12:35
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԺԱԿ կուսակցություն` հայրենանվեր աշխատանքի և ձեռքբերումների ութ տարիներ

2013-05-29 10:57

«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)

 «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի ելույթը ս.թ. մարտի 18-ի ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացած ԺԱԿ համաժողովի ժամանակ։

Մեծարգո՛ հյուրեր,

Սիրելի՛ գործընկերներ,

 Այս համաժողովը մեզ համար նշանակալի է միանգամից երկու առումներով։ Մեկ ամսից լրանալու է «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության հիմնադրման 8-րդ տարեդարձը։ Հետևապես, օգտվելով ԺԱԿ տարածքային բոլոր կառույցների ներկայությունից` ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այդ հիշարժան օրվա կապակցությամբ և մաղթում հաղթական նոր ձեռքբերումներ ու հայրենանվեր աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետագա առաջընթացի։

  Սակայն մեզ համար այս համաժողովը հիմնականում կարևորվում է քաղաքական լրջագույն մի շարժառիթով, որն այսօր ուղղակիորեն բխում է Հայաստանում լայնորեն մեկնարկած նախընտրական գործընթացների տրամաբանությունից։ Հայաստանն այսօր հերթական անգամ կանգնած է համապետական ընտրությունների առջև, որոնց նշանակությունը չափազանց կարևոր է Հայաստան երկրի և հայ ժողովրդի հետագա կայուն և անվտանգ առաջընթացի տեսանկյունից։

Ըստ այդմ, մեր ընտրողների, ինչպես նաև քաղաքական բոլոր կարող ուժերի համար սկսվել է սպասումներով լի մի ժամանակաշրջան, որոնց վերջնական հանրագումարը պետք է հանդիսանան մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։

 Հարգելի՛ գործընկերներ,

 «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը քաղաքական ասպարեզ է իջել 2004 թվականին` նպատակ ունենալով իր անմնացորդ նվիրումով, առաջադեմ գաղափարներով և ծրագրերով մասնակից դառնալ Հայաստանի հզորացման և հայ ժողովրդի բարեկեցության ապահովման գործին։ Անցած 8 տարում կուսակցությունը կայացել է որպես իրապես կենսունակ, գաղափարակիր անդամներով համալրված կառույց, որի համար միշտ առաջնային են եղել քաղաքական սկզբունքայնությունն ու հայրենանվեր աշխատանքը, և ոչ երբեք` քաղաքական էժան պոպուլիզմը։ Ինչ խոսք, ունեցել ենք նաև որոշակի անհաջողություններ և ձախողումներ, որոնք, որպես կանոն, հիմնականում պայմանավորված են եղել մեր կամքից վեր օբյեկտիվ պատճառներով կամ տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրայի առանձնահատկություններով։

Սակայն դրանք երբեք մեզ չեն հիասթափեցրել կամ ընկճել։ Կասեի ընդհակառակը, դրանց արդյունքում սթափ վերլուծելով և համադրելով ԺԱԿ-ի իրական հնարավորությունները, քաղաքական ունակ ուժերի միջև առկա փոխհարաբերակցությունն ու երկրի առջև ծառացած գլոբալ առաջնահերթությունների էությունը` մեր մեջ ավելի է ամրապնդել քաղաքական իրատեսությունը, որը ես համարում եմ մեր վերջին տարիների, թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Այս հանգամանքը, ինչպես հիշում եք, ԺԱԿ-ի ապագայի համար անկյունաքարային նշանակություն ունեցավ 2007 և 2008 թվականների համապետական ընտրությունների ժամանակ, երբ մեր կուսակցությունը որոշեց վեր կանգնել նեղ կուսակցական, անձնական ամբիցիաներից և սատարել Հանրապետական կուսակցությանը, նաև` Հանրապետականի ղեկավար և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ քայլերին մենք գնացինք գիտակցված` ելնելով այն կարևոր իրողությունից, որ ԺԱԿ-ի ծրագրերը լիովին համահունչ էին Հանրապետականի ծրագրային առաջնահերթություններին և նպատակներին, իսկ Հանրապետականն էլ ԺԱԿ-ին պատրաստ էր ընկալել որպես արժանապատիվ, սրտացավ գործընկեր։

