06:35
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սպարտակ Մելիքյան

2013-04-10 11:27

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Քաղաքական առողջ  ուժերի միավորում` ԺԱԿ- շուրջ. քննարկումները սկսված են

 Սպարտակ Մելիքյան, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ, «Գարդմանա երկիր» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ

-Պարո՜ն Մելիքյան, ընթացիկ տարին Հայաստանի ներքաղաքական դաշտի համար նշանավորվեց անակնկալ նոր փոփոխություններով և զարգացումներով. խոսքը, բնականաբար, իշխանության և ընդդիմության միջև մեկնարկած երկխոսության մասին է։ Ինչպե՞ս կգնահատեք երկու կողմերի այդ որոշումը։

-Իշխանական կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև վերջերս մեկնարկած քաղաքական երկխոսությունը, իհարկե, ողջունելի փաստ էր, բայց, ցավոք, այն կարճ տևեց և, ամենայն հավանականությամբ արդեն մտել է փակուղի։ Հաջողությամբ շարունակվելու դեպքում, ըստ իս, երկխոսությունը կարող էր հնարավորությունների նոր դուռ բացել Հայաստանի քաղաքական դաշտի հետագա առաջընթացի, քաղաքական նոր մշակույթի ձևավորման համար։ Ինչ վերաբերում է երկխոսությունից կոնկրետ իմ սպասումներին, ապա կցանկանայի, որպեսզի շարունակվելու դեպքում կողմերը, որպես օրակարգի գլխավոր թեմա, հնարավորինս բաց և կառուցողական քննարկումներ ծավալեին 2012թ. Ազգային Ժողովի հերթական ընտրությունների անհամեմատ ազատ և թափանցիկ անցկացման հնարավորությունների, առկա խոչընդոտների հաղթահարման ուղիների շուրջ։

ՀԱԿ-ին, թերևս, ոչ ընդդիմադիր են համարում այն անձինք կամ քաղաքական շրջանակները, ովքեր իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը համարում են իբր երկուսի միջև վաղօրոք ձեռք բերված ինչ-որ ներքին, գաղտնի համաձայնության արդյունք։

-ՀԱԿ-ին այսուհետ համարու՞մ եք արմատական ընդդիմադիր ուժ, ինչպես իրենք են իրենց ներկայացնում։ Ըստ Ձեզ` քաղաքական ո՞ր ուժն այսօր ունի իրապես ընդդիմադիր կեցվածք։

-ՀԱԿ-ն, ըստ իս, եղել և մնում է որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, որը հետամուտ է իր նպատակներին, որքան էլ դրանք անընդունելի լինեն իշխող կոալիցիայի և հասարակության որոշ ստվար շերտերի համար։ Իհարկե, անձամբ ինձ համար ևս անընդունելի, անբացատրելի շատ բաներ կան ՀԱԿ-ի` որպես քաղաքական ուժի գործելաոճում։ Օրինակ, անհասկանալի է, թե ինչու ծայրահեղ հավակնություններ դրսևորած ընդդիմադիր ուժին մինչ օրս այդպես էլ չի հաջողվում առավելագույնս պարզ, մատչելի լեզվով մեր հանրությանը ներկայացնել-հասցնել իր քաղաքական ծրագրերի բուն էությունը։ Ինչևէ, ՀԱԿ-ին ընդդիմադիր չհամարելու համար, գոնե առայժմ, ես չեմ տեսնում որևէ համապատասխան փաստ կամ հիմնավոր պատճառ։ ՀԱԿ-ին, թերևս, ոչ ընդդիմադիր են համարում այն անձինք կամ քաղաքական շրջանակները, ովքեր իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը համարում են իբր երկուսի միջև վաղօրոք ձեռք բերված ինչ-որ ներքին, գաղտնի համաձայնության արդյունք։ Սակայն, իմ համոզմամբ, ՀԱԿ-ին ընդդիմադիր չհամարելը դուրս է քաղաքական սթափ տրամաբանությունից։ Տարաբնույթ շահարկումներից և մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով` ես չեմ հիշատակի որևէ այլ ընդդիմադիր կուսակցության անվանում։ Իսկ թե եղածներից որն է իրապես ընդդիմադիր, որը` ոչ, կարծում եմ` բոլորի համար պարզ կդառնա բուն նախընտրական գործընթացների մեկնարկից հետո։

