06:57
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր բանակն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը նույն հավատի ծնունդ են…

2013-05-08 14:57

    «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

 Սամվել Կարապետյան, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր

 Հպարտանում եմ այն պատմական ձեռքբերումներով ու նվաճումներով, որոնց հավաքական անունը ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ  է։

 -Պարո՛ն Կարապետյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակի առթիվ։ Այսօր՝  20 տարի անց, հետադարձ հայացք գցելով, ո՞րն է այն բարձրագույն արժեքը, ձեռքբերումը, որով հպարտանում եք և համարում եք հայ ժողովրդի հաղթանակը։

-Շնորհակալությո՛ւն շնորհավորանքի համար, մանավանդ, որ մայիսյան եռատոնը ես համարում եմ մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու նշանակալից իրադարձությունները միավորող և սերունդների դաստիարակության համար լավագույն դաս հանդիսացող տոներից մեկը։ Իրոք, 20 տարի առաջ, շնորհիվ վերակերտված մեր ազգային միասնության և անօրինակ սխրագործությունների, հայ մարդը կարողացավ ոչ միայն ազատագրել հայոց Շուշին, այլ նաև զուգահեռաբար ստեղծել կանոնավոր բանակ և այդ փառահեղ գործողություններով դնել հետագա բոլոր հաղթանակների հիմքը։ Եվ այսօր, երբ 20-ամյա հեռավորությունից հետադարձ հայացք եմ գցում մեր անցած ճանապարհի վրա, նախևառաջ ապրում եմ հաղթողին վայել հպարտության զգացում… Հպարտանում եմ այն պատմական ձեռքբերումներով ու նվաճումներով, որոնց հավաքական անունը ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ  է։ Իսկ դա անչափ կարևոր ու բարձրագույն արժեք է, որը ոչ թե տրվել, այլ նվաճվել է բազում նվիրյալ հայորդիների արյան գնով… Սա իրոք բացարձակ արժեք է, որը համարում եմ մեր բոլորիս գլխավոր ձեռքբերումը։

-Պատմե՛քխնդրեմ, ինչպիսի՞ ճանապարհ եք անցել, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ եք ունեցել։

-Պատերազմը, իր դաժանությամբ հանդերձ, ունի նաև մարդուն վերափոխելու, ինչ-որ տեղ նաև իր օրենքներով դաստիարակելու հզոր հատկություն։ Երբևէ չեմ մտածել զինվորական դառնալու մասին, մանավանդ կրել գեներալական ուսադիրներ, բայց ստիպված էի այդ ճանապարհը որդեգրել, քանի որ հարցը վերաբերում էր հայրենիքի լինել-չլինելուն։ Իմ պայքարը սկսել եմ ընդհատակից, այնուհետև, որպես Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար անցել ողջ պատերազմը, այսօր էլ շարունակում եմ ծառայել Արցախի զինված ուժերում… Իմ ամենամեծ կորուստը՝ մարտիրոսված մարտընկերներիս անավարտ ճակատագիրն է, իսկ ձեռքբերումը՝ հաղթանակած զինվորին վայել հպարտությունն ու արժանապատվությունը։

 -Պարո՛ն Կարապետյան, երբ վտանգում էիք Ձեր կյանքը, հեռանկարում այսպիսի՞ բանակ և երկիր էիք տեսնում, թե՞ Ձեր պատկերացումներն այլ էին։

 -Այդ ժամանակ մենք միայն ու միայն մտածում էինք հաղթելու մասին։ Իսկ հաղթելու  համար կարևոր էր ոչ միայն անձնական հերոսությունն ու նվիրվածությունը, այլ նաև ընդհանուրի կամքն ու գործողությունները միավորող և միասնական հրամանատարության ներքո գործող բանակի ստեղծումը։ Եվ այդ ամենն արվեց ընթացքում՝ մարտական գործողություններին զուգընթաց։ Պետք է ասեմ, որ մեր բանակն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը նույն հավատի ծնունդ են… Մենք հավատացինք հայ զինվորի զորությանը, նրա խոհեմությանն ու միասնական ճակատով երկիրը պաշտպանելու գաղափարին և արդյունքում ունեցանք այն, ինչ որ այսօր ունենք։ Իսկ  ունեցածն իրոք ուշագրավ է՝ Արցախի կայացած անկախ պետականություն և նրա անվտանգությունը երաշխավորող մարտունակ բանակ…

