15:10
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինչպես արևն է իր մեջ ամփոփում ջերմությունը, լույսը և կրակը, այնպես էլ հայն է իր մեջ ամփոփում և՛ ղարաբաղցուն, և՛ հայաստանցուն, և՛ սփյուռքահային

2013-04-12 11:18

«Դե Ֆակտո» 65 (2011թ.)

-Կարո Քեբաբջյան, Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր  նախագահ, Մեծ վարպետ, Մերձավոր Արևելքում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչ

Ես լույս աշխարհ եմ եկել որոշակի առաքելությամբ, այն է` օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, ինչպես նաև հետամուտ լինել Հայ դատի խնդիրների լուծմանը։

-Պարո՛ն Քեբաբջյան, Դուք Ձեր գործունեությամբ, վաստակով արժանի եք խորին հարգանքի։ Հետաքրքիր է իմանալՁեր ո՞ր տարիքն եք համարում Ձեր կենսափիլիսոփայության ձևավորման սկիզբը։ 

-Իմ գիտակցական տարիքը 7 տարեկանն է, երբ ես բացահայտեցի ինձ, իմ անսովոր կարողություններն ու ներաշխարհը, որով առանձնանում էի իմ հասակակիցներից։ Այդ մասին էր խոսում նաև այն հանգամանքը, որ բոլորն ինձնից զգուշանում էին, ես որոշակի ազդեցություն էի գործում մարդկանց վրա, և ամենատկարը լինելով` ամենահզորին կարողանում էի հաղթել։ Ինձ օգնում էր իմ ներքին էներգիան։ Ես այնպիսի զգացողություն ունեի, որ լույս աշխարհ եմ եկել որոշակի առաքելությամբ, այն է` օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, ինչպես նաև հետամուտ լինել Հայ դատի խնդիրների լուծմանը։ Ընտանիքս փոքր տարիքից գիտեր, որ ես սովորական երեխա չեմ ու ինձ հենց այդպիսին էլ ընկալում էր։ Նրանք ընդունում էին մարդու իմ տեսակը և չէին փորձում փոխել։

1976թ. ես պաշտոնապես հիմնեցի Հայ սև գոտիների միջազգային ակադեմիա (ABBA), որի նշանաբանն է «Այբ-3»-ը` «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի»։

-Հետագայում ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը։ 

-Նախ նշեմ, որ երբ դպրոցն ավարտեցի, 1970-ական թթ. էին, երբ կար Խորհրդային Հայաստան, կազմակերպված Ափյուռք. ժամանակն էր Հայ դատի մասին մտածելու։ Ես, որպես սփյուռքահայ երիտասարդ, ում գերդաստանը  գրեթե ամբողջովին բնաջնջված էր, միայն մեծ մայրս էր հրաշքով փրկվել,  միտված էի իմ անձն ամբողջովին նվիրաբերել ազգային հարցերի լուծման գործին։  Մեզ համար առաջնային խնդիր էր Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ես ասում էի` մենք չենք կարող միայն սգալով այդ հարցը լուծել։

Ի դեպ նշեմ, որ մեր տոհմը ծագում է Լուսինյանների տոհմից, պարզապես ջարդերի ժամանակ մեր ազգանունը փոխվել է Քեբաբջյանի։

Ես որոշեցի իմ ներքին էներգիան օգտագործելով` դառնալ բժիշկ, բայց հետաքրքրվելով մարտարվեստով, հասկացա, որ դառնալով մարտարվեստի վարպետ` կարող եմ երիտասարդներին համախմբել մեկ գաղափարի շուրջ։ Իմ նպատակն էր` նրանք ինձ հետ միասին նպատակաուղղված գործունեություն ծավալեն հայապահպանության, ազգային ինքնագիտակցության ձևավորման և Հայ դատի խնդիրների լուծման գործում։ Մենք մտածում էինք` ցեղասպանությունից մազապուրծ եղածների զավակները պետք է  պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այդ ժամանակ   Ուշուն գաղտնի գիտություն էր, չկային մարտարվեստի դպրոցներ։ Ինձ հաջողվեց ծանոթանալ ուշուի վարպետների հետ, ովքեր ինձ օգնեցին դառնալ Մեծ վարպետ։ Այնուհետև անդամակցեցի Սև գոտիների միջազգային կազմակերպությանը, 1974թ. դարձա Մերձավոր Արևելքի սև գոտիների կազմակերպության մարզիչ, այնուհետև` Մերձավոր Արևելքի չեմպիոն։  Նույն տարում սկսեցի մարզել հայ երիտասարդներին։ Միակը լինելով հայերի մեջ` Սփյուռքի տարբեր գաղութներում բացեցի կենտրոններ, և իմ պատրաստած մասնագետներին ուղղորդեցի դեպի հայկական մյուս գաղութներ` մարզելու հայ երիտասարդներին։ 1976թ. պաշտոնապես հիմնեցի Հայ սև գոտիների միջազգային ակադեմիա (ABBA)։ Այս տարի տոնում ենք Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի  (ABBA) 35-ամյակը։