-ԺԱԿ-ը, բնականաբար, ունի իր մարզային գրասենյակները։ Ինչպիսի՞ արձագանքներ են ստացվում այնտեղ, ժողովուրդը հիասթափություն ապրե՞լ է ներքաղաքական դաշտում տեղի ունեցած զարգացումներից։

-Արձագանքները տարբեր են լինում` և՜ հուսահատ, և՜ լիահույս։ Սակայն մեկ բան ակնհայտ է` մարդկանց գերակշիռ մասը անկեղծորեն ողջունում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` վստահ, որ քաղաքական հակասությունների շուտափույթ, սահուն հաղթահարումը ուղղակիորեն կնպաստի մեր համազգային խնդիրների հանգուցալուծմանը, մեր առկա ներուժի համախմբմանը, նաև որպես դրա հետևանք` սոցիալ-տնտեսական վիճակի անշեղ բարելավմանը։

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ընթանում է իր բնականոն հունով, և ի սպառ բացակայում են թե՜ փակուղային իրավիճակները, թե՜ հատկապես արտահերթ ընտրությունների հանդեպ պահանջարկի դրսևորումները։

-Հավանական համարու՞մ եք արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։

-Բնականաբար, ոչ։ Ցանկացած համապետական ընտրություն չափազանց լուրջ և կարևոր իրադարձություն է տվյալ երկրի, պետության և ժողովրդի համար։ Նախ, ըստ իս, յուրաքանչյուր հերթական համապետական ընտրություն հանդիսանում է որպես մի յուրօրինակ փուլային հանգրվան, որտեղ, հերթական մեկնարկից առաջ, նախ համակողմանի ամփոփվում են անցած փուլի արդյունքները, ապա և առավելագույնս կոնկրետացվում են հետագա դինամիկ առաջընթացի գլխավոր ուղենիշերը, առաջնահերթությունները և ապագային միտված ռազմավարական ծրագրերը։ Հետևապես` ցանկացած արտահերթ ընտրություն միմիայն կարող է հանգեցնել ոչ դինամիկ, ոչ կառուցողական պրոցեսների ակտիվացմանը` տվյալ երկրին, պետությանը և ժողովրդին, իրենց կամքին հակառակ, դուրս մղելով առաջընթացի բնականոն հունից, նաև կանգնեցնելով նորանոր, անհարկի խնդիրների և դժվարությունների առջև։ Նման ծանր զոհողության, ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, ժողովուրդները դիմել են ոչ թե քաղաքական ինչ-որ ուժերի դրդմամբ, այլ ակնհայտ փակուղային իրավիճակներում, երբ վերջնականապես սպառված են եղել կյանքի բարելավման, առկա հիմնախնդիրների հաղթահարման բոլոր միջոցները։ Իսկ Հայաստանում, ինչպես տեսնում ենք, հասարակական-քաղաքական կյանքն ընթանում է իր բնականոն հունով, և ի սպառ բացակայում են թե՜ փակուղային իրավիճակները, թե՜ ներքաղաքական ճգնաժամերը, թե՜ հատկապես արտահերթ ընտրությունների հանդեպ պահանջարկի դրսևորումները։

Իմ ղեկավարած կուսակցությունը` ԺԱԿ-ը, այսօր իսպառ անհավանական չի համարում  իր մասնակցությամբ առողջ քաղաքական ուժերի միավորում ձևավորելու հեռանկարը, և այդ տարբերակի շուրջ արդեն քննարկումներ է անցկացրել։

-Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, ողջ քաղաքական դաշտը նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ Այդ ուղղությամբ ինչպիսի՞ գործունեություն է ծավալում ԺԱԿ-ը։