 -Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջին գծում, ինչպիսի՞ պատրաստվածություն ունեն սպաները, արդյո՞ք նոր սերունդը կարողանում է իր նախորդներին լիարժեք փոխարինել։

 -Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է պարբերաբար խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն չի հաշտվում Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության հետ, այլ նաև անընդհատ փորձում է նման սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակն առաջնային գծում։ Ադրբեջանական բանակի կողմից որդեգրած այս մարտավարությանը Արցախի զինված ուժերի հրամանատարությունը և նրան ենթակա անձնակազմը արձագանքում են  հավասարակշռված և ըստ անհրաժեշտության։ Հակառակորդի նախահարձակ տրամադրությունները զսպելու և, հարկ եղած դեպքում, նրան իր կամքը պարտադրելու համար Պաշտպանության բանակն ունի օպերատիվ-մարտավարական բնույթի բոլոր հնարավորությունները և դրանք  օգտագործում է բավականին արհեստավարժորեն։ Ասվածի լավագույն ապացույցը, առանց երրորդ ուժի մասնակցության, հակամարտության գոտում  տարիներ շարունակ պահպանված հարաբերական խաղաղությունն է։ Իսկ այս հանգամանքը պայմանավորված է ինչպես մեր հրամանատարական ու շարքային անձնակազմի բարձր պատրաստվածությամբ, այնպես էլ առաջնային գծում ստեղծված բազմաշերտ ինժեներական կառույցների ճշգրիտ համալրվածությամբ։ Ինչ վերաբերում է նոր սերնդի պատրաստվածությանը, ապա միանշանակ կարող  եմ հավաստիացնել, որ նա ոչ միայն կարողանում է լիարժեք շարունակել իր նախորդների փառապանծ ավանդույթները, այլ նաև հարկ եղած դեպքում գերազանցելու է մեր կատարածը։

 Մենք պետք է ունենանք ժամանակին համաքայլ գործող բանակ և պատրաստ լինենք ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում ընդունել յուրաքանչյուր մարտահրավեր և տալ հաղթանակած զինուժին արժանավայել պատասխան։

 -Ապագայում ինչպիսի՞ն եք տեսնում բանակը։

 -Մեր բանակի 20-ամյա պատմությանն ուշադիր հետևելու դեպքում յուրաքանչյուր ոք կարող է համոզվել, որ նա իրոք անցել է ստեղծման և կայացման բավականին բեղուն ճանապարհ և այսօր ունի այն բոլոր մարտական ու բարոյահոգեբանական որակները, որոնք հարիր են կանոնավոր զինուժին։ Սակայն բանակը  կենդանի օրգանիզմ է և մշտապես զարգացման կարիք ունի։ Այս գործընթացի ճիշտ և նպատակային իրականացումը բանակի հրամանատարության և ենթակա բոլոր օղակների ամենօրյա գործունեության թիվ մեկ խնդիրն է, որը կյանքի է կոչվում համակարգված և հետևողական կերպով։ Ելնելով մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական առանձնահատուկ իրավիճակից՝ մենք առավել քան պարտադրված ենք ռազմական շինարարություն իրականացնել ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա պահանջներից բխող իրողությունների հաշվառումով։ Ասել է թե՝ մենք պետք է ունենանք ժամանակին համաքայլ գործող բանակ և պատրաստ լինենք ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում ընդունել յուրաքանչյուր մարտահրավեր և տալ հաղթանակած զինուժին արժանավայել պատասխան։

 Շուրջ 10 տարիների ընթացքում Ազատամարտիկների միության շարքերը համալրած ավելի քան 8500 անդամների  գործուն աջակցությունը  տեսանելի  է Արցախի պետականության կայացման տարբեր ոլորտներում։

 -Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում Արցախի ազատամարտիկների միությունը, ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում։