Այդ թվականներին Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ համայնքների միջև։ Հայերը սկսեցին համախմբվել և դիմել ինքնապաշտպանության։ Շնորհիվ հայկական կուսակցությունների ղեկավարների խոհեմության` հայերը միասնականորեն պաշտպանեցին իրենց համայնքները` բռնելով չեզոք դիրք, և այդպիսով կարողացան նվազագույն զոհերով դուրս գալ այդ ժամանակաշրջանից։ Այդ տարիներին ես Լիբանանի հայկական 7 դպրոցներում դասավանդում էի մարտարվեստ, պատրաստում ֆիզիկապես մարտունակ երիտասարդների, ովքեր էլ մեծ օգուտ բերեցին ինքնապաշտպանության գործին։ 

Իհարկե, հետագայում ես նման գործունեություն սկսեցի ծավալել նաև Հայաստանում, հիմնականում սահմանամերձ գյուղերում, որտեղ դրա կարիքն ավելի շատ կար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ  հիմնեցի ԼՂՀ ուշուի ֆեդերացիան` կրթելով 1000-ավոր երիտասարդների։ Սփյուռքից 4 մարզիչներ եկան, մնացին Ղարաբաղում` մարտարվեստի դպրոցներում աշխատելու և դասավանդելու համար։

2001թ. Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան իր 25-ամյակի առթիվ հովանավորեց Հայաստանում անցկացվելիք  ուշուի աշխարհի 6-րդ  առաջնությունը։  

Այսօր ես ուրախ եմ հայտնել, որ Թուրքիայում անցկացվող աշխարհի ուշուի մրցումներում ԼՂՀ-ից Հայաստանի ներկայացուցիչը` Եվրոպայի ուշուի չեմպիոն Դավիթ Գևորգյանը, գրավեց աշխարհում 2-րդ  տեղը` բարձրացնելով հայկական եռագույնը։

-Ի՞նչ գաղափարներով է իրականացվում երիտասարդների կրթության գործընթացը։ 

-Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի նշանաբանն է «Այբ-3»-ը` «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի»։ Հայ երեխան պետք է լինի մարմնով առողջ և մարտունակ, մտքով արթուն, որպեսզի չխաբվի զանազան ապազգային հոսանքներին և պետք է լինի հոգով ազնիվ, որ ղեկավար դառնալու դեպքում ազնվորեն կառավարի և ծառայի իր ժողովրդին։ Այսօր աղանդները մեծ ոճիր են իրականացնում Հայաստանում, նրանց դեմ պայքարելու միակ ձևը երիտասարդներին ազգային գաղափարախոսությամբ դաստիարակելն է։

Երբ խորհրդային տարիներին ես խոսում էի Հայաստանի անկախության մասին, ինձ ոչ ոք չէր հավատում։

-Ինչպե՞ս առաջին անգամ եկաք Հայաստան։

-Ես գիտեի, որ Հայաստանը պետք է անկախանար, և որ պետք է Ղարաբաղը ազատագրվեր։ Երբ 30 տարի առաջ ես խոսում էի այդ մասին, ինձ ոչ ոք չէր հավատում։

1987թ. ես առաջին անգամ եկա Հայաստան, Խորհրդային Հայաստանի մարմնակրթության կոմիտեի հրավերով` որպես մարտարվեստի մեծ վարպետ։ Դեռևս այդ ժամանակ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հետ հարցազրույցի ընթացքում ես հայտարարեցի, որ Հայաստանը անկախ պետություն է  դառնալու.«Համլետ ջան, դու գիտե՞ս, որ  Հայաստանը վաղը լինելու է շատ սիրուն երկիր` բարձր շենքերով»։ Ես միշտ իմ աշակերտներին ասում էի` պատրաստվեք ՀՀ անկախությանը և Հայաստան վերադառնալուն։ 

