03:49
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մի գերագույն սկզբունք ունեմ` երբեք չաշխատել հանուն փողի, այլ աշխատել` առաջնորդվելով ավելի մեծ բարձունքներ նվաճելու, ընտանիքիդ, շրջապատիդ, երկրիդ համար բարեկեցություն ապահովելու բարձր նպատակներով»։

2013-06-01 11:41

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.

 Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Վերին Հանդ գյուղում ծառայողի ընտանիքում։

Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1967-1972 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը` ստանալով լեռնային ինժեների որակավորում։

1972 թվականի հոկտեմբերի 10-ից աշխատում է (Քաջարանի) Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է լեռնային արտադրամասում որպես էքսկավատորի մեքենավարի օգնական։ 1973-1981 թվականներին աշխատել է լեռնային վարպետ, հորատապայթեցման և էքսկավատորաբուլդոզերային տեղամասերի պետ։

1982-1988 թվականներին աշխատել է լեռնային արտադրամասի գլխավոր ինժեներ, իսկ 1988-1994 թվականներին` կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ։

1994-1998 թվականներին աշխատել է կոմբինատի գլխավոր ինժեներ։

1998 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի («ԶՊՄԿ» ՊՓԲԸ) գործադիր տնօրեն, իսկ 2003 թվականի մարտի 24-ին` նույն կոմբինատի («ԶՊՄԿ» ՓԲԸ) գլխավոր տնօրեն։

2002 թվականին նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, արժանացել Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևի` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի։

2004    թվականին ընտրվել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ։

2005    թվականին Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից նրան շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 2008 թվականին արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

2006    թվականից հանրապետության հանքագործների և մետալուրգների միության նախագահն է։

Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի է։

2007    թվականին ճանաչվել է «Տարվա մարդ»։

2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։

Ունի երկու որդի, չորս թոռ։ Անկուսակցական է։

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում։ Կոմբինատը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։ Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հետախուզական ծրագրերի իրականացումը։ Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին։ Այստեղ կենտրոնացված է մոլիբդենի համաշխարհային հաշվարկված պաշարների մոտ 6 տոկոսը, Հայաստանի պղնձի պաշարների մոտ 80 տոկոսը։ Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները։ Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր։ Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ։ Պղինձն այսօր աշխարհում ամենաօգտագործվող և ամենատարածված մետաղներից մեկն է, որը լայնորեն օգտագործվում է արդյունաբերական արտադրության մեջ։

2004 թվականին  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն մասնավորեցվել է և նրա սեփականատերերն են` «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» և «Զանգեզուր մայնինգ» ընկերությունները։

Իր գործունեության ամբողջ ընթացքում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն դրսևորել է իրեն որպես հուսալի գործընկեր` ունենալով բարձրակարգ և արհեստավարժ մասնագիտական անձնակազմ։

Լինելով «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խմբի մաս` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն վստահելի և իրազեկ համագործակցության միջոցով կարողանում է հաջողությամբ օգտագործել համաշխարհային փորձն ու գիտելիքները, քաջատեղյակ լինել մետաղների և համաշխարհային ֆինանսական շուկաների իրավիճակին։ Խմբի բոլոր ընկերությունները կարևորում և կիրառում են կայուն զարգացման սկզբունքները։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է նաև տեղական համայնքների/ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` օրենքներին և սովորույթներին համապատասխան։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի համար շատ կարևոր է շրջակա միջավայրի վրա իր գործողությունների ազդեցությունը նվազագույնի վրա պահելը և տեղական համայնքներին հնարավորինս շատ օգուտներ տալը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` ՀՀ հանքարդյունաբերության հսկան, մեր երկրի խոշորագույն հարկատուն է, բուն և օժանդակ ձեռնարկություններում ապահովում է ավելի քան 10 հազար աշխատատեղ։ Արդեն շուրջ 15 տարի է, ինչ անվանի լեռնագործ Մաքսիմ Հակոբյանը ղեկավարում է կոմբինատն ու տանում այն զարգացման ու առաջընթացի անշրջելի ճանապարհով։

«Շարքային լեռնագործից մինչև վիթխարի հեղինակություն և համաշխարհային լայն ճանաչում վայելող արդյունաբերական խոշորագույն ձեռնարկության գլխավոր տնօրեն, սա է թերևս, Մաքսիմ Հակոբյանի զարմանք, անթաքույց հիացմունք ու մեծ հետաքրքրություն առաջացրած անցած քառասնամյա և շարունակվող արգասաբեր աշխատանքային ուղու հակիրճ բնորոշումը»։

