14:59
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարդն աշխատանքի ընթացքում ձեռք է բերում բնավորության այնպիսի գծեր, որոնք առանձնահատուկ են իր մասնագիտությանը, աշխատանքում նրա գրաված դիրքին

2013-04-18 11:53

«Դե Ֆակտո» 27 (2008թ.)

ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Հարցազրույց «Առէկսիմբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի հետ

 -Պարոն Խանդկարյան, ինչպե՞ս կբացատրեք «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»

ԲԲԸ-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը։ Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, և արդյո՞ք այդ գործարքի արդյունքում փոխվել է "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի վարած նախկին քաղաքականությունը։

-«ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ռուսաստանի Դաշնության խոշորագույն բանկերից է, որի ռազմավարական նպատակներից է բանկի դուստր ընկերություններ ստեղծել այն երկրներում, որտեղ գործում է ռուսական «ԳԱԶՊՐՈՄ»-ը, ինչը այդ խոշորագույն ֆինանսական հաստատության հայկական շուկա մուտք գործելու հիմնական պատճառ հանդիսացավ։ Ելնելով «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարած ճշգրիտ ռազմավարության, մենեջմենտի արհեստավարժության, առողջ վարկային պորտֆելի և մեծ պոտենցիալից, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ընտրությունը կանգ առավ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ի վրա։ Ինչ վերաբերում է մեր զարգացման հետագա քաղաքականությանը` լինելով ունիվերսալ բանկ, այսուհետև առավել ուշադրություն կտրամադրվի խոշոր կորպորատիվ հաճախորդներին` ուշադրությունից դուրս չթողնելով ֆիզիկական անձանց սպասարկումը և վարկավորումը։

-Ովքե՞ ր և ի՞ նչ կազմակերպություններ են բանկի հաճախորդները։

-Բանկի իրավաբանական անձ հաճախորդների ցանկը գնալով ընդլայնվում է։ Բանկի հաճախորդները ներկայացնում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ Սակայն մնացորդների և շրջանառության տեսանկյունից այլ իրավաբանական անձանցից առավել տարբերվում են վառելիքի ներմուծման և էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունները, մասնավորապես «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերը ներկայացնող ընկերություններ, ինչպիսիք են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանը, «Արմավիա» ՍՊԸ-ն, «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ն, խոշոր շինարարական և այլ ձեռնարկություններ և կազմակերպություններ։

-Պարո՛ն Խանդկարյան, միջազգային շուկայում բանկն ո՞ւնի գործընկերներ։

-Միջազգային շուկայում բանկը համագործակցում է աշխարհի մի շարք առաջատար բանկերի հետ, մասնավորապես գերմանական Dresdner բանկը, Deutsche բանկը, ամերիկյան Deutsche Bank Trust Company Americas բանկը, American Express բանկը, ավստրիական Raiffeisen բանկը, ռուսական Գազպրոմբանկը և այլն։

Ավելացնեմ, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդիսանալով Միջազգային միջբանկային էլեկտրոնային հաղորդագրությունների S.W.I.F.T. համակարգի անդամ ակտիվորեն իրականացնում է միջազգային փոխանցումներ աշխարհի բոլոր երկրներ, բոլոր արտարժույթներով։

Լայն թղթակցային կապերը թույլ են տալիս բանկին իրականացնել ոչ միայն միջազգային փոխանցումներ, այլ նաև արտաքին առևտրային գործարքներով զբաղվող կազմակերպություններին տրամադրել ակրեդիտիվների և ինկասո գործարքների ծառայություններ, ինչպես նաև երաշխիքային նամակներ մատչելի պայմաններով։

-Բնականաբար, բանկային բարձրորակ սպասարկումը նպաստում է բանկի հանդեպ հաճախորդների վստահության բարձրացմանը։ Ես տեղյակ եմ, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն պարգևատրվել է հաճախորդների սպասարկման որակի միջազգային «Ոսկե աստղ» մրցանակով։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այդ պարգևատրումը։