Այդ ժամանակվանից  սկսած` ես  հաճախակի էի գալիս Հայաստան։ 

Ես հպարտ եմ, որ երկրաշարժի տարիներին ինձ հաջողվեց օգնել հայ ժողովրդին։ 

-Երկրաշարժից տուժածների համար Դուք Ձեր օգնությունը բերեցիք Հայաստան։ Պատմեք, խնդրեմ, այդ տարիների մասին։  

-Այդ տարիներին ես աշխատում էի Ֆրանսիայում։ Ֆրանսիական գաղութը «Կապույտ խաչի» միջոցով պետք է օգնություն ուղարկեր Հայաստան։ Ես նույնպես մասնակցեցի այդ նախաձեռնությանը,  իմ կապերի միջոցով մեծ գումարներ հայթայթեցի, և 1988թ.  Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին օդանավով օգնություն բերեցի Հայաստան։ Հպարտ եմ, որ կարողացա երկրաշարժի տարիներին օգնել հայ ժողովրդին։

Լեռնային Ղարաբաղի հարցում մեր մղումներն ազնիվ են, ինչը չպետք է մոռանալ և առանց մտավախությունների` շարժվել առաջ։

-Պարո՛ն Քեբաբջյան, Դուք ԼՂՀ ներկայացուցիչն եք Մերձավոր  Արևելքի երկրներում։ Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր աշխատանքի մասին։

-Պետք է նշեմ, որ Ադրբեջանը ջանքեր չի խնայում խանգարելու, որ այդ հարցի մասին չխոսվի, բայց մենք խնդիր չունենք, քանի որ մենք Լիբանանում ունենք ներկայացուցչություն, որտեղ այցելել է և՛ մեր նախագահը, և՛ վարչապետը։ Իմ տեսակետը հետևյալն է` մենք ազնիվ ենք և մեր մղումներն էլ են ազնիվ, ինչը չպետք է մոռանալ և առանց մտավախությունների` շարժվել առաջ։ Վախկոտը գողն է, ավազակն է, ոճրագործն է։

-Ըստ Ձեզ` Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։ 

-Ղարաբաղը կայացած պետություն է, և ես այդ պետության  ներկայացուցիչն եմ։ Մենք պատերազմը հաղթեցինք, ազատագրեցինք մեր տարածքները, իհարկե, մեր օրինական տարածքներն ավելի շատ էին։ Ղարաբաղի հարցը լուծվել է այն օրը, երբ մենք Ղարաբաղը հայտարարեցինք Հանրապետություն։ Այսօր Ղարաբաղը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում, նրանք  հետաքրքրված են Ղարաբաղի մաքուր բնությամբ։ Ղարաբաղում խնդիր ունենք ազգաբնակչության թվաքանակի ավելացման և տնտեսության զարգացման հետ կապված։ Պետք է աշխատատեղեր բացվեն, և Սփյուռքից հայերը գան ու բնակվեն այնտեղ։ Պետք է միշտ հիշենք, որ Ղարաբաղի ճակատագիրը համայն հայության խնդիրն է, և ամենքս հավասարապես պատասխանատու ենք Ղարաբաղի պաշտպանության, զարգացման և հզորացման համար։

Ընտրել եմ Շուշին, որ աշխարհը հստակ իմանա` Շուշին վերջնականապես ԼՂՀ-ի մայրաքաղաքն է։

-Դուք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նույնպես լայնածավալ գործունեություն եք ծավալում, վերջերս տեղի ունեցավ Ձեր հիմնած «Շուշի Գրանդ Հոթելի» բացումը։ Ինչո՞ւ հենց Շուշիում որոշեցիք հյուրանոց կառուցել։   

-Ես Ղարաբաղում երկար տարիներ է, ինչ գործունեություն եմ ծավալում. խոսեցի ԼՂՀ Քունքֆու ուշուի ֆեդերացիայի մասին։ Ընտրել եմ Շուշին, որ աշխարհը հստակ իմանա` Շուշին վերջնականապես ԼՂՀ-ի մայրաքաղաքն  է։ Մենք պետք է Շուշին դարձնենք արվեստի, մշակույթի, միասնականության, պայքարի խորհրդանիշ, Շուշին մեր Յերուսաղեմն է։

