06:03
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես կյանքում ամեն ինչի հասել եմ` զբաղվել եմ իմ սիրած գործով, այդպիսի բարձունք չկա, որին հասած չլինեմ, այլևս սպասելիք չունեմ կյանքից, կարող եմ հանգիստ գնալ այս աշխարհից …

2013-05-06 11:27

«Դե Ֆակտո» 29 (2008թ.)

Հարցազրույց  Բյուրականի  աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ

-Ինչպե՞ս նշվեց Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը։  Արդյո՞ք այնպես նշվեց, ինչպես պետք էր։

-Շատ բարդ է ասել,  թե արդյո՞ք այնպես նշվեց, ինչպես որ պետք էր նշել, որովհետև միշտ էլ մարդու պատկերացման մեջ ամեն ինչ ավելի վառ է, քան իրականում տեղի է ունենում։ Ամեն դեպքում` հաջողվեց  արժանի ձևով նշել Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը։ Իրականում ` մենք  հաճախ իսկական արժեքները լավ չենք տեսնում։ Մենք ունենք մարդիկ, արժեքներ, ովքեր շատ ավելի բարձր են, քան  կարողանում ենք նրանց  գնահատել։ Համբարձումյանը նրանցից մեկն է։ Նրան դեռ երիտասարդ տարիներին անվանել  են հանճարեղ, տաղանդավոր, ավստվածատուր շնորհքով օժտված,  և երիտասարդ տարիքից  նա գնահատված է եղել ժողովրդի , իշխանության կողմից։ Նա կյանքում հասցրել է շատ բան անել, բայց, այնուամենայնիվ,  հիմա, երբ խոսում ենք մեծ գիտնականների մասին, կարող ենք շատ օտարազգի գիտնականների անուններ տալ և մոռանալ Համբարձումյանի անունը, ով  20-րդ դարի ամենախոշոր գիտնականներից մեկն է։

-Ի՞նչ միջոցառումներ կազմակերպվեցին Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի առիթով։

-Մենք  նրա 100-ամյակին  սկսել ենք պատրաստվել 2005-2006թթ։ Գիտությունների ակադեմիայի և համալսարանի աշխատակիցներից  կազմված խումբ ստեղծվեց,  և նրանց առաջարկությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի այն ժամանակվա նախագահ Ֆադեյ Սարգսյանը և ԵՊՀ-ի այն ժամանակվա ռեկտոր,  ակադեմիայի ներկա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նամակ ստորագրեցին` ուղղված երկրի  նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին այն մասին, որ 2008թ. նշվելու է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը և անհրաժեշտ է հավուր պատշաճի դա անել։ Առաջարկությունների մեջ  նշված էր, որ  պետք է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի  նրա հովանու տակ հայտարարվի  համբարձումյանական տարի։ Դա նշանակում է, որ նրա  անունը այդ տարվա հիշարժան տարեթվերի օրեցույցի մեջ է ներառվելու։ Այդ օրացույցի մեջ հայտնվեց ինչպես Վիկտոր Համբարձումյանի անունը, այնպես էլ Վիլյամ Սարոյանի։ Ցավոք, չընդգրկվեց  Վազգեն Առաջինի անունը։  Զարամանալի և ուրախալի զուգադիպություն է. երեք հոգի, հայ ժողովրդի հանճարեղ զավակներ ` ծնված նույն տարում, որոնք իրենց փայլուն ձևով դրսևորեցին  երեք շատ կարևոր ասպարեզներում։ Մեկը մարմնավորում էր հոգին, մեկը` ոգին, մեկը` միտքը։  Կաթողիկոսը հոգին կրողն էր, Սարոյանը ոգին կրողն էր, Համբարձումյանը`  միտքը կրողը։

Ավելի ուշ ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով, որը մշակեց  միջոցառումների մի ամբողջ ծրագիր։ Այդ միջոցառումների մեջ, անշուշտ, կենտրոնական տեղ էր գրավում  տիեզերական օբյեկտների  էվոլյուցիայի խնդիրներին նվիրված  միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու էին հայտնի գիտնականներ։ Որոշվեց կազմակերպել նաև երիտասարդ աստղաֆիզիկոսների  ամառային երկրորդ դպրոցը(առաջինը երկու տարի առաջ էր կազմակերպվել)։ Առաջին դպրոցի  նպատակն այն է, որ երիտասարդ գիտաշխատողները, որոնք աշխատում են տարբեր երկրներում,  այս դպրոցի շրջանակներում  հանդիպեն միմյանց և տեսնեն Բյուրականը։  Այն ժամանակ մենք մտածում էինք, որ այն  պետք է լինի տարածաշրջանային, բայց  մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերները  պնդեցին, որ  դպրոցի կարգավիճակը պետք է լինի  ոչ թե տարածաշրջանային, այլ` միջազգային։ Այդպես հիմք դրվեց բյուրականյան միջազգային դպրոցներին։ Այս տարի երկրորդ դպրոցը կազմակերպվեց, որին մասնակցելու եկան տարբեր երկրներից   և՛ երիտասարդներ` որպես դպրոցի մասնակիցներ, և՛  դասախոսներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, որոնք դասախոսություններ էին կարդում երիտասարդների համար։