-Այս տարի լրանում է մեր բանկի 10-ամյակը, և դա ֆինանսական շուկայում գործունեության համար փոքր ժամկետ չէ։ Այն, որ մենք այսօր շուկայում ունենք մեր արժանի տեղը, այն որ մեզ վստահում են մեր հաճախորդները, դա մեր կողմից հաճախորդների բարձրորակ սպասարկման արդյունքն է։ Բոլոր այդ տարիներին բանկի ղեկավարությունը առանձնակի ուշադրություն է հատկացրել սպասարկման որակին։ Մեր համար կարևոր է, որ հաճախորդը բանկում իրեն հարմարավետ զգա և հաջորդ անգամ հաճույքով մեզ այցելի։ Մենք միաժամանակ աշխատում ենք ընդլայնել մեր հաճախորդներին մատուցվող բանկային ծառայությունների տեսակները։ Այսպես, բոլորովին վերջերս մենք ներդրեցինք կոմունալ-կենցաղային ծառայությունների դիմաց վճարումների հարմարավետ համակարգ, որի էությունն այն է, որ հաճախորդը առանց կոմիսիոն գանձումների կարող է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով բանկի բոլոր մասնաճյուղերում վճարել կենցաղային ծառայությունների դիմաց։ Ընդ որում, անկանխիկ վճարման ժամանակ կարելի է լրացնել դիմում-հանձնարարական, և բանկը կկատարի հաճախորդի վճարումները առանց վերջինիս ամեն անգամ բանկ այցելելու։

-Այսօր   բավականին   մեծ   զարգացում  է  ապրում   քարտային բիզնեսը։ Ինչպիսի՞   վճարային քարտեր է տրամադրում Ձեր բանկը։Ինչպիսի՞ հնարավորություններ    և    առավելություններ    են    ընձեռվում    բանկին    VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամությունը և սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը։

Որպես Visa և MasterCard վճարային համակարգերի լիիրավ անդամ, բանկն արտոնագրված Է թողարկելու և սպասարկելու Visa Electron, Visa Classic, Visa Business, Visa Gold, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տեսակի վճարային քարտեր։

Վճարային քարտերը հանդիսանում են «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն մանրածախ բիզնեսի առաջնային ուղղություններից մեկը։ Բանկային քարտերի միջոցով տրամադրվող ծառայությունների լայն սպեկտրը թույլ է տալիս տարեցտարի զգալիորեն ավելացնել գործարքների ծավալները և ապահովել գործառնությունների իրականացման համար հարմարավետ պայմաններ։ Բանկը հաջողությամբ իրականացնում է նաև տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների աշխատակիցներին քարտերի միջոցով աշխատավարձերի տրամադրման նախագծեր։

"ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ն միակն է Հայաստանում, որը հանդիսանում է American Express համակարգի վճարային գործակալը և իր սպասարկման կետերում տրամադրում է ծառայություններ American Express քարտերով։ Մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը բանկը շահագործում էր իր սեփական պրոցեսինգային կենտրոնը։ «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումից հետո բանկի պրոցեսինգային կենտրոնից «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնին անցնելու որոշում ընդունվեց։ Ներկայումս միգրացիայի աշխատանքները հաջողությամբ ավարտված են։ Միգրացիայի հիմնական նպատակը եղել է քարտերի միջոցով տրամադրվող ծառայությունների սպեկտրի ընդլայնումը, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։ Նախատեսվում է բանկի հաճախորդներին տրամադրել այնպիսի նոր ծառայություններ, ինչպիսիք են բանկոմատների միջոցով «քարտից-քարտ» փոխանցումները, կոմունալ վճարումների իրականացումը, վարկերի մարումը և դեպոզիտի ներդրումը, քարտային հաշվի համալրումը կանխիկ գումարի մուտքագրման միջոցով, քաղվածքի ստացումը և այլն։ Նախատեսվում է ներդնել նաև մի շարք ծառայություններ կապված բջջային հեռախոսի միջոցով քաղվածքների ստացման, վճարումների կատարման և կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվության ստացման հետ։ Այս բոլոր հնարավորությունները մեր հաճախորդներին կընձեռվի մինչև ընթացիկ տարվա վերջը։ Միաժամանակ կցանկանայի նշել, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն, հանդիսանալով ԱՐՔԱ վճարային համակարգի անդամ, մոտակա երկու ամիսների ընթացքում պլանավորում է իր սպասարկման կետերում և բանկոմատներում տրամադրել նաև ԱՐՔԱ քարտերի սպասարկման ծառայություններ։

-Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում դրամական փոխանցումների համակարգը և ի՞նչ է առաջարկում «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն։

-Հայաստանը, որպես ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասնակից երկիր, ամենաակտիվներից է ԱՊՀ տարածքում և՛ փոխանցումների ծավալների առումով, և՛ երկրում գործող դրամական փոխանցումների համակարգերի քանակի առումով։

Իր ստեղծման օրից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն որդեգրել է մանրածախ բանկային ծառայությունների (Retail Banking) մատուցման ռազմավարություն։ Դրամական միջոցների փոխանցումները հանդիսանում են բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը։ 2007թ. բանկը ընդլայնել է իր կապերը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների հետ։ Կնքվել են նոր պայմանագրեր «Լիդեր» և «Կոնտակտ» համակարգերի հետ։ Ներկայումս բանկը համագործակցում է դրամական փոխանցումների հինգ համակարգերի հետ, դրանք են` «Բիստրայա պոչտա», «Վեստերն Յունիոն», «Պրիվատմանի», "Լիդեր" և «Կոնտակտ» համակարգերը։ Նշենք, որ 2007 թվականի ընթացքում բանկի միջոցով իրականացված ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը կազմել է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար, որը 20%-ով գերազանցել է 2006թ. ցուցանիշը։

-Պարո'ն     Խանդկարյան,    ներկայացրե'ք,     խնդրեմ,   բանկի վարկային գործառնությունները։ Որքանո՞վ են այդ վարկերը հասանելի բնակչությանը, ովքե՞ր կարող են օգտվել այդ ծառայություններից։

-Բանկն իր հաճախորդներին մատուցում է լայնամասշտաբ վարկային ծառայություններ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին փոքր, միջին և խոշոր բիզնեսի շրջանառության ընդլայնման, կապիտալ ներդրումների նպատակով վարկավորում, ֆիզիկական անձանց կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով ֆինանսավորում (բանկը համագործակցում է մոտ 90 տարբեր առևտրային կետերի հետ), առաջնային և երկրորդային շուկաներից ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով վարկերի տրամադրում, բնակարան կամ առանձնատուն ձեռքբերելու, ինչպես նաև վերանորոգման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրում, ոսկյա իրերի գրավադրմամբ լոմբարդային վարկերի տրամադրում, ավտոմեքենայի և անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրում և այլն։ Բանկն իրականացնում է նաև իր կողմից թողարկվող միջազգային վճարային քարտերի միջոցով օվերդրաֆտների տրամադրում իր հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցներին, որոնց աշխատավարձային ծրագրերը բանկի վճարային քարտերի միջոցով են իրականացվում, բանկը տրամադրում է աշխատավարձի մինչև 300%-ի չափով օվերդրաֆտ, բացի այդ, բանկի կողմից հաստատվել է ՀՀ տարածքում արդյունավետ գործող կազմակերպությունների ցանկ, որոնց աշխատակիցներին ևս տրամադրում է աշխատավարձի մինչև 100%-ի չափով օվերդրաֆտ։ Բոլոր տեսակի վարկերի տրամադրման պայմանները մատչելի են բոլոր նրանց, ովքեր վճարունակ են և ունեն կայուն եկամտաբեր աշխատանք։ Համեմատության համար նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանկի վարկառուների քանակը ավելացել է 4200-ով։

