06:29
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

2013-05-10 14:23

                              «Դե Ֆակտո» 60 (2011թ.)       

 Արցախյան  ազատագրական պայքարի կոչնակը լսելի դարձավ ողջ աշխարհի հայությանը և համախմբեց նրանց։ Ու ազատ, անկախ ապրելու հաստատ վճռականությամբ նվիրյալ հայորդիները  հասան Արցախ` մահու կենաց կռիվ մղելու, քանզի հայրենիքի  կանչը քո արյան հիշողության մեջ է, որտեղ էլ լինես, աշխարհի որ ծագում էլ լինես, միևնույն  է, հայրենախտը կանչում է։

            Այդ ախտով էր տառապում նաև  Մեխակ Մեխակյանը, ով խաղաղ ու ապահով կյանք ուներ, նրա ծնողները հասցրել էին այդ ամենը ստեղծել, հրաշալի ընտանիք ուներ, չորս զավակներ։Սակայն նա  ապահով կյանքով ապրելու համար  չէր ծնվել։ Թերևս Մեխակը նվիրական առաքելություն ուներ, և Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից առանց երկմտելու զինվորագրվեց հայրենի հողի պաշտպանությանը։ Մարտի  դաշտում մի քանի անգամ վիրավորվեց, և երբ վերջին անգամ  տուն էր վերադարձել, որպեսզի ապաքինվի, անհանգիստ էր  զինակից ընկերների համար։ Ծնողները խնդրում էին, որ բուժվելուց հետո չվերադառնա մարտի դաշտ, սակայն նա չկարողացավ այդքան երկար սպասել ու բոլորից գաղտնի, պատուհանով դուրս եկավ ու գնաց Արցախ։ Իչպիսի~ նվիրում հայրենիքին, և ինչպիսի համառ նպատակամղվածություն։ Այո՛, դժվար է հաճախ բացատրել։ Գնաց ու զոհվեց, երբ ընդամենը երեսուներեք տարեկան  էր և կյանքից  մի նոր կյանք տեղափոխվեց, ուր անմահությունն ու հավիտենականությունն է։Քանզի հայրենիքի համար  զոհված զինվորների հոգիները միշտ էլ աշխարհ են վերադառնում ամեն նոր բացվող գարնան հետ, ու վերադառնում են որպես ծաղիկ, որ ապրողները տեսնեն և ուրախանան։

            Իսկ այսօր, երբ ուզում են միջազգայնորեն կանոնակարգել Արցախյան տարածքի կարգավիճակը, մտածում ես` թեկուզ մի թիզ հող էլ չպիտի տալ թշնամուն, քանի որ ազատագրված հայրենիքի հողը ներկված է ազատագրողների արյունով, նաև Մեխակ Մեխակյանի արյունով։

            Թերևս Արցախի ազատագրական պայքարի հերոսական պատումը հավերժ կմնա մեր ցեղի պատմության  փառահեղ տարեգրության մեջ։

            Մանկավարժ, մտավորական  ու մեծ հայրենասեր Մեխակ Մեխակյանը ծնվել է 1961թ. մայիսի 27-ին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղում, իրավաբանի ընտանիքում։ 1983թ. նա  ավարտել է Երևանի Մանկավարժական  համալսարանի պատմության և իրավունքի ֆակուլտետը և աշխատանքի  անցել իր հայենի գյուղի դպրոցում, որպես պատմության ուսուցիչ։ Խոհեմ ու նվիրյալ ուսուցիչը շուտով դարձավ գործընկերների ու աշակերտների սիրելին։ Մեխակը նաև ակտիվորեն մասնակցում է գյուղի ու շրջանի հասարակական կյանքին։  Նա շրջանի  հեղինակավոր և վառ անահատականություններից էր։ Մեխակը  ընտրվում է նախ Արագածի գյուղխորհրդի, ապա Էջմիածնի շրջանային խորհրդի պատգամավոր։Եվ ոչ ոք չէր ուզում, որ նա մեկներ Արցախ, որովհետև շրջանում նա գրեթե անփոխարինելի էր։

            1990թ. մայիս-հունիս ամիսներին Մեխակը մասնակցեց նաև Գերագույն խորհրդի ընտրություններին։ Երբ Գերագույն  խորհուրդը արդեն կազմավորվել էր,  նա մեկնեց Հադրութ։

