16:01
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արթուր Հարությունյան

2013-05-07 11:14

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

ԾԱՂԿԱՁՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ  ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՏԻ

Ծաղկաձոր քաղաքի տարածքը բնակեցվել է վաղնջական ժամանակներից։ Վաղ Միջնադարում այն գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի կազմում։ Հնում այն կոչվել է Ծաղկունյաց ձոր, Կեչառույք, Կեչառիս, Դարաչիչակ, իսկ 1957թ.՝ Ծաղկաձոր։

Ծրագրում ենք կառուցել ճեմուղի, որը հետագայում կվերածվի զբոսայգու և ձգվելով դեպի անտառ՝ զբոսաշրջիկներին հնարավորություն կտա վայելելու Ծաղկաձորի անտառային շունչը։

Լեռնադահուկային մարզաձևը շատ գեղեցիկ, էքստրեմալ ու դժվար մարզաձև է, որի շնորհիվ հաղթահարում և ձերբազատվում ես վախի զգացողությունից։

-Պարո՛ն Հարությունյան, նախ կխնդրեմ պատմեք՝ ինչպիսի գործունեությամբ եք զբաղվել մինչև Ծաղկաձորի քաղաքապետ ընտրվելը։

-Սիրով։ 1981-1989 թթ. սովորել եմ Ծաղկաձորի Լևոն Օրբելու անվան միջնակարգ դպրոցում։ 1991թ. ավարտել եմ ԵՊՀ-ին առընթեր, ակադեմիկոս Ա. Լ. Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը։ 1996թ. ավարտել եմ Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել եմ իրավաբանի որակավորում։ 2010թ. ավարտել եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստր ֆակուլտետը։ Ստացել եմ ճարտարագետի որակավորում։ 1995-2001թթ. աշխատել եմ Ծաղկաձորի Լեռնադահուկային մարզադպրոցում՝ որպես մարզիչ։ 2001-2002թթ. աշխատել եմ ՀՀ ՍԱՊՀ-ի Կոտայքի մարզի սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնում՝ նախ որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 2002-2012թթ. աշխատել եմ ՀՀ ՊԵԿ-ում՝ նախ որպես հարկային տեսուչ, ապա՝ ստուգումների բաժվի պետ։ 2012թ. օգոստոսի 20-ին ազատվել եմ աշխատանքից՝ ՀՀ ՀԾ 1-ին դասի խորհրդականի դասային կոչումով։

Ծառայել եմ բանակում։ Լեռնադահուկային մարզաձևի ՀՀ սպորտի վարպետ եմ։ ՀՀԿ անդամ եմ։ Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։

-Արդեն շուրջ վեց ամիս է, ինչ զբաղեցնում եք Ծաղկաձորի քաղաքապետի պաշտոնը։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում, արդյո՞ք հաջողվել է Ձեր նախընտրական ծրագրերից մի քանիսն իրականացրել։

-Շատ լավ եմ զգում և սիրով եմ աշխատում այս պաշտոնում։

Պետք է նշեմ, որ ես ծնվել և մեծացել եմ Ծաղկաձորում, սիրում եմ իմ քաղաքը և սրտացավորեն եմ մոտենում Ծաղկաձորի և ծաղկաձորցու առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի։ Բնականաբար, տեղեկացված եմ, թե ինչպիսի խնդիրներ, առավելություններ և թերություններ ունի քաղաքը, բնակչության որ հատվածն ունի զբաղվածության և այլ խնդիրներ։ Նախընտրական ծրագրիս մեջ առաջարկել եմ իմ նախագծերը՝ դրանց լուծմանն ուղղված։ Քաղաքապետ ընտրվելուց հետո փորձել եմ ծրագրերս փուլ առ փուլ իրականացնել։

Առաջին հերթին փորձել ենք լուծել քաղաքի լուսավորության հարցը՝ ոչ միայն գլխավոր փողոցների, այլ նաև՝ երկրորդական։ Արված աշխատանքն ավելի ակնհայտ դարձավ հատկապես Ամանորին, երբ Ծաղկաձորը լուսային ոչ ավանդական, յուրահատուկ լուծումներով տոնական տեսք ստացավ։

Ձմռան ամիսներին փորձել ենք ավելի լավ կազմակերպել փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքները, որպեսզի զբոսաշրջիկները և տեղի բնակիչները կարողանան հեշտությամբ քայլել մայթերով, հատկապես Կեչառիս վանական համալիրից մինչև ճոպանուղի ընկած ճանապարհահատվածը։