-Ինչպիսի՞ն է պահանջարկն ավանդների ներգրավման գործում։

-«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն վարում է ավանդների ներգրավման բավականին ակտիվ և ճկուն քաղաքականություն և ներգրավված միջոցների ծավալով առաջատարներից է Հայաստանի բանկերում։ Հաճախորդներից ներգրավվում են ավանդներ ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով, տարբեր տոկոսադրույքներով և ժամկետներով, տոկոսագումարների վճարման տարբեր պայմաններով։ Շնորհիվ ավանդների ներգրավման առաջարկվող զանազան պայմանների, հաճախակի անցկացվող ակցիաների, հաճախորդների սպասարկման բարձր կուլտուրայի, բնակչության կողմից ավելի են աճում ներդրումների ծավալները «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ինչը վկայում է բարձր վստահության և հաճախորդների գոհունակության մասին։

2008թ. ընթացքում գրանցվել է ավանդների ծավալի և ավանդատուների քանակի զգալի աճ, մասնավորապես՝ ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 24%-ով և կազմել 9 971 032 հազ. դրամ, որից գերակշռողն ազգային արժույթով ներգրաված միջոցներն են ՀՀ դրամի կայունացմանն ուղղված ՀՀ ԿԲ քաղաքականության և բանկի կողմից ՀՀ դրամով ավանդներն ավելի բարձր տոկոսադրույքներով ընդունելու շնորհիվ։ Բանկը մշտապես հետևում է բանկային համակարգում ներգրավված միջոցների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների և պայմանների փոփոխություններին և ըստ այդմ վերանայում նաև "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները։ Ավանդների ներգրավման գործում մեծ է նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումը։ Համաձայն նշված օրենքի` ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հավաքագրում է ՀՀ բանկերի կողմից կատարված պարբերական երաշխիքային վճարները և օրենքով սահմանված դեպքում և կարգով հատուցում է երաշխավորված ավանդները։

-Բանկային համակարգում բավականին մեծ է հիփոթեքային վարկի պահանջարկը, և Հայաստանում, ի տարբերություն արտասահմանյան շատ երկրների, հիփոթեքային վարկերը տրամադրվում են սպառման ոչ այնքան էլ երկարատև ժամկետով և ոչ այնքան էլ մատչելի տոկոսադրույքներով։

-Միանգամայն ճիշտ է նշված` Հայաստանում մեծ է հիփոթեքային վարկերի պահանջարկը և անշարժ գույքի գների աճին զուգընթաց պահանջարկն ավելի է աճում։ Արտասահմանյան երկրների համեմատությամբ հիփոթեքային վարկերի պայմանները՝ կարճաժամկետությունը, բարձր տոկոսադրույքը, պայմանավորված է հիմնականում ներգրավված ռեսուրսների թանկությամբ, արտասահմանյան երկրների տնտեսության համեմատ երկրի տնտեսական դաշտի բարձր ռիսկայնության, ինչպես նաև բարձր պահանջարկի հետ։ Հաշվի առնելով այն, որ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հիփոթեքային վարկավորմանը, կարելի է ենթադրել, որ ապագայում հիփոթեքային վարկերի պայմանները բնակչության համար առավել շահավետ կդառնան։ Դրա վառ ապացույցը վերջերս ընդունված «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքն է, որը, համոզված եմ`  ավելի կմեծացնի հիփոթեքային վարկերի միջոցով անշարժ գույքի մեջ ներդրումներ կատարելու նկատմամբ բնակչության հետաքրքրությունը և հնարավորությունները։

-Ինչպե՞ս է բանկն ապահովում 2009 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի 5 մլրդ գումարով մեծությունը և ի՞նչ հետագա զարգացում կարող է ունենալ բանկն ապագայում։

-«ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը տեղի ունեցավ երկու փուլերով։ Առաջին փուլում "ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ձեռք բերեց բանկի կանոնադրական կապիտալի առկա գումարի 80%-ը։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջում բանկի կանոնադրական կապիտալը "ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից համալրվեց 6 մլրդ դրամով և ընդհանուր կապիտալի ցուցանիշով "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ն նշանակալի կերպով բարելավեց նշված ցուցանիշը։ Այսօր մեր բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 9.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշով մենք զբաղեցնում ենք 6-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում։