Միջոցառումների շարքում տպագրվեց  Համբարձումյանի մասին  հիշողությունների գիրք, որի հեղինակներն էին նրա  աշակերտները, գործընկերները` աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին անգամ պատրաստվեց  DVD, որը պարունակում է ամենասպառիչ ինֆորմացիան Համբարձումյանի մասին, որտեղ առաջին անգամ հավաքագրվել են նրա կենսագրությունը, լուսանկարները, փաստաթղթերը,  մի խոսքով` և կենսագրական, և՛ գիտական, և՛ կազմակերպչական ինֆորմացիան նրա մասին։ Կա համապատասխան  ֆինանսավորումը և կպատրաստվի նաև Համբարձումյանին նվիրված  նոր կայք-էջ,  որտեղ կլինեն  բավական նորություններ նրա մասին։ Վիրտուալ աշխարհում կարող ենք այցելել նրա աշխատասենյակ,  տուն-թանգարան։ Ուզում ենք նաև ունենալ էջ,  որն, առայժմ,  պայմանականորեն անվանել ենք «Հարցրե՛ք Համբարձումյանին»։ Այսպես` յուրաքանչյուր մարդ կարող է հարց ուղղել նրան և ստանալ պատասխան, որը կամ նա տվել է  իր կյանքի ընթացքում կամ որը նրա գաղափարների հիման վրա կտան նրա աշակերտները։

Կառավարական հանձնաժողովը որոշում կայացրեց  նաև, որ Երևանում  պետք է դրվի նրա հուշարձանը, ըստ որում,   ու  բավական հաջող ընտրված տեղում`  Աբովյան փողոցում ։ Հուսանք, որ  լավ հուշարձան կլինի և մայրաքաղաք եկողները կայցելեն այդ մեծ մարդու հուշարձանին։ Մենք Համբարձումյանի հիշատակը հավերժացնող մի նախաձեռնություն ևս ունենք` Համբարձումյանի անվան մրցանակը, որը պետք է լինի միջազգային մրցանակ և տրվի երկու տարին մեկ անգամ  աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսներին, որոնք  հարում են Համբարձումյանին  իրենց մոտեցումներով։ Կառավարությունը բավական լավ գնահատեց  այս նախաձեռնությունը և մրցանակի համար  առաջարկած մեր  գումարը  մեծացրեց  մի քանի տասնյակ անգամ, որպեսզի դա դառնա աշխարհի ամենախոշոր մրցանակներից մեկը աստղագիտության բնագավառում։  Սա կարևոր է նաև Հայաստանի իմիջի համար։ Քիչ է պատահում, որ երկիրն է մրցանակ տալիս` գնահատելով գիտության դերը, և  այնպիսի գիտության, ինչպիսին աստղաֆիզիկան է, որը միջուկային ֆիզիկա չէ կամ գենետիկա չէ, որը բավական  հեռու է կիրառական լինելուց։ Ես հույս ունեմ, որ այնպես կկազմվի այդ մրցանակի կանոնադրությունը, որ  այդ մրցանակի շնորհիվ նաև Հայաստանի գիտությունը զարգացում կապրի։  Օրինակ ` մրցանակ ստացողը մեկ ամիս կմնա Հայաստանում և մասնագետների ու լայն հասարակության շրջանում դասախոսություններ կկարդա։

-Այդ մրցանակին հավակնորդներ արդեն կա՞ն։

-Աշխարհում  շատ կան խոշոր աստղաֆիզիկոսներ։ Այստեղ շատ կարևոր է լուրջ մտածե,լ և մրցանակը չդարձնել քաղաքականացված. առաջին, երկրորդ, երրորդ մրցանակները տալ մարդկանց, ովքեր  իսկապես առանձնանում են այդ դաշտում և մարդկանց, ովքեր, լինելով մեծ գիտնական, նաև ինչ-որ չափով առնչվել են Համբարձումյանի գիտությանը, մարդկանց, որոնք իսկապես կարող են գալ Հայաստան և ինչ-որ ավանդ ներդնել մեր գիտության զարգացման մեջ։