-Մեր մարզային գրասենյակները շարունակում են իրենց ամենօրյա, բնականոն աշխատանքը։ Նախընտրական աշխատանքների մասին առայժմ շատ բան չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այս անգամ մեր կուսակցությունը կորոշի ընտրություններին մասնակցել ինքնուրու՞յն, սեփական ցուցակո՞վ, թե՞ նախապատվությունը կտա ընտրական այլ ձևաչափերի։ Կարծում եմ` այս հարցում վերջնական հստակություն կմտցվի մինչև տարեվերջ։ Գալով քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ընթացող նախապատրաստական աշխատանքներին և ներկա ներքաղաքական իրողություններին ` ուզում եմ նախ հույս հայտնել, որ դրանցում գոնե այս անգամ անհամեմատ մեծ է լինելու երիտասարդ կադրերի, նոր սերնդի քաղաքական գործիչների մասնակցության չափը։ Հաջորդը, ըստ իմ դիտարկումների, Հայաստանի ներքաղաքական դաշտում ներկայումս ձևավորվել է ուժերի այնպիսի հարաբերակցություն, երբ հիմնական հավակնորդները, լինի, օրինակ, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը, պարզապես ի վիճակի չեն լինելու հերթական ԱԺ ընտրություններում սոսկ սեփական ուժերով, ինքնուրույն ստանալ ընտրաքվեների 50 և ավել տոկոսը։ Հետևապես, կարծում եմ, որ իրենց նախանշած նպատակներին հասնելու համար նրանք ստիպված են լինելու համագործակցել այլ համախոհ, ողջամիտ քաղաքական ուժերի հետ։ Այլապես` հերթական անգամ Հայաստանում կձևավորվի կոալիցիոն կառավարություն։ Ի դեպ, իմ ղեկավարած կուսակցությունը` ԺԱԿ-ը, այդ առումով այսօր իսպառ անհավանական չի համարում, օրինակ, իր մասնակցությամբ առողջ քաղաքական ուժերի միավորում ձևավորելու հեռանկարը և այդ տարբերակի շուրջ արդեն քննարկումներ է անցկացրել։

Հարկ է գործնական ուշադրություն դարձնել ներդրումային դաշտի գրավչության, նաև վստահության մեծացման խնդիրներին, ինչպես դա անում են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ։

-ԺԱԿ-ի կարգախոսն է` «Արժանի տեղ փոքր ու միջին բիզնեսին»։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացման ուղիները։ Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրի Հայաստանի տնտեսական քաղաքականությունը։

-Փոքր և միջին բիզնեսի զարգացումը եղել է և կա Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, բայց, ավաղ, փոքր և միջին բիզնեսը Հայաստանում դեռևս չի գտել իր արժանի տեղը։  Մեր երկիրը չունի ոչ նավթագազային և այլ կարգի խոշոր ռեսուրսներ, և ոչ էլ արդիական մրցունակ արտադրական հզորություններ։ Իսկ առկա համեմատաբար խոշոր արտադրական հզորությունները, ինչպես նաև ֆինանսական և ինտելեկտուալ պոտենցիալը հիմնականում կենտրոնացած են Երևանում և հանքահումքային արդյունաբերության ավանդական կենտրոնների շուրջ։ Այլ կերպ ասած` դրանք անհավասար են բաշխված հանրապետությունում, և գերկենտրոնացել են խիստ որոշակի տարածքներում և խիստ որոշակի անձանց միջև։ Հետևապես, լավագույն դեպքում, դրանք ապահովում են նշված տարածքների համեմատաբար դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացումը, իսկ հաճախ նաև` անձնավորված ինչ-ինչ շահերի ընդարձակումն ու պաշտպանությունը։ Մնացած տարածքները, հատկապես սահմանամերձ շրջանները, փաստորեն, մնում են «բաց»` զարգացման տեմպերով էապես ետ մնալով մյուսներից։ Իսկ դա, իր հերթին, երկրի ներսում ստեղծում է որոշակի «դիսբալանս», մասնավորապես, բացասաբար անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակի վրա, ինչը խիստ անցանկալի երևույթ է արցախյան հիմնահարց ունեցող մեր երկրի համար։