Ս. Դավթյանի՝ Մ. Հակոբյանին նվիրված գրքից

 

Ձեզ ենք ներկայացնում  «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցը «Դե ֆակտո» ամսագրին։

-Պարո՛ն Հակոբյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 62 տարեկան է։ Արդեն 15 տարի է, ինչ այն ղեկավարում եք Դուք, և այդ տարիների ընթացքում կոմբինատը մեծ վերելք ու առաջընթաց է ապրում։ Կայացման ճանապարհը բարդ էր։ Կխնդրեի ներկայացնել Ձեր անցած ուղին և ղեկավարման Ձեր սկզբունքները։

-Այո, կոմբինատը 62 տարեկան է, հիմնադրման առաջին իսկ օրվանից կոմբինատում ձևավորվել են հիանալի ավանդույթներ, որոնք տարիների փորձությամբ անցել և հասել են մեզ։ Այս տասնամյակների ընթացքում կոմբինատը ունեցել է և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ, սակայն երբեք նահանջ չենք ունեցել, բացառությամբ ԽՍՀՄ փլուզման տարիները, որոնք ոչ միայն կոմբինատի, այլև ողջ երկրի ու տարածաշրջանի համար էին անկումային տարիներ։ Սակայն, փառք Աստծո, այս դժվարին փուլը կոմբինատը կարողացավ պատվով հաղթահարել, ի տարբերություն շատ այլ ձեռնարկությունների, չդադարեցրեց գործունեությունը, այլ նոր շունչ և թափ առավ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 62-ամյա տարեգրության շուրջ մեկ քառորդի ընթացքում այն ղեկավարում եմ ես։ Այսօր ձեռնարկությունն ամբողջությամբ վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով, համապատասխանում է աշխարհում ընդունված միջազգային չափանիշերին։ Եթե 1994-98 թվականներին ձեռնարկությունում աշխատում էր մոտ 1400 մարդ, ապա այսօր միայն բուն ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 3200 աշխատակից, իսկ հարակից հիմնարկություններում հանրապետության ողջ տարածքում` 10000-ից ավելի աշխատակից։ Սա մեծ հաջողություն և ձեռքբերում է մեր ձեռնարկության, մեր քաղաքի և պետության համար։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն առաջնորդվում է իր աշխատակիցների առաջխաղացումներն ըստ արժանվույն գնահատելու, մշտապես խրախուսելու սկզբունքով, կոմբինատի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձն այսօր կազմում է 400 հազար դրամ, սա բավականին լուրջ ցուցանիշ է ՀՀ մակարդակով։ Ունենք հիանալի կոլեկտիվ, տիրում է փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտ, որը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ կոլեկտիվի ոչ մի անդամ դուրս չի մնում ուշադրությունից, բոլորի նկատմամբ ցուցաբերվում է անհատական վերաբերմունք։

-Պարո՛ն Հակոբյան, շուրջ 9 տարի է, ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է, բարեփոխումներն ու առավելություններն ակնհայտ են։ Այդուհանդերձ, դժվար չէ՞ր արդյոք նման հսկա կոմբինատի ֆինանսավորման և գործունեության խնդիրները պետական հոգածությունից վերցնել սեփական ուսերին։ Երբ դեռ նոր էիք սկսում, մտավախություն չունեի՞ք, որ որևէ բան կարող է չստացվել։

-Մտավախություն, իհարկե, կար, սակայն դա մեզ ետ չպահեց, ներքին համոզմունք ունեինք, որ ամեն ինչ հաջողվելու է։ Հանքարդյունաբերությունն այն բնագավառն է, որի արտադրանքը մշտապես պահանջարկ ունի, պետք էր միայն նվիրվել աշխատանքին և համբերությամբ սպասել։ Մասնավորեցումը լուրջ ֆինանսական միջոցներ էր պահանջում, այդ տարիների ընթացքում ավելի, քան 500մլն դոլարի ներդրում է կատարվել։ Տարեկան ներդրումները միջին հաշվարկով կազմում են մոտ 50-100մլն դոլար։ Մինչդեռ, երբ գործարանը գտնվում էր պետական կարգավիճակում, ներդրումների ծավալը չնչին էր, դրանցով ընդամենը պահվում էր գործարանը։ Անշուշտ, տարբերությունն անհամեմատ է, կոմբինատը հիմնովին վերափոխվել է` համալրվելով նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, անհամեմատ մեծացնելով արտադրության ծավալները, բազմապատկելով աշխատողների թիվը։

