրանք ինձ կօգնեն թարմացնելու անցյալի հիշողությունները։

…Հավանաբար կարելի է անառարկելիորեն ընդունել ժողովրդական այն խոսքը, թե «Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրա մասին»։ Սրա մեջ որոշակիորեն կենսական մխիթարիչ տրամաբանություն է առկա։ Հիշում են, որպես կանոն, հարազատներն ու մերձավորները, ընկերներն ու գործընկերները։ Հիշում են, քանի դեռ իրենք են ապրում։ Բայց իմ ընկեր Սերգեյ Վարդանի Մալայանի առումով հիշողության հարցը քիչ այլ կերպ է դրված։ Այո, նա վաղ հեռացավ։ Ընդամենը հիսունհինգ տարեկան էր։ Հիշում եմ, մահից մեկ տարի առաջ զանգեց, շնորհավորեց նոր՝ 1977 թվականը։ Ես շտապեցի նկատել, որ ելնելով տարիքային տարբերությունից, ես պետք է առաջինը շնորհավորեի իրեն։ Սերգեյը համամիտ չէր ևասաց.

-Չէ՞ որ ես զանգել եմ, որ առաջին հերթին շնորհավորեմ եկեղեցա-փիլիսոփայական «Խոստովանություն» վերնագիրը կրող գրքիդ հրատարակման կապակցությամբ ևհետո միայն Նոր տարվա,- ևավելացրեց,- հուսով եմ, ավանդույթը չի խախտվի։

Հարմար պահ գտնելով, ես շտապեցի Մալայանի մոտ։ Ցելոֆանե փաթեթում ոչ միայն «Խոստովանություն» գիրքս էր այլևմի շիշ թթի օղի։

Իսկ այդ օրը, բացի ամենայնից, մտապահվեց ևայն պատճառով, որ նախօրեին լրացել էր նրա հիսունչորս տարին։ Սերգեյն ասաց, որ ինքն ինչ-որ տագնապով էր սպասում հենց այդ՝ 54-րդ տարեդարձին։ Խոստովանեց, որ գրքերիցս մեկում կարդացել էր այն մասին, որ ինչպես ասում են՝ ստեղծագործական բնույթի մարդիկ, ասես պայմանավորված, ապրում են մինչևհիսունչորս տարեկանը (մեկ-երկու ամիս տարբերությամբ)։ Նրանց թվում են և՛ Դեկարտն ու Պետրոս Առաջինը, և՛ Լենինն ու Թումանյանը, և՛ էլի մեծաթիվ անուններ։ Դրա մեջ նա ինչ-որ խորհրդապաշտական բան էր տեսնում։

…Սերգեյը ծանր հիվանդ էր։ Սիրտն էր։ Միաժամանակ անխղճաբար ծխում էր։ Դա այն ժամանակ էր, երբ «Լիտերատուրնայա գազետա»-ում (ևոչ միայն) ես պարբերաբար խնդրաշատ հոդվածներ էի գրում ծխելու մասին։ Նա նույնիսկ չափից ավելի լավ էր գիտակցում նիկոտինի ողջ հրեշավոր վտանգավորությունը, մանավանդ այն մարդու համար, որը սրտամկանի ինֆարկտ է կրել, վերապրել ևորպես հետևանք տառապում է ստենոզով (անոթների սեղմում)։ Եվ ահա, խնդրեմ, առավոտից երեկո արյուն է  մուտք գործում նիկոտին, որը հենց անոթներն է սեղմում։ Ես ինձ թույլ չէի տա բարի մարդու ևտաղանդավոր բժկի հոբելյանին հասցեագրված խոսքում զբաղվել այսպես կոչված սան-լուսաշխատանքով, եթե չլիներ հիշողությանս մեջ խորն ամրապնդված մի հանգամանք, որն ինքնին շատ բանի մասին է խոսում։ Սերգեյ Վարդանովիչը (հանդիսավորապես նշենք անուն-հայրանունով), մի տեսակ շառագունելով, հանգցրեց գլանակը, այն պտտելով քնթուկներով բերնեբերան լի ապակե մոխրամանում ևմեղմաձայն ասաց.

