05:18
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Փորձը փորձանք չէ, այլ կիրառելի իրողություն

2013-04-05 11:32

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Պատմական իրողությունները հաճախ, կամ երբեմն կրկնվում են հինունոր ժամանակներում, և տասնամյակների քննությանը դիմացած փորձառությունը ոչ միայն արժանի է պատմական պատշաճ գնահատանքի, այլ կիրառելի է նաև ներկա դժվարին պայմաններում։

Վերջերս` անցյալ նոյեմբերի 19-ին, փառահեղորեն նշվեց Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Փաստորեն դա Մայր համալսարանից նրա բաժանման և ինքնուրույն բարձրագույն կրթահամալիր դառնալու հոբելյանն էր։

Մայր համալսարանից 1922թ. նա բերել էր հայ և օտար միջավայրերում ճանաչման արժանացած լավագույն գիտնականներից բաղկացած դասախոսական կազմ և Խորհրդային երիտասարդ Հանրապետությունում արդեն ձևավորված կրթադաստիարակչական լավագույն ավանդույթներ։

Շուրջ իննսուն տարի մանկավարժական այս բնօրրանը տվել է հայ դպրոցին նվիրված հազարավոր մանկավարժներ, որոնք մեր կրթական գործը հասցրեցին աննախադեպ բարձրության։ Հենց նրա սաներն էին, որ ուսումնական մեր խեղճուկրակ մակարդակը կարճ ժամանակում հաղթահարեցին։ Նրա սաների շնորհիվ էր, որ Հայաստանում գրեթե իսպառ վերացվեց անգրագիտությունը։ Հայաստանը գիտակրթական ձեռքբերումներով ընթանում էր Ռուսաստանին և Ուկրաինային համընթաց, ետ թողնելով ԽՍՀՄ բազմաթիվ հանրապետությունների։

Հարկ է նշել Պետհամալսարանի ներդրումը ևս։ Բարձրագույն կրթական այս երկու հաստատությունները թեև բազմազան ոլորտների համար որակյալ նույնատիպ մասնագետներ էին պատրաստում, սակայն նրանց արհեստավարժ կադրերը կոչված էին գործելու տարբեր բնագավառներում։ Եթե մանկավարժականի շրջանավարտները, որպես կանոն` օրենքով պարտադրված, աշխատանքի էին անցնում բացառապես կրթական հաստատություններում` դպրոցներում, ապա պետհամալսարանականները նախապատաստվում էին լայնորեն սկիզբ առած ակադեմիական գիտահետազոտական գործընթացին, թեև վերջինիս շրջանավարտների մի հոծ զանգված ևս լծվում էր Խորհրդային Հայաստանի կրթական համակարգին։

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ծայր են առել կրթական բարձրագույն հաստատությունների` բուհերի, միավորման բազմապիսի ծրագրեր ու նախագծեր, որոնք երկրում հակազդեցության բուռն ալիք են բարձրացրել։ Զարմանալիորեն այն իր պատճենված ու տարբերակված արձագանքն է գտել հայաստանյան լրատվամիջոցներում։ Բանը հասել է նրան, որ տարածվել է ստահոգ մի լուր, թե իբր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը միավորվելու, կամ ավելի ճիշտ, ներառնվելու է պետհամալսարանի նույնատիպ ֆակուլտետի մեջ, կամ էլ միավորվելու են Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ու Խ. Աբովյանի անվ. մանկավարժական զույգ համալսարանները։ Փառք Աստծո, որ դրանք հերքվեցին, թեև ոչ պաշտոնապես, այլ միմիայն լրատվամիջոցներով։ Հայտնի է, որ մանկավարժականի մասնագիտական վերոհիշյալ բաժանմունքը հիմնադրվել է 1930թ. ուսումնական տարեշրջանում և գոյատևել միջև 1965թ. ավարտը, որպես հայոց լեզվի, գրականության և պատմության միացյալ` պատմալեզվագրական ֆակուլտետ։ Իր գոյության երեքուկես տասնամյակների ընթացքում այն ունեցել է պատմական բացառիկ դերակատարություն` Խորհրդային Հայաստանի հեռավոր ու ծայրամասային բնակավայրերի տարրական և ութամյա դպրոցների պահպանման ու զարգացման գործում և Խորհրդային Միությունում լայնորեն տարածված մի արտահայտություն կար, որ Հայաստանում գոյություն չունի բնակավայր առանց էլեկտրական լուսավորության ու դպրոցի։ Նշված ցաքուցրիվ բնակավայրերը` փոքրաթիվ բնակչությամբ ու սակավ աշակերտական կազմով, բնավ ի վիճակի չէին ապահովելու մանկավարժների լրիվ կազմ, և այդ իսկ պատճառով ուսուցիչները դրույքաչափով ապահովվում էին (շաբաթական պարտադիր դրույքաչափը կազմում էր 18 դասաժամ) լրացուցիչ ժամերով։ Եվ այսպես` յուրաքանչյուր ուսուցիչ դասավանդում էր օրինակ` ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն (ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտը), մյուսը` քիմիա, կենսաբանություն, բուսաբանություն ու կենդանաբանություն (քիմիակենսաբանական ֆակուլտետի շրջանավարտը), և այդպես էլ` պատմալեզվագրականի շրջանավարտը դասավանդում էր պատմություն, հայոց լեզու և գրականություն։

