15:35
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԵԼ

2013-04-22 11:16

«Դե Ֆակտո» 13 (2007թ.)

 Հարցազրույց Վալերի  Մեջլումյանի հետ

 2000 թվականից Վալլեքս  խումբը (Vallex Group) սկսել է իրականացնել իր զարգացման 20-ամյա ռազմավարական ծրագիրը։ Ծրագրի էությունը գունավոր և թանկարժեք մետաղների նոր հան­քա­վայրերի յուրացումն է, լեռնահանքային ու մետալուրգիական արդյունաբերության և էներգա­ար­տադրական ձեռնարկությունների շինարարությունը, շինանյութերի արտադրությունը, ենթա­կա­ռուցվածքային և հանգստյան տների օբյեկտների շինարարությունը։ Վալերի Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահն է։ Ծնվել է 1951 թ. Ալավերդի քաղաքում։ 1969 թ. ոսկե մեդալով ավարտելով դպրոցը` մեկնել է Մոսկվա։ Սովորել է Լոմոնոսովի անվան համալսարանում` մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Վալերի Մեջլումյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Փոքրը`  Դենիսը, 12 տարեկան է, իսկ ավագը`  Գեորգին` 28։ Գեորգի Մեջլումյանն ապրում է Երևանում և աշխատում է Վալլեքս  խումբ ընկերությունում։

-Պարո'ն Մեջլումյան, Վալլեքս խումբն իր գործունեությունը ծավալել է ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում, ներկայացրեք խնդրեմ Ձեր գործունեության հիմնական ուղղությունները։

-Հայաստանում և Ղարաբաղում «Վալլեքս» խմբի հիմնական ընկերություններն են` «Վալլեքս Գրուպ», «Արմենիան Քափըր Փրոգրամ»Էյ-Սի-Փի»), «Բեյզ Մեթըլս», «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ», «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունները, «Վալլեքս Այ-Թի» և «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Ներկայումս խմբի ձեռնարկություններում` Հայաստանում և Ղարաբաղում աշխատում է շուրջ 2600 մարդ, տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 110 մլն. ԱՄՆ դոլար։

«Թեղուտ» ՓԲԸ-ն պատրաստվում է իրականացնել անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը` Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումը։ Այդ նախագծի միայն առաջին փուլը կպահանջի մոտ 268 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում,  արտադրության սկիզբը  2012 թ. է, պլանային արտադրողականությունը` տարեկան մոտ 30 հազ.տ պղինձ` պղնձի խտանյութում և մոտ 0,8 հազ. տ մոլիբդեն` մոլիբդենի խտանյութում։ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն ունի պղնձաձուլական գործարան և լեռնահարստացուցիչ կոմբինատ, տարեկան արտադրում է մինչև 10 հազ.տ սև պղինձ և փոքր քանակով պղնձի խտանյութ։  Ներկայումս իրականացվում է Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատի վերակառուցումն ու ընդլայնումը։ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»  ՓԲԸ-ն  իրականացնում է գիտական և նախագծային աշխատանքներ լեռնամետալուրգիական բնագավառում, արդիականացնում է իր լաբորատոր սարքավորումները, պատրաստում է երիտասարդ մասնագետներ, իրականացնում է երկրաբանահետախուզական եւ հորատման աշխատանքներ` ժամանակակից սարքավորումներով։ «Բեյզ Մեթըլս»  ՓԲԸ-ն Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն է, տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցվում է 30 մլն. ԱՄՆ դոլարը։ Այն շահագործում է Դրմբոնի հանքավայրը, արտադրում է պղինձ-ոսկու խտանյութ։ Ընկերությունը նաև արդյունահանում է շինարարական քարեր և արտադրում է շինանյութեր, իրականացնում է մետաղների, ածուխների նոր երևակումների երկրաբա­նա­կան հետախուզություն։ «Վալլեքս Մայնինգ» ՍՊԸ-ն պղնձաձուլական գործարանի համար արդյունահանում է ոսկի պարունակող քվարցային հալա­նյութ, կատարում է երկրաբանական հետախուզության աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի մի շարք հանքերևակումներում։