-Պարո'ն Խանդկարյան, մասնաճյուղերի ու բանկոմատների քանակը բավարա՞ր եք համարում բոլոր մարզերի բնակիչների համար բանկային ծառայությունները հասանելի դարձնելու համար, թե՞ դեռևս նոր մասնաճյուղեր և բանկոմատներ են շահագործվելու։

-Ինչպես արդեն նշվեց` 2008 թվականի ընթացքում համալրվեց բանկի կանոնադրական կապիտալը, հաստատվեց մինչև տարեվերջ թվով ութ մասնաճյուղերի բացման, և ևս 40 բանկոմատներով կախիկացման կետերի ցանցի ընդլայնման ծրագրերը։ Մոտ ապագայում մեր մասնաճյուղերն իրենց դռները կբացեն Աբովյանում, Արմավիրում և Արտաշատում։ Տարեվերջին իր դռները կբացի բանկի նոր գրասենյակը «Էրեբունի-Պլազա» հյուրանոցային համալիրում, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ հյուսիսային պողոտայում։ Կբացվեն նաև մասնաճյուղեր Եղեգնաձոր քաղաքում և Դիլիջանում։ Մեր ռազմավարական խնդիրը միշտ մեր հաճախորդների կողքին լինելն է, և այդ նպատակի իրականացման համար մենք պետք է մեր մասնաճյուղերի ցանցն ընդլայնենք ողջ երկրով մեկ։

-Ի՞նչ եք կարծում՝ 1990-ականների բանկային համակարգի վարած քաղաքականության հետևանքով ձևավորված անվստահությունն արդեն անցյալու՞մ է, թե՞, այնուամենայնիվ, դեռևս դժվար է հայ քաղաքացուն բանկային համակարգի հանդեպ վստահություն ներշնչել։

-1990-ականներից արդեն բավականին ժամանակ է անցել և մեր երկիրը շատ մեծ առաջընթաց ունի բանկային համակարգի զարգացման, նորմատիվային դաշտի անընդհատ կատարելագործման գործում, ինչը նպաստում է բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Այս գործում հսկայական է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության դերն ու նշանակությունը, որը կայանում է նրանում, որ իր կարևորագույն խնդիրների իրականացման հետ մեկտեղ կարողացավ վստահության երաշխիք հանդիսանալ ֆինանսական շուկայում։ Բավական է նշել այն հանգամանքը, որ բնակչության համար մեղմ անցավ այսպես կոչված «գրպանային բանկերին» բանկային համակարգից դուրս մղելու գործընթացը։

-Վերջերս լրացավ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման 100 օրը։  Ինչպե՞ս կգնահատեք նրա կատարած աշխատանքն այս ընթացքում, հատկապես տնտեսության բնագավառում։ Կա՞ այն բարենպաստ մթնոլորտը, որի արդյունքում էլ ավելի կզարգանա բանկային համակարգը։                           

-ՀՀ նախագահի կողմից ակնհայտ է երկրի զարգացման գործընթացի նկատմամբ ունեցած հստակ դիրքորոշումն ամեն ինչ անել ներքաղաքական վիճակի կայունացման, երկրի տնտեսության զարգացման համար։ Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրի նախագահի մոտեցումը բանկային համակարգի զարգացման խնդիրներին, ինչը մասնավորապես դրսևորվեց Հայաստանի հանրապետությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու և Համահայկական բանկի ստեղծման գաղափարի մեջ։ Դա ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ` բանկերիս, կատարելագործելու և զարգացնելու բանկային տեխնոլոգիաները և արդյունքում րնդլայնել մեր կողմից հաճախորդներին առաջարկվող ծառայությունները։

-ՀՀ վարչապետ է նշանակվել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս նշանակմանը և ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանի՝ բանկային համակարգում ունեցած աշխատանքային փորձը կգործի՞ Հայաստանում ի նպաստ բանկային համակարգի զարգացման։