-Կխնդրեի անդրադառնալ նաև  «ԶՊՄԿ» ՓԲԸ օժանդակ ձեռնարկություններին։ Ի՞նչ թիվ են կազմում այդ ընկերությունները, ինչպիսի՞ն է դրանց տեղակայման աշխարհագրությունը։

-Համագործակցում ենք 311 օժանդակ հիմնարկ-ձեռնարկությունների հետ ՀՀ ողջ տարածքում, դրանցից 104-ը խիստ կապված են կոմբինատի հետ, ստեղծվել են կոմբինատի միջոցներով և աջակցությամբ, որոնցից 80-ը առանց մեր կոմբինատի պարզապես չեն կարող գործել, սա շատ հպարտացնող և միևնույն ժամանակ պարտավորեցնող է, քանի որ այս ձեռնարկությունները հուսալի աշխատատեղի և կայուն եկամտի աղբյուր են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար։ Ձեռնարկությունը մեծ ներդրումներ է ունեցել նաև հանրապետության մի քանի խոշոր ձեռնարկությունների` Ագարակի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման կոմբինատների վերագործարկման աշխատանքներում։

-Պարո՛ն Հակոբյան, կխնդրեի մանրամասնել նաև արտադրական գործընթացը. ինպիսի՞ տեխնոլոգիաներով է աշխատում կոմբինատը, ի՞նչ սարքավորումներ են օգտագործվում։

-Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է  «ԶՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում։  Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային պաշարները բաց եղանակով` օգտագործելով մեծաքանակ տեխնիկա։ Ձեռնարկության բեռնատարների ավտոպարկում կան   55-134 տոննա բեռնատարողությամբ բազմաթիվ «Բելազ» և «Կատերպիլլար» ավտոինքնաթափեր, օգտագործվում են նույն ընկերությունների մի քանի անվավոր ապարաբարձիչներ։ Էքսկավատորների և ապարաբարձիչների շերեփների բեռնատարողությունը     5-13.5 մ3 է։ Բացի այդ, օգտագործվում է մեծաքանակ օժանդակ տեխնիկա։ Հանքարդյունահանման գործընթացը կազմակերպված է միջազգային բոլոր չափանիշերով, ինչը ցույց է տալիս ձեռնարկության մասնագիտական բարձր մակարդակը։ Հանքաքարի և դատարկ ապարների հստակ սահմանազատումը թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու աղքատացումը։ Ստորգետնյա ջրերի մակարդակը հանքավայրում ցածր է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է հեռացնել միայն տեղումներից առաջացած և շրջակա գետերի ու վտակների ջրերը։ Այդ պատճառով քիչ է չորացնող սարքավորումների անհրաժեշտությունը։ Ներկայումս հանքավայրը հաջողությամբ ջրազրկվում է գործող դրենաժային համակարգի օգնությամբ, որը կազմված է լանջային առուներից, ստորգետնյա ջրուղիներից և խողովակաշարերից։ Հարստացուցիչ ֆաբրիկայում կատարվում է հանքաքարի` ավանդական եղանակով աղացում և փրփրային ֆլոտացիա։ Ֆլոտացիոն գործընթացը ներառում է պղնձի և մոլիբդենի կոլեկտիվ ֆլոտացիան, որից հետո կատարվում են մոլիբդենի և պղնձի ընտրակորզիչ (սելեկտիվ) ֆլոտացիաներ։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆաբրիկայի հին և փոքր ֆլոտոմեքենաները փոխարինվել են ավելի մեծ ծավալի պնևմամեխանիկական ֆլոտոմեքենաներով։ Նոր ֆլոտոմեքենաներն աշխատում են ցածր ճնշման օդով և ունեն մակարդակի կառավարման ավտոմատ համակարգ։ Պղնձի և մոլիբդենի խտանյութերը ջրազրկվում և չորացվում են առանձին տեղամասերում։ Որակի վերահսկողությունը կատարվում է ժամանակակից սարքավորումներով համալրված քիմիական և հետազոտական լաբորատորիաներում։ Հարստացուցիչ ֆաբրիկան ունի աճի մեծ հնարավորություններ, որոնք ձեռք են բերվում պահպանման պատշաճ միջոցառումների միջոցով։ Հանքաքարի արդյունահանման և վերամշակման պրոցեսն իր մեջ ներառում է նաև դատարկ ապարների և պոչերի անվտանգ կոնսերվացման ենթակառուցվածք։ Հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները մի շարք ստորգետնյա և վերգետնյա խողովակաշարերի և ջրատարների միջոցով տեղափոխվում են շուրջ 36 կմ հեռավորության վրա տեղակայված Արծվանիկի պոչամբար։