Ես պատմալեզվագրականի երախտապարտ վերջին մոհիկաններից եմ և ավարտել եմ 1965թ.։ Իր գոյության վերջին 7-8 տարիներին ֆակուլտետում ուսանել են նաև սփյուռքահայ հընթացս և ապագա ուսուցիչներ։ Սփյուռքահայ դպրոցների ուսումնակրթական գործի դժվարին խնդիրներին քաջածանոթ մեր այդ նվիրյալներն ուսանում էին ոչ թե համբավավոր ու ավելի բարձր վարկ ունեցող Մայր համալսարանում, այլ մանկավարժական ինստիտուտի (համալսարան) պատմալեզվագրականում, քանզի հաճախ հայոց լեզվի մեր ուսուցիչները հարկադրված, կամա թե ակամա, իրենց վտիտ ուսերին էին առնում հայագիտական ու մշակութային մեր բոլոր առարկաների դասավանդման ողջ ծանրությունը։

Քանիցս առիթ եմ ունեցել ահագնացող այս խնդիրը ներկայացնելու ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության Պետական կոմիտեի, ինչպես նաև կրթության նախարարության (այն ժամանակ` մինիստրության) ուշադրությանը, սակայն մշտապես ունեցել եմ խուսափողական-մերժողական պատասխան։ Այդ պաշտոնյաներից իմ միակ աջակիցն ու համախոհը եղել է ՀԽՍՀ-ի կրթության մինիստրության (նախարարության) օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողության վարչության պետ, պրոֆ. Ծովակ Ավագյանը։

Հարկ եմ համարում անդրադառնալու սույն ցավոտ խնդրին մեկ անգամ ևս։

Բանն այն է, որ օրեցօր նոսրացող, փոքրացող, նվազ աշակերտական թվակազմով սփյուռքահայ վարժարանների ուսուցիչներին այժմ էլ հարկ է ապահովել կենսականորեն անհրաժեշտ ժամաքանակով։ Հաճախ բացակայում են հայագիտական առարկաներին մասնագիտորեն տիրապետող արհեստավարժ մասնագետներ։ Այդ կարիքն առկա է ոչ միայն ամենօրյա, այլ նաև միօրյա ու կիրակնօրյա վարժարաններում։ Ուրեմն` սփյուռքյան մեր դպրոցների համար պատմալեզվագրականի վերաբացումը, ավելի ճիշտ` վերականգնումը, օրախնդիր է։

Հայաստանի անկախացած Հանրապետությունում ևս այն ահագնացող խնդիր է դարձել։ Վերջին տարիներին աշակերտության թվակազմի պակասորդային ցուցանիշը բացասաբար է անդրադառնում ուսուցիչների աշխատավարձի, հետևաբար նաև կենսամակարդակի վրա։ Այդպես է մայրաքաղաքի, Գյումրու և Վանաձորի դպրոցներում, իսկ գավառական, ծայրամասային ու սահմանամերձ շատ ու շատ գյուղերի աշակերտության թիվը հաճախ չի անցնում մի քանի տասնյակից։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության տարածքում մոտ 350 դպրոցներում, աշակերտության թիվը չի գերազանցում 100-ը, որտեղ անհնարին է կազմակերպել որակյալ ուսուցում։

Կրթության և գիտության նախարարության վերջին տարիների մի շարք ձեռնարկումները` ուսուցիչների «օպտիմալացումը», առանձնացած, և այսպես կոչված «ավագ դպրոցների» ստեղծումը ոչ միայն չեն վերացրել առկա դժվարությունները, այլև ստեղծել են չնախատեսված ու լրացուցիչ նոր խնդիրներ։

Ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, այս տարի կմշակվի սակավակազմ դպրոցների կրթության կազմակերպման համակողմանի հայեցակարգ։

Պարզ է, որ հարցը հավասարապես օրախնդիր է դարձել սփյուռքահայ ու հայաստանյան, ինչպես նաև վիրահայոց ամենօրյա, միօրյա և կիրակնօրյա դպրոցներում։

Կարծում եմ վատ չէր լինի, եթե հարգարժան նախարարի ակնարկած համակողմանի հայեցակարգը ներառեր նաև պատեհ առիթով հնչեցրածս սույն առաջարկը։

Վստահ եմ, որ սույն խնդրով մտահոգ բոլոր կառույցները կարձագանքեն և՛ Սփյուռքում, և՛ հայրենիքում։

 Արթուր Նավասարդյան 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...