Բացի Ղարաբաղից և Հայաստանից, Վալլեքս խումբն ունի ընկերություններ Լիխտեն­շտեյ­նում և Ռուսաստանում (անշարժ գույքի վարձակալություն, բժշկական կլինիկաներ, միջազգային առևտուր, ֆինանսական գործառնություններ), որտեղ աշխատում է ավելի քան 500 մարդ։

  -Պրն Մեջլումյան, Ձեզ մոտ գալուց առաջ ես հետաքրքրվեցի Ալավերդու կոմբինատի պատմությամբ, և հիմա գիտեմ` խորհրդային շրջանում հզոր համարվող արտադրությունը փակվեց 1989 թ.։ Գիտեմ նաև, որ մինչև Ձեր նախաձեռնությունը մի քանի անհաջող փորձեր են եղել կոմբինատը վերագործարկելու։ Ի՞նչը Ձեզ դրդեց այդ անհույս թվացող ձեռնարկությունը վերակենդանացնել։

Վալլեքս» խմբի ընկերություններն իրենց գործունեությունը Հայաստանում սկսել են 1997 թ.` Ալավերդի քաղաքում ձեռք բերելով քայքայված պղնձաձուլական գործարան։ Ես երկար ժամանակ բացակայել եմ Հայաստանից և 1996 թ. այցելեցի Ալավերդի քաղաք։ Ծնողներիս մոտ ութ տարի չէի տեսել, քանի որ բնակվում էի Մոսկվայում։ Ալավերդում պատահաբար իմացա, որ պղնձաձուլական կոմբինատում փորձեր են կատարվում փոքր արտադրամասեր վերականգնելու։ Այն ամբողջովին փլուզված, թալանված վիճակում էր։ 1989 թ. հայ անհեռատես քաղաքական գործիչների ճնշման ներքո և  Խորհրդային Միության ղեկավարության որոշումով ոչ միայն պետք է դադարեցվեր կոմբինատի աշխատանքը, այլ նաև կոմբինատն ամբողջովին պետք է լուծարվեր։ Եվ տարիներ հետո կոմբինատն իրոք գրեթե ոչնչացված էր։ Իմ առաջին ցանկությունն այդ կոմբինատը վերականգնելն էր։ Երկար ժամանակ բացակայելով իմ հայրենիքից` ես որոշեցի որևէ գործով օգտակար լինել իմ ծննդավայրին. դա ինձ համար նախևառաջ հայրենասիրական մղում էր և հետո միայն շահութաբեր գործարք։  Երկու ամսվա ընթացքում մասնագետների մի հատուկ թիմ պետք է ամբողջովին հետազոտեր կոմբինատի վերաբացման հարցը։ Մի քանի ամիս հետո պատրաստ էր եզրակացությունը։ Դա մի հայտնի միջազգային կազմակերպություն էր, որն իր 32 էջանոց աշխատությունում առաջարկեց հետևյալը. կա երեք հանգամանք, որոնք անհնարին են դարձնում կոմբինատի աշխատանքը։  Առաջինն այն էր, որ չկա սեփական խտանյութի մատակարարում կամ հումքի աղբյուր։ Այս հանգամանքն արդեն իսկ բավական էր բացասական որոշում կայացնելու համար։ Երկրորդ խնդիրը կապված էր Հայաստանում դեռ լիովին չձևավորված  փորձը` ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձը արտահանողներին։ Քանի դեռ Հայաստանում լուծված չէ այս խնդիրը, այսպիսի աշխատանք սկսելն անիմաստ էր` հաշվի առնելով, որ ողջ արտադրանքն արտահանվում էր։ Երրորդ պատճառը փոքր ինչ այլ բնույթ ունի։ Լինելով հայ, սակայն 30 տարի ապրելով Հայաստանից դուրս, ես լիովին չէի հասկանում հայկական մտածելակերպը և շատ հարցերում այլ պատկերացումներ ունեի, որը կարող էր շատ դժվարություններ բերել։ Ելնելով այս երեք հանգամանքներից` նրանք խորհուրդ չտվեցին Հայստանում որևէ գործ սկսել։ Բայց իմ երկրում որևէ ներդրում ունենալու իմ ցանկությունը շատ մեծ էր, և ես այդ հանգամանքները խոչընդոտ չհամարեցի։ Ճիշտն ասած, տարիներ հետո, երբ հիմա կարդում եմ այդ աշխատությունը, համոզվում եմ, որ նրանք 100 տոկոսով ճիշտ են եղել։