-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ սոցիալական աջակցության և պետական ծրագրեր։ Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում ծրագրերը, ո՞ր խնդիրներին եք առաջնայնություն տալիս։

- «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն խոշոր գումարներ է տրամադրում ինչպես հանրապետական, այնպես էլ Սյունիքի մարզային և համայնքային ծրագրերին և համայնքային խնդիրների լուծմանը։ Մեր համայնքային ծրագրերը հաստատում են նպատակաուղղվածությունը դեպի սոցիալական իրավիճակի և տեղական զարգացման ծրագրերի շարունակական բարելավմանը։ Մենք մշտապես վերլուծում ենք մեր գործունեության սոցիալական, բնապահպանական և տնտեսական արդյունքները, որպեսզի առավել օգտակար լինենք համայնքներին ու ընդհանուր տնտեսությանը, նվազեցնենք բացասական ազդեցությունները նրանց վրա։ Պետական, համայնքային մարմինների հետ մենք քննարկում ենք փոխադարձ շահերն ու պարտավորությունները և համաձայնեցնում ենք նպատակները, որոնք կապահովեն երկարաժամկետ արդյունքներ։ Համայնքային օժանդակության ծրագրերը ներառում են քաղաքային և գյուղական բնակավայրերի զարգացման, զբաղվածության ապահովման, կրթական, մշակութային ժառանգության պահպանման, առողջապահական և սոցիալական նախաձեռնություններ։ Մենք դիտարկում ենք այս ծրագրերը որպես լրացուցիչ խթան համայնքներին` դրականորեն փոխելով տեղական տնտեսությունը և համայնքային զարգացումները։ Բավական է ասել, որ վերջին 7-8 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի միջին հաշվարկով 3-3.5 մլրդ դրամի սոցիալական ծրագրեր են իրականացվել կրթության,  մշակույթի, առողջապահության, սպորտային, բնապահպանական, շինարարական և այլ ոլորտներում։ Բացի պլանավորված ծրագրերից` երբեմն լինում են նաև չնախատեսված ծրագրեր, որոնք ֆինանսավորում և իրականացնում ենք` ըստ կարևորության։ Չեմ սիրում բարեգործություն տերմինն ու ինձ բարերար չեմ համարում։ Պետության հանդեպ կատարված ցանկացած գործ ես համարում եմ ավելի շատ պարտականություն, քան բարեգործություն։

-Անգնահատելի է կոմբինատի դերն ու նշանակությունը Սյունիքի մարզի և Քաջարան քաղաքի համար բնակչությանը աշխատանքով ապահովելու և սոցիալական բարեկեցության տեսանկյունից։ Այդուհանդերձ, բնապահպանական ի՞նչ խնդիրներ ունի քաղաքը և ինչպե՞ս են դրանք կարգավորվում և լուծվում։

-Այո, ինչպես յուրաքանչյուր հանքարդյունաբերական ձեռնարկություն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս իր մեծ օգտակարությանը զուգահեռ որոշակի բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։ Սակայն  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն մեծ պատասխանատվությամբ հետևում է էկոհամակարգի բնական հավասարակշռության պահպանմանը։ Տարեկան մի քանի միլիոն դոլարի հասնող ներդրումներ են իրականացվում ժամանակակից ֆիլտրերի, նորագույն սարքավորումների միջոցով արտանետումները նվազագույնի հասցնելու, էկոհամակարգի պահպանության ուղղությամբ։ Մենք միշտ զգոն ենք, մեր բնապահպանական քաղաքականությունը ուղղված է մեր գործունեության ազդեցությունների նվազեցմանը` ժամանակակից գիտության և ստույգ տվյալների վրա հիմնված ռիսկերի կառավարման ռազմավարության միջոցով։ Մեզ մոտ պարբերաբար իրականացվում է ներքին և արտաքին բնապահպանական աուդիտ` գնահատելու մեր բնապահպանական վիճակը, կառավարման համակարգերը և փորձը։

