05:13
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իտալիան` Գեորգի Ասատրյանի աչքերով

2013-05-07 11:08

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Դե՜… Ի՞նչ կարող եմ ձեզ պատմել Իտալիայի մասին։

Սիցիլիայի հրաբուխնե՞րը, Վենետիկի ջրանցքնե՞րը, Հռոմի թանգարաննե՞րը, Ֆլորենցիայի պալատնե՞րը, Նեապոլի ետնախորշե՞րը, Միլանի ցուցափեղկե՞րը, Բոլոնիայի ռեստորաննե՞րը։ Այդ ամենը մի կաթիլ է Միջերկրական ծովում։ Իտալիան անծայրածիր է. ես կպատմեմ այդ մասին դոկումենտալ ֆիլմաշարի շրջանակներում։

Կարևոր հարցը, որ ինքս ինձ տալիս էի  մի ամբողջ ճանապարհորդություն` «Ովքե՞ր են նրանք` իսկական իտալացիները»։

Հին հռոմեացիների ժառանգներն  են, որ երգեր են երգում Սան Ռեմոյում, մակարոնի սիրահարներն են, որ հաղթում են գեղեցկության մրցույթներում… Նրանք հազար տարի ապրել են Հռոմի Պապի տիրապետության տակ և ստեղծել են արևմուտքի ամենախոշոր կոմունիստական կուսակցությունը։

Նրանք զարդարել են հոլիվուդյան աստղերի զգեստապահարաները  և ամբողջ  աշխարհը կերակրել են պիցցայով։ Միքելանջելոն ու Չելենտանոն,  Ֆելլինին ու Վերսաչին, Լեոնարդո դա Վինչին ու Սոֆի Լորենը… Նրանք բոլորն այստեղ են ծնվել։

Կարող եք մտնել թանգարան, ռեստորան, եկեղեցի կամ բուտիկ, նստել Մազերատտիի ղեկին կամ սուզվել Միջերկրական ծովում… դա միայն ծանոթության սկիզբն է։

Գեղեցկություն, որը նրանք ուտում են

Ուտելիքի որակն իտալացու համար խոր անձնական, ազգային, քաղաքական և, կարելի է ասել, կրոնական հարց է։ Քաղաքական գործիչը կարող է զրկվել ընտրողից, եթե անհարգալից արտահայտվի ժողովրդի սիրած կերակրատեսակի մասին։ Շատակերությունն այստեղ կապ չունի։ Բնակչության մեծամասնությունն ուտում է օրը երկու անգամ։ Կարևորն այն է, թե ի՛նչ է ուտում։

 Հասնել  Միլան  և  չուտել  ռիզոտտո  նշանակում  է  չմտնել  Միլանի  տաճարը։ Ռիզոտտոն  բրնձով ուտեստ է, որը դարձել է Միլանի խորհրդանիշը։ Մենք անմասն չէինք կարող  մնալ այդ ուտեստը ճաշակելուց և մեր ընկերների խորհրդով այցելեցինք ռիզոտտո մատուցող ամենահանրահայտ  ռեստորանը Միլանում։ Շեֆ-խոհարարի հետ, որը նաև տնօրենն էր, ունեցանք հարցազրույց։ Նա մեզ ներկայացրեց ռիզոտտո պատրաստելու  մանրամասները  և հյուրասիրեց հանրահայտ ուտեստով։ Ճաշի հաշիվը վճարելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին, նա հաստատակամ պնդում էր, որ մենք իր հյուրերն ենք, իսկ հյուրերը հաշիվ չեն վճարում։ …Խոհանոցային գայթակղությունը մեզ տարավ ճաշակելու  Ֆլորենցյան բիֆշտեքս, իսկ ճաշակելու համար գնացինք Ֆլորենցիայի Կյանտի գյուղը։ Գյուղում անբացատրելի հեքիաթային մթնոլորտ էր տիրում, մարդիկ այստեղ շատ բարի են, հյուրասեր։ Ոչնչով  չհամեմված  մսի  կտորն  ազգային  գանձ  դարձնող  վերջին  բաղադրիչը  կովերի  յուրահատուկ  ցեղատեսակն  է։ Ուտեստը ճաշակելու համար ընտրեցինք շատ կոլորիտային ռեստորան։ Ճաշի վերջում տեղի ունեցավ նույն սցենարը, նրանք հրաժարվեցին գումարը վերցնելուց, ինչքան էլ ստիպում էինք։ Ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ ճաշի գումարը կազմում էր մոտավորապես 250 եվրո։ Շնորհակալություն Կյանտի, դու շատ հյուրասեր ես։