 -Արցախի ազատամարտիկների միությունը երեկվա պատերազմի մասնակիցներին և ՊԲ շարքերից զորացրվող զինծառայողներին համախմբող կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է վերջիններիս ներուժն ուղղել մեր երկրի հզորացմանն ու  պաշտպանունակության ամրապնդմանը։ Իր կենսագործունեության շուրջ 10 տարիների ընթացքում միության շարքերը համալրած ավելի քան 8500 անդամների  գործուն աջակցությունը տեսանելի է Արցախի պետականության կայացման տարբեր ոլորտներում։ Դա հատկապես իր վառ արտահայտությունն է գտնում բանակի հետ ունեցած սերտ փոխհամագործակցության ընթացքում, որի լավագույն օրինակը պաշտպանական նշանակության տարաբնույթ միջոցառումների ժամանակ նրանց բերած ակտիվ մասնակցությունն է՝ սկսած առաջնային գծում մարտական հերթապահություն իրականացնելուց, մինչև զորահավաքային ռեսուրսի համալրումը։ Միության համար, բացի իր անդամների ներուժը պետականակերտման գործընթացում նպատակային օգտագործելուց, անչափ կարևոր է վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և բարոյական օժանդակության խնդիրը։ Այս ուղղությամբ կատարվել և կատարվում են ծրագրային բավարար աշխատանքներ, որոնց արդյունքում կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվում է նյութական և դրամական օգնություն, ստեղծվում է առողջարանային հաստատություններից օգտվելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում մատուցվում է իրավաբանական ծառայություն և այլն։ Այս և մյուս գործընթացները հաջողությամբ իրականացնելու համար միությունն արդեն իսկ ունի ձևավորված ֆինանսական բազա, որը հիմնականում համալրվում է ինչպես անհատ բարերարների, այնպես էլ առանձին կազմակերպությունների կողմից տրամադրվող նվիրատվությունների շնորհիվ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են բերում մեր միության արդյունավետ գործունեությանը։

 -Զոհված ազատամարտիկների ընտանիքներն ինչպե՞ս են ապրում, կա՞ պետական հոգածություն նրանց հանդեպ։

 -Զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտապես գտնվում են պետական հոգածության ներքո և օրենքով սահմանված կարգով նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ սոցիալական աջակցություն։ Այդ գործընթացին անմասն չի մնում նաև Արցախի ազատամարտիկների միությունը և հնարավորության սահմանում պարբերաբար փորձում է աջակցել նրանց։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակի մասին հոգալը մեր առաջնահերթություններից է և մենք դա համարում ենք մեր պատվի և խղճի գործը։

 Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ինքը ծառայում է ոչ թե դիմացինի, այլ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար։

 -Հայաստանում պաշտոնյաների երեխաները հաճախ խուսափում են բանակում ծառայելուց։ Արցախում ինչպիսի՞ դիրքորոշում ունեն պաշտոնյաների տղաները։

 -Հայրենիքին զինվորական ծառայություն մատուցելը յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու պարտքն է, և այն ամրագրված է սահմանադրությամբ։ Անկախ հասարակության մեջ գրաված դիրքից ամեն մի հայ տղամարդ պարտավոր է զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը և պատվով կրել զինվորական համազգեստը… Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ինքը ծառայում է ոչ թե դիմացինի, այլ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար և, որ վերջնական հաշվով՝ կատարածի համար ամեն մեկը հաշվետու է սեփական խղճի և Աստծո առաջ…

 -Պարո՛ն Կարապետյան, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը։ 

 -Այսօր ես ունեմ ազատ, անկախ և պաշտպանված հայրենիք.  սա է իմ ամենամեծ ձեռքբերումը և, իհարկե, իմ ընտանիքը…

 - Ինչպիսի՞ն եք ընտանիքում, ժամանակ ունենո՞ւմ եք նրանց հետ անցկացնելու համար։

 -Ընտանիքում ես իմ ծնողների զավակն եմ, որդիներիս հայրը… Ծառայողական ծանրաբեռնվածությունից ելնելով՝ քիչ ժամանակ եմ ունենում նրանց հետ լինելու համար, բայց երբ նրանց հետ եմ,  ինձ բավականին լավ եմ զգում…

 - Ինչի՞ն եք մշտապես ձգտում և ինչի՞ց խուսափում կյանքում։

 -Ինքս իմ խղճի հանդեպ միշտ լինել մաքուր և աշխատել կյանքում անել այն, ինչը հատուկ է ազնիվ քաղաքացուն և զինվորին…

 -Կա՞ ճշմարտություն, որին անվերապահորեն հավատում եք։

 - Միանշանակ հավատում եմ մեր վերջնական հաղթանակին։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...