05:46
07/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ուրարտու» երիտասարդության և երեխաների աջակցության բարեգործական հիմնադրամը հինգ տարեկան է

2013-03-29 11:52

«Դե Ֆակտո» 63 (2011թ.)

«Ուրարտու» երիտասարդության և երեխաների աջակցության բարեգործական հիմնադրամը հինգ տարեկան է։

Արդեն հինգ տարի է, ինչ «Ուրարտու» բարեգործական հիմնադրամը Ռուսաստանի ողջ տարածքում իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր և միջոցառումներ։

Ի՞նչ է արվել հիմնադրամի կողմից անցած տարիների ընթացքում, և ի՞նչ ծրագրեր ունի այն ապագայի համար, կփորձենք պարզել հիմնադրամի նախագահ Արմեն Գյուլնազարովի հետ զրույցում։

 

   - Պարոն Գյուլնազարով, նախքան «Ուրարտու» բարեգործական հիմնադրամի մասին զրույցին անցնելը թույլ տվեք մի հարց տալ, որն անմիջականորեն վերաբերում է Ձեզ։ Որքան ինձ հայտնի է, լրագրողների հետ հանդիպումների և հարցազրույցների ընթացքում Դուք որևէ անգամ չեք խոսել այն մասին, թե որտեղից են Ձեր  արմատները։ Եթե հնարավոր է, լույս սփռեք խնդրեմ, այդ հարցի վրա։

 

Քո անձի նկատմամբ հարգանքը պետք է վաստակես միայն սեփական գործերով

 

   - Այո', այդպես է։ Իմ արմատների մասին հայտնի չի եղել ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այլ նաև  իմ շրջապատի մարդկանց։ Պատճառն ամենևին այն չէ, որ ես չեմ  հարգում իմ նախնիներին կամ  նրանց հիշատակը։ Ընդհակառակը` ես պահպանում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակը և խորին հարգանքով եմ վերաբերվում բոլորին։  Ես ծագումով Նախիջևանից եմ` Կզնուտ գյուղից։ Ունեմ մեծ ընտանիք, որի անդամներից յուրաքանչյուրը փորձել և փորձում է օգտակար լինել մեր ազգին։ Ես առանձնահատուկ կերպով հպարտանում եմ իմ նախանախատատով, որը կյանք է տվել մի մեծ հայի, ում անունն է Գարեգին Նժդեհ։ Թերևս սա է պատճառը, որ միշտ խուսափել եմ պատասխանել վերոհիշյալ հարցին։ Քանի որ կարծում եմ, որ քո անձի նկատմամբ հարգանքը պետք է վաստակես միայն սեփական գործերով։

 

  -Գարեգին Նժդեհը նպատակասլաց և հզոր կամքի տեր մարդ էր։  Այդպիսին է նաև հայ մարդու հավաքական կերպարը։ Միանում եմ  այս կարծիքին` նկատի ունենալով այն գործը, որը Դուք իրականացնում եք նման հաջողությամբ։ Պատմեք  խնդրեմ, ինչպե՞ս առաջացավ բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը։

- Երբ մի առիթով հասարակական կազմակերպությունների հանդիպման ընթացքում քննարկվում էին սփյուռքում բնակվող երիտասարդության ազգային ինքնագիտակցության բարձրացման և կոնսոլիդացման խնդիրները, մենք որոշեցինք ստեղծել հիմնադրամ, որը ակտիվորեն կմասնակցի այդ խնդիրների լուծմանը։ Չէ՞ որ երիտասարդությունն է կերտում մեր ապագան։ Մեր պարտքն է դաստիարակել արժանի ժառանգներ` ուղղորդելով նրանց բարի գործերի, քանզի հենց նրանց` երիտասարդ սերնդին է վիճակված վաղն իր վրա կրել հայրենիքի ապագայի դժվարին պատասխանատվությունը։

 