Գարնանը իրականացնում ենք կանաչապատման աշխատանքներ, թեև մեզ մոտ գարունը շատ ուշ է գալիս և ընդամենը մեկ ամիս ենք վայելում այն։

Իրականացվելու են նաև փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքներ, հատկապես՝ երկրորդական փողոցներում։ Նման ծրագրերով փորձում ենք առավել հարմարավետ և հաճելի դարձնել Ծաղկաձորում ապրելը, և նպաստել, որպեսզի այն մարդիկ, ովքեր սեփական հողատարածք ունենան այստեղ, գան և բնակություն հաստատեն Ծաղկաձորում։

-Տեղյակ ենք, որ այժմ շատ հետաքրքիր նախագծերի շուրջ եք աշխատանքներ իրականացնում։ Կպատմե՞ք դրանց մասին։

-Իհարկե՛։ Իրականացվելիք ծրագրերը շատ են, որոնք ուղղված են Ծաղկաձորի զարգացմանն ու Հայաստանի համար առաջին զբոսաշրջային կենտրոն դառնալուն։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ այդ խնդիրն իմ առջև դրեց ՀՀ նախագահը, ով ներկա գտնվեց Ծաղկաձորում «Մարիոթ» և «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրների բացմանը։ Պետք է նշեմ, որ այս բարձրակարգ հյուրանոցների առկայությունը Ծաղկաձորում զբոսաշրջային մեծ հոսք բերեց, ինչը շատ կարևոր նախադրյալ է զբոսաշրջային կենտրոն դառնալու ծրագրի իրականացման համար։

Մենք ծրագրում ենք լուսավորել մեր բոլոր հուշարձանները, որպեսզի դրանք տեսանելի լինեն։

Շատ մեծ ցանկություն ունենք կառուցել մշակույթի տուն, որն առաջին հերթին կունենա դահլիճ, որտեղ կարող ենք անցկացնել տարբեր տեսակի միջոցառումներ, տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված ծառայություններ։

Ծաղկաձորը՝ որպես զբոսաշրջային քաղաք, կարիք ունի հասարակական վայրերի, որտեղ զբոսաշրջիկները կարող են զբոսնել և վայելել անտառային բնությունն ու մաքուր օդը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք ստեղծել այդ հնարավորությունը. կառուցել ճեմուղի, որը հետագայում երևի թե կվերածվի զբոսայգու, որտեղ կտեղադրվեն նստարաններ, և մարդիկ անվճար կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել, վայելել անտառային բնությունը։ Ճեմուղին նախատեսում ենք կառուցել «Կեչառիս» վանական համալիրի հարևանությամբ, որտեղից այն կձգվի դեպի Ծաղկաձորի բերդը և այնտեղից կիջնի սպորտբազա բարձրացող ճանապարհի ուղղությամբ։

Այժմ մեր ծրագիրը նախագծման փուլում է, բայց հուսով ենք՝ վերջնական արդյունքը մեզ հպարտանալու տեղիք կտա։ 

-Սրճարանային և ժամանցային այլ միջոցներ և՞ս լինելու են։

-Եթե որոշակի ներդրողներ ցանկություն կհայտնեն ներդրում կատարել, ապա այո, ճեմուղին կվերածվի զբոսայգու, որտեղ ստեղծված կլինեն հետաքրքիր ժամանց անցկացնելու հնարավորություններ։

-Պարո՛ն Հարությունյան, զբոսաշրջային գոտու զարգացման համար առաջնային կարևորություն ունի հյուրանոցային ցանցի որակյալ և մատչելի գործունեությունը։ Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։

