06:49
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հայ կինն արժանի է ունենալու իրեն ձոնված տոներ, քանի որ նա հայ ընտանիքի, հայոց պետության հենասյունն է, հայեցի դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ակունքը և արժանի է մեծարման ու գնահատանքի»

2013-04-05 11:17

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)


Հրանուշ Հակոբյան

 ՀՀ Սփյուռքի նախարար

 ՀՀ Սփյուռքի նախարարությունն իր գործունեության չորս և կես տարիների ընթացքում արդարացրել և ապացուցել է իր գոյության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, զարգացման և համակարգման գործում։ Եվ քանի որ այս նախարարության ղեկավարման հսկայական պատասխանատվությունը կնոջ ուսերին է` ի դեմս Հրանուշ Հակոբյանի, «Դե Ֆակտո» ամսագիրը որոշեց կանանց միամսյակի շրջանակներում զրուցել տիկին Հակոբյանի հետ։ Գաղտնիք չէ, որ տիկին նախարարն իր գործերին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ, և զրուցել նրա հետ միայն կանանց տոների շուրջ, չէինք կարող, ահա, թե ինչու կանդրադառնանք նախ` գործերին, ապա նաև տոներին։

 -Տիկի՛ն Հակոբյան, կխնդրեի անդրադառնալ 2013-ի ծրագրերին։ Ի՞նչ անելիքներ և ծրագրեր ունի նախարարությունն առաջիկայի համար։

- ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը ճշգրտվել,  հստակեցվել են նախարարության գործունեության հենց սկզբից։ Դրանք հեռահար ծրագրեր են, որոնք տարիների ընթացքում առավել ընդլայնվում են, մեծանում է դրանց աշխարհագրությունը, մասնակիցների թիվը։ Սա նշանակում է, որ այդ ծրագրերն իրոք արդարացրել են իրենց գոյությունը, բռնել են Սփյուռքի քննությունը, և հետայսու մեզ մնում է միայն բնականոն կերպով ընդլայնել այդ ծրագրերի շառավիղը։ Մեր բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից, շարունակական են, ամուր հիմքեր և ճիշտ հասցեագրում ունեն, տարեցտարի առավել կատարելագործվում են, մշակվում և մեծանում է դրանց արդյունավետությունը։ Անելիքները բազմաթիվ են, մեկ հարցազրույցի ընթացքում մանրամասն խոսել բոլորի մասին չենք կարող, սակայն ընդհանուր գծերով փորձեմ անդրադառնալ 2013-ի հիմնական ծրագրերին.

 

  • Սփյուռքագետ մասնագետների պատրաստումը մեր թիվ մեկ խնդիրն է, քանի որ հենց այս մասնագետներն են, որ կարող են առավել մեծ ներդրում ունենալ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրացման գործում։ Մասնագիտական պատրաստվածությունը շատ կարևոր է։ Եթե անձը պրոֆեսիոնալ չէ, բնականաբար, նրա աշխատանքը ևս պրոֆեսիոնալ լինել չի կարող։

 

  • Կարևորում ենք նաև Սփյուռքի հայկական մասնագիտական ներուժի  համախմբումը և ներգրավումը Հայաստանի զարգացման գործընթացներին։ Աշխատանք ենք կատարում հետևյալ ուղղություններով՝  հայ ազգային հիմնախնդիրների վերհանում և դրանց լուծման մեխանիզմների մշակում, Սփյուռքում հայապահպանության, ինչպես նաև ՀՀ-ի զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսում, Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծմանն աջակցություն, Մերձավոր Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնության շուրջ համախմբմանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցություն, Հայ համայնքների առանձնահատկությունների բացահայտում, համայնքային խնդիրների վերհանում, Հայաստանի ներքին կյանքում Սփյուռքի ներուժի ներգրավում և սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավում, ազգային նշանակության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի համախմբում, հայ ինքնության պահպանման շուրջ համայնքների ջանքերի միավորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծմանը նպաստում։

 

  • Մյուս բնագավառը գիտնականների, հետազոտողների հետ աշխատանքն է։ Սփյուռքը բազմաշերտ և բազմաբովանդակ է, ունի հիմնախնդիրներ, որոնք լուրջ ուսումնասիրության ու հետազոտության կարոտ են։ Գլխավոր խնդիրը, որ մենք ունենք այստեղ, հավաստի տվյալների, վիճակագրության, տեղեկատվության կարիքն է։  Ահա թե ինչու ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի և «Նորավանք» գիտակրթական համալիրի հետ մենք կնքել ենք համագործակցության պայմանագրեր, աշխատում ենք այդ պայմանագրերի շրջանակներում։

 

  • Հաջորդ կարևոր հիմնահարցը գրքերի  տպագրության, հայագիտական նյութերի հրատարակման գերակա խնդիրն է, որ նախարարությունը դրել է իր առջև։ Մեզ համար կարևոր է Հայոց պատմության ճիշտ ներկայացումը։ Մենք կարծում ենք, որ Հայոց պատմությունը գրվում է ոչ միայն ՀՀ-ում, այլև Սփյուռքի հայկական համայնքներում, և այս ծրագրերի միջոցով մենք ձգտում ենք կանոնակարգել, հավաստի տեղեկատվություն տրամադրել մեր պատմաբաններին և գրողներին։ Մենք տպագրում ենք բազմաթիվ աշխատանքներ, որոնց թիվը հասնում է տասնյակների։ Կարևորում եմ ամենամյա «Սփյուռքի տեղեկագրքի» տպագրումը։ Սա գլոբալ համահայկական ծրագիր է, որը հսկայածավալ աշխատանք և լուրջ ռեսուրսներ է պահանջում։ Դա հանրագիտարանային նշանակության հրատարակություն է։ Ողջ տարվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, որոնք վերաբերում են Սփյուռքին, հավաքագրում, ճշգրտում և ամփոփում ենք մեկ տեղեկագրքում, որը տպագրվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և հայ դասական ուղղագրությամբ։ «Սփյուռքի տեղեկագիրքն» ունի պատմական փաստավավերագրական, ճանաչողական անգնահատելի արժեք, մեծ նշանակություն։ Այն կարևորվում է նաև այն առումով, որ տեղեկագրքի միջոցով  համայնքները իրազեկվում են միմյանց խնդիրներին, իրականացրած ծրագրերին, հնարավորություն են ունենում փոխառնելու և տեղայնացնելու փորձը, իրենց համայնքներում իրականացնելու այս կամ այն ծրագիրը, ինչն էլ մեծապես նպաստում է  Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ «Գրական Սփյուռք» տարեգիրքը ևս յուրօրինակ մի ծրագիր է, որի շնորհիվ ամեն տարի սփյուռքահայ գրողները տպագրվում են մեկ գրքում, ինչը թույլ է տալիս տարբեր երկրների հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնել լայն հանրությանը։ 2009թ-ից սկսել ենք  այս ծրագիրը, որը շարունակական է, և շուտով պատրաստ կլինի նաև 2012թ-ի տարեգիրքը։

 

  • Մեր մշտական ուշադրության կենտրոնում է ողջ աշխարհում սփռված հայ ազգային  ժառանգությունը, այսինքն, թե որտե՞ղ է հայ մշակութային ժառանգության մաս կազմող արժեքները, ո՞ր թանգարանում են պահ տրված կամ ինչ ճակատագիր են ունեցել, ինչպիսի՞ն է տվյալ երկրի օրենսդրությունը և այլն։ ԵՊՀ իրավաբանական ֆակուտետի հետ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում  այս խնդրի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերն ուսումնասիրելու ուղղությամբ, և սա օգնում է հստակեցնելու, հայկական արժեքների իրավական կարգավիճակը աշխարհի տարբեր երկրներում։

 

 

  • Չեմ կարող չանդրադառնալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների անգնահատելի նշանակությանը, հատկապես, որ այն  Հայրենիք-Սփյուռք կապերի պահպանման և համատեղ աշխատանքի ամենակարճ ճանապարհն է։ ՀՀ Սփյուռքի նախարարությունն ունի իր կայքը, «Հայերն այսօր» Էլեկտրոնային թերթը, նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրոնային գրադարաններին,  քանի որ անհնար է բոլոր  գրքերով ապահովել ողջ Սփյուռքին, ուստի կարևոր է նաև գրքերի էլեկտրոնային տարբերակի մասսայականացումը վիրտուալ հարթակում։ Կարևոր է նաև էլեկտրոնային թանգարանի առկայությունը, որտեղ տեղադրում ենք թանգարանային նյութեր, նմուշներ, այս թանգարանը հետագայում մեր ազգային հպարտությունը կարող է դառնալ։ Մեծ կարևորություն ենք տալիս նաև արևելահայերեն և արևմտահայերեն լեզուների մերձեցման խնդրին։ Այս տեսանկյունից մեծ ձեռքբերում է Translator.am կայքը, որը կարողանում է ապահովել թարգմանություն արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը։

 

 

-Տիկի՛ն Հակոբյան, Դուք մանրամասնորեն տեղեկացված եք բոլոր համայնքների գործունեությունից, և փոխադարձ կապերը, պարբերաբար շփումները Ձեզ համար առաջնային են։ Ինչպե՞ս եք կարողանում տարվա ընթացքում ունենալ բազմաթիվ այցելություններ, գործուղումներ և հասցնո՞ւմ եք արդյոք։

 

-Այո, շատ եմ կարևորում այցելությունները, անձնական շփումները, միմյանց առավել լավ ճանաչելու, փոխվստահություն ձեռքբերելու, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու, լուծումներ փնտրելու  արդյունավետության իմաստով։ Սակայն պարզ է, որ հնարավոր չէ այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում հասցնել այցելել տասնյակ երկրների հայկական համայնքներ։ Ուստի, մենք պարբերաբար կազմակերպում ենք հեռավար ժողովներ,   քննարկումներ, որոնց արդյունքում բազմաթիվ հետաքրքիր և արդյունավետ մտքեր են ծնվում, ուղիներ և միջոցներ առաջարկվում այս կամ այն խնդրի լուծման ուղղությամբ։

 

-Անդրադառնանք նաև մշակութային ծրագրերին, որոնք իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։

-Աշխարհասփյուռ հայությանը միավորողը, հային իր արմատներին կապողը, համահայկական միասնության հզոր երաշխիքը մեր մշակույթն է։ Հայ լինել և հայ մնալ  դրսում նշանակում է հայոց լեզվի, հայ մշակույթի և ավանդույթների կրողը լինել։ Ցավոք, այսօր մենք ականատեսն ենք Սփյուռքում հայոց լեզվի աստիճանական կորստի, ուստի մեր բոլոր ծրագրերում ջանում ենք հայոց լեզվի պահպանության կարևոր բաղադրիչ ունենալ։ Բացի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերից, գրքերի տպագրությունից, մենք փորձում ենք նաև երիտասարդներին ներգրավել հայոց լեզվի պահպանության գործընթացներին։ ԵՊՀ հետ համատեղ նախաձեռնել ենք «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագիրը, որտեղ սփյուռքահայ երիտասարդները կսովորեն, կկատարելագործեն արևմտահայերենի և արևելահայերենի իմացությունները։  Սփյուռքի նախարարությունը շատ է կարևորում և առաջնայնություն է տալիս սփյուռքահայ երախտավորների ազգանպաստ գործունեության հանրահռչակմանը, նրանց աշխատանքի, հայապահպան գործունեության գնահատմանն ու մեծարմանը։

Այս առումով հատկանշական է նաև «Արի տուն» ծրագիրը, որի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները, բնակվելով հյուրընկալ ընտանիքներում, հնարավորություն են ունենում ճանաչելու հայ ընտանիքի ավանդույթները, շփվելու հայ երիտասարդության հետ, ծանոթանալու իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծելու կապեր, շրջագայելու և ծանոթանալու Հայաստանի տեսարժան պատմամշակութային վայրերին, բնության գեղատեսիլ անկյուններին, ունենալու բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր առնելու հայրենիքում, սովորելու ազգային պարեր և երգեր, ինչպես նաև հասակակիցների հետ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ անցկացնելու «Արի տուն» ամառային ճամբարում։ Այս ծրագրի շրջանակներում մեզ իրոք հաջողվել է տուն, այսինքն` պատմական հայրենիք վերադարձնել բազմաթիվ երիտասարդների, ովքեր մեկ անգամ գալով բնօրրան` մեկընդմիշտ կապվել են իրենց պատմական հայրենիքին, լեզվին ու ավանդույթներին։ Հայ մշակույթը պահպանելու և սփյուռքահայությանը հայկական մշակույթին ինտեգրելու տեսանկյունից մեծ նշանակություն ունեն Սփյուռքի հայկական համայնքներում գործող մշակութային խմբերի հետ համագործակցությունը և համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովումը, Սփյուռքի և Հայաստանի ստեղծագործողների միջև մշակութային կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը։ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն այդ մերձեցման ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման վառ օրինակ է, որի շրջանակներում հազարավոր հայեր ողջ աշխարհից համախմբվում են մեկ գլխավոր նպատակի` հայոց մշակույթի, արվեստի ու լեզվի մեծարման և պահպանության շուրջ։

 

-Տիկի՛ն Հակոբյան, տարիներ առաջ, երբ ձեռնարկվում էր Սփյուռքի նախարարության ստեղծումը, կար կածիք, որ սա արհեստածին կառույց է, որ այն գործառույթները, որոնք պետք է ստանձնի նախարարությունը, այսպես թե այնպես յուրաքանչյուր նախարարություն ինչ-որ չափով կատարում է։ Այսօր, երբ նախարարությունն այլևս կայացած է և արդարացրել է իր գոյությունը, ի՞նչ կպատասխանեք այդ թերահավատ մարդկանց։

-Գիտեք, ես ինքս էլ շատ մտահոգ էի, քանի որ աշխարհի բազում երկրներում բնակվող հայության հարցերի համակարգմամբ, հետևողական ուսումնասիրությամբ շուրջ 100 տարի որևէ կոնկրետ կառույց չէր զբաղվել, իսկ վերջին 20 տարում Սփյուռքի հետ կապերը գրեթե կանոնակարգված չէին։ Ուստի, օբյեկտիվորեն  դժվար էր ստանձնել  այս ամենի կենտրոնացումը, համախմբումն ու համակարգումը։ Շատ մեծ էր պատասխանատվությունը։ Սակայն անցած չորս տարիների  ընթացքում մեզ հաջողվեց  ապացուցել, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը պետական կառավարման անհրաժեշտ և կարևոր մարմին է, որը մեծածավալ գործունեություն է իրականացնում Հայրենիք- Սփյուռք կապերի սերտացման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ։  Մենք շնորհակալ ենք ՀՀ երրորդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ ուժ և վստահություն հաղորդելու համար։ ՀՀ նախագահը կարևորում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն ու արտասահմանյան յուրաքանչյուր այցելության ժամանակ հանդիպումներ է ունենում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ. սա նաև յուրահատուկ ուղերձ է տվյալ երկրներին, որ Հայոց պետության նախագահը իր հայրենակիցների կողքին է։ Սա պետական քաղաքականություն է, որը հնարավորություն է տալիս  աշխատանքներն առավել ընդլայնելու և առաջ տանելու համար։

 

-Խոսենք նաև մեր երկրում սփյուռքահայերի բիզնես ներդրումների մասին։ Որքանո՞վ է հաղթահարվել մեր սփյուռքահայ հայրենակիցների անվստահությունը առ այն, որ հայրենիքում նրանք խաբվելու են։

- Այսօրվա մեր իրավիճակը բավական փոխվել և բարելավվել է թե՛ օրենսդրական հիմքերի, թե՛ ֆինանսական ներդրումների գործընթացների կազմակերպման, կանոնակարգման առումով։ Ստեղծված են բոլոր նախապայմանները տնտեսական գործունեություն ծավալելու, ներդրումներ կատարելու համար։ Եթե նախկինում ոլորտը բարձիթողի վիճակում էր, և սփյուռքահայերի մեծ մասը մտավախություն ուներ, որ բարեգործություն կամ ներդրում կատարելիս կարող է խաբվել, ապա այսօր նման դեպքեր գրեթե չկան։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է բոլոր նախադրյալները և առավելությունները մեր սփյուռքահայ հայրենակիցների համար, թեև ես գտնում եմ, որ հայրենիքում ներդրումներ անելիս` նրանք նախևառաջ հայ են, ապա նոր շահույթ հետապնդող գործարարներ։ Մենք  հպարտանում ենք մեր հայրենակիցներով։ Այս վստահությունը տարեցտարի աճում է, մեծանում են նաև արտասահմանյան ներդրումները, որոնց 80 տոկոսը սփյուռքահայերի անմիջական կամ վերջիններիս մասնակցությամբ իրականացվող ներդրումներն են։ Անշուշտ, կան նաև չհաջողված փորձեր, որոնք, ցավոք, շատ ավելի մեծ արձագանք են ստանում, քան հաջողված փորձերը։ Ինչպես և յուրաքանչյուր ոլորտում, այստեղ ևս կան խնդիրներ, ինչն անխուսափելի է։ Ընդհանրապես յուրաքանչյուր անհատ կյանքում պետք է առաջնորդվի ոչ թե «ինչո՞՝ւ ես», այլև «ինչո՞ւ՝ ոչ ես» սկզբունքով` ձգտելով ներդրում ունենալ հայրենիքի զարգացման, առաջընթացի, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում` անկախ նրանից հայաստանցի է, թե Սփյուռքից։

 

-ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության անկյունաքարերից է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ       ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀՀ Սփյուռքի նախարարությունը։

- ՀՀ նախագահի հրամանագրով 2011 ապրիլի 23-ին ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի շրջանակներում այս ուղղությամբ գործում է նաև Սփյուռքի նախարարությունը։ Սփյուռքահայության մեծ մասը հենց ցեղասպանության զոհերի սերունդներն են, և մեր բոլոր նախաձեռնությունները, այսպես թե այնպես կապված են ցեղասպանության ճանաչման հարցի հետ։ Մենք մեր առջև Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ օտարազգի ներկայացուցիչներին առավելագույնս իրազեկելու, տարբեր ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու, օտարալեզու գրականություն հրատարակելու խնդիր ենք դրել։ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի շարք կարևոր ծրագրեր և համաժողովներ են նախատեսված. նպատակ ունենք համախմբելու օտարալեզու գրողներին, ովքեր անդրադառնում կամ անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին, կազմակերպելու իրավաբանների և իրավագետների համաշխարհային համաժողով, որտեղ կքննարկվեն և լուծումներ կառաջարկվեն ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերի և կառույցների վերաբերյալ։  Ցեղասպանության թեմայով գրականության տպագրությունը մեր գլխավոր թիրախներից է։ Օիրնակ` «Հայոց ցեղասպանության նախերգանքը Օսմանյան Թուրքիայում» հաստափոր գիրքը պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ հավաքված են փաստավավերագրական նյութեր` տպագրված «New-York Times» թերթում և այլ աղբյուրներում։ Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի նյութական ունեցվածքի, պատմամշակութային կոթողների կորստի, դրանց գնահատման և հետ վերադարձնելու խնդիրներին։ Մեր հայրենակից Միհրան Դաբաղը 2012թ-ի դեկտեմբերին կայացած հայ դիվանագետների և քաղաքագետների համաժողովում առաջարկեց «Հիշողության քաղաքականություն» հասկացությունը` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության զոհերն ամեն ինչ կորցրել են, մնացել է միայն հիշողությունը, և մենք, ամեն կերպ այդ հիշողությունը վառ պահելով, պետք է հասնենք Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը։ Մոտ ապագայում Թուրքիան հազիվ թե ճանաչի իր մեղքը, ուստի Հայաստանն ու Սփյուռքը  անելիքներ դեռ շատ ունեն։

 

-Ներքաղաքական կարևոր թեման ՀՀ նախագահական ընտրություններն են, ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

-Որպես 20-ամյա անկախ պետության կայացման ակունքներում կանգնած գործիչ` ես վստահաբար կասեմ, որ այս ընտրությունները ամենաժողովրդավարական, ամենաթափանցիկ ընտրություններն էին, որ երբևէ անցկացվել են մեր երկրում։ Միջազգային դիտորդները ևս տվեցին այդ գնահատականը։ Սերժ Սարգսյանին վերընտրելով` ժողովուրդն իր գնահատականը տվեց նախորդ 5 տարիների նրա աշխատանքին և վստահության քվեն տվեց գալիք հինգ տարիներին մեր երկիրն իրոք դեպի ապահով Հայաստան առաջնորդելու համար։ Եվ ես վստահ եմ, որ ՀՀ նախագահն ի զորու է պատշաճ կերպով իրականացնելու պետության ղեկավարի սահմանադրական լիազորությունները։ Դա  է վկայում նրա անցած ուղին` արցախյան ազատամարտից մինչև մեր օրերը։ Առաջիկա տարիներին ևս ՀՀ նախագահը կապահովի մեր երկրի կայունությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, տնտեսական առաջընթացը և Հայաստանի՝ արդյունավետ  արտաքին քաղաքականությունը։

 

-Տիկի՛ն Հակոբյան, վերջապես  անդրադառնանք կանանց միամսյակին, առավել ևս, որ Դուք եք ՀՀ-ում կանանց միամսյակ ունենալու օրենքի հեղինակը։

-Երջանիկ եմ, որ այդ նախաձեռնության հեղինակը ես եմ, որովհետև հայոց տոնացույցից մարտի 8-ը դուրս մղելու հետևանքով կանանց շրջանում առաջացած դժգոհությունը ես կարողացա փարատել` առաջարկելով ապրիլի 7։ Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում ունենք կանանց  2 տոն` մարտի 8 և ապրիլի 7, և այդ միջակայքում՝ մեկ ամիս։ Շնորհակալ եմ մեր խորհրդարանից /իսկ խորհրդարանի գերակշռող մասն այդ ժամանակ տղամարդիկ էին/, որն ընդունեց երկու տոն ունենալու որոշումը։ Միանշանակ, հայ կինն արժանի է ունենալու իրեն ձոնված տոներ, քանի որ նա հայ ընտանիքի, հայ պետության հենասյունն է, հայեցի դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ակունքն է, և արժանի է մեծարման ու գնահատանքի։ Գիտեք, երբ այդ օրերին քայլում եմ փողոցով և տեսնում եմ ծաղիկները ձեռքներին քայլող երջանիկ կանանց, ինքս էլ անսահման երջանիկ եմ զգում, որ կարողացել եմ նման տոն նվիրել հայ կանանց։

- Իսկ ի՞նչ կմաղթեք հայ կանանց

- Մեր մշակույթում կին բառը նախևառաջ ընկալվում և մեծարվում է որպես Մայր՝ բառիս ամենաընդգրկուն իմաստով։ Ուստի, ես մաղթում եմ հայ մայրերին, կանանց ու աղջիկներին խաղաղություն, ներդաշնակություն, քանի որ  հայ մոր երազանքն  առաջին հերթին իր զավակների ապահովությունն է, անվտանգությունն ու իր երկրի խաղաղությունը, և տա՛ Աստված, որ մենք հայ կնոջ սրտով պետություն ունենանք` խաղաղ, կայուն և բարեկեցիկ։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...