05:21
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Փառավոր է հայ տպագրությունը

2013-05-04 12:10

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Նախևառաջ պետք է փառավորվեր հայ տպագրությունը և հետո միայն նրանից ծնունդ առած հայ գիրքը, կամ էլ երկուսը միաժամանակ։

2012 թիվը նշանակալի իրադարձությունների տարի էր հայաստանյան, ինչպես նաև համահայկական մշակութային կյանքում։

Փառավորվեցին, անցան-գնացին, հայ գրքի 500-ամյակը և Երևանը, որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, միջոցառումները։

Մշակույթի նախարարության հովանու ներքո բացառիկ այս երկու իրադարձությունները երկու հանգով փառավորվեցին` Հայաստանում և մեր գաղթօջախներում։

Բեյրութի Հայկազյան համալսարանը, օրինակ` չորս անգամ, ի պատիվ իրենց ու բոլորիս, անդրադարձավ այդ իրադարձություններին, վերջինը` մարտի 22-ին։

Բազմապիսի ու լայնածավալ միջոցառումների վերաբերյալ մեծարգո Հակոբ Ավետիքյանի անդրադարձը («Ազգ» 9 փետրվար) միանգամայն տեղին էր ու ցավալի մտահոգության առարկա։

Պարզապես զարմանալի է, որ մեր մշակույթի նախարարությունում ցայսօր գոյություն չունի սփյուռքահայ ու հայաստանյան տպագրության և մամուլին աջակից կառույց։

Ժամանակին սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում ստեղծվել էր համանման բաժին (Գևորգ Աբաջյանի ղեկավարությամբ), որը կազմակերպում էր հայ մամուլի և նրա չարքաշ մշակների համակողմանի ու ծավալուն աջակցությունը, ինչպես նաև այդ աշխատանքներին նվիրված համահայկական գիտաժողովներ։

Բացի այդ, սփյուռքահայ թերթերն ու հանդեսներն անհատույց ապահովվում էին հայրենական` կրթական, գիտական ու մշակութային հարցերին նվիրված բազմաբովանդակ նյութերով, որ առաքվում էին հեռատիպով` տելետայպով։

Այդ բաժնի կարևոր ձեռնարկումներից էին հայոց լեզվով, մասամբ նաև օտարալեզու, սփյուռքահայ թերթերի ու հանդեսների բաժանորդագրությունը համամիութենական` մամուլի տարածման «Սոյուզպեչատ» կոչված գործակալության միջոցով։ Հայաստանում, նաև Խորհրդային Միության կենտրոնական որոշ քաղաքներում` աչքի զարնող որոշ թերթ-կրպակներում, ինչպես նաև Մոսկվայի «Դրուժբա» գրքի հանրախանութում մշտապես կարելի էր գտնել սփյուռքահայ` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն-հայերեն, ռումիներեն-հայերեն, թերթեր ու հանդեսներ։

Այդտեղ հիրավի հպարտության զգացումով էինք համակվում։

Շնորհիվ այդ ամենի, մեր, այսպես կոչված, բարեկամական գաղափարախոսությամբ օժտված մամուլը Հայաստանի պահուստային ֆոնդից փոխարժեքով ստանում էր պատկառելի գումար, որոնց շարքում առաջին հերթին բաժին էր հասնում առաջադիմական կոչված, բայց ըստ էության կոմունիստական «Լրաբեր» (Նյու-Յորք), «Աշխարհ» (Փարիզ) և Բեյրութի «Կանչ» թերթերին։

Ինչևէ...

