06:47
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցեղասպանություն բառն առաջին անգամ լսեցի, երբ դեռ երևի 4-5 տարեկան էի

2013-05-04 11:47

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Ցեղասպանություն բառն առաջին անգամ լսեցի, երբ դեռ երևի 4-5 տարեկան էի։ Բառն այս մի տեսակ սառը, զարհուրելի բան էր նշանակում։ Բայց ինչու էին այդ բառով որակում մեծ պապիս` «ցեղասպանություն տեսած մարդ է» ասում էին ծնողներս ու լռում։ Ես այդ ժամանակ չէի գիտակցում` ինչ ասել է  ցեղասպանություն տեսած, տանջված, կոտորված։ Բայց տարիների հետ այդ բառի իմաստը սկսեց լայնանալ` իր մեջ պարփակելով սկզբում անգիտակից վախ, զարմանք, ապա` զայրույթ, կորսված հայրենիք, միլիոնուկես կոտորված հայ, պահանջատիրություն, վրեժի ծարավ, հարյուր հազարավոր աշխարհասփյուռ հայություն, մեկը որոնցից մեծ պապս էր` Աբրահամ Իսահակյանը, որ ոտքով երկու եղբայրների ու ճանապարհին հյուծված ու հիվանդացած հոր հետ հասել էր Արևելյան Հայաստան։ Հայրը շուտով մահացավ, եղբայրներին էլ կորցրեց մանկատնից մանկատուն տեղափոխվելու ճանապարհին` կրկին անգամ որբացավ իմ անտուն, անհայրենիք ու խեղճ պապը։ Նրա անսահման խորը աչքերը միշտ թախծոտ էին, կարոտ, մենություն կար այդ աչքերում, ձեռքին մաշված մի գիրք` նա նստում էր սենյակի անկյունում, այդ գրքից պատմվածքներ կարդում մեզ համար, մենք ուրախանում էինք, զրնգուն ծիծաղում, իսկ նա լուռ էր, երբեմն ծածուկ մաքրում էր աչքերը... Ինչու էր լալիս, չէ որ ուրախ բան էր կարդում։ Տարիներ անց ես հասկացա, որ այդ գիրքն իր անհոգ մանկությունից մնացած միակ իրեղեն հուշն էր, իսկ պատմվածքները, որոնք նա իբր «կարդում էր», իր հուշերն էին քույրերի, եղբայրների, իր կորցրած հայրենիքի ու մանկության մասին։

 

Այսօր նա չկա, ինչպես և չկան այն հազարավոր հայերը, ովքեր տասնամյակներ շարունակ սպասեցին Թուրքիայի և աշխարհի` այդ սարսափելի անմարդկային ոճրագործությունը ճանաչելու ու մեղանչելու օրվան։ Տասնամյակներ շարունակ մենք պայքարել ենք, սկզբում միամիտ համառությամբ ակնկալելով, որ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանության անհերքելի, ցցուն իրողությունը։ Կամաց-կամաց այդ պայքարը որոշակի արդյունք տվեց, բայց ահա ոճրագրոծը չի ճանաչել իր մեղքը և մնում է անպատիժ, իսկ նրա արյունոտ ձեռքերը շարունակում են եղբայրաբար սեղմել աշխարհի հզորները։ Ամեն տարի մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի ելույթի այն կարևոր բառին, և ավաաաղ… Իսկ մեզ ոչինչ չի մնում անելու, մեզ մնում է միայն հիշողությունը, որն ամեն կերպ պետք է վառ պահել, պետք է բորբոքել… Հիշողության քաղաքականություն, ամեն ծնվող մանկան մեջ պետք է սերմանել նախ հիշողությունն այդ ոճրագրոծության նկատմամբ, ապա պահանջատիրությունը և վստահություն, որ շուտով, շատ շուտով Թուքիան կճանաճի իր  մեղքը` ամենամեծը մարդկային բոլոր մեղքերից։ Եվ շուտով կսկսվի ճանաչման և հայրենադարձման ժամանակը։

 Թեհմինա Արզումանյան` լրագրող



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...