12 տարի առաջ ներկայիս  «Շուշի Գրանդ Հոթելի» տարածքը հատկացվեց ինձ, որտեղ էլ պետք է հիմնեինք ֆեդերացիայի կենտրոնը։ Դա համալիր ծրագիր է, որի առաջին փուլը «Շուշի Գրանդ Հոթելի» կառուցումն էր, իսկ հետագայում պետք է ստեղծվի ուշուի ֆեդերացիայի կենտրոնն իր մարզասրահով, չինական առողջարանով։  Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին` Ալեքս Սարաֆյանին (Նյու Յորք), Ժան Մալաքին(Լիբանան), Գրիգոր Թերզյանին(Լիբանան), ովքեր ինձ հետ միասին մեծ քաջությամբ նախաձեռնեցին այս գործը` դառնալով օրինակ մյուս սփյուռքահայերի համար։ Այսօր 30 աշխատատեղ է բացվել Շուշիում, սակայն այդ թիվը կարող է ավելանալ, եթե նույն միասնականությամբ շատերը քաջություն դրսևորեն։ 

ԼՂՀ նախագահի պարգևատրումն ինձ համար ամենաթանկն է ու ամենակարևորը։

-Դուք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեցիք  «Վաչագան Բարեպաշտ» հուշամեդալով։ Ի՞նչ կարևորություն ունի այն Ձեզ համար։ 

-Բակո Սահակյանն ինձ պարգևատրեց ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ։ Ես 35  տարվա  ընթացքում տարբեր երկրներում հիմնել եմ նրանց Քունքֆու ուշուի ֆեդերացիաները` օգնելով օտարներին ունենալու մարտարվեստի կենտրոններ։ Մարզել եմ օտար երկրների սպաներին և այդ ամենի համար միջազգային ամբիոններից պարգևատրվել եմ, բայց այս մեդալն ինձ համար  ամենաթանկն է։ Ես ոչ թե ուրախացա, այլ ավելի շատ հպարտացա, և 35 տարվա ընթացքում իմ ստացած բոլոր ոսկե մեդալները դարձան զրոյական։

Թուրքիային պետք է ստիպենք, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

-Պարո՛ն ՔեբաբջյանՀայոց ցեղասպանության 100-ամյակին բոլոր հայերը սպասում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

-Պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունն ավելի խորը բովանդակություն ունի, քան պարզապես  միլիոնավոր զոհեր ունենալը, մենք կորցրել ենք մեր արմատները, հողերը, մշակութային կենտրոնները։ Միակ ճանապարհը Թուրքիային ներելու և հաշտվելու` նրանց կողմից ցեղասպանությունն ընդունելն է, հողերը վերադարձնելը իր իրական սեփականատիրոջը` հայ ժողովրդին։ Մենք այլևս չենք ուզում նկարներով տեսնել Արարատը, Անին, Կարսը, մենք պետք է ապրենք այդ հողերի վրա։ Մենք և քաղաքակիրթ աշխարհը պետք է Թուրքիային ստիպի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սփյուռքն իր անելիքն է անում, Հայաստանն էլ` իրենը։  Մեր երկու գրասենյակներն էլ պետք է աշխատեն և դառնան հայ դատի մեկ գրասենյակ։

-Հայկական կողմի նախաձեռնությունը դրակա՞ն եք գնահատում` կապված  հայ-թուրքական արձանագրությունների հետ։

-Նախաձեռնությունը ոգևորող էր, սակայն ցավալին այն է, որ հենց սկզբից էլ նկատելի էր, որ Թուրքիան խաբում է մեզ։ Մենք պետք է խոստովանենք, որ  պատերազմներում հաղթել ենք, իսկ բանակցություններում` պարտվել։ Պարզապես մենք պետք է արթուն լինենք և կարողանանք օգտվել աշխարհաքաղաքական  տարբեր իրադրություններից։ Այսօր պետություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ իրենց շահն իրենց համար միշտ գերակա է ու պետք է օգտվել երկկողմանի շահերի համընկնման առիթներից։