-Հեշտ գործ չէ հարազատներից, մերձավորներից ևառաջին հերթին տնեցիներից թաքցնել մոտալուտ մահվան շոշափելի զգացողությունը, երբ ինքդ էլ հստակ գիտակցում ես, որ կարող ես հեռանալ առանց կատարելու պարտքդ, առանց լուծելու գերխնդիրդ։

Ես նրան հարցրեցի իր պարտքի ևգերխնդրի մասին, ևնա սկսեց հեռվից։ Իմաստն ու էությունը հանգում էր նրան, որ դեռևս 1928 թվականից, նրա նախորդների օրոք, ազգային ակնաբուժության առջևարդեն այլ խնդիրներ էին ծառացել։ Բավական է ասել, որ դրանք իրենց արտացոլումն էին գտնում ախտորոշիչ, նույնիսկ համաճարակային հիվանդանոցների, կլինիկաների, դիսպանսերների անվանումներում. Տրախոմատոզային, Գլաուկոմատոզային։ Եվ իրոք, խոսքը աչքի հիվանդությունների քրոնիկական վարակիչ տարածման ճակատագրական ևզանգվածային բնույթի մասին էր (հատկապես Սևանի ավազանում) ևակնաբյուրեղիկի կապտավուն պղտորման մասին, որը չբուժվելով, հանգեցնում էր կուրության։ Սրան էր ուղղված այն ժամանակներում հայրենական ևմասնավորապես ազգային ակնաբուժության մարտավարությունը, որի ակունքներում կանգնած էին Հայկ Քաթանյանը, Բաբկեն Սելիք-Մուսայանը, Սերգել Մալայանը ևուրիշներ։ Հայաստանի տարբեր բուժական հաստատություններում գործում էին ակնաբուժական բաժանմունքներ, բայց ազգային առողջապահությանը անհրաժեշտ էր նաևգործուն ակնաբանական գիտություն։

Առաջ անցնելով ասեմ, որ երկար տարիներ անց ես պատմեցի Ալեքսանդր Մալայանին, որի հետ իմ այսօրվա ջերմ բարեկամությունն ըստ էության շարունակությունն է նրա հոր հետ ունեցած բարեկամության, մի հիրավի պատմական հեռախոսային խոսակցության մասին։ Դա 1978 թվականի ապրիլին էր, Սերգեյ Մալայանի մահից չորս ամիս առաջ։ Յուրօրինակ երկրաշուրջ ճամփորդություն կատարելով Հայկական ԽՍՀ-ում, ես այցելեցի հանրապետության ոչ միայն բոլոր վարչական շրջաններ, այլևբոլոր հազար վաթսունյոթ բնակավայրեր։ Կանոնավորապես «Ավանգարդ» և«Կոմսոմոլեց» թերթերում տպագրվում էին իմ ճամփորդական ռապորտաժները։ Եվ ահա, կարդալով հերթական ճամփորդական նյութերս, Սերգեյը զանգեց ինձ (ես այդ ժամանակ գտնվում էի Կրասնոսելսկում, ևհեռախոսային խոսակցությունը կազմակերպեց շրջկոմի առաջին քարտուղար Կիմ Եգանյանը)։ Մալայանը ոչ առանց ուրախության ինձ հայտնեց, որ կարդացել է Սևանի ևՀրազդանի շրջանների մասին իմ ռեպորտաժները ևառանձնակի նշեց, ինչպես ինքն ասաց, որ ես թարմացրի այսօրվա ընթերցողի հիշողության մեջ այն փաստը, որ դեռ վերջերս հրազդանցիներին կոչում էին «քոռ ախտեցիներ»։ Լսելիությունը թույլ էր, ևնա գոռում էր լսափողի մեջ։ Վերջում ասաց, որ «Կոմսոմոլեց» թերթում ընդգծել է նախկին ախտեցիներին վերաբերվող այդ տողերը։ Ճամփորդության հանրագումարը դարձավ իմ «Օջախ» գիրքը, ևես, աշխատելով ընկերոջս նվիրված այս նյութի վրա, գրքում գտա այդ նույն տողերը. «Հրազդանի շրջանում, ինչպես մի կաթիլ ջրում, արտացոլված է ողջ հանրապետության պատմությունն՝ ամբողջությամբ վերցրած։ Շրջանի հնաբնակները լավ են հիշում, թե ինչպես էին իրենց կոչում «քոռ ախտեցիներ» ։ Նախկին Ախտայի շրջանում մոլեգնում էր տրախոման, ևայդ պատճառով շատ-շատերը կորցնում էին տեսողությունը»։