Առկա իրավիճակի հաղթահարման առումով, ըստ իս, խիստ նպաստավոր, առաջնային դեր կարող են ունենալ հայրենական բիզնեսի փոքր և միջին հատվածները։ Նրանք, ուսումնասիրելով տվյալ տարածաշրջաններում առկա, սակայն մինչ օրս անտեսված գործարար պոտենցիալն ու շուկայի հնարավորությունները, անշուշտ, կգործադրեն եղած պոտենցիալի գործարկմանն ուղղված քայլեր, կկատարեն համապատասխան ներդրումներ` զուգահեռաբար խթանելով տվյալ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացումը։

-Ի՞նչն է խանգարում դրան, և ինչպիսի՞ նախադրյալներ պետք է ստեղծվեն։

-Նախ, իմ կարծիքով, այս ուղղությամբ կատարվելիք յուրաքանչյուր քայլ միանշանակ պետք է բխի այն օբյեկտիվ հրամայականներից, որոնք առաջ է բերել համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը։ ՀՀ կառավարությունն արդեն հակաճգնաժամային որոշ քայլեր է ձեռնարկել, օրինակ, հարկային վարչարարության մասով, սակայն դրանք, կարծում եմ, անարդյունք են մեր ներկա վիճակում։ Հարկ է գործնական ուշադրություն դարձնել ներդրումային դաշտի գրավչության, նաև վստահության մեծացման խնդիրներին, ինչպես դա անում են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ։ Փաստորեն, համապատասխան միջոցառումների շնորհիվ` նրանց հաջողվել է ոչ միայն արգելակել երկրից հայրենական փոքր ու միջին ներդրումային կապիտալի արտահոսքը, այլ նաև խթանել օտարերկրյա ներդրումների ավելացմանն ու նախկինում երկրից արտահոսած կապիտալի «հայրենադարձությանը»։ Այդ առումով խիստ հատկանշական է հարևան Վրաստանի օրինակը, որին հաջողվել է Հայաստանից դեպի իր երկրի տնտեսության իրական հատված ուղղորդել ներդրումային կապիտալի հսկայածավալ հոսքեր։ Կարծում եմ, նմանօրինակ հաջողության հասնելու համար ՀՀ կառավարությունը այսուհետ էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ազատ մրցակցության երաշխավորման, մենաշնորհների և ստվերի կրճատման, հարկային վարչարարության արդիականացման, երկարաժամկետ և «էժան» վարկային միջոցների ներգրավման և արտահանման խթանման խնդիրներին։ Սրանք այն հիմնական նախապայմաններն են, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել փոքր ու միջին բիզնեսի իրական զարգացման, և որպես դրա օրինաչափ հետևանք` Հայաստանում հարուստ և աղքատ խավերի միջև բևեռացվածության թուլացման, իրապես կենսունակ միջին խավի ձևավորման և ընդլայնման կայուն միտումների մասին։

Լինելով ծագումով գարդմանցի, նաև «Գարդմանա երկիր» հ/կ պատվավոր նախագահ` ես շարունակելու եմ հետամուտ լինել փախստականների առաջնահերթ հիմնախնդիրների առաջ քաշմանն ու հանգուցալուծմանը։

-Պարո՜ն Մելիքյան, նշվածից բացի, Դուք կամ Ձեր ղեկավարած կուսակցությունը ի՞նչ այլ հարցեր եք պատրաստվում առաջադրել ԱԺ ամբիոնից` ընտրվելու դեպքում։