-Երկու ամիս առաջ Դուք հայտարարել եք, թե չի բացառվում, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը առաջիկայում կարող է փակվել։ Մյուս կողմից մամուլը վերջերս անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի պլաններին։ Դրանք վերաբերում էին պղնձի խտանյութից  պղնձի սեփական արտադրանքի ստեղծմանը։ Կարո՞ղ եք բացատրել, թե խոսքն ինչի մասին է։ 

 

Սա չափազանց կարևոր հարց է, և ես կփորձեմ հանգամանորեն պատասխանել։ Ըստ էության պետք է ճշտել` արդյո՞ք հնարավոր է Հայաստանում կայուն, ժամանակակից, էկոլոգիապես մաքուր պղնձի արտադրություն սկսել։  Եթե այո, ապա այդ դեպքում` ինչ պայմաններում։

Վերջին տասը տարիների ընթացքում պղնձի շուկայի բոլոր բաղադրիչները` արդյունահանում, ձուլում, վաճառք, կտրուկ փոփոխվել են։ Տասը տարի առաջ ձուլողն իր մեկ միավոր ծառայության` պղնձի խտանյութի վերամշակման համար ստանում էր գումար, որը համարժեք էր այդ խտանյութում պղնձի արժեքի 50-55 տոկոսին։ Այն ժամանակ կարելի էր շահութավետ աշխատել` պղնձի խտանյութից տարեկան արտադրելով ընդամենը 3000 տոննա պղինձ , եթե նույնիսկ մեկ տոննա պղնձի գինը մոտ 2000 ԱՄՆ դոլար էր։ Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է. ձուլողը ոչ մի կապ չունի պղնձի գնի հետ, իսկ պղնձի խտանյութի ձուլման (վերամշակման) դիմաց պղնձաձուլարաններին վճարվող գումարը հաստատուն է և վերջին տարիներին ունի անընդհատ նվազման միտում։ Այս պայմաններում մեր պղնձաձուլարանի աշխատանքը կարող է դադարել հենց անմրցունակության պատճառով։ Շատ անգամ ավելի շահութաբեր է պղնձի խտանյութ արտադրելը հանքաքարից, քան պղինձ արտադրելը խտանյութից։ Դա նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպայում և ողջ աշխարհում պղնձի խտանյութի վերամշակման ասպարեզում պղնձաձուլարաններն ունեն գերհզոր հնարավորություններ։ Այդ միջոցները հնարավոր են դարձնում մեծ ծավալով խտանյութ վերամշակել, եթե շուկան պահանջի։ Այդ  բանը չի կարելի ասել պղնձի խտանյութի  արտադրման դեպքում։ Վերջին տարիներին տնտեսական աճի պատճառով ողջ աշխարհում, հատկապես Չինաստանում, Հնդկաստանում և Հարավ-արևելյան Ասիայի երկրներում պղնձի խտանյութի պակաս էր նկատվում, որը և հանգեցրեց պղնձի գնի աննախադեպ աճի։ Սպասվում է, որ մոտակա մի քանի տարիներին իրավիճակը զգալի փոփոխությունների չի ենթարկվի։ Այս պայմաններում Հայաստանում, որպեսզի պղնձի արտադրությունը պղնձի խտանյութից շահութավետ լինի, պետք է նախևառաջ երեք հարց լուծել։

    Առաջին խնդիրն այն է, որ պետք է արտադրության մեծ ծավալ ունենալ, որպեսզի մրցունակ լինենք տարեկան 100 - 400  հազար տոննա պղնձի արտադրության հզորություններ ունեցող եվրոպական պղնձաձուլարանների հետ։ Կարևոր է նշել, որ հայկական պղնձի համար հումք կարող է հանդիսանալ միայն հայկական (կամ նաև վրացական`  տարեկան մինչև 15 հազար տոննա պղինձ պարունակությամբ) պղնձի խտանյութը։ Դա պայմանավորված է նրանով, որ հումքի տեղափոխումը հումքի հայտնի կենտրոններից` Չիլիից կամ հարավային Աֆրիկայից Հայաստան շատ ավելի թանկ արժե, քան  նույն ապրանքի տեղափոխումը Եվրոպայի խոշոր նավահանգիստ։

