04:07
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
20 տարի պետության հետ, պետության հիմքում ու պետության համար

2013-05-14 11:47

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

1990 թվական. Արցախյան շարժումը հասել է գագաթնակետին, Խորհրդային կայսրությանը հաշված օրեր են մնացել...Սակայն այդ պահին անգամ հայ ժողովրդի ու ընդհանրապես խորհրդային տարածքի ժողովուրդների համար դեռևս անսովոր էր լսել այլ կուսակցության մասին, բացի ԽՄԿԿ-ից։ Յոթանասուն տարվա գաղափարական պրեսսինգը հասարակությանը վարժեցրել էր մեկ կուսակցության առկայությանն ու գերիշխանությանը։

Եվ ահա գաղափարական առումով վակուումային ու նոր-նոր ծնվող անկախ Հայաստանի համար անկյունաքարային ժամանակաշրջանում ծնունդ է առնում Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին պաշտոնապես գրանցված կուսակցությունը, որն այլ անուն ունենալ չէր կարող` Հայաստանի հանրապետական կուսակցություն։ Այս պարագայում կուսակցության անվանումն ավելի քանի իմաստալից ու խոսուն էր, և տարիներն ու կուսակցության մինչ այժմ անցած ուղին ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն գործել ու գործում է անվանը հարիր` հանրապետական ու պետական մտածողությունն առաջնահերթ համարելով։

Իսկ ամեն ինչ սաղմնավորվել էր դեռ հեռավոր վաթսունական թվականներին։ Այն ժամանակ, երբ անկախություն, ազգային պետականություն արտահայտությունները մարդիկ անգամ սեփական խոհանոցում էին վախենում արտասանել, երբ ամեն ոք ու ամեն ինչ ենթակա էր ՊԱԿ-ի տեռորին ու Կոմկուսի կենտկոմի քմահաճույքներին, ահա այդ դժնդակ թվականներին հայ մի խումբ նվիրյալներ` Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան և այլք, սկսեցին խոսել հայկական անկախ պետականության, ազգի ու հայրենիքի գերակայության մասին։ Ընդհատակում հիմնադրվեց ԱՄԿ-ն` Ազգային միացյալ կուսակցությունը։ Տպվում էին թերթեր, հատկապես երիտասարդության շրջանում քարոզչություն էր տարվում անկախության վերաբերյալ։ Եվ այս ամենն արվում էր վտանգն աչքի առաջ. իրենց գործունեության համար ապագա Հանրապետական կուսակցության հիմնադիրներն ստիպված եղան կյանքի մի զգալի հատված անցկացնել խորհրդային բանտերում ու ճամբարներում։ Քաղաքականի հոդվածն այն ժամանակներում հաճախ ավելի խիստ պատժամիջոցներ էր նախատեսում, քան քրեական ամենածանր հանցագործությունները։

Մինչ այժմ էլ վերլուծաբաններն ու քաղաքագետները գլուխ են կոտրում, թե ինչպես կարելի էր խորհրդային ամբողջատիրության ճիրաններում ստեղծել ազգային, անկախական գաղափարներ քարոզող կուսակցություն, և որ ամենաուշագրավն է, ԱՄԿ-ն շարունակել է գործել անգամ ղեկավարների բանտարկության ժամանկաշրջանում` շնորհիվ հատուկ ստեղծված մոդելի, որը հանելուկ էր անգամ աշխարհին իր գործակալական ցանցով հայտնի խորհրդային պետանվտանգության կոմիտեի համար։

Եվ այսպես, մաքառումների գնով ազգային պետականության գաղափարախոսությունը պահպանվեց ու հասավ ութսունականների վերջ իննսունականների սկիզբ։ Արցախյան գոյամարտի հենց սկզբից նախկին ԱՄԿ-ականները հիմնադրում են «Անկախության բանակ» կազմակերպությունը, որը համակարգված բնույթ պետք է տար ազգային-ազատագրական պայքարին Արցախում ու Հայաստանում։ Իննսունականների սկզբին հենց անկախության բանակն էր, որ պիտի դառնար անկախ Հայաստանի առաջին գրանցված կուսակցության հիմքը։ Անկախ պետության հռչակումից հետո սկսվեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատմության նոր փուլը։ Նժդեհյան գաղափարախոսությունն ընդունելով որպես գործունեության սկզբունք ու հավատամք` հանրապետականներն իրենց ողջ ներուժով լծվեցին պետականաշինության ծանր ու պատասխանատու գործին։

Անգամ իշխանության մեջ չեղած ժամանակ ՀՀԿ-ն գործում էր` առաջին հերթին ելնելով պետականության ու ազգի շահերից, պետական մտածելակերպով, հետին պլան մղելով զուտ կուսակցական նկրտումները։ Այս իմաստով կուսակցության ներդրումն անկախ պետության կերտման գործում անուրանալի է։ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան... Այս անուններն անքակտելիորեն կապված են Հայաստանի կայացման ու վերելքի հետ։

Երկու հազար վեց թվականից սկսած` հանրապետականի ղեկին Սերժ Սարգսյանն է։ Գլխավորելով ՀՀԿ-ն` հանրապետության նախագահը մի կողմից` պահպանեց կուսակցության ավանդական նժդեհյան գաղափարախոսությունը, մյուս կողմից` կուսակցությունը գնում է ժամանակին համընթաց։ Ստանձնելով երկրի ղեկավարության պատասխանատվությունը` հանրապետականը լուրջ դեր խաղաց խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ու հասարակական ջրբաժանը վերացնելու գործում։ Վերջին տարիներին հենց ՀՀԿ-ն քանիցս հանդես եկավ քաղաքական կոալիցիա ձևավորելու նախաձեռնությամբ և բազմիցս հանդուրժողականության ու կառուցողական բանավեճի կոչ արեց իրեն արմատական հռչակած ընդիմությանը։Այլ հարց է, որ այս հորդորները արձագանք չգտան մյուս կողմում, հենց դա է նաև պատճառը, որ երկրում դեռ լիովին հաղթահարված չէ երկփեղկման վտանգը։ «Իմ միջոցով` ազգիս համար»։- Մեծն Նժդեհի այս իմաստուն արտահայտությունը, անկախ քաղաքական վայրիվերումներից ու աշխարհաքաղաքական վերադասավորումներից, անփոփոխ է ՀՀԿ-ի` որպես կուսակցության գործունեության հիմքում։ Դեռ քսաներորդ դարի վաթսունականներին սաղմնավորված քաղաքական ուժն այլ կերպ վարվել չի կարող։

Արկադի Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...