Մեր գործընկերային հարաբերությունները հետագա տարիներին բազմիցս դրսևորվեցին կառուցողական հարթության վրա։ Մասնավորապես, մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, ԺԱԿ-ի աջակցությամբ թեկնածուներից շատերը դարձան համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և այսօր էլ հաջողությամբ շարունակում են իրենց հայրենանպաստ աշխատանքը։ Ի դեպ, դեռ 2007 թվականին մեզ հաջողվեց մեր շուրջը համախմբել հանրային հնչողության գործընթացներում ակտիվություն դրսևորած մի շարք կազմակերպությունների, որոնց հետ համակողմանի համագործակցությունը լայն թափով շարունակվում է մինչ օրս` բայց ավելի մեծ և համալրված կազմով։ Եվ մեր համագործակցության գնահատականն այն է, որ նրանք այսօր, այս պահին, այս դահլիճում դարձյալ մեզ հետ են։

 Ինքնին հասկանալի է, որ ԺԱԿ-ի անցած քաղաքական ուղին իմ կողմից ամփոփ նկարագրելը ամենևին ինքնանպատակ չէր։ Դա ուներ կոնկրետ նպատակ և բացառապես միտված էր սույն ներկայացուցչական համաժողովի շրջանակներում «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության ծրագրերի, քաղաքական դիրքորոշումների և սկզբունքների վերահաստատմանը` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այսօր մեզ վիճակված է արձանագրել մեր հերթական, պատասխանատու քաղաքական որոշումներից մեկը, որով կանխորոշվելու է ԺԱԿ-ի մասնակցության ձևաչափը սպասվող համապետական ընտրություններում։

 Չչարաշահելով ձեր համբերությունը` այսօր ես լիազորված եմ հայտարարելու, որ «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության Ազգային կոմիտեի ընդունած համապատասխան որոշման համաձայն, ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ԺԱԿ-ը մասնակցելու է` սատարելով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Հարգելի՛ գործընկերներ,

 Սույն որոշումը կայացնելիս ԺԱԿ ղեկավարությունն, անշուշտ, առաջնորդվել է նաև Հանրապետականի հետ անցած 5 տարիների հաջող համագործակցության փորձով։ Եվ այսօր մեզ հետ համագործակցելու Հանրապետականի պատրաստակամությունն, անշուշտ, մեր բազմամյա համատեղ աշխատանքի ճշգրիտ գնահատականն է։

Սակայն, վստահորեն կարող եմ ասել, որ ԺԱԿ-ի համար կարևորվել է այն սկզբունքայնությունն ու հետևողականությունը, որը ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ են դրսևորել մեր երկրի և ժողովրդի համար կենսական նշանակության հարցերում։ Մասնա-վորապես, մեզ համար ողջունելի է այն վճռականությունը, որով Հանրապետականը պատրաստվում է մասնակցել գալիք ընտրություններին, այնտեղ ունենալ բացարձակ մեծամասնություն և, հարկ եղած դեպքում, նաև ստանձնել միանձնյա պատասխանա-տվություն երկրի և ժողովրդի ապագայի համար։ Սա, կարծում եմ, այն հիմնական նախապայմաններից մեկն է, որի շնորհիվ հնարավոր կլինի նախ` Հայոց խորհրդարանը զերծ պահել անհարկի միջկուսակցական հակասություններից, քաղաքական էժան առևտրից, ապա բոլոր հնարավորությունները նպատակաուղղել իրապես արդյունավետ բարեփոխումների իրականացմանն ու շարքային քաղաքացու կյանքի պայմանների տեսանելի բարելավմանը։

Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանի ապագա քաղաքական գործընթացներից դուրս մղվի հարմար պահերին իշխանությանը մոտ կանգնելու, իսկ դժվարին պահերին պատասխանատվությունից հրաժարվելու, գործընկերների հետ նախապայմանների լեզվով խոսելու պրակտիկան։

 Ինչպես համոզվեցինք ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից, Հանրապետականը և անձամբ երկրի նախագահը պատրաստ են շարունակելու, նաև էլ ավելի խորացնելու բաց, կառուցողական երկխոսության ավանդույթը բարի նպատակներով և ազնիվ մղումներով առաջնորդվող յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ` պատրաստ ընդունելու արդարացի քննադատությունն ու առաջարկությունները։ Ի դեպ, նրանց ձգտումների և մտադրությունների արդարացիության մեջ ես համոզվել եմ իմ անձնական օրինակով` խորհրդարանում որպես պատգամավոր աշխատելուս տարիներին։

 Ասվածն, ըստ իս, լավագույն ապացույցն է այն բանի, որ երկրում բան փոխելու համար նախևառաջ մեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իր ուժերին, հատկապես, եթե դրա բացահայտ ջատագովն է իր ղեկավարած կուսակցության համար որպես ապագայի ուղենիշ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը հռչակած երկրի նախագահը։