Հայ, ով իր մեջ միաձուլել է Հայաստանը, Սփյուռքը և Արցախը։

-Պարո՛ն ՔեբաբջյանԴուք շատ հարուստ կենսագրություն ունեք, որում ազգային գործունեությունը մեծ տեղ է գրավում։ Ինչո՞վ եք զբաղվում ներկայում։ 

-Եթե նախկինում Հայաստան էի գալիս կարճ ժամանակով, հետո մեկնում, ապա  վերջին երեք տարիներին ես որոշեցի թողնել իմ բոլոր գործերը դրսում և վերադառնալ հայրենիք` մշտական բնակության։ Որոշ ժամանակ Երևանում եմ լինում, որոշ ժամանակ` Արցախում,  որոշ ժամանակ` Լիբանանում։ Այդ պատճառով շատ լավ եմ հասկանում  Սփյուռքի, Ղարաբաղի, Հայաստանի վիճակը։ Ես ինձ համարում եմ ղարաբաղցի, հայաստանցի, սփյուռքահայ։ Ինչպես արևն է իր մեջ ամփոփում ջերմությունը, լույսը և կրակը,  այնպես էլ հայն է իր մեջ ամփոփում և՛ ղարաբաղցուն, և՛ հայաստանցուն,և՛ սփյուռքահային։ Ներկայումս ես  ապրում եմ Աշտարակում։ Այնտեղ հողատարածք ունեմ, այգիներ։

-Շփվելով հայաստանցիների հետ` ի՞նչ տպավորություն եք ստանում Հայաստանում տիրող հասարակական-քաղաքական կյանքից։

-Ինձ վիրավորում և ցավեցնում է այն երևույթը, որ մարդիկ ինձ մոտենում են խնդրանքով` լուծել նրանց եվրոպական վիզա ստանալու խնդիրը, որ կարողանան հեռանալ երկրից։  Սակայն ես կարծում եմ` փոխանակ մթությունը անիծելու` անհրաժեշտ է մոմ վառել։ Այսինքն` մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նեդրումն ունենա պետության զարգացման գործում։ Մեզանում պակասում է  ազգային գաղափարախոսությունը։ Ցավալի է, որ  այսօր տիրում է գրպանի քաղաքականություն, որտեղ կարևոր արժեքներ են փողը և պաշտոնը։ Անհրաժեշտ է առաջնորդվել հոգևոր արժեքներով, այլ ոչ թե նյութապաշտական մղումներով։ Հայաստանի փրկությունը հոգևոր հեղափոխության մեջ է, ուր արդարությունն է իր վերջին խոսքն ասելու։

Նաև պետք է բացել դռները Սփյուռքի առաջ, որ սփյուռքահայերը գան, ապրեն ու աշխատեն Հայաստանում։

Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով գիտակցելով Սփյուռքի կարևորությունը Հայաստանի համար` ստեղծեց Սփյուռքի նախարարությունը, որը պետական մակարդակով ավելի է ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի կապը։ Հուսով եմ մոտ ապագայում սփյուռքահայերին տեսնել Հայաստանի պետական գործիչների շարքերում։  

-Պարո՛ն Քեբաբջյան, չինական փիլիսոփայության հիմքում ընկած է ինի և յանի հավասարակշռությունը։ Ինչպե՞ս պահպանել այն  քաղաքականության մեջ։ 

-Հայաստանի սիրտը Երևանն է, որը անընդհատ ծաղկում է, գեղեցկանում,  ՀՀ զարգացման կենտրոնն է։ Սակայն Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը նաև սահմանամերձ գյուղերն են, քաղաքները, որոնք կարծես անուշադրության են մատնվել։ Սա այն անհավասարակշռությունն է, որը տիրում է Հայաստանում, և որը թույլ չի տալիս, որ Հայաստանը առաջընթաց ապրի։ Դա էր, թերևս, պատճառը, որ ես իմ գործունեությունը  հիմնականում ծավալում էի ոչ Երևանում։