-Գիտությունն այսօր Հայաստանում զարգանո՞ւմ է։

-Բնականաբար, անցած ժամանակը անհետևանք չէր կարող լինել, բայց, այնուամենայնիվ,  Բյուրականի աստղադիտարանը ապրում է,  և վերջին տարիներին բավական նոր փոփոխություններ են կատարվում այնտեղ։ Վերականգնվում են դիտողական հնարավորությունները, որ տասնամյակներով չկային ֆինանսավորման` մեղմ ասած, անբավարար լինելու պատճառով։ Վերականգնվում են կապերը, որ ընդհատվել էին, օրինակ` ֆրանսիացիների հետ։ Համագործակցություններ շատ ունենք տարբեր ինստիտուտների, համալսարանների, անհատների հետ, բայց վերջին ժամանակահատվածում ստորագրվեց  միջազգային  պայմանագիր ֆրանսիացիների, Ռուսաստանի, իսպանական մի համալսարանի հետ։ Չկա այդպիսի բարձրակարգ աստղագիտությամբ երկիր, որի հետ հայ աստղագետները գիտական կապեր չունենան։ Նույնիսկ այն ծանր տարիներին միշտ եղել են աստղադիտարանից  գործուղումներ տարբեր երկրներ։ Բնականաբար,  հրավիրող կողմն է հովանավորել այդ այցելությունները։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ մենք հնարավորություն ունենայինք ֆինանսավորել մեր գիտնականների  արտասահմանյան ուղևորությունները։

-Վիկտոր Համբարձումյանը գիտական ի՞նչ սերունդ է թողել։

-Բյուրականի աստղադիտարանը հենց Համբարձումյանի թողած սերունդն է։ Բոլորը Համբարձումյանի աշակերտներն են, աշակերտների աշակերտները։ Բայց մի բան պետք է շատ լավ գիտակցել, որ այս նոր սերնդի համար բավական բարդ վիճակ է ստեղծված։ Համբարձումյանի նման անհատները ծնվում են հարյուր, երկու հարյուր տարին մեկ անգամ։ Այն, ինչ արեց Համբարձումյանը, ես վախենում եմ, որ որևէ մեկը ի վիճակի չլինի կրկնել։ Բայց կա նաև հարցի այլ կողմը`  Համբարձումյանը ստեղծել է գիտական առաջնակարգ դպրոց, որը կարող է և աշխարհում  պետք է լինի  ամենաառաջնակարգ  դիրքերում։ Այն, որ   հայ աստղագետները հաճախակի հրավիրվում են տարբեր գիտական կենտրոններ,  արդեն նշանակում է, որ նրանք  պահանջված են աշխարհում։

-Իսկ նոր` եկող, սերնդի մեջ կա՞  հետաքրքրություն  դեպի այս գիտությունը, որովհետև  կարծես թե նրանք մեծամասամբ ձգտում են այնտեղ, ուր  բիզնես կա։ Հետաքրքիր է նաև աղջիկները հետաքրքրվա՞ծ են։

-Հետաքրքրություն կա, բայց, իհարկե, նոր սերունդը շատ ավելի պրագմատիկ է, քան 1960-70-ական թթ. սերունդը։ Ինչ վերաբերում է աղջիկների և տղաների հարաբերակցությանը, ապա Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների մեջ աստղաֆիզիկան միշտ տարբերվել է  նրանով, որ այդ գիտությամբ  բավականին  աղջիկներ էին հետաքրքրվում  նաև անցյալում։  Հարցն  այն է, որ եթե փոքր-ինչ հնարավորություն է տրվում  երիտասարդիննա  տեսնում է, որ աճելու տեղ կա, ապա հետաքրքրությունը միշտ հաղթում է այն պրագմատիզմին, որը  տանում է դեպի բիզնես։

-Իսկ աճելու տեղ կա՞։

-Գնալով` ավելի ու ավելի է բացվում։ Եթե մինչև հիմա մեր երիտասարդները գալիս էին Բյուրական` դուրս գնալու հնարավորությունից օգտվելու, որովհետև Բյուրականից  դա հնարավոր է, ապա այսօր կարծես թե կամաց-կամաց  նկատելի է ձգտում ոչ թե Բյուրականի միջոցով գնալ դրսում մնալու, այլ Բյուրականի միջոցով պարզապես գնալ և հետ գալ։