-Խորհրդարանական աշխատանքը անընդհատ գործընթաց է, որը ամեն օր առաջադրում է նորանոր հրատապ խնդիրներ։ Այսօր նախապես դժվար է թվարկել հարցերի ողջ ցանկը, սակայն մեկ-երկուսի մասին կարող եմ նշել կոնկրետ։ Նախ, լինելով ծագումով գարդմանցի, նաև «Գարդմանա երկիր» հ/կ պատվավոր նախագահ` ես ինչպես այս, այնպես էլ ապագա խորհրդարանում (իհարկե, վերընտրվելու դեպքում) շարունակելու եմ հետամուտ լինել փախստականների առաջնահերթ հիմնախնդիրների առաջ քաշմանն ու հանգուցալուծմանը։ Խոսքը, մասնավորապես, փախստականներով վերաբնակեցված սահմանամերձ համայնքների հեռանկարային զարգացման, բնիկ հայաստանցիների հետ նրանց սահուն  ինտեգրման, բնակարանային պայմանների բարելավման և նմանօրինակ այլ խնդիրների մասին է։ Ինչ խոսք, փախստականների խնդիրներից բացի, մեր մշտական ուշադրության կենտրոնում է լինելու նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որի հաջողությունն, ըստ իս, բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի և պետականության ապագայի տեսանկյունից։ Ժամանակն է, որպեսզի սթափվենք և խոստովանենք, որ կոռուպցիան Հայաստանում իր չափերով և համատարած բնույթով վաղուց հատել է այն վերին սահմանագիծը, որից հետո ստիպված ենք ահազանգել ազգային և պետական անվտանգության մասին։

Կարեն Կարապետյանի այս քայլը անպայման կնպաստի մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորմանը, և միգուցե որոշ վայ-պաշտոնյաներ սկսեն մտածել «խղճի մտոք»` հանուն երկրի և ժողովրդի բարեկեցության։

-Ի դեպ, ինչպես հայտնի է, օրերս շատ անակնկալ կերպով, սեփական դիմումի համաձայն` իր զբաղեցրած պաշտոնից հեռացավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որի հետ, ըստ հավաստի լուրերի, Դուք ունեք ջերմ, ընկերական հարաբերություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը։

-Մենք, իսկապես, Կարեն Կարապետյանի հետ մտերիմ ընկերներ ենք։ Լավ ճանաչելով նրան` կարող եմ վստահապես ասել, որ նա հապշտապ կամ չկշռադատված որոշումներ կայացնող մարդկանցից չէ, այն էլ` նման հույժ կարևոր խնդիրների դեպքում։ Թե որն է նրա որոշման բուն շարժառիթը, ես իրականում չգիտեմ, այդ թեմայի շուրջ դեռ չենք զրուցել։ Բայց դատելով նրա մարդկային խառնվածքից` համոզված եմ, որ նա այդ կտրուկ քայլին դիմել է իր մարդկային սկզբունքների և մեր հաճախ իրարամերժ իրողությունների միջև ի հայտ եկած լուրջ, սկզբունքային տարաձայնությունների պատճառով։ Ես, օրինակ, հստակ գիտեմ, որ ի սկզբանե, այդ պաշտոնին գնալիս, նրան առաջնորդել է բացառապես երկրի, ժողովրդի համար որևէ լավ բան անելու, առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հանգուցալուծմանը իր գործնական մասնակցությունը բերելու, անարդարության և անպատժելիության դեմ պայքարելու անկեղծ ձգտումը։ Ես, ամեն դեպքում, ողջունում եմ նրա շիտակ և բաց ճակատով կատարած այդ քայլը։ Նախ, ես նույնպես այն համոզմանն եմ, որ եթե ունակ և աշխատասեր պաշտոնյան վերոհիշյալ իրարամերժ իրողությունների պատճառով կամ պարտադրանքով, ակամա զրկվում է երկրում առկա հրատապ հիմնախնդիրների լուծմանը իր ակտիվ մասնակցությունը բերելու հնարավորությունից, ապա ավելի լավ է արժանապատվորեն հեռանա, քան կառչած մնա պաշտոնին և խայտառակվի անինքնասեր չինովնիկի պես։ Եվ երկրորդ` համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի այս քայլը անպայման կնպաստի մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորմանը, և միգուցե դրա շնորհիվ որոշ վայ-պաշտոնյաներ կսկսեն մտածել «խղճի մտոք»` հանուն երկրի և ժողովրդի բարեկեցության։ Ի վերջո, պետական-քաղաքական գործչի իրական գնահատական տվողը միմիայն ժամանակն է կամ պատմությունը։ 