  - Եվ ինչպիսի՞ գործունեություն է ծավալել հիմնադրամը այս տարիների ընթացքում։

- Խոսելով համերգային ծրագրերի մասին, ուզում եմ նշել, որ սկզբում հիմնադրամի կողմից մշակվել էին 3 համերգային ծրագրեր։ «Հայաստան, Ռուսաստան. մենք զավակներն ենք ձեր» համերգային ծրագիրը 2010-ին «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում հավաքեց 50000 հանդիսատես։ 2009-ին անցկացվեց «Ուրարտուի լեգենդներ» ծրագիրը Հայաստանի պարի պետական համույթի մասնակցությամբ, որը նվիրված էր վերջինիս  50-ամյակին։ Իսկ արդեն հաջորդ տարի նույն ծրագրի շրջանակներում անցկացվեց Հարութ Փամբուկչյանի հոբելյանական մեծարումը։ Մեկ այլ նախաձեռնություն էր «Մենք միասնական ենք» ազգային-մշակութային երեկույթը, որն առաջին անգամ անցկացվեց  2007-ին ոչ մեծ դահլիճում, ընդամենը 800 մարդու ներկայությամբ։ Իսկ 2009-ին համերգն անցկացվեց «Օլիմպիսկի» մարզահամալիրում և հավաքեց 20000 հանդիսատես։ Այս միջոցառումը եղել է և միշտ կլինի անվճար։

Մեր գործունեության մեջ կարևորում ենք այն, որ բոլոր այն միջոցառումները, որոնց դուք արդեն ծանոթ եք, եղել են նպատակներ, որոնք դրել ենք մեր առջև և հասել դրանց բարձր արդյունքով։ Յուրաքանչյուր նոր ծրագիր և համերգ  կազմակերպելիս` մենք բոլորս մեծագույն հարգանքով ենք վերաբերվում բոլոր նրանց, ում համար կազմակերպվում են այդ միջոցառումները։ Յուրաքանչյուր միջոցառման մեջ ներդրված է խորը իմաստ։  Այդպես եղավ նաև 2007թ-ի դեկտեմբերի 12-ին, երբ Երաժշտության միջազգային տանը կայացավ Հարութ Փամբուկչյանի անվճար համերգը «Հայաստան, Ռուսաստան. մենք զավակներն ենք ձեր» խորագրով` նվիրված մեր հայրերին` ի նշան երախտագիտության և հարգանքի։ Փամբուկչյանի երաժշտությունը վայելելու էր եկել շուրջ 2000 մարդ։ Բառերով դժվար է փոխանցել այն մթնոլորտը, որը տիրում էր այդ երեկո համերգասրահում։

Այս նույն խորագրով համերգ մենք կազմակերպեցինք նաև 2008-ին` նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին` ի նշան հարգանքի ու երախտագիտության մեր մայրերի սիրո և հոգատարության դիմաց։ Հիմնադրամն այդ երեկո ավելի քան 4000 վարդ նվիրեց սիրելի կանանց։

2008-ին Կրեմլում անցկացվեց տոնական համերգ §Մենք միասնական ենք» խորագրով Ազգային միասնականության օրվա առթիվ «НАШИ» շարժման, Կովկասի ազգերի ռուսական կոնգրեսի և «БАРС» հիմնադրամի մասնակցությամբ։ Իսկ 2010-ին այս համերգին մասնակցություն ցուցաբերեց նաև «Երիտասարդ Ռուսաստան» շարժումը։

Բայց չէ՞ որ Ձեր գործունեությունը չի սահմանափակվում միայն համերգային ծրագրերի անցկացմամբ։

-  Անշո՛ւշտ, մեր հիմնադրամը մեծ ուրախությամբ աջակցեց ՌԴ Ակադեմիայի գլխավոր շտաբի ունկնդիրներին` գնդապետ Խաչատրյանի գլխավորությամբ, որոնք հանդիսացան մարշալ Բաղրամյանի 111-ամյակի հոբելյանական տոնակատարությունը նշելու նախաձեռնողները։ Մեզ բոլորիս հաճելիորեն զարմացրեց Լի Սան Մինը` Հարավային Կորեայից, հայերեն լեզվով կատարելով հայկական ազգային երգ։ «Ուրարտու» հիմնադրամը հայ երիտասարդության հետ միասին 2009-ին մասնակցեց Սպիտակի ողբերգական երկրաշարժի 20-ամյա տարելիցին` երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով և հուշարձանին ծաղկեպսակներ դնելով։ Արարողությանը ներկա էին նաև մեր ռուս ընկերները։