-Իսկ պետական աջակցություն կա՞։

-Պետական` չէի ասի, թե կա, բայց նկատվում է մասնավոր աջակցության աճ, որի շնորհիվ ասպիրանտները  սկսում են բարձր կրթաթոշակ  ստանալ և երկու տարի բավական բարձր աշխատավարձով կարող են աշխատել Հայաստանում։  Դա այնպիսի աշխատավարձ է, որը գիտաշխատողները դեռևս  հեռու են ստանալու։ 

-Խոսենք Վիկտոր Համբարձումյանի անձի մասին։ Եթե չեմ սխալվում, Դուք նրա հետ աշխատել եք երկար տարիներ։ Ի՞նչ կպատմեք նրա մասին։

-Ես Վիկտոր Համբարձումյանի հետ աշխատել եմ քսաներեք տարի։ Ես  եղել եմ նրա տեղակալը,  հետո, երբ ինքն արդեն աստղադիտարանի տնօրեն չէր, մենք շատ հաճախ էինք հանդիպում և քննարկում տարբեր հարցեր, մինչև իր կյանքի վերջը։

-Վ. Համբարձումյանը, որպես անձ, անհատականություն, գիտնական, ինչպիսի՞ն էր։ 

-Եթե  մեկ նախադասությամբ, ապա շատ համեստ մարդ և շատ անհամեստ գիտնական։ Որպես մարդ` նա իսկապես շատ համեստ էր, երբեք չէր ցուցադրում իրեն, նա շատ հեռու էր այդ ամենից։ Միայն նրա հետ խոսելիս  էր հնարավոր տեսնել այն խորքը, որ թաքնված էր նրա մեջ։ Եթե ինչ-որ տեղում լինեիք, որտեղ Համբարձումյանն է, և չճանաչեիք նրան, երբեք չէիք իմանա, որ նա այդտեղ է։ Անհամեստ էր գիտության մեջ այն առումով, որ բոլոր հեղինակությունները  և այն արմատացած ուսմունքները, որոնք գոյություն ունեին մինչև նա, նրա համար առանձնապես մեծ հեղինակություն չէին, եթե ինքը չէր տեսնում դրանց հիմքն ու ապացույցը։ Եվ դա էլ թույլ տվեց նրան մի շարք հեղափոխություններ անել գիտության մեջ։ Օրինակ` բոլորը կարծում էին, թե բոլոր աստղերը վաղուց ծնվել են և նոր աստղ չի ծնվում։ Իսկ Համաբարձումյանն ապացուցեց հակառակը, որ աստղերը ծնվում են նաև այսօր։ Դա աշխարհայացքային փոփոխություն էր։ Նա ապացուցեց, որ Տիեզերքը  ապրող օրգանիզմ է, և մենք գործ ունենք ապրող օրգանիզմի հետ։  Մյուսը օրինակը վերաբերում է գալակտիկաների առաջացմանը։ Գիտնականները կարծում էին, թե գալակտիկաների միջուկներ դրանց մեռյալ տիրույթներն են, պատկերավոր ասած` գերեզմանոցներ, իսկ նա ապացուցեց հակառակը, որ հենց  միջուկներն են այդ համակարգերի  առավել ակտիվ մասը, որոնք  ձևավորում են  գալակտիկաները` որպես այսպիսիք։ Նման հեղափոխական գաղափարներ շատ կարելի է թվել։  Համբարձումյանական միտքը նրանով էր յուրահատուկ, ես  այդ  անհամեստ բառը հատուկ օգտագործեցի, որ կարողանում էր նույնիսկ ամենահեղինակավոր, ամենաազդեցիկ գիտնականների եզրակացությունների մեջ տեսնել բաց, տեսնել կասկածելի բան, գնալ այյ ճանապարհով և ապացուցել, որ այդտեղ սխալ կա։  Կարողանում էր ապացուցել իր իրավացիությունը, թեև գրեթե միշտ նրա «տարօրինակ» գաղափարները սկզբում հանդիպում էին  մյուս գիտնականների սառը թերահավատությանը կամ բացահայտ անընկալունակությանը։  

-Էությամբ միստի՞կ էր։

-Չէի ասի, որ միստիկ էր։ Գուցե հոգու խորքում այդպիսի աշխարհ ուներ, բայց ինքը դա չէր ցուցադրում։ Փոխարենը`  հրաշալի գիտեր պոեզիա։ Պուշկինն ամբողջությամբ գիտեր` պոեմներով և բանաստեղծություններով, շատ լավ  գիտեր Թումանյան, նրան շատ էր սիրում, մանկության տարիներին հանդիպել էր հետը։ Նա շատ էր գնահատում մեր բոլոր մեծերին։