-Պարո՛ն Հակոբյան, խոսենք նաև նախորդ տարի իրականացված առողջապահական ապահովագրության մասին։

-Նախորդ տարվա ընթացքում իրականացրեցինք մի շատ կարևոր, առաջնային ծրագիր` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների և կից ձեռնարկություններում աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրություն։ Ապահովագրված յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի տարեկան մոտ 5մլն դրամի չափով բուժսպասարկման ծառայություններ և բուժօգնություն ստանալ ՀՀ լավագույն բուժհաստատություններում։

-Ղեկավար Մաքսիմ Հակոբյանից անցնենք Մաքսիմ Հակոբյան անձին ընտանիքում և ընկերների հետ։

-Ինքս իմ մասին խոսել չեմ սիրում։ Թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում պահանջկոտ եմ, ժամանակիս մեծ մասը նվիրում եմ աշխատանքին։ Անձնական կյանքի համար շատ քիչ ժամանակ է մնում։ Ընկերներիս հետ թեև ուշ ենք տեսնվում, սակայն կապը միշտ կա, ունեմ մանկության ընկերներ, որոնց հետ մինչ օրս մտերիմ ենք։ Ընտանիքն ինձ համար սրբություն է։ Ես մեծացել եմ բազմազավակ ընտանիքում, պատանի տարիքում կորցրել եմ հորս, բայց նրա փոխարեն Աստված մորս երկարակեցություն է շնորհել։ Մայրս մեծացրել է մեզ` մեր մեջ արմատավորելով ազնվություն, բարեպաշտություն և աշխատասիրություն։ Ես ևս այդպես եմ դաստիարակել իմ զավակներին, նրանք էլ իրենց զավակներին։ Զավակներս այժմ իրենց ընտանիքներով բնակվում են մայրաքաղաքում, հաճախ ենք տեսնվում, կապը թոռնիկներիս հետ միշտ կա, ես նրանցով եմ ապրում, նրանցով եմ ուժեղ և երջանիկ։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։

-Մարդ կյանքում պետք է լինի ճշմարտասեր, պարտաճանաչ, խոստմանը միշտ մնա հավատարիմ, հարգի դիմացինին` անկախ սոցիալական դիրքից, զբաղեցրած պաշտոնից։ Դժվարություններից երբեք չեմ վախեցել, չեմ խուսափել, չեմ ձգտել հեշտ ու հասանելի ճանապարհներով նպատակին հասնելու ուղուն։ Բոլոր հարցերում մաքսիմալիստ եմ եղել, միշտ ձգտել եմ ավելիին հասնել։ Ինքս ինձ համար մի գերագույն սկզբունք ունեմ` երբեք չգնալ փողի հետևից, չաշխատել հանուն փողի, այլ աշխատել` առաջնորդվելով ավելի մեծ բարձունքներ նվաճելու, ընտանիքիդ, շրջապատիդ, երկրիդ համար բարեկեցություն ապահովելու բարձր նպատակներով։

-Որպես հանրապետության ամենախոշոր հարկատու` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ տնտեսության վիճակը այսօր և ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը 10 տարի անց։

-Տնտեսության վիճակն այսօր համարում եմ բավարար, քանի որ մենք դեռ երիտասարդ պետություն ենք, կայացման և զարգացման խնդիր ունենք, հսկայական աշխատանքներ արդեն արված են, բոլոր հիմքերը կան կայուն և ապահով զարգացման համար։ Ես մաղթում եմ, որ 10 տարի անց մեր երկրում տնտեսության տարբեր ճյուղերում գործեն  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հզորությամբ այլ ձեռնարկություններ ևս, և մեր կոմբինատը լինի մեկն այդ բազմաթիվ հարկատուների շարքում։

-Այսօր` գործունեության 15-րդ տարում, կոմբինատը զարգացման ո՞ր փուլում է, և առաջիկայի համար ի՞նչ անելիքներ և ծրագրեր ունի։

