06:10
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը նրա անկախ ու ազատ երկու պետականություններն են

2013-05-08 15:24

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

Լևոն Մնացականյան, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, շտաբի պետ, գեներալ-մայոր

 Պաշտպանության բանակնառանց վերապահումների, պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր և տալ արժանի պատասխան։ Սա է մեր այսօրվա բանակը

 -Պարո՛ն Մնացականյան, որպես ԼՂՀ ՊԲ շտաբի պետ՝ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա բանակը, ի՞նչ ձեռքբերումներ կնշեք։

-Այսօր մենք ունենք բանակ, որն ի զորու է ցանկացած ժամանակ և ցանկացած պայմաններում ապահովել ԼՂՀ տարածքային ամբողջականությունն ու մեր ժողովրդի խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը։ Առաջին ու, թերևս,  գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ առանց երրորդ ուժի ներգրավման, Արցախի բանակը 18 տարի շարունակ հակամարտության գոտում կարողանում է պահպանել հրադադարի ռեժիմը և,  շնորհիվ իր մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության՝ միշտ էլ հանդես գալ պարտադրողի դերում։ Ունենալով ժամանակակից զինատեսակներով սպառազինված մարտունակ զորամասեր, էշելոնացված պաշտպանական համակարգերով ամրացված առաջնագիծ և իր պարտականություններին գերազանց տիրապետող զինանձնակազմ՝ Պաշտպանության բանակն,  առանց վերապահումների, պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր և տալ արժանի պատասխան։ Սա է մեր այսօրվա բանակը…

-Որո՞նք են բանակի հիմնախնդիրները, կարևոր առաջնահերթությունները։

-Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների արդի համատեքստում Արցախի զինված ուժերի ամենակարևոր առաջնահերթությունը եղել և մնում է հետևյալը՝ ոչ միայն բավարարել բանակին ներկայացվող ընթացիկ պահանջները, այլ նաև անընդհատ աշխատել նրա մարտական ու զորահավաքային պատրաստության և պատրաստականության աստիճանական կատարելագործման ուղղությամբ և հասնել մի այնպիսի մակարդակի, որը հնարավորություն կտա այսօր և ապագայում ապահովել մեր երկրի խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը։ Ելնելով այս իրողությունից՝ մենք պարբերաբար և հետևողականորեն համալիր գործընթացներ ենք իրականացնում բանակային բոլոր ուղղություններով։ Մասնավորապես՝ լուրջ ուշադրություն է դարձվում ղեկավարման համակարգի կատարելագործման վրա։ Այս գործընթացը լիարժեք իրականացնելու համար նպատակային աշխատանք է տարվում բանակի հաստիքային կառուցվածքի բարեփոխման ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ մի շարք կառուցվածքային փոփոխություններ են կատարվել վաշտ և գումարտակ օղակներում, ընթացքի մեջ են զորամաս-բանակ հաստիքակառուցվածքային բարեփոխումները։ Ղեկավարման համակարգում սկսված բարեփոխման  գործընթացին զուգահեռ՝ բավականին արդյունավետ քայլեր են ձեռնարկվում նաև զորատեսակների պատրաստվածության, նրանց նյութատեխնիկական հնարավորությունների բարելավման և ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այդ առումով մանավանդ հատկանշական է հետախուզության ոլորտում կատարված փոփոխությունների համալիրը։ Հաշվի առնելով հակառակորդի կողմից օգտագործվող օպտիկական սարքերի ծավալը՝ այսօր մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում օպտիկա-էլեկտրոնային պայքարին… Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ զորահավաքային ռեսուրսի նախապատրաստումն է… Այս գործընթացում ևս հիմնախնդիրներ չունենք, քանի որ նրա հիմնական մասը այն մարդիկ են, որոնց ուժերով ստեղծվել է մեր բանակը և կերտվել բազում փայլուն հաղթանակներ։

 Այսօրվա զինվորը երեկվա ազատամարտիկի կողմից դաստիարակված և նրա կատարածը շարունակող սերնդի ներկայացուցիչն է։

 -Ինչպիսի՞ն է այսօրվա զինվորը, սերունդները իրենց հետ ինչպիսի՞ փոփոխություններ են բերում բանակ։

-Այսօրվա զինվորը մեր երեկվա ազատամարտիկի զավակն է և շատ լավ է գիտակցում իր վրա դրված պարտականությունների լրջությունը։ Գիտակցում է, որովհետև թիկունքում ունի իր նախորդների արյամբ ու քրտինքով վաստակած հերոսական անցյալ և դրանով ապրող ներկա։ Սակայն սա միայն բարոյական կողմն է։ Կա նաև մեկ այլ, թերևս, ոչ պակաս կարևոր իրողություն, որը թույլ է տալիս այսօրվա հայրենիքի պաշտպանին իրեն զգալու իսկական զինվոր։ Դա զինվորական կանոնադրությունն է, որը կանոնակարգում է յուրաքանչյուր զինծառայողի պարտականություններն ու իրավունքները։ Եվ այսօր վստահորեն կարող եմ արձանագրել, որ մեր բանակում ծառայող ամեն մի զինվոր խորապես գիտակցում է իր առջև դրված խնդրի լրջությունը և պատշաճ կերպով կատարում ծառայողական պարտականությունները։ Նկատելի է մի կարևոր հանգամանք ևս, որը վերաբերում է զորակոչային ռեսուրսի համալրմանը։ Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ տարեց-տարի արձանագրվում է դրական տեղաշարժ։ Զորամասերը համալրող նորակոչիկները իրենց հետ բերում են նոր եռանդ, զենքին տիրապետելու ցանկություն և, որ շատ կարևոր է՝  լինելու այն բանակի զինվորը, որին վստահված է հայրենիքը պաշտպանելու առաքելությունը։