-Նրա հետ հե՞շտ էր շփվել։ 

-Բավական  հեշտ էր։ Հետաքրքիրն այն էր, որ նա հանդիպած և աշխատած լինելով աշխարհի ամենահզորների հետ, ղեկավարած լինելով ամենաբարձր գիտական պաշտոնները,  սովետական երկրի ամենաազդեցիկ գիտանականներից  մեկը ` շատ պարզ մարդ էր, կարող էր նստել, զրուցել աստղադիտարանի ցանկացած աշխատողի հետ`անկախ նրա կատարած  աշխատանքից։ Կարծում եմ` Համբարձումյանը, որպես մարդ, ուսումնասիրված չէ։ Նա խոշոր պետական գործիչ էր, մեր գիտնականների մեջ ամենախոշոր գիտության կազմակերպիչ, իր Հայաստան երկրի քաղաքացի, խորհրդային միության քաղաքացի։ Այդ բոլորը  միշտ չէ, որ կարող էին հեշտությամբ  համատեղվել։ Երբեմն բավական բարդ էր այդ ամենը հաշտեցնել։ Նա կարողանում էր դա անել։

-Անկե՞ղծ էր։

-Նա սուտ չէր խոսում։ Մարդ էր, որը գիտեր իր խոսքի գինը, ինքն իր խոսքի տերն էր և միշտ պատասխանատու էր իր ասածի համար։ Նա կարողանում էր ամեն ինչ այնպես անել, որ արժեքը մնա արժեք։ Դժվար է  խոսել նման հարցերի մասին, քանի որ մեծությունը պահանջում է լուրջ ուսումնասիրություն։   Եթե գիտական թեմայով էիր նրա հետ  խոսում,  պետք է ուշադիր լինեիր խոսքիդ, ավելի լավ է ոչինչ չասեիր, քան հիմար բան ասեիր։ Միաժամանակ պետք է նկատել, որ նա շատ լավ զգում էր` դա պատահակա՞ն վրիպում էր, թե՞ մարդը պարզապես բութ է։ Նա կարծում էր, որ ամեն մարդ պետք է իր տեղն  ունենա։ Նա կարծում էր, որ մարդու հաջողությունը գիտության մեջ և ընդհանրապես ամեն ինչում մի քիչ  կախված է շնորհքից, տաղանդից, մի քիչ հաջողությունից  և աշխատանքիցմեծապես։

-Հուզակա՞ն էր։

-Ո՛չ, բավական զուսպ էր։ Նրա հետ շփվելով` ես վաղուց էի հասկացել, որ նա հումորի նուրբ զգացում ունի, երբ անեկդոտ էի պատմում,  նա քահ-քահ բարձր ծիծաղում էր։  Նա կարողանում էր բոլոր պարագաներում զուսպ լինել և սառը դատել։ Թեև մի անգամ ինչ-որ առիթով խոսքի մեջ ասաց` երբ երիտասարդ էի, շատ տաքարյուն էի։  Մենք` իմ հասակակիցների սերունդը նրան հանդիպել է, երբ նա բավականին առաջացած տարիքում էր։ Անձամբ ես երբեք չեմ տեսել, որ նա անցնի զսպվածությունից խիստ հուզականի սահմանը։

-Ինքն իր մասին ինչպե՞ս էր խոսում։ 

-Մահվանից մեկ տարի առաջ նա հիվանդ էր, կինը նոր էր մահացել։ Ես արտասահման պետք է մեկնեի, գնացի նրան այցելության, նա պառկած էր։ Տարբեր բաներից խոսեցինք և այդ ընթացքում նա ասաց` ես կյանքում ամեն ինչի հասել եմ` զբաղվել եմ իմ սիրած գործով, այդպիսի բարձունք չկա, որ հասած չլինեմ, այլևս սպասելիք չունեմ, կարող եմ հանգիստ գնալ   այս աշխարհից։  Ես նրան ասացի` ամբողջ կյանքում անհաշտ մարդ եք եղել, մահվան գաղափարն ի՞նչ է, որ այդքան հեշտությամբ հաշտվում եք։ Նա ծիծաղեց` ճիշտ եք ասում, ասաց,  այդպես է, պետք չէ այդպես հեշտությամբ հաշտվել։  

                                      Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...