- «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն անցել է զարգացման երեք փուլ. առաջին փուլը կայունացման փուլն էր, երբ մի քանի տարվա ընթացքում կարողացանք կայունության վիճակ ստեղծել ձեռնարկությունում։ Երկրորդ փուլը զարգացման ու առաջընթացի, արտադրության ծավալների աստիճանաբար մեծացման փուլն էր։ Իսկ երրորդ փուլը տեխնիկական վերազինման, նորագույն սարքավորումների ներդրման և արտադրության ծավալների մեծացման ու որակի բարձրացման փուլն էր, որն անվեջ արդիական և շարունակական գործընթաց է։ Հիմնվելով կայուն զարգացման հիմնական սկզբունքի վրա, այն է` «բավարարելով ներկայիս սերնդի պահանջները` չնվազեցնել հաջորդ սերունդների սեփական կարիքները բավարարելու հնարավորությունները», ձեռնարկությունն իրականացնում է զարգացման բազմաթիվ ծրագրեր։ Այս ամենը թույլ է տալիս հասնել իրական և շոշափելի արդյունքների ընկերությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով հնարավորության ստեղծում համայնքի և երկրի տնտեսական զարգացման համար։ Սեփականատեր խումբը և կոմբինատի կոլեկտիվը կազմել են 15 տարվա ներդրումային ծրագիր, որը դրույթներ է պարունակում հետագա անելիքների մասին։ Նախատեսվում է աշխատանքները կատարել երկու փուլով և մինչև 240 միլիոն դոլարի ներդրում կատարել։ Երկրորդ փուլի ավարտին նախատեսվում է հանքաքարի վերամշակման տարեկան ծավալները հասցնել մինչև 16-18 միլիոն տոննայի։  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 15 մլն. տոննա հանքաքար և պահպանում իր մրցունակությունը գործառնական գերազանցությամբ և նորարարություններով։ Այդ նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են հետազոտման, արդյունահանման և վերամշակման նոր մեթոդների որակական զարգացումներ, որոնք ճանապարհ են բացում դեպի ավելի սակավ էներգատար, մաքուր և առավել ծախսախնայող արտադրություն։ Մեր նպատակն է հետևողականորեն իրագործել ծրագրերը։ Ընկերությունը ուշադրություն է դարձնում հնարավոր հեռանկարային ներդրումների գնահատմանը և կառավարմանը։ Կոմբինատն աճի զգալի պոտենցիալ կունենա առկա ակտիվների հենքի զարգացման և շահագործման միջոցով, ինչն էլ ծրագրում ենք անել` ավելացնելով արտադրությունը։ Կոմբինատը շարունակում է իրականացնել ընկերության աճի ռազմավարությունը և անընդհատ փնտրում է մրցակցային առավելությունների նոր աղբյուրներ` նպատակ ունենալով ապահովել ճյուղի համար բարձր շահույթներ։ Դրան կոմբինատը կարող է հասնել միայն աշխատողների, գործընկերների, բաժնետերերի, համայնքների, պետության, այլ շահագրգիռ կողմերի հետ իրական համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի փոխադարձ անկեղծության, փոխօգնության, թափանցիկության և փոխադարձ արժեստեղծման վրա։ Արդեն երրորդ տարին է, ինչ ձեռնարկության բաժնետերերի որոշմամբ  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարեկան եկամուտների 5 տոկոսը տարեվերջին բաշխվում է ձեռնարկության աշխատակիցների միջև` աշխատանքի մեջ վերջիններիս ցուցաբերած արդյունավետության ցուցանիշերին համապատասխան։

Սակայն սա դեռ բարձրակետը չէ, անելիքներ շատ կան։ Մենք առաջ ենք գնալու, մենք բռնել ենք առաջընթացի և զարգացման ճանապարհը։ Ցանկացած գործում, այդ թվում և երկրի կառավարման մեջ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է թիմային աշխատանք և փոխվստահություն, ուստի մենք բոլորս պետք է լինենք նախագահի կողքին մեր գործերով, մեր ներդրումներով, որպեսզի միասին զարգացնենք և շենացնենք մեր երկիրը։ Մենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով պետք է հասնենք հաջողության։

 

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

Լուսանկարները տրամադրել է «ԶՊՄԿ» ՓԲԸ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Դավթյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...