Զուտ պղնձաձուլական բիզնեսով շահութաբեր զբաղվելու համար հայաստանյան պայմաններում պետք է տարեկան ձուլել մոտ 150 – 200 հազար տոննա տեղական պղնձի խտանյութ (պղնձի 22-30 տոկոս պարունակությամբ)։ Ենթադրվում է, որ Հայաստանում տարեկան կարտադրվի 60 հազար տոննա պղինձ պղնձի խտանյությում, մինչդեռ այսօր ողջ Հայաստանում արտադրվում է շուրջ 20 հազար տոննա պղինձ։

 -Խորհրդային շրջանում էլ, որքան ես գիտեմ, պղնձի ձուլումը կատարվում էր կոմբինատում, բայց խտանյութը բերում էին  Ռուսաստանից։  

   -Խորհրդային Միության տարիներին պղինձը ձուլվում էր Հայաստանում, բայց խտանյութի և պղնձի ջարդոնի մեծ մասը, տարեկան մինչև 60 հազար տոննա պղնձի պարունակությամբ, բերվում էր Խորհրդային Միության ողջ տարածքից։

Բայց ես շարունակեմ։ Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ պղնձի խտանյութի վերամշակման համար պետք է օգտագործել ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաներ (օրինակ` ավտոգեն գործընթաց), որոնք կապահովեն խտանյութից պղնձի կորզման բարձր աստիճան (ոչ պակաս 98 տոկոս, ցանկալի է անգամ 99 տոկոս)` վերջնական արտադրանք ստանալու համար։ Ներկայումս պղնձաձուլական գործարանում բնական գազի օգտագործմամբ արտացոլիչ  ձուլման տեխնոլոգիան  երկու չափորոշիչներով` բարձր էներգածախսերով և կորզման 96.5 տոկոսից ոչ ավել գործակցով, անմրցունակ է։ Դա հատկապես ցայտուն կանդրադառնա Հայաստանում 2009 թ. բնական գազի սակագնի ակնկալվող բարձրացումից հետո։ 

    Երրորդ անհարաժեշտ հանգամանքն այն է, որ արտադրական գործընթացքում առաջացող գազերը պարտադիր կերպով պետք է վերամշակել` արտադրելով որևէ ապրանք` կամ ծծմբաթթու, կամ պարարտանյութ, կամ շինարարական գիպս, կամ էլեմենտար ծծումբ։ Բայց, դժբախտաբար, հաշվի առնելով այսօրվա հայաստանյան փոքր շուկան և հարևան երկրների հետ ունեցած թույլ տնտեսական կապերը, մենք չենք կարող արտադրվող երկրորդական օժանդակ ապրանքները վաճառել։ Չկա սպառման հնարավորություն։ Այսօր պղնձաձուլական գործարանը, աշխատելով գրեթե առանց շահույթի, ստիպված մթնոլորտ է թողնում թունավոր գազեր` աղտոտելով Ալավերդի քաղաքը և այդ արտանետումների համար վճարում է զգալի չափերի հասնող բնապահպանական վճարներ։ 2009 թ.-ի հունվարի մեկից այդ վճարների չափերը մի քանի անգամ կաճեն, եթե մինչ այդ մենք չկարողանանք ապահովել արտանետումների էական նվազեցում։ Հարց է ծագում.  ինչո՞ւ պահել էկոլոգիապես վնասակար, ոչ շահութաբեր արտադրություն, որը շուտով կդառնա նաև վնասաբեր։ Պատճառը մեկն է. «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարության ցանկությունը` առանց հարյուրավոր աշխատողների գործազուրկ դարձնելու, 2009 թ. վերակազմակերպել արտադրությունն Ալավերդի քաղաքում։ Ստորգետնյա հանքում աշխատատեղերի  ընդլայնման, հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցման, պողպատաձուլական տեղամասի վերակառուցման հաշվին նախատեսվում է 2007-2008 թթ. «Էյ-Սի-Փի» ընկերությունում ստեղծել շուրջ 400 նոր աշխատատեղեր։  Դա թույլ կտա, եթե ոչինչ չբարելավվի, 2009 թ. սկզբին դադարեցնել պղնձաձուլական գործարանի աշխատանքը` մինչ ամբողջական վերակառուցումը։ Ընկերության աշխատողները կրճատման չեն ենթարկվի. աշխատատեղերը միայն կավելանան։ Տնտեսական տեսակետից էլ ոչ մի տարբերություն չկա` պղինձ ենք արտադրում, թե` պղնձի խտանյութ։ Երկուսն էլ կարող են շահութաբեր լինել։ Մի քանի տարի հետո, երբ Թեղուտի   լեռնահարստացուցիչ    կոմբինատն սկսի արտադրությունը, հնարավոր կլինի հիմնովին վերակառուցել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը` ծծմբաթթվի արտադրության կազմակերպմամբ։  Ծծմբական թթուն հնարավոր կլինի օգտագործել Թեղուտում  թթվային հանքաքարերի վերամշակման և օժանդակ ապրանքների արտադրության համար։