Իտալական ուտելիքի մասին տասնյակ գրքեր կարդալով, ճաշելով երկրի լավագույն ռեստորաններում, գիտակների հետ զրուցելով շուկաներում ու թանգարաններում` կարելի է հասկանալ, որ ուտելիքը իտալական ամենակարևոր արժեքներից մեկն է։

Ճաշացանկով կարելի է ուսումնասիրել Իտալիայի պատմությունն ու աշխարհագրությունը, հռոմեական ավանդույթներն ու կաթոլիկների օրացույցը։ Բայց ամենակարևորն այն է, որ նրա միջոցով կարելի է պատմել սեղանի շուրջ հավաքված սեփական ընտանիքի պատմությունը։ Իտալական կերակուրը նման է իտալերենին։ Այն պահպանողական է հազարամյա բաղադրատոմսի նման և բարյացակամ, ինչպես Միջերկրական ծովի արևը, որի ներքո ծնունդ է առել։ Այն պարզունակ է, ինպես իրեն ստեղծած գյուղացիների, նավաստիների և արհեստավորների կենցաղը և իր մեջ միշտ պարունակում է վերադարձի բերկրանքը։

Իտալացիներն ունեն ճաշակ, որը հնարավոր չէ թաքցնել հարստության հետևում, դրա համար էլ նրանք գեղեցիկ քաղաքներում են ապրում։ Համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցները նրանց համար ընտանեկան ալբոմի էջեր են։ Գեղեցկությունը գնահատելու համար իտալացիներին էքսկուրսավար պետք չէ։ Նրանց երևակայությունը կհերիքեր ամբողջ համաշխարհային նորաձևությանը, բայց  նրանք հագուստը պաշտամունք չեն դարձնում` նախընտրելով բնական ձևվածքը  և ամուր աստառը։ Իտալական ուտելիքը գեղեցիկ է, որովհետև իտալացիները սիրում են այն … ուտել։

Նրանք չեն թաքցնում իրենց ուժեղ զգացմունքները։ Ընդհակառակը` կիսում են դրանք շուկայի հրապարակում, յուրաքանչյուր ցանկացողի  հետ։ Մինչ ամբողջ աշխարհը շտապում է ձեռք բերել նրանց «Ֆեռարին», նրանք, առանց շտապելու աշխատանքի են գնում իրենց մոտորոլլերով։ Հին հռոմեացիների սերունդները ծնված օրից հասկանում են «դասական» բառի իմաստը։

Երևի իտալական գեղեցկությունը իտալացի արհեստավորի սերն է փայտի, ներկի, մետաղի, քարի, կտորեղենի և այն ամենի նկատմամբ, ինչին նա դիպչում է։ Իտալացի արհեստավորը համեստ մարդ է, բայց հրաշալի է տիրապետում իր գործին։ Նա աշխատում է ո՛չ թանգարանի և ո՛չ էլ նորաձևության ցուցադրության համար, այլ այն սենյորի կամ սենյորայի, ում շատ լավ է ճանաչում։ Այդ արհեստավորը` Լեոնարդոն, մի  ամբողջ երկիր վերածել է արվեստի տեղծագործության։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...