Փորձելով նոր սերնդին որքան հնարավոր է շատ տեղեկացնել և հիշեցնել հայ ժողովրդի անցյալի իրադարձությունները` 2008-ից սկսած ամեն շաբաթ Մոսկվայում կազմակերպում ենք անվճար կինոդիտումներ, իսկ 2009-ից` ամեն ամիս նման միջոցառումներ ենք իրականացնում նաև Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Այդ դիտումներին հրավիրվում են կինոռեժիսորներ, դերասաններ, որոնք կիսվում են տվյալ ֆիլմի նկարահանման վերաբերյալ իրենց հիշողություններով։

Մոսկվայի Թաթարական ազգային-մշակութային ինքնավարության/автономия/ հետ համատեղ ցուցադրվեց «Բիբինուր» ֆիլմը։  Ինգուշեթիայի մշտական ներկայացուցչության, Մոսկվայի և Մերձմոսկովյան Ինգուշական հասարակական կազմակերպության մասնակցությամբ ցուցադրվեցին «Բրեստի մոռացված հերոսները» և «Գիշերեց ոսկե ամպիկը» ֆիլմերը։ 2010-ի մայիսին Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակի առթիվ հիմնադրամը անցկացրեց հետևյալ ֆիլմերի ցուցադրությունների շարքը` «Ձնծաղիկներ և էդելվեյսներ», «Զինվորի հայրը», «Զինվորը և փիղը»։ Իսկ Ռուսաստանի վրացիների միության հետ համատեղ ներկայացվեց «Ալավերդոբա» ֆիլմը։ Բացի այդ, մեր հանդիսատեսին են ներկայացվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Արամ»` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և «Վիրավոր քարեր», «Էլբրուսոիդ» հիմնադրամի մասնակցությամբ։ Հրաշալի «Մայրիկ» ֆիլմը ապրիլի 24-ին միաժամանակ ցուցադրվեց Ռուսաստանի մի քանի քաղաքներում։ Իսկ Կանանց միջազգային տոնի առթիվ ցուցադրվեց «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը։ Մի շարք ֆիլմերի ցուցադրության ավարտին հիմնադրամը կազմակերպել էր նաև թեյի արարողություն` հայկական ազգային քաղցրավենիքների մատուցմամբ։ Հաճելի մթնոլորտը ավելի ջերմացավ` հյուրերին ծաղիկներ նվիրելով։

 

Պետության ուժն իր ազգի մեջ է, իսկ ազգի ուժը` իր միասնության։

Հենց այդ միասնության ամրապնդումն է «Ուրարտու» բարեգործական հիմնադրամի կոչումը։

 

 

Իսկ ի՞նչ է արվել հիմնադրամի կողմից կրթական ծրագրերի շրջանակներում։

-  2009-ի մարտին հիմնադրամի կողմից բացվեցին երկու կիրակնօրյա դպրոցներ Մոսկվայում և Սերպուխովում։ Անվճար հիմունքներով երեխաներն այստեղ սովորում են հայոց լեզու և գրականություն, պատմություն, ինչպես նաև ուսուցանվում են ազգային պարեր և նվագել երաժշտական գործիքներ։ Դպրոցների սաները բազմիցս ելույթ են ունեցել Մոսկվայում և Մերձմոսկովյան քաղաքներում  կազմակերպված խոշոր միջոցառումներին։ Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին անցկացվում են ատեստացիաներ, որոնց շրջանակներում դպրոցի սաները կազմակերպում և ներկայացնում են թատերական ներկայացումներ, պարային և երաժշտական ծրագրեր։

2010-ի նոյեմբերից հիմնադրամը Կալուգայի շրջանի հայկական համայնքի հետ համատեղ բացեց ազգային պարերի և երաժշտական նվագարանների անվճար դպրոց։ Հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին անշահախնդրորեն աջակցելու և օգնելու համար ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել միջնակարգ դպրոցների տնօրեններ Սեդա Գալոյանին, Արմինե Առաքելյանին, Գալինա Ուսպենսկայային և առանձնահատուկ` Օֆելյա Առաքելյանին։

Կա՞ն արդյոք ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով ստիպված եք եղել հետաձգել։

-  Այո՛, թերևս այսօր կարևորներից մեկը Ռուսաստանի օրվան նվիրված Հայաստանում և Արցախում անցկացվելիք երիտասարդական փառատոնն է։ Հուսամ, Աստծո օգնությամբ մեզ կհաջողվի իրականացնել այն 2012-ին։ Ծրագրում