Դժբախտությունը կայանում էր նաևնրանում, որ բոլոր ուժերն ու միջոցներն այն ժամանակ ուղղվում էին շարունակական դժբախտությունների հաղթահարմանը։ Եվ վաթսունական թվականներին արդեն նոր մարտավարական անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու ժամանակակից ակնագիտություն, որի խնդիրները պետք է նպատակաուղղված լինեին ապագային։ Հենց սա էլ այդ գերխնդիրն էր ևայդ պարտքը։ Դա նշանակում է, որ մասնագիտացված ակնաբուժական համալիր կենտրոն կառուցելու համար պետք էր նոր շենք ունենալ։ Եվ 1972 թվականին սկսվեց ապագա Կենտրոնի շինարարությունը՝ Հանրապետական հիվանդանոցից ոչ շատ հեռու։ Չի կարելի չնշել գուցե ամենագլխավորը, ես կասեի՝ ամենահուզիչը։ Դա այն է, որ Կենտրոնը կառուցվում էր Կույրերի միավորման վաստակած միջոցներով։

…Շինարարությունը երկար ու ծանր ընթացք ունեցավ։ Հիվանդությունը խլում էր Մալայանի ուժերը։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ում նոր-նոր էին սկսել սրտերակային կորոնար շունտավորում իրականացնել և, ցավոք, ոչ միշտ հաջողությամբ։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի գլխավոր ակնաբույժին տարան Մոսկվա։ Բայց արդեն ուշ էր։ Իր մաշված միոկարդով նա հաստատ կմնար վիրահատական սեղանի վրա։ Դա 1978 թվականի սկզբին էր։ Եվ բոլորից թաքուն լեզվի տակ դնելով նիտրոգլիցերինի փոքրիկ, սպիտակ դեղահաբիկը, նա շարունակում էր վիրահատել, դասախոսել ուսանողներին, ամեն օր այցելել Կենտրոնի կառուցվող շենք, որտեղ այդ ժամանակ արդեն ներկարարական աշխատանքներ էին ընթանում։

1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը առաջին վիրահատությունը կատարեց նոր շենքում։ Դա կատարակտ էր։ Հիվանդը վերստացավ աչքերի լույսը։ Հայտնի չէ, թե այդ պահին ով էր առավել երջանիկ, հիվանդը թե՞ բժիշկը։ Հետո բուժքույրերից մեկը պատմելու էր, որ հիվանդը շնորհակալություն հայտնեց Սերգեյ Վարդանովիչին, որը լայն ժպտաց, վարժ ու աննկատելի լեզվի տակ դրեց նիտրոգլիցերինի հաբը ևմեղմ արտաբերեց. «Դրա համար պետք է սրտիս շնորհակալություն հայտնել»։ Բայց ողջ զավեշտականությունն այն էր, որ դրա հետ մեկտեղ վառեց գլանակն ու սկսեց ծխել։

…Ականավոր բժշկի ևգիտնականի, իր հազարավոր ժամանակակիցների աչքերին լույս պարգևած Հայաստանի գլխավոր (բազմամյա) ակնաբույժի սիրտը կանգ առավ 1978 թվականի հուլիսի 31-ին։

…Այդ մարդն իսկական դրոշակակիր էր։ Քայլում էր առջևից, հաղթահարելով դժբախտություններն ու դժվարությունները, որպեսզի մինչ սրտի վերջին զարկը լույս տանի մարդկանց։ Եվ ի մեծ երջանկություն, նրա դրոշը չընկավ գետնին։ Հոր ձեռքերից այն անցավ Մալայանին. Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, բժշկական գիտությունների դոկտորին, պրոֆեսորին, ակնաբուժության ամբիոնի վարիչին ևՀայաստանի գլխավոր ակնաբույժին, ճիշտ ինչպիսին նրա հայրն էր։

Սերգեյի մահից քսան տարի անց տեղի ունեցավ այն, ինչը տրամաբանորեն ևբարոյական տեսանկյունից պետք է որ տեղի ունենար։ Արդեն աշխարհում հայտնի Հայկական ակնաբուժական կենտրոնը կառավարության որոշմամբ ստացավ իր հիմնադրի անունը։ Շուտով կլինիկայի սրահում մեծ հանդիսավորությամբ տեղադրվեց Սերգեյ Վարդանի Մալայանի կիսանդրին։ Եվ երբ նրա որդին՝ Ալեքսանդր Մալայանը վերցրեց ծածկոցը, ես ուշադիր նայեցի իմ ընկերոջ բրոնզե բարի դեմքին ևմտածեցի, որ նա ոտք դրեց անմահություն։

Զորի ԲԱԼԱՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...