-Ավելի քան 10 տարի աշխատելով երկրի գլխավոր բանկիրի պաշտոնում` Տիգրան Սարգսյանը լավագույնս քաջատեղյակ է ՀՀ տնտեսության վիճակին և ներկա խնդիրներին։ Կարծում եմ, որ նա շատ լավ գիտակցում է երկրի տնտեսության ներկայիս առավելություններն ու թերությունները, և որպես Կենտրոնական բանկի նախկին նախագահ բոլոր հնարավորություններն ունի իր պրոֆեսիոնալ փորձը և կարողություններն ի նպաստ դնել ՀՀ տնտեսության և բանկային համակարգի ներդաշնակ, ինտեգրացված զարգացմանը։ Տիգրան Սարգսյանը բացի այն, որ հմուտ և մեծ փորձ ունեցող տնտեսագետ է, նա միաժամանակ բավականին խստապահանջ է իր սեփական անձի և շրջապատի նկատմամբ։ Նրան խիստ բնորոշ են արդարացի և ստեղծված իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնելու ունակությունները։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում բանկային համակարգում առկա մրցակցությունը, և հատկապես ինչպիսի՞ խնդիրների շուրջ է այդ մրցակցությունն առավելապես դրսևորվում։

-ՀՀ բանկային համակարգի զարգացման ներկա փուլում առկա են երկու գերակայող տենդենցներ, մասնավորապես դա բանկերի կապիտալիզացիայի խնդիրն է և հաճախորդների ներգրավումը, ինչն էլ հենց դառնում է բանկային համակարգում առկա մրցակցության հիմնական խնդիրը։Դժվար է Հայաստանում պահել իր տեղը և դիրքն այն պայմաններում, երբ մեր երկրի նման սահմանափակ տնտեսություն ունեցող միջավայրում գործում են մեծաթիվ և այսօր արդեն բավականին ուժեղ կապիտալ ունեցող բանկեր։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մենք պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք կապիտալիզացիայի և բարձրորակ սպասարկման մակարդակը պահպանելու խնդիրները։

-Աշխատանքն ինչպիսի՞ ազդեցություն է ունենում մարդու բնավորության և արժեքային համակարգի ձևավորման գործում։

-Մարդն աշխատանքի ընթացքում ձեռք է բերում բնավորության այնպիսի գծեր, որոնք առանձնահատուկ են իր մասնագիտությանը, աշխատանքում նրա գրաված դիրքին։ Իհարկե, ի սկզբանե չունենալով յուրօրինակ բնավորության գծեր` հնարավոր չէ որոշակի դիրք գրավել աշխատանքում, բայց աշխատանքն ավելի է խորացնում եղած բնավորության գծերը։ Ես` որպես բանկի ղեկավար, միշտ առավելագույնս կարևորել եմ խստությունը, պարկեշտությունը, ազնվությունը և սկզբունքայնությունն աշխատանքում։

-Ձեր աշխատանքը Ձեզանից պահանջում է ...

-Իմ աշխատանքը պահանջում է լինել ուշադիր, հետևողական, մշտապես աշխատել պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման վրա, շատ կարևոր է բոլորի հետ ազնիվ լինել և կարողանալ լսել բոլորին, չվախենալ սեփական սխալներն ընդունելուց և աշխատել ապագայում խուսափել նույն սխալներից։

-Պարո'ն Խանդկարյան, ինչպիսի՞նն եք Դուք ոչ աշխատանքային միջավայրում։ Շա՞տ է տարբերվում Արմեն Խանդկարյանը գործում և գործից դուրս։

-Գրեթե նույնը, չեմ կարող տարբեր լինել աշխատանքի վայրում և տանը, քանի որ մի բնավորության տեր եմ։ Վստահում եմ մարդկանց, հաճույքով օգնում եմ մտերիմներիս, բայց պահանջում եմ նույնը։ Խիստ եմ երեխաներիս հանդեպ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...