            Իսկ մինչ այդ Մեխակ Մեխակյանը հայրենի գյուղի դպրոցում  հայ ժողովրդի  պատմություն էր դասավանդում, երբ սկսվեց  արցախյան ազատագրական պայքարը։ Անմիջապես զինվորագրվեց և  հրաժեշտ տալով իր սիրելի զավակներին`Նռանիին, Լուսինեին, Արգիշտիին ու Մենուային, սիրելի կնոջը` Մարինեին, իր գյուղի նվիրյալների հետ գնաց փրկելու մեր հայրենի հողը։

            1989 թվականին միաժամանակ և՛ կռվում էր, և՛ դասավանդում Հադրութի  շրջանի Աղբուլաղ գյուղի դպրոցում։ Էջմիածնից գրականություն, գրքեր էր տեղափոխում Հադրութի տարածքի  գյուղական դպրոցների համար։ Շուրջն էր հավաքում  դպրոցականներին և Հայոց պատմություն պատմում։  Նա քչախոս էր, վստահություն  ներշնչող արտաքինով, շորասազ էր, նույնիսկ զինվորական համազգեստը  շատ էր սազում։ Լավ գինի էր պատրաստում։ Հայրը` Վալենտին  Մեխակյանը մինչև հիմա էլ պահում է որդու ձեռքով պատրաստած գինին ու հյուրասիրում նրա ընկերներին։

            Մեխակը շատ սիրելի ամուսին էր, սիրալիր հայր։ Սիրում էր իր երեխաներով ուրախանալ։ Տղաները`Արգիշտին ու Մենուան իրենց հայացքով, շարժումներով անգամ հիշեցնում են հորը։

            Կրտսեր որդին` Մենուան հայրենի բանակում էր ծառայում։ Դա 2009 թվականն էր, երբ նա ընդամենը արձակուրդ էր եկել, հարազատներին տեսության, սակայն անսպասելի ավտովթարը Մենուային, հոր կարոտը սրտում,  երկրից վերափոխեց երկինք`դառնալով երկնային պահապան  հրեշտակ և՛ հայրենի հողի, և՛ իր սիրելի հարազատների համար։

            Մեխակ Մեխակյան հրաշալի հայորդին սիրում էր գրականություն, պոեզիա, սիրում էր արտասանել Չարենց, Սևակ, Տերյան ու Սիամանթո, շատ էր կարդում պատմավեպեր։ Ուներ մեծ գրադարան։ Շուտ էր մտերմանում մարդկանց հետ։ Ոչ միայն աղբուլաղցի Պավլուշի տաս երեխաների կնքահայրը դարձավ, այլ նաև շատերի, ու այդ պատճառով նրան ասում էին «Հադրութի քավոր»։                        

            Մեխակ Մեխակյանը սկզբից իր հայրենի  գյուղի` Արագածի կամավորական  գումարտակի հրամանատարն է եղել, հետո` Էջմիածնի։   Մեխակյանի գլխավորած զորամիավորումը առաջինն էր, որ մտավ Ֆիզուլի, խիզախության համար նա արժանացավ մայորի կոչման։       Երկրորդ անգամ ծանր վիրավորվեց  Հորադիզի կրակակետը  ոչնչացնելիս։ Արկի բեկորը  փշրել էր սրունքի ոսկորը։ Հարզատները լսել էին այդ մասին, իսկ Մեխակը ծնողներին հանգստացնելու համար խնդրեց, որ իրեն պատգարակով տանեն  կապի հանգույց և հոր հետ խոսում-բացատրում է, որ վտանգավոր ոչինչ չկա և հիմա իր ծննդյան  օրն են նշում, այնինչ բոլորովին այդպես չէր։

            Մատաղիս գյուղի  ազատագրումն էր, ուր հմուտ ռազմավարությամբ Մեխակը կարողացավ վաթսուն հոգանոց ջոկատով խուճապի մատնել թշնամու կանոնավոր բանակը` մարդկային և տեխնիկայի  մեծ կորուստներ պատճառելով։ Այս մարտում ևս նա վիրավորվեց և ապաքինվելուց հետո Մեխակ Մեխակյանը նշանակվեց  ՆԳՆ վեցերորդ գլխավոր վարչության  բաժնի պետ։ Դժգոհ էր պաշտոնից։ Կարծում էր, որ իր տեղը մարտադաշտն է։ Մեղավոր էր զգում յուրաքանչյուր զոհվածի համար ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն էր հասցնում։ Իր չորս զավակների հետ նա սեփական հարկի տակ  շուրջ մեկ տարի հայրական խնամքով պահեց արցախցի  չորս երեխաների, սակայն ոչ ոք  չկարողացավ  հետ պահել, երբ արձակուրդ վերցրեց և դարձյալ  մեկնեց ճակատ` միանալու զինակիցներին։ Գնաց, որ ավարտին  հասցնի իր ժողովրդի արդար պայքարը։ Նրա կարգախոսն էր.