Ինչպես հայտնի, է, հայ գրքի մայրաքաղաքային ու 500-ամյա հոբելյանականին նվիրված բազմաթիվ հանդիսություններ են կազմակերպվել նաև արտերկրում, որոնց շրջանակներում ցանկալի և կարևոր կլիներ ներառել նաև Հայաստանի  ազգային փոքրամասնությունների մշակույթը` տվյալ ոլորտում։ Այս պարագայում առաջին հերթին կներառնվեր եզդիների` Հայաստանում ստեղծված քրդական գրականությունը, գիտական աշխատությունները, բանահյուսությունը, «Սիամանթո և Խջեզարե» սիրավեպը (բանահյուսական այդ կոթողը ժամանակի վայրիվերումների փորձությամբ կորստյան դատապարտված, փրկել, գրի էր առել ու մեզ հասցրել մեծն Գարեգին Սրվանգործյանցը), որ բազմիցս տպրագրվել է նաև հայատառ քրդերենով, բառարաններ, «Դենգե եզդիյա» (Եզդիների ձայն) թերթը և այլն։

Այս ամենին կարելի կլիներ հավելել` ներառելով նաև ադրբեջանականը։ Ցուցադրությանը կներկայացվեին Երևանում տպագրված նրանց գրականությունը, ադրբեջաներեն-հայերեն բառարանը, դասագրքեր` Հայաստանի ադրբեջանական դպրոցների հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և այլ դասագրքեր։

Այս ամենի ուղղվածությունը` նպատակը, պետք է լիներ ադրբեջանական գրա-տպագրական մանկահասակ «մշակույթը» և ընդգծումը` նրանց ունեցած-չունեցած այբուբենները ողջ 20-րդ դարի ընթացքում, առաջինը` խորհրդային-կոմունիստականն է՝ ռուսական «կիրիլիցայի» կերպարանքով, երկրորդը` հետխորհրդային` լատինատառ։

Պատշաճորեն ներկայացվող մեր հարևանների նորընծա մշակութային ժառանգությունը՝ հնատիպ, հնադարյան մեր գրքերի կողքին, չափից ավելի խոսուն կլիներ։

Այս ամենն անվերադարձ անցան-գնացին, սակայն, հուրախություն, նոր առիթ է ներկայանում։

Եթե չվարանենք ու պահն օգտագործենք ըստ ամենայնի, կունենանք հրաշալի արդյունք։

Խոսքը վերաբերվում է այս տարվա ստամբուլյան` քաղաքակրթությունների երկխոսությանը, որի շրջանակներում այդ ոչ-թուրքական քաղաքը հռչակվել է մշակույթի համաշխարհային մայրաքաղաք։

Կկամենա՞նք կամ քաջություն կունենա՞նք այնտեղ տեղի ունենալիք բազմաթիվ ու բազմազան ցուցահանդես-միջոցառումներին պատշաճ մակարդակով ներկայացնելու ոչ միայն մեր մշակույթը, այլև եզդիականն ու ադրբեջանականը, հավելելով թուրքականը, որը բավականին նյութառատ է։

Ի դեպ, եզդիականի վերաբերյալ առաջարկվելիք նյութերն ի վիճակի է հրաշալիորեն պատրաստել ու առաջիկա այդ միջոցառումների շրջանակներում ներկայացնել Հայաստանի եզդիական համայնքը, և եզդիների` Հայաստանի ու համաշխարհային միության նախագահ, հերոս Ազիզ Թամոյանը։

Մշակույթի նախարարությանը բնավ անելիք չի մնա։

Արդեն ժամանակն է պոլսեցիներին հիշեցնելու, որ անցած դարասկզբին տասնյակ ու տասնյակ հայ գրողներ` հայատառ թուրքերենով ստեղծել են մեծ գրականություն։ Հիշարժան է, օրինակ` անհայտ` անանուն հայ գրողի «Ագապի Հեքիայեսի» վիպակը, եվրոպական դասականների հայատառ թուրքերենով թարգմանությունները և այլն։

Սա սոսկ առաջարկություն է և մնում է հուսալ ու սպասել արհեստավարժ մեր գործիչների այս առթիվ կատարվելիք գործողություններին։

Աստված վկա, այս առիթն իրավունք չունենք անտեսելու։

 Արթուր Նավասարդյան

Հ.Գ. Մայիսի 16-ից Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Հայաստանի  վեցամսյա նախագահական նստաշրջանը։ Նրա շրջանակներում կկազմակերպվեն մշակութային մի շարք միջոցառումներ և այդ թվում` ցուցահանդեսներ։

Հոդվածում առաջադրվող ձեռնարկումների շարքում սա ևս բացառիկ հնարավորություն կընձեռի։

                                                                                                     Նույն



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...