Մեր պետական այրերը պետք է լրջորեն մտածեն այս հարցի շուրջ։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Ինչպես նշեցի, ես ապրում եմ Աշտարակում։ Այնտեղ  հողատարածք ունեմ, որտեղից երևում են Արարատը, Արագածը և Արա լեռը։ Ուզում եմ իրականացնել «Այբ-3» նախագիծը` սփյուռքահայեր բնակեցնելով այդտեղ։ Իմ ծանոթներից արդեն շատերը եկել են և  տներ են կառուցում։  Ես 50 հազար հետևորդ ունեմ, ովքեր մարզվել են իմ մոտ։ Ես նրանց բացատրում եմ, որ անցել է ռոմանտիկ հայրենասիրության ժամանակը, պետք է կապվենք մեր մայր հողին, մեր քրտինքը խառնենք այս հողի հետ, որ իմանանք նրա արժեքը։ Քննադատելը լավ բան է` պայմանով, որ գործենք։

Իմ մյուս ծրագիրը Երևանում  սեփական Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի կենտրոն ունենալն է, որը պետք է լինի Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի մայր կենտրոնը, որտեղ կարող են անվճար ուսանել մեր  հայ երիտասարդները։  Իհարկե, Երևանի տարբեր համայնքներում մենք մարզումներ անցկացնում ենք, սակայն չունենք մեր սեփական կենտրոնը։  Ինձ շատերն են խոստացել տարածք տրամադրել այդ ծրագրի իրականացման համար, սակայն դա դեռևս խոստում է մնացել։

Ուզում եմ տեսնել Արևմտյան Հայաստանի անկախությունը։

-Ըստ Ձեզ` ո՞րն է մարդու երջանկության գաղտնիքը։  

-Մարդն իր ամեն օրը պետք է ապրի այնպես, ինչպես վերջինը։ Մարդիկ չեն  գիտակցում, որ իրենք մահկանացու են։ Եթե այդ գաղափարով ապրեն, իրենց  ապրելակերպը, մտածողությունն ամբողջությամբ կփոխվի, որն էլ կհանգեցնի կյանքի որակի փոփոխության։ Ես այդպես եմ ապրում, դա է պատճառը, որ նյութական արժեքներն ինձ համար երկրորդական են։ Նա, ով մահվան գաղտնիքն իմացավ, կյանքի մեջ համ կտեսնի, իմաստ։

Հայտնի առածն ասում էԱշխատիր այնպես, որ դու անմահ ես, ապրիր այնպես, որ վաղը դու մահկանացու ես»։

Իմ ամենամեծ ուրախությունն իմ թոռնիկն է` Սվետլանա Աղաջանյանը, ում հետ շատ ժամանակ եմ անցկացնում։

-Կյանքում ի՞նչն է Ձեզ ուրախացնում։

-Ես ուրախություն ունեցա տեսնել երեք բան` Հայոց ցեղասպանության ճանաչումը Սփյուռքի մեջ, Հայաստանի անկախությունը, ԼՂՀ անկախությունը։ Եթե կա չորրորդ բան, որ ուզում եմ տեսնել և ուրախանալ, Արևմտյան Հայաստանի անկախությունն է։

Որպես անձ` իմ ամենամեծ ուրախությունն իմ թոռնիկն է` Սվետլանա Աղաջանյանը, ում հետ շատ ժամանակ եմ անցկացնում։

Իմ ամբողջ կյանքը կարծես ճամփորդությունների շարք է եղել, 10-յակ անգամներ փոխել եմ բնակությանս վայրը և երեխաներիս մեծանալը չեմ վայելել` լինելով ազգային գործերի մեջ։ Այսօր ուրախ եմ, որ գոնե թոռնիկիս մեծանալը վայելում եմ, և նրա մեջ տեսնում եմ ամբողջ հայ ազգի երեխաներին։ Ուրախանում եմ նրանցով, քանի որ նրանք ազատագրված են մեր բարդույթներից, և հույս ունեմ, որ իրենք կտեսնեն Հայաստանի լավ օրերը։ Ես կուզենամ, որ նոր սերունդը ապրի մայր հայրենիքում։

 -Հրաշքներին հավատո՞ւմ եք։

-Անշո՛ւշտ, հրաշքներին ես հավատում եմ դեռ փոքրուց։ Իմ կյանքում ես շատ հետաքրքիր րոպեներ եմ ապրել, որոնցում իմ կյանքը չորս անգամ լրջորեն վտանգվել է։ Եթե չլիներ տիեզերական միջամտությունը, ապա ես չէի կարող կենդանի մնալ։ Հրաշքից բացի, այլ կերպ չեմ կարող անվանել այդ երևույթը։

  Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...