            -Որդիս թող զոհվի  Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին սահմանում։

            Ապրիլի վերջերին արդեն Մարտակերտի  հատվածում մերոնք հակահարձակման էին անցել։ Թալիշն ազատագրվում էր։Ռազմաճակատի այս  հատվածում մարտական գործողությունները իրենց գագաթնակետին հասան մայիսի մեկին։ Մեխակը  դիրքից դիրք էր անցնում, կապի ազդականչերով  համակարգում մարտական գործողությունները։ Իր կյանքի վերջին օրը նա արեց հնարավորն ու անհնարինը` պահելու լեռնաշղթան։ Մայիսի մեկին, երբ գումարտակն արդեն հաղթել էր հակառակորդին, Միր  Բաշիր մոտակա բարձունքը գրավելուց հետո,  թշնամու վերջին կրակոցից ընկավ Մեխակը` ընդամենը երեսուներեք գարուն տեսած փոխգնդապետը` չտեսնելով մայիսմեկյան մայրամուտը։ Մեծ հայրենասերը նահատակվեց  զինադադարի հաստատումից յոթ օր առաջ։

            Նա ծնվել էր որպես  հերթական մահկանացու, սակայն անմահացավ։  Ոչ ոք չէր հավատում, որ Մեխակը խոցելի կլինի։ Դա 1994թ. մայիսի մեկն էր, երբ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի համար ահագնացող մարտեր էր մղվում, բայց   եթե չլիներ Մեխակ  Մեխակյանի հաստատակամությունը և անձնազոհ նվիրումը, թերևս հնարավոր չլիներ պահել Թալիշի վերջին բարձունքից մինչև Մարտակերտի դաշտային հատվածը  ձգվող լեռնաշղթան։

            Այսօր գյուղը իր հերոսի պատվին  անվանակոչվել է Մեխակավան, իսկ մոտակա բարձունքը` Մեխակասար, ուր կառուցվեց նաև  հուշաղբյուր։ Մեխակի անունն են կրում հարազատ գյուղի` Արագածի միջնակարգ  դպրոցը, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  պատմության լսարանը, Արցախի ազատագրված շատ տարածքներ։

            Մեխակ Մեխակյանը պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի  շքանշաններով,  «Մայրական երախտագիտություն» մեդալով։ Նրան հետմահու շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ 2002թ. մայիսի  ութին, Երկրապահի օրվա առիթով` ԵԿՄ բարձրագույն պարգև` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, առաջին տասնվեց պարգևատրվողներից  մեկը Մեխակ Մեխակյանն էր։

            ՀՀ  Պաշտպանության նախարարի այդ  ժամանակի հրամանագիրը.

                                                    

1.         Մարտերում ցուցաբերած արիության, խիզախության և հերոսության համար N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Մեխակ Վալենտինի Մեխակյանին ՇՆՈՐՀԵԼ հերթական  զինվորական կոչում ՓՈԽԳՆԴԱՊԵՏ (հետմահու¤։

2.         Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ, փոխգնդապետ Մեխակ Վալենտինի Մեխակյանի անունը հավերժ ընդգրկել զորամասի ցուցակներում։

                                               ՀՀ  Պաշտպանության նախարար

                                                               Ս. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

                                                            24. 01. 1995թ. Երևան

            Մեծ հայրենասերի անունը կրող Արագած գյուղի միջնակարգ դպրոցի բակում  տեղադրված է նվիրյալ-հերոսի  կիսանդրին։ Նույն դպրոցում է աշխատում Մեխակյանի այրին`  ուսուցչուհի տիկին Մարինեն։ Մեխակ Մեխակյանի  շիրիմը  հայրենի գյուղի 1941-45թթ. Հայրենականում զոհված արագածցիների  հարևանությամբ Արցախյան մարտերում նահատակված հինգ զինակիցների կողքին է։   Արագած գյուղի բարձունքում ամեն տարի  մայիսի 27-ին հիշողության, ծննդյան և փառքի արարողություն է կատարվում, և թվում է, թե ներկա է նաև Մեխակը, որպեսզի իր այևս հավերժ ներկայությամբ վստահություն ու կամք ներշնչի սիրելի զավակներին, ընկերներին ու հարազատներին` հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպանության։                                             

                                                                   ԱՆՆԱ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...