03:11
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԳԱԼՈՒ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԸ

2013-04-24 11:13

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

-Ես կատարյալ չեմ, ինչպես  բոլոր մարդիկ, բայց կատարելության եմ ձգտում,- ասում էր Կոմիտաս վարդապետը և շարունակում,-ես գիտեմ, որ մի օր ճերմակ թռչունների մի երամ պիտի թռչի դեպի  լեռն Մասիս և պիտի հասնի։

            Երանելի  հայորդի Կոմիտաս վարդապետը Հայոց Մեծ Եղեռնի մեկ ու կես միլիոն նահատակների վկայողն ու հաստատողն է։ Ուստի Կոմիտաս Նահատակը Հայոց Եկեղեցու կողմից մինչև օրս չի սրբադասվել,սակայն սրբադասվել է Բարձյալի կողմից, քանզի  Կոմիտաս վարդապետը վերերկրային է։

«Նա շատ անհանգիստ ու արագաքայլ մարդ էր, հրաշալի դիմախաղ  ուներ ու բարի հոգի, պաշտում էր Խորենացուն, Նարեկացուն»,- գրում են կենսագիրները և ավելացնում, որ չափավոր էր ուտելու մեջ` սակավապետ էր, չէր ծխում, չէր խմում, մանկասեր էր, չէր սիրում երկար մազեր։

Մեծն Կոմիտաս վարդապետը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Եվ նրա  հավաքած հայ գեղջկական երգերն ամբողջությամբ   սերում են հայ ժողովրդի ավանդույթների կենսակերպի և հոգևոր երգարվեստի սկզբնաղբյուրներից։ Պատմամշակութային խոշոր հայտնագործություն է համարվում Կոմիտասի ազգային  երաժշտական մի շարք բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը` հորովելների եղանակները, միջնադարյան անտունիները, հոգևոր տաղերը։ Բացառիկ  հետաքրքրություն են ներկայացնում Կոմիտասի հոգևոր գործերը և հատկապես արական խմբի համար գրված վեհաշունչ և  աստվածային «Պատարագը», որն ըստ էության ազգային մասնագիտացված  երաժշտության առաջին դասական նմուշներից է։ Նրա ստեղծագործություններն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար` այն հասցնելով համաշխարհային մակարդակի և միաժամանակ նպաստել են արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացմանը։

            Կոմիտաս վարդապետը Միջազգային-երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից էր։ Ընկերության հավաքներում նա հաճախ է հանդես եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով` ներկայացնելով ժողովրդական երգեր և դրանց սեփական մշակումները` արժանանալով Եվրոպայի երևելի երաժշտագետների բարձր գնահատականներին։

Հանճարեղ կոմպոզիտոր և երաժշտագետ, երգիչ ու  խմբավար և պարզապես երևելի հայորդի Կոմիտաս վարդապետը ¥Սողոմոն Սողոմոնյանը¤ ծնվել է 1869թ. սեպտեմբերի      26-ին Քյոթահիայում, այժմ` Թուրքիա։ Նա փոքր հասակից զրկվում է ծնողներից։ 1881թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը որբացած պատանուն բերում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում կրթություն ստանալու համար։ Երեխան չգիտեր հայերեն, բայց հրաշալի երգեց «Լույս զվարթը» և պատանին ճեմարանում հատուկ ուշադրության է   արժանանում։ 1893թ. նա ավարտել է ճեմարանը և Մայր տաճարում աշխատել որպես երժշտության ուսուցիչ ու խմբավար։   

Տաղանդավոր հայորդին վաղ հասակից ոււսումնասիրել է հայկական նոտագրությունը, սկսել է հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր  կատարել։ Նա Թիֆլիսում ուսանել է Մակար Եկմալյանի մոտ, իսկ այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Բեռլինում։

            1899թ. Կոմիտաս վարդապետը վերադարձել է Էջմիածին և շարունակել ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքները։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Փարիզում։ Համերգներ է տվել նաև Շվեյցարիայում։ 1907թ. Փարիզում հատուկ հրավերով սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում դասախոսություններ է կարդացել հայ երաժշտության վերաբերյալ։ Կոմիտաս վարդապետը  դասավանդել է նաև Վենետիկի Մխիթարյան  միաբանությունում։