-Բայց Դուք դեռ ոչինչ չեք ասել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի նախագծի մասին` կապված պղնձի արտադրության հետ։

-Ես ուրախ կլինեմ, եթե Քաջարանի մեր գործընկերները և ընկերները կարողանան լուծել այս դժվարին խնդիրը։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք կօգնենք այն ամենով, ինչով կկարողանանք։ Բոլոր դեպքերում նրանք ստիպված կլինեն լուծել այն նույն խնդիրները, որոնք ես թվարկեցի։ Եթե նրանց հաջողվի մոտակա հինգ տարիների ընթացքում լուծել այդ խնդիրներն ու կազմակերպել պղնձի ձուլման ժամանակակից արտադրություն, ապա դրանից մենք միայն կշահենք` ստանալով մեր կողմից Թեղուտում, Դրմբոնում, Ալավերդում արտադրվող խտանյութը (մինչև 150 հազար տոննա պղնձի խտանյութ` պղնձի 35-37 հազար տոննա պարունակությամբ) հենց Հայաստանում առավել նպաստավոր պայմաններով իրացնելու հնարավորություն։

-Բոլորովին վերջերս լրացավ Հայաստանում «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության տասը տարին։ Ի՞նչն եք համարում Ձեր հաջողությունը, նվաճումը։

-Նպատակասլաց գործունեության արդյունքում անցած 10-ը տարում ոչ միայն հաջողվել է կառուցել երկու նոր լեռնահարստացուցիչ կոմբինատ` Դրմբոնի պղինձ-ոսկու և Ալավերդու պղնձի հանքավայրերի հենքի վրա, վերագործարկել 1989 թվականին քայքայված պղնձա­ձու­լա­կան գործարանը, այլև փաստորեն տասնյակ ընկերությունների հիման վրա ստեղծել գի­տա­ար­տա­դրական համալիր, որոնք միասնական ռազմավարական ծրագրի շրջանակներում ի վիճակի են իրականացնել աշխատանքների ողջ սպեկտրը` սկսած նոր հանքավայրերի երկրաբանական հետախուզությունից և պաշարների հաշվարկումից` միջազգային ստանդարտներին հա­մա­պա­տաս­խան, մինչև դրանց հիման վրա լեռնաարդյունահանման և (կամ) վերամշակող միավորի նա­խա­գծումն ու շինարարությունը։ Ես կարծում եմ, որ իմ գործունեության ամենակարևոր որոշումը ես կայացրել եմ` Ղարաբաղում կառուցելով Դրմբոնի  նոր լեռնահարստացուցիչ կոմբինատը։ 2002 թ.-ին ընդամենը 3 օր լինելով Ղարաբաղում և մեկ ամիս հետազոտություններ անելով` որոշեցինք կառուցել Դրմբոնի կոմբինատը։ Այստեղ մենք աննախադեպ սեղմ ժամկետներում կարողացանք ստեղծել էկոլոգիապես մաքուր, ժամանակակից կոմբինատ։

Ամենակարևոր որոշումներից է եղել նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենային խոշոր հանքավայրում նոր լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումը։

Այնուամենայնիվ, զանգվածային լրատվածիջոցները բազմիցս անդրադարձել են այս ծրագրի առնչությամբ առկա բնապահպանական մտահոգություններին։ Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը կապված այդ խնդրի հետ։