-Դուք նաև հանդիսանում եք ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ համագործակցության ներկա մակարդակը։

-Նախ, պետք է գոհունակությամբ նշեմ, որ հայ-ռուսական բարեկամության և համագործակցության թեման ինձ համար մինչ օրս էլ խիստ հոգեհարազատ է մնում այն բազում վերհուշերի շնորհիվ, որոնք կապված են Ռուսաստանում իմ բանակային ծառայության, ուսանողական տարիների, բիզնեսի ասպարեզում ծավալած գործունեության հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, ապա կարող եմ միանշանակ ասել, որ ռուս գործընկերների հետ ծավալած մեր համատեղ աշխատանքի, կառուցողական և բաց երկխոսության, գործնական հանդիպումների և փոխայցելությունների շնորհիվ` համագործակցությունը ՀՀ և ՌԴ խորհրդարանների միջև ներկայումս գտնվում է կայուն, բարձր մակարդակի վրա։ Վստահ եմ, սակայն, որ այս հարցում հայ և ռուս խորհրդարանականներս դեռ շատ անելիքներ ունենք, քանզի, ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում` ցանկացած բարեկամություն միշտ էլ լրացուցիչ ամրապնդման տեղ ունի։

-Դատելով Ձեր ասածից` Դուք ռուսական քաղաքական շրջանակներից բացի, շարունակում եք սերտ կապեր պահպանել նաև ՌԴ հասարակական տարբեր այլ խավերի հետ։

-Ճիշտ նկատեցիք։ Թեպետ ես ընտանյոք հանդերձ Հայաստան վերադարձել եմ 1998թ., սակայն մշտապես շարունակել եմ պահպանել անձնական և գործարար կապերը ինձ համար հարազատ դարձած Ուսուրիյսկի, ինչպես նաև ռուսական այլ քաղաքների և մարզերի հետ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. ես այնտեղ եմ անցկացրել բանակային ծառայությունս, ստացել բարձրագույն կրթություն, հիմնել իմ առաջին բիզնեսը, 1996թ. ընտրվել քաղաքային դումայի պատգամավոր, միաժամանակ պաշտոնավարել որպես ՌԴ սենատորի օգնական… Մինչ օրս, իմ ավագ եղբայրը` Սուրենը, ապրում և աշխատում է Ուսուրիյսկում` շարունակելով ծավալել հայ-ռուսական հասարակական- քաղաքական համագործակցության խորացմանը միտված ակտիվ գործունեություն։ Նա ներկայումս Ուսուրիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է, «Եդինայա Ռոսիյա» խմբակցության անդամ։

Ես լիահույս եմ, որ ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում մեզ միասնաբար կհաջողվի էապես նպաստել Հեռավոր Արևելքի հետ Հայաստանի կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը։

-Եթե չեմ սխալվում, Դուք օրերս եք վերադարձել ՌԴ-ից։ Ի՞նչ առիթով էիք այս անգամ մեկնել։

-Սեպտեմբերի 16-ին նախատեսված էին Ուսուրիյսկի քաղաքային դումայի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, և ես տեղի քաղաքային իշխանություններից նախապես պաշտոնական հրավեր էի ստացել այդ առթիվ։ Միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա էին բարձրաստիճան հյուրեր Մոսկվայից և Ռուսաստանի այլ մարզերից ու քաղաքներից, անսպասելի կերպով  հաճելի անակնկալներ մատուցվեցին ինձ և եղբորս` Սուրենին. Ուսուրիյսկի քաղաքային իշխանությունների և երախտագետ ուսուրիյսկցիների անունից մեզ շնորհվեցին հուշամեդալներ` հաշվի առնելով քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում մեր ներդրած բազմամյա ավանդը։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...