Վստահապես, իրավիճակի խորը, համակողմանի և սթափ գնահատման, նաև անկեղծ մտահոգության արդյունք պետք է համարել ՀՀ նախագահի արտահայտած այն միտքը, որ կարճաժամկետ հեռանկարում ոստիկանության, դատախազության և դատարանների գործունեությունը պետք է կոչված լինի ապահովել ցանկացած անձի իրավունքների և շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել ամեն մի անձի համար արդարադատության մատչելիությունը և յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը։ Սա առաջին հերթին ենթադրում է անհաշտ և հետևողական պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ, որի անբավարար մակարդակը մշտապես լուրջ խոչընդոտներ է ստեղծել երկրի զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման համար։

Ըստ իս, Հայաստանի դատաիրավական համակարգում վերջին ամիսներին հստակ նշմարվող դրական տեղաշարժերը պետք է հուսադրեն յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես, եթե առկա բացերի և թերացումների, ինչպես նաև դրանց շուտափույթ հաղթահարման անհրաժեշտության մասին բարձրաձայնում են երկրի նախագահը, արդարադատության նախարարը և այլ բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաներ։

 Այո, ԺԱԿ-ը հավատացել և շարունակում է հավատալ մեր երկրի նախագահի խոսքերի և ցանկությունների անկեղծությանը, և պատրաստ է իր չափով ստանձնել իրեն վստահված որոշակի պատասխանատվութ-յուն` երկիրը անշեղ զարգացման և հայ մարդու բարեկեցության մակարդակի բարձրացման համար։ Սպասվող քաղաքական գործընթացների տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանի ՀՀԿ համագումարում հնչեցված այն միտքը, թե կառավարող ուժի համար մերժելի են լինելու անհատապաշտ առաջնորդների և մեծ փողերի պարտադրանքն ու մենաշնորհը։ Իմ համոզմամբ, այս մտքի իրական հասցեատերերն են բոլոր նրանք, ում համար ավելի հեշտ է տանել երկրում օբյեկտիվորեն առկա սոցիալ-տնտեսական դժվարությունները և համբերատար սպասել իրավիճակի լավացմանը, քան համակերպվել ակնհայտ անարդարություններին։

 ԺԱԿ-ի քաղաքական դիրքորոշման հարցում առանցքային չափորոշիչի դեր է կատարել Հանրապետական կուսակցության հեռանկարային ծրագրերի սոցիալ-տնտեսական բաղադրիչը, որն իր մեջ պարունակում է սոցիալական արդարության վերականգնման և տնտեսական տեսանելի առաջընթացին միտված հստակ, գործնական շեշտադրումներ։

 Այո՛, Հայաստանին այսօր տնտեսական աճից առավել անհրաժեշտ է իրական տնտեսական զարգացում, որն այլևս հիմնված պետք է լինի տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ապրանքների և ծառայությունների արտադրության, փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա։ Սույն հայեցակարգը մեզ համար միանշանակ ողջունելի է, մասնավորապես, այն սկզբունքային ընդհանրության շնորհիվ, որը միաժամանակ առկա է թե՛ ՀՀԿ ծրագրերում, թե՛ ԺԱԿ կարգախոսում։ Մեզ համար ուրախալի, նաև պարտավորեցնող է, որ Հայաստանում մեկնարկելիք տնտեսական նոր որակի բարեփոխումներին ԺԱԿ-ը մասնակցելու է իր հիմնադրման պահին որդեգրած «Արժանի տեղ փոքր ու միջին բիզնեսին» կարգախոսի ներքո։

 Հատկապես, եթե նախատեսվող համակարգային փոփոխություններն ու վերափոխումները, իրենց ամբողջության մեջ, նպատակաուղղված են լինելու դեպի մարդը, դեպի Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին։ Միայն այդ դեպքում կձևավորվի միջին խավ, որն էլ պետք է դառնա հզոր Հայաստանի երաշխավորն ու հենարանը։

 Հարգելի՛ բարեկամներ,

 Դարերի փորձով է ապացուցված, որ առանց սիրո ամուր ընտանիք չի լինում, իսկ առանց հավատի և լավատեսության` որևէ լավ, հեռանկարային գործ։ Ելնելով այս մտքից, նաև Հայաստանում ձևավոր-ված հասարակական առողջ  տրամադրություններից` ես լիահույս եմ, որ մոտ ապագայում մեր երկիրը անպայման թևակոխելու է վերընթացների ժամանակաշրջան։ Ի վերջո այդ նպատակին հասնելու համար այսօր առկա են բոլոր նախադրյալները, ներառյալ` իշխանությունների քաղաքական կամքն ու մեր ժողովրդի ցանկությունը։ Եվ այդ հարմար պահը չօգտագործելը մեր ազգի համար կլինի չպատճառաբանված անտեղի շռայլություն։