 -Ինչպիսի՞ն էր  հայ  զինվորը, բանակն ու նրա պատրաստվածությունը 20 տարի առաջ և այսօր։

-Եթե խոսքը վերաբերում է նվիրվածությանը, հայրենասիրությանը և էլի մի շարք բարոյական որակների, ապա պետք է ասեմ, որ երեկվա և այսօրվա զինվորի միջև տարբերություն չկա, որովհետև ինչպես վերևում նշեցի, այսօրվա զինվորը երեկվա ազատամարտիկի կողմից դաստիարակված և նրա կատարածը շարունակող սերնդի ներկայացուցիչն է։ Իսկ բանակի պատրաստվածության առումով, իհարկե, տարբերությունն ակնհայտ է և օրինաչափ։ Դա արտահայտվում է ինչպես քանակական, այնպես էլ որակական փոփոխությունների տեսքով։ 20 տարի առաջ Արցախի ժողովուրդը ստիպված էր վարել ռազմական գործողություններ և դրան զուգահեռ ստեղծել կանոնավոր բանակ… Բանակ, որի հիմքում ընկած էին հիմնականում կամավորականներից կազմավորված և առանձին-առանձին գործող ջոկատներն ու վաշտերը։ Այն ժամանակ, դեռևս կայացման փուլում գտնվող բանակի առաջնահերթ խնդիրներն էին՝ ամեն գնով կազմակերպել սեփական ժողովրդի պաշտպանությունը, ադրբեջանական ուժերին դուրս շպրտել Արցախի տարածքից, վերացնել հակառակորդի սահմանամերձ կրակակետերը և շփման գծի ողջ երկարությամբ ստեղծել անվտանգության գոտի։ Ի պատիվ հայ զինվորի՝ այդ ամենը կյանքի կոչվեց փայլուն կերպով։ Իսկ արդեն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո իրավիճակի հետ փոխվեցին նաև բանակի առջև դրված խնդիրները։ Սահմանների պաշտպանությանը  զուգահեռ՝ սկսեցինք ծավալուն գործընթացներ իրականացնել բանակաշինության ուղղությամբ։ Անցած երկու տասնամյակների ընթացքում կատարված նպատակասլաց աշխատանքի արդյունքում բանակը հասավ նշանակալի հաջողությունների։ Այսօր ԼՂՀ զինված ուժերի միավորումներում և զորամասերում ստեղծված է համապատասխան ուսումնանյութական բազա, առկա են բոլոր նախապայմանները մարտական պատրաստության գործընթացը կազմակերպված և պահանջվող որակով անցկացնելու համար, զգալի աճ ենք ունեցել մարտական հզորության առումով։ Ներկա դրությամբ ՊԲ-ի զինանոցը համալրված է բազմատեսակ և բազմաֆունկցիոնալ այնպիսի սպառազինությամբ և տեխնիկայով, որոնք բավարարում են ժամանակակից մարտի  պահանջները և հարկ եղած դեպքում հնարավորություն կտան արժանի հակահարված հասցնել հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած նախահարձակ գործողության։

 Մեր նախորդ և ներկա բոլոր հաջողությունների հիմքում ընկած է հենց հայրենասիրությունը և անմնացորդ նվիրումը ազգային արժեքներին։

 -Ո՞րն եք համարում հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը։

-Հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը նրա անկախ ու ազատ երկու պետականություններն են, որոնք այսօր մեր տարածաշրջանում ունեն իրենց ուրույն տեղն ու դերակատարությունը։ Սա այլևս իրողություն  է և կասկած անգամ չունեմ, որ մեր ժողովրդի տարած հաղթանակը վերջնական է և խոստումնալից։ Մեր հակառակորդները վերջապես պետք է հասկանան, որ մեզ հետ ուժի դիրքերից խոսելն այսուհետ անիմաստ է և անհեռանկար։

-Հայրենասիրությունը, որպես ամենահզոր զենք, որքանո՞վ է կրում հայ զինվորն այսօր։

-Մեր նախորդ և ներկա բոլոր հաջողությունների հիմքում ընկած է հենց հայրենասիրությունը և անմնացորդ նվիրումը ազգային արժեքներին։ Այսօր հենց այս ճշմարտությունն է հանդիսանում հայ զինվորի գաղափարաբարոյական դաստիարակության անկյունաքարը և դրանով է նա հզորացնում իր բանակն ու հայրենիքը։ Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ այս որակների ձևավորման գործում նշանակալից աշխատանք է կատարում հայ ընտանիքը, հասարակությունը և վերջապես բանակը։ Իսկ մեզ՝ հրամանատարներիս և ավագ ընկերներիս,  մնում է հավատ ներշնչել ամեն զինվորի և հաղորդել հայրենասիրություն ու խիզախություն…

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...