-Կարևոր է նշել, որ ծրագրի նախապատրաստման ամբողջ ընթացքում մենք պահպանել ենք օրենսդրության բոլոր պահանջները և անում ենք  հնարավոր ամեն բան` տնտեսական զարգացման այս կարևորագույն ծրագրի իրականացման արդյունքում բնու­թյանը հասցվելիք վնասը հնարավոր նվազագույն մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Կարևոր է, որպեսզի համանման ծրագրերի քննարկման ընթաց­քում մենք զերծ մնանք ծայրահեղական դիրքորոշումներից. ինչպես տնտե­սա­կան զարգացումը չի կարող անտեսել բնապահպանական խնդիրները, այնպես էլ բնության պահպանությունը չի կարող լինել ինքնանպատակ` բացառելով տնտեսական զարգացման ցանկացած ծրագիր։ Կարծում եմ, որ Թեղուտի ծրագրի պարագայում մեզ հաջողվել է գտնել այս խնդիրների լուծ­ման լավագույն հարաբերակցությունը։ Անկեղծորեն ուրախ եմ, որ հասա­րա­կա­կան բազմաթիվ կազմակերպություն­ների հետ հաստատվել է կառուցո­ղա­կան երկխոսություն, որի շրջանակներում մենք այժմ համատեղ քննարկում ենք ծրագրի իրականացմանը զուգահեռ կենսագործվելիք բնապահպանա­կան միջոցառումները, դրանց ժամանակացույցն ու մոնիտորինգի մեխա­նիզմ­ները։ Այսպիսի համագործակցությունն անհրաժեշտ նախապայման է տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում բնապահ­պա­նա­կան խնդիրների հանդեպ առավելագույն ուշադրություն ապահովելու համար։

-Պարո՛ն Մեջլումյան, հնարավո՞ր է, որ Դուք Ազգային ժողովում կամ կառավարության կազմում հայտնվեք։

-Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև զբաղվում եմ իմ սիրած գործով, ինչո՞ւ պետք է փոխեմ իմ երջանիկ վիճակը։ Շատերը պատգամավոր են դառնում, որպեսզի ձեռք բերեն անձեռնմխելիություն կամ կառավարության մեջ են մտնում նախևառաջ իրենց առևտրային խնդիրները լուծելու նպատակով։ Այդ ճանապարհն իմ ճանապարհը չէ։ Ուղին, որը ես ընտրել եմ բիզնեսի զարգացման համար, համարում եմ ավելի ազնիվ և, ինչո՞ւ ոչ,  ավելի շահութաբեր։

 -Ձեր ապագան կապո՞ւմ եք Հայաստանի հետ։

-46 տարեկանից հետո այս հարցին ես արդեն դրական եմ պատասխանում, բայց մինչև այդ տարիքը պատասխանը կլիներ բացասական։ Դա սովորաբար հայկական հիվանդություն է կոչվում, որը բոլոր հայերի մոտ ուշ թե շուտ առաջանում է։ Իմ կյանքում այնպիսի մի շրջան էր եկել, որ ես այլևս չէի կարող Հայաստանից դուրս ապրել։ Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Մոսկվայում` իմ ընկերներից մեկի առանձնատանը, հավաքույթի ժամանակ հանկարծակի ցավով գիտակցեցի, որ սա չէ իմ հայրենիքը։

 

-Եվ վերջին հարցս` մարդուն ոչինչ այնպես չի բնութագրում, որքան իր երազանքը։

Սա պարզապես լրագրողական հետաքրքրություն է, ոչ թե հետաքննություն. մեծ հաշվով, որն է Ձեր երազանքը, որովհետև մարդն ինքն իր երազանքն է։

-Ես շատ եմ ցանկանում, որ մենք միշտ խոսենք ոչ թե Հայաստանի, այլ ընդհանրապես ողջ հայության մասին։ Մեր բոլոր խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մենք առանձնացնում ենք Հայաստան, Ղարաբաղ և Սփյուռք հասկացությունները։ Սա փոքրիկ հանցագործություն է, որը բերում է մեծ սխալների։ Դա իմ ամենամեծ երազանքն է։ Երազանք կարելի է համարել նաև իմ ցանկությունը` բոլոր այն վայրերում, որտեղ ես մտադիր եմ լեռնահանքային արդյունաբերություն զարգացնել, լինեն ժամանակակից հանգստյան գոտիներ։ Դա նման է խենթության, բայց մենք նպատակ ունենք այն իրագործելու` համատեղելով անհամատեղելին։

                                                                   Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...