 Ակնհայտ է մեկ բան` մենք ազգովի հասել ենք մի այնպիսի վճռորոշ հանգրվանի, որ եթե չվերականգնենք հավատը մեկմեկու և երկրի նկատմամբ, ապա շատ կարևոր խնդիրներ մեզ և մեր զավակների համար անավարտ են մնալու դեռ շատ երկար տարիներ։ Ուրեմն, պետք է հավատանք և փոխենք մեր երկիրը։ Քանզի, չհավատալու դեպքում, ինչպես բազմիցս ահազահգել եմ իմ նախկին ելույթների ժամանակ, ստիպված ենք լինելու արձանագրել ոչ թե մեր հանրահայտ ձեռքբերումների, այլև մեր երկրի և ժողովրդի ապագան վտանգող հերթական բացթողումների և վրիպումների մասին։ Ես նաև լիովին ընդունում եմ Սերժ Սարգսյանի համեմատական դիտարկումը արտերկրի և Հայաստանի ներկա իրավիճակների միջև։ Այո՛, Հայաստանը շատ հարցերում այսօր զիջում է շատ ու շատ երկրների։ Բայց իրավիճակը չի կարող կոչվել անհույս։ Թեկուզ այն պատճառով, որ մենք մեր զավակների հետ ուզում ենք ապրել մեր հայրենիքում, իսկ եղած խնդիրները լուծելու համար պատրաստ ենք դրսևորել կամք և սկզբունքայնություն` համատեղելով մեր բոլորի ջանքերն ու հնարավորությունները։ Դա բխում է անձամբ նաև իմ համոզմունքներից։

Դեռ 1999-ին ես վերադարձել եմ Հայաստան` թողնելով ավելի բարեկեցիկ երկիր և կյանքի ու բիզնեսի զարգացման անհամեմատ լավ պայմաններ։ Եվ այդ հարցում ինձ առաջնորդողը եղել է ոչ թե քմահաճույքը, այլ խորը համոզմունքը, որ իմ զավակներին հայեցի, հայկական ավանդույթներով դաստիարակելու համար ես պարտադիր նրանց հետ պետք է ապրեմ Հայաստանում` պատրաստ մյուսների հետ համատեղ ջանքերով հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Համոզված եմ, որ արտագաղթած մեր հայրենակիցներից շատերը մտածում են նույն կերպ։ Ուրեմն, մնում է վերականգնենք հավատը երկրի նկատմամբ, որպեսզի մարդիկ բռնեն ներգաղթի ճանապարհը։

 Հարգելի՛ գործընկերներ,

 Ելույթս ավարտելուց առաջ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հանրապետական կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի նկատմամբ վստահությունը պատճառաբանված են եղել մեկ այլ` գաղափարախոսական բնույթի գործոնով։

 Որպես ազգային-պահպանողական կուսակցություն, Հանրապետականը անցած տարիներին գործնական շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որը հավասարապես հոգեհարազատ է իր պատմական բնօրրանը կորցրած յուրաքանչյուր հայորդու համար։ Խոսքս «հայրենատիրություն» հասկացության մասին է, որն իր հիմքում ունի մեկ խիստ նվիրական, համազգային նպատակ` միավորել այն բոլոր կորուսյալ հողերը, որոնք ժամանակին մասն են կազմել հայոց պետականության։ Այս գաղափարախոսությունը բխում է անձամբ իմ, նաև իմ հայրենակից բոլոր գարդմանցիների սրտերից։ Դրա շնորհիվ, մենք` գարդմանցիներս, աշխարհասփյուռ հայության հետ միասին շարունակում ենք հուսալ, որ վաղ թե ուշ պատմական Գարդմանքը, հարակից հայկական այլ գավառների հետ միասին, պիտի անպայման ազատագրվի և վերամիավորվի մայր հայրենիքի հետ։ Եվ գարդմանցիները հնարավորություն կունենան ծաղիկներ դնել իրենց նախնիների շիրիմներին։

 Համոզված եմ, և դա ասում եմ որպես գարդմանցի, որ այսօր իմ հայաստանաբնակ համաերկրացիներն ու նրանց հարցերով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունները վստահապես հանդես կգան համապատասխան սատարող հայտարարությամբ և իրենց ուժերի ներածին չափով կմոտեցնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժի` Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 6-ի համապետական ընտրություններում։

 Ուրեմն, եկեք հավատանք, որ փոխե՛նք

 Ուրեմն, եկեք հավատանք, որ նաև հաղթե՛նք



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...