            1895թ. Մայր Տաճարում նա ձեռնադրվել է աբեղա, իսկ մեկ տարի անց դարձել վարդապետ և ստացել Կոմիտաս անունը` ի պատիվ Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսի։ 1910թ. Կոմիտաս վարդապետը տեղափոխվել է Կ. Պոլիս  և մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Կ.Պոլսում նա ձևավորել է 300 հոգուց  բաղկացած «Գուսան», իսկ ավելի ուշ` «Հայ գուսան» բազմաձայն երգչախումբը ու բազմաթիվ համերգներ տվել։ Կոմիտասը մասնակցել է նաև թուրքական  մշակութային կյանքին.Ստամբուլի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել է 1915թ. ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել է և իր երգչախմբով կատարել իր իսկ ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանացել։

1915թ. ապրիլի 24-ի թուրքական կառավարության կազմակերպած հայկական Եղեռնը ընդհատեց Կոմիտաս վարդապետի բեղմնավոր գործնեությունը

1908թ. Օսմանյան կայսրությունում իշխանության գլուխ անցան երիտթուրքերը։ Հավասարություն ու եղբայրություն կոչով հայտնված երիտթուրքերը, ընդամենը երեք տարի անց որոշում ընդունեցին կայսրությունում բնակվող բոլոր ազգերի և ազգությունների թուրքացման  ծրագիրը։   Միաժամանակ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի  և պանթուրքիզմի ծրագրերը։ Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը` համախմբել թուրքալեզու ժողովուրդներին։ Հայերի մեծ մասը հավատաց հավասարություն և եղբայրություն կոչով հայտնված երիտթուրքերին, կարծելով, թե վերջ կդրվի իրենց տառապանքներին։ Սակայն նոր իշխանավորները շուտով հրաժարվում են իրենց խոստումներից և որդեգրում օսմանիզմի քաղաքականությունը, որը նպատակ ուներ թուրքացնել կայսրությունում բնակվող ոչ թուրք ժողովուրդներին։

Թուրքիայում ուժեղացան մշակութային և կրոնական հալածանքները։ Արգելվեց հայերին նոր դպրոցների բացումը։ Սկսվեց բռնությունների նոր շրջան։ Հայերին կոտորելու բացահայտ կոչեր էին արվում։ Եվ ահա Հայկական հարցը մեկընդմիշտ լուծելու համար երիտթուրքերը որոշեցին օգտագործել պատեհ առիթը` առաջին համաշխարհային պատերազմը` համոզված, որ այս անգամ օտարերկրյա միջամտությունները բացառվելու են։

1915թ. ապրիլի 15-ին Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին հղվեց ջարդերի վերաբերյալ  գաղտնի հրամանագիրը։ Զանգվածային ջարդերը սկսելուց առաջ թուրքերն առաջին հերթին հաշվեհարդար տեսան հայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների հետ. հիմնականում Կ. Պոլսում, հայկական բոլոր քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Դրանով նրանք ցանկանում էին հայ ժողովրդին զրկել իր առաջնորդներից, կազմակերպող-ղեկավարող ուժից։ Թուրքական յաթաղանին զոհ գնացին Դ. Վարուժանը, Սիամանթոն, Ռ. Սևակը, Հովհ. Թլկատինցին, Երուխանը, Գր. Զոհրապը և այդպես 250 անվանի մտավորականներ։

Հայտնի է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Թալիաթի 1915թ. դեկտեմբերի 1-ի հեռագիրն այն մասին, որ «հայ հոգևորականությունը և մտավորականությունը պետք է ոչնչացվի առաջին հեթին»։

Ապրիլի 24-ին սկսվեց  հայ ժողովրդի,  նախապես ծրագրված և նմանը չունեցող, Եղեռնը։Սկզբից ժողովրդին զրկեցին իր առաջնորդներից , թողնելով նրան անգլուխ ու անղեկավար, ոչնչացրին նաև թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորներին,իսկ  ձերբակալությունից մեկ օր առաջ Գրիգոր Զոհրապը նարդի էր խաղում Թալիաթ փաշայի հետ՝ անտեղյակ, որ իր «բարեկամը»  արդեն ստորագրել էր հայ ժողովրդի մահվան դատավճիռը...

