17:16
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր պարագայում գործելու համար անհրաժեշտ է կառուցողական մտածելակերպ և մոտեցում

2013-04-02 11:24

 «Դե Ֆակտո»  59 (2011թ.)

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Արագած Ախոյանի հետ

-        Հարգելի պարոն Ախոյան, մի քանի ամիս է, ինչ ընտրվել եք ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ո՞րն էր պատճառը կամ ավելի շուտ նպատակը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ ցուցակում նախապատվությունը տվեց Ձեզ, այլ ոչ ցուցակով Ձեզանից առաջ որևէ այլ անդամի։

-        Գիտեք, այս հարցը բազմիցս արծարծվել է։ Քանի որ խոսքն այստեղ ժողովրդական ընտրության մասին չէ, ուստի կարծում եմ` այս դեպքում թեկնածուն ընտրվում է կուսակցության ղեկավարության կողմից։ Կուսակցության ղեկավարությունն ավելի ճիշտ և օբյեկտիվ կարող է գնահատել թեկնածուների կարողություններն ու պոտենցիալը և որոշել, թե ում և ինչ միսիայով կարելի է վստահել ԱԺ պատգամավորի պաշտոնը։ Թեև ինչպես հիշում եք, 2007-ին ես մեծամասնական ցուցակով իմ թեկնածությունն առաջադրել էի թիվ 14 ընտրատարածքում և բավականին լուրջ ձայներ էի հավաքել։

 

Իմ խնդիրն է եվրաինտեգրման ճանապարհին

պահպանել և չմարել ազգային արժեքներն ու ավանդույթները

 

-        Դուք Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք։ Որո՞նք են այսօր հանձնաժողովի առաջնային խնդիրները։ Հանձնաժողովի գործունեության մեջ ակտի՞վ եք արդյոք, որևէ նախաձեռնություն ունե՞ք այս ոլորտում։

-        Ինձ համար հոգեհարազատ կլիներ, իհարկե, գործել կրթության և մշակույթի հանձնաժողովում։ Սակայն, ծանոթանալով   Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովին` ինձ հուզեց մի շատ կարևոր և նուրբ հարց. եվրաինտեգրման գործընթացում ազգային արժեքների պահպանման խնդիրը։ Ես որոշեցի աշխատել հատկապես այդ հանձնաժողովում։ Անշուշտ, ժամանակաշրջանը, քաղաքական հանգամանքներն ու գլոբալիզացիան պարտավորեցնում և ստիպում են ընդունել խաղի որոշակի կանոններ ժամանակակից եվրոպական հասարակությանը ինտեգրվելու նպատակով։ Սակայն մենք պետք է շատ զգույշ և հետևողական լինենք Եվրոպայից որևէ բան վերցնելիս և ընդօրինակելիս։ Մեր խնդիրն ու նպատակն է` անել հնարավոր  ամենը այս ճանապարհին մեր մշակութային և ազգային հիմնական դրական ավանդույթները, սովորույթները պահպանելու և չմարելու համար։ 

 

Յուրաքանչյուր պարագայում գործելու համար անհրաժեշտ է կոնստրուկտիվ` կառուցողական մտածելակերպ և մոտեցում

 

-        Ունեք արվեստագետի կրթություն, էությամբ ստեղծագործող, կառուցող անհատ եք։ Այս հատկանիշները որքանո՞վ են օգնում կամ գուցե խանգարում պատգամավորի գործունեությանը։

-        Ինչպես ասում են, արցունքը մաքրում է մարդու աչքերը, իսկ արվեստը` հոգին։ Սա հոգու մաքրություն է ինձ համար։ Ես հոգով արվեստասեր, շինարար և կառուցող  անհատ եմ։ Ես երեք ամիս է, ինչ պատգամավոր եմ, մինչդեռ շինարար` ողջ կյանքս։ Ես ավելի քան 10 տարի է, ինչ շինարարների միության խորհրդի անդամ եմ։ Մասնագիտությունս ավելի շուտ օգնում է, քանզի երկու դեպքում էլ գործելու և դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կոնստրուկտիվ` կառուցողական մտածելակերպ և մոտեցում. եթե մի դեպքում կառուցում ենք շենք-շինություն, ապա մյուս դեպքում` երկիր, հասարակություն։

 

-        Բացի շինարարական բիզնեսից և պատգամավորական գործունեությունից, Դուք նաև բարեգործություններ եք անում։ Կմանրամասնե՞ք

-        Անկեղծ ասեմ, ինձ համար անհասկանալի է, երբ մարդը խոսում է իր արած «բարեգործության» մասին, սա սպառում և կորցնում է բառի բովանդակությունը։ Բարեգործությունն ինձ համար ապրելակերպ է։ Անել որևէ բան, հետո խոսել և բարձրաձայնել ես չեմ ընդունում։

 

-        Ձեզ շրջապատող միջավայրը, կարելի է ասել, ողողված է և շնչում է արվեստով ու պատմամշակութային արժեքներով։ Դա Ձեր հոբբին էկպատմե՞ք

-        Արդեն երկար տարիներ ես հավաքում եմ արվեստի ամենատարբեր նմուշներ և պետք է ասեմ, որ իմ տանը ոչ մի արվեստի գործ չեմ պահում։ Ամբողջն այստեղ է` իմ աշխատավայրում։ Առայժմ այս կերպ եմ փորձում այն հաճելի և հասանելի դարձնել մարդկանց, որոնք շփվում են ինձ հետ, լինում են իմ աշխատասենյակում։ Ապագայում պլանավորում  եմ թանգարան-պատկերասրահ հիմնել, հանրության առավել լայն մասին իմ հավաքածուն հասանելի դարձնելու համար։ Այս միջավայրում ես խաղաղվում եմ, այն ինձ դրական լիցքեր է հաղորդում։

 

Այսօր առաջնահերթությունը պետք է տալ

գյուղական համայնքների զարգացմանը

 

-        ՀՀ Ազգային Ժողովում Դուք ներկայացնում եք Արագածոտնի մարզը։ Այսօր ի՞նչ առաջնային խնդիրներ ունի մարզը։

-        Ես ողջունում եմ ՀՀ նախագահի վերջին բոլոր քայլերը` կապված գյուղատնտեսության աջակցության և զարգացման ծրագրերի հետ։ Ես կարծում եմ, որ այսօր առաջնահերթությունը պետք է տալ գյուղական համայնքների զարգացմանը,   կենտրոնանալ լոկալ խնդիրների լուծման վրա։ Եթե գործով զբաղվեն գիտնականներն ու մասնագետները, ամեն ինչ կհաջողվի։ Բոլոր խնդիրներն էլ լուծելի են։

 

-        Աշխատանքային այս հագեցած գրաֆիկում ժամանակ ունենու՞մ եք ընտանիքի համար։

-        Ցավոտ հարց տվեցիք… Բայց հավատացեք կարողանում եմ հասցնել։ Աշխատանքային օրերի պակասը, աշխատում եմ լրացնել հանգստյան օրերին։ Ընտանիքիս հետ գնում ենք գյուղ, միասին զբաղվում ենք մեր այգով, հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում։

 

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի։

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...