-Նախ նշեմ, որ Ծաղկաձորի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես ընտրվեցի՝ որպես Ծաղկաձորի հյուրանոցային ասոցիացիայի նախագահ։ Այդ ժամանակ ասոցիացիայում ընդգրկված էին ընդամենը չորս հյուրանոցային համալիրներ։ Ես ձեռնամուխ եղա ասոցիացիայում ընդգրկելու Ծաղկաձորի տարածքում գործող բոլոր հյուրանոցային համալիրները, որպեզի բոլորը՝ որպես մեկ օրգանիզմ աշխատեն և ավելի գրավիչ և հասանելի ծառայություններ առաջարկեն զբոսաշրջիկներին։ Այժմ ասոցիացիայում ընդգրկված են 27 հյուրանոցային համալիներ։ Մենք ցանկանում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Ծաղկաձորում հանգստանալը թանկ հաճույք է։ Մենք մշակել ենք գնային նոր քաղաքականություն, որը, անշուշտ, ավելի մատչելի և հասանելի է դարձրել հյուրանոցային ծառայությունը. այսօր մենք ունենք 5 հազարից մինչև 4 մլն դրամ արժողությամբ սենյակներ։ Ամռան ամիսներին արդեն յուրաքանչյուր զբոսաշրջիկ կզգա այդ փոփոխությունը։

Այս տարվա հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձոր է այցելել շուրջ 30 հազար զբոսաշրջիկ։

Մենք պատրաստում ենք նաև Ծաղկաձոր քաղաքի նոր կայքը, որտեղ տեղադրված կլինի հյուրանոցների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Մեր նպատակն է գովազդել և ներկայացնել բոլոր հյուրանոցային համալիրներն իրենց յուրահատկություններով՝ փոքրից մեծ, առանց խտրականության։

-Ծաղկաձորը զբոսաշրջային զարգացած քաղաք դարձնելու համար ուրիշ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել։

-Քանի որ մենք ապրում ենք էլեկտրոնային ցանցերի բուռն զարգացող աշխարհում և բոլորս կապված ենք այդ աշխարհին ու մեր կյանքը չենք պատկերացնում առանց դրա, ապա մենք չէինք կարող անտեսել այդ հանգամանքը և հաշվի չառնել այն մեր ծրագրերում։ Ծաղկաձորը շուտով կդառնա Հայաստանի առաջին և դեռևս միակ քաղաքը, որն իր ամբողջ տարածքով ապահովված կլինի Wi Fi-ի անվճար ինտերնետ կապով։ Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ և կան նախնական համաձայնություններ։

Մենք նաև նախատեսել ենք Ծաղկաձորը գրավիչ դարձնել տարվա բոլոր չորս եղանակներին, առաջարկել այլընտրանքային ծառայություններ, օրինակ,  ձիերով, հեծանիվներով, ամենագնացներով արշավներ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի վայելել Ծաղկաձորի բնության հրաշալի տեսարանները. զարգացնել էկոտուրիզմը։ Մենք հարուստ ենք սարերով, որը ոչ բոլոր պետություններին է հատուկ, և այդ արշավների միջոցով այլ պետությունների բնակիչներին կարող ենք պարգևել անմոռանալի հաճույք։

Մենք նաև ուզում ենք Ծաղկաձորի հյուրանոցային ասոցիացիայի շրջանակներում կազմակերպել չարտերային թռիչքներ, քանի որ գիտեք, որ ավիատոմսի արժեքը շատ մեծ դեր է խաղում զբոսաշրջության զարգացման գործում։

-Դուք լեռնադահուկորդ եք, սպորտի վարպետ։ Քանի՞ տարեկանից եք զբաղվել այդ սպորտաձևով։

-Երկու տարեկանից։ Դա ընտանեկան մարզաձև է, որն ինձ շատ հոգեհարազատ է, իմ արյան մեջ է։ Այն շատ գեղեցիկ, էքստրեմալ ու դժվար մարզաձև է, որի շնորհիվ հաղթահարում և ձերբազատվում ես վախի զգացողությունից։

Ես եղել եմ Հայաստանի չեմպիոն, հանդես եմ եկել Խորհրդային Միության կազմում, մասնակցել եմ աշխարհի առաջնություններին։ 2001թ. վերջին անգամ մասնակցեցի աշխարհի առաջնությանը Ավստրիայում և թողեցի սպորտաձևը՝ ճանապարհ տալով երիտասարդներին։

-Պարո՛ն Հարությունյան, Դուք հայրենասեր և նպատակասլաց անձնավորության տպավորություն եք թողնում։ Հետաքրքիր է՝ որո՞նք են այն արժեքները, որ Ձեր կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում։

-Միանշանակ հայրենիքը և ընտանիքը, որոնց համար կարելի է կյանքը զոհել։

-Ինչի՞ մասին եք հաճախ երազում։

-Երազում եմ, որ Հայաստանը 7 մլն ազգաբնակչություն ունենա, այդ ժամանակ բոլորիս երազանքները կիրականանան։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...