1915թ. ապրիլ-մայիսին սկսվեց հայերի զանգվածային տարագրություններն ու կոտորածը։ Հայաթափվեց ողջ Արևմտյան Հայաստանը և Թուրքիայի հայաբնակ շրջանները։ 1915-1916 թթ. տարագրված ավելի քան երկու միլիոն հայերից սպանվեցին, սովի և համաճարակի զոհ գնացին մեկ ու կես  միլիոնը։ Բռնի թուրքացվեցին ավելի քան կես միլիոն հայեր` հիմնականում կանայք և երեխաներ։

Անչափելի էին նյութական և հոգևոր կորուստները։ Ավերվեց հայկական դարավոր մշակույթը։ Երիտթուրքական կառավարությունը իրականացրեց նաև մշակութային ցեղասպանություն ` ցանկանալով աշխարհին  համոզել, որ Արևմտյան Հայաստանը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմական հայրենիքը։ Եվ ոչնչացվում էին ոչ միայն վանքերն ու եկեղեցիները, պատմական հուշարձանները, այլև ձեռագիր մատյանները։ Հողին հավասարվեցին վաղքրիստոնեական շրջանի ճարտարապետական գլուխգործոցներ։ Ոչնչացվեց ութհազարամյա մի ժողովուրդ՝ իր մշակույթով ու բնօրրանով... Հայաստանը նրանց պետք էր առանց հայերի

Ձերբակալվածների թվում էր նաև երանելի Կոմիտասը։ Աքսորի ճանապարհին նրանք ենթարկվում են զանազան զրկանքների  ու նվաստացումների։ Գեղեցիկ կանայք ու աղջիկները բռնի կերպով տարվում էին թուրքերի հարեմները։ Ովքեր ի վիճակի չէին լինում շարունակել ճանապարհը, սպանվում էին։ Կոմիտաս վարդապետը այս դաժանություններին ականատես էր։ Ազդեցիկ մարդկանց օգնությամբ Կոմիտաս վարդապետին  վերադարձնում են  Կ. Պոլիս, սակայն նրան տանում են Շիշլիի հոգեբուժարան։ Մեծ կոմպոզիտորը չդիմանալով  իր ժողովրդի դեմ  կատարվող վայրագություններին և անձամբ կրելով այդ մղձավանջը` կորցնում է մտավոր հավասարակշռությունը ու  մինչև կյանքի վերջը չի ապաքինվում։ 

            Եվ 1935թ. հոկտեմբերի 22-ին, Փարիզի հոգեբուժական «Վիլժուիֆ» հիվանդանոցներից մեկում, իր մահկանացուն է կնքում անանձնական  ուրախությամբ ու անանձնական տխրությամբ ապրող մեծատառով Հայը` Կոմիտաս վարդապետը։ Նրա աճյունը ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Ի պատիվ Մեծն Կոմիտասի` նրա  անունով է կոչված Երևանի պետական կոնսերվատորիան, Կամերային երաժշտական տունը, Լարային քառյակը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը։ Կոմիտաս վարդապետի արձաններ են կանգնեցվել Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր։ 

          Մեծ Եղեռնից անցել է ավելի քան իննսունհինգ տարի, և այդ սարսափելի նախճիրը գործող թուրքերին ու այսօր նրանց ժառանգներին   թվում էր, թե ոչնչացրել են մի ամբողջ ժողովուրդ ու նրա հնագույն մշակույթը. խորապես սխալվեցին։ Վերապրեց հայ ժողովուրդը, վերածնվեց ավերակներից, և այսօր աշխարհին ու նույն  թուրքերին ներկայացնում է իր արդարացի ու արժանապատիվ պահանջը։Եվ աշխարհը սկսել է լսել մեր ձայնը, ինչպես որ շարունակում է լսել Մեծն Կոմիտաս վարդապետի անմահ երժշտությունը։    Ու աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերը վստահ են , որ գալու է հատուցման օրը։ Իսկ այդ օրը գալու է...                        

 ԱՆՆԱ   ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...