06:52
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայազգի առաջին տիեզերագնացը

2013-04-04 11:33

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 Աստղագիտության  և տիեզերագիտության ասպարեզում հայ գիտական մտքի դերը խիստ ակնհայտ էր` հատկապես ԽՍՀՄ տարածքում։ Հայտնի են ականավոր հայ գիտնականների անուններ, առանց որոնց տիեզերագիտության և տիեզերքի նվաճման գործում ԽՍՀՄ-ը նման առաջընթաց չէր ունենա։

Կբավականացնի գեթ մի քանի անունների սահմանափակ թվարկումը` Վիկտոր Համբարձումյան, Աբրահամ և Արտեմ Ալիխանյաններ, Նորայր Սիսակյան, Գրիգոր Գյուրզադյան և այլք։

Սակայն, ցավոք, այդ ոչ-սովորական վաստակը բնավ հնարավորություն չընձեռեց և իրավասու չդարձրեց հայությանը` ունենալու գեթ մեկ տիեզերագնաց։

Հայը (համաձայն ԽՍՀՄ պաշտոնական ոչ-հայամետ կեցվածքի) իրավունք չուներ ունենալու ազգային նման հերոս` «վերևներում» հեղինակավոր անձ։ Իսկ տիեզերագնացն աներկբայորեն հեղինակություն էր։ Մեկ էլ տեսար ինչ-որ բան ասեր կամ աներ, որը կարող էր Տիզբոն-Մոսկվայի սրտովը չլիներ։

Հայտնի է այս բնագավառում սփյուռքահայության ակնառու ներդրումը ևս, թեև, ըստ ամենայնի, ոչ բոլոր անուններն են բացահայտված` ոլորտի հույժ գաղտնագրվածության պատճառով։

Հարկ է պատշաճը հատուցել նաև Բեյրութի Հայկազյան քոլեջի դասախոսական և ուսանողական կազմին` պրոֆ. Մանուկ Մանուկյանի ղեկավարությամբ, ովքեր 1960-ականների սկզբներին իրար հետևից արձակեցին իրենց ձեռքով պատրաստած երկրի արհեստական արբանյակներ` «Սեդար-1», «Սեդար-2» և «Սեդար-3» (հասկանալի է` սեդար-կեդրը մայրին է` Լիբանանի խորհրդանշանը)։ Հատկապես կարևոր է «Սեդար-3»-ը, որը երկրի շուրջը մեկ լրիվ շրջապտույտ գործելով, ընկավ նախանշված գոտի` Միջերկրական ծով` Կիպրոսի և Լիբանանի միջև։

Հետաքրքրականն այն է, որ դրանով հայ ժողովուրդը ԽՍՀՄ-ից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից հետո հինգերորդն էր, որ արձակել էր արհեստական արբանյակ։

Ինչպես հայտնի է, «Սեդար»-ների ստեղծագործական գրեթե ողջ կազմը և ղեկավար Մանուկ Մանուկյանը հրավիրվեցին ԱՄՆ ու իրենց առկա և պոտենցիալ կարողություններով ծառայեցին ամերիկյան տիեզերական հետազոտությունների կենտրոն ՆԱՍԱ-ին։ Այստեղ հայերն իրագործեցին կապի առաջին արբանյակի արձակումը` Արմեն Կանդայանի տեխնիկական ծրագրով ու անմիջական ղեկավարությամբ։

Իսկ պրոֆ. Փիթըր Անդրիասյանը, որի անունը քչերին է հայտնի, 2002թ. ամռանը ԱՄՆ-ում ծրագրել ու իրականացրել է աստերոիդի վրա կատարված վայրէջքը։

Ամերիկյան նվաճումներում անուրանալի է նաև ակադեմիկոս Վազգեն Բարսեղյանի վաստակը։ Գիտա-տեխնիկական, բայց նաև պաշտպանական գաղտնագրման պատճառով շատերին անհայտ էր նաև իտալական ռազմական օդուժի գեներալ, ծնունդով պոլսահայ պրոֆ. Տիգրան Միգելե-Շիրինյանը, որն այդ երկրի տիեզերագնացության հիմնադիրներից է։

Նրա և համահեղինակ Լուիջի Պրոլիի ղեկավարությամբ իտալական «Սան Մարկո» առաջին հրթիռ-արբանյակը Քենիայի խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանից ուղարկվեց տիեզերք։ Դրանով Իտալիան կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին։ Այնուհետև Տ.Մ. Շիրինյանը ՆԱՍԱ-ի ծրագրով` ամերիկյան գործընկերների հետ, Տեխասում թռիչքի պատրաստեց «Scort» փոխադրող տիեզերանավը։

Թերևս առաջիկայում առանձին կանդրադառնանք սույն հայորդուն։

Սակայն ընթերցողներին պետք է ներկայացնել նաև հայ ազգային հերոսին, որին կերտել է նույն ՆԱՍԱ-ն, գուցեև արժանին հատուցելով հայոց վաստակին։

Քսանմեկ տարի առաջ, այսինքն 1989թ. մարտի 13-ին ամերիկյան «Դիսկովերի» եռաստիճան հրթիռով միջմոլորակային տարածք դուրս բերվեց տիեզերական փորձակայան, որը ղեկավարում էր առաջին հայ տիեզերագնաց, աստղանավորդ Ջեյմս Բաղյանը։

Բացի այդ, «Դիսկովերի» մայր հրթիռից արձակվեց 2.5 տոննանոց «Դելտա-ռելայ» կապի արբանյակ, որն ուներ ժամանակի արևահայաց ամենահզոր` 18 մետրանոց ալեցիր-ալեհավաքը։

Երեսունվեցամյա հայորդին ծնունդով Ֆիլադելֆիայից էր։ Հայրը` Ֆիլիպը, Երկրորդ աշխարհամարտին մեծ փառքի էր հասել ճապոնական օդուժի դեմ խաղաղօվկիանոսյան ծովամարտերում։ Իսկ Ջեյմսի պապը` Գևորգ Բաղյանը, ղարաբաղցի` պատմական Բաղքից և անցած դարասկզբին, ճակատագրի բերումով, Արցախ-Ղարաբաղից փոխադրվել էր Տրապիզոն, այնուհետև ԱՄՆ։ Սակայն այս պատմության ամենահետաքրքրական դրվագն այն է, որ տիեզերանավի արձակման վեցերորդ օրը` 1989թ. մարտի 18-ի կեսօրին, ԽՍՀՄ «Մայակ» ռադիոկայանով հնչեց Ջեյմսի ձայնը։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Ալեքսանդր Սվիստունովի` ուղիղ եթեր արձակված կարճառոտ հարցազրույցին հաջորդեց վերջին հարցը. «Միստր Ջեյմս, ի՞նչ կուզեք ասել սովետական ռադիոլսողներին», և նա, մի փոքր հապաղելուց հետո,  ասաց. «Ես հայ եմ», որը Ա. Սվիստունովը «թարգմանեց» անգլերենից. «Այո, վերևում եմ»։

 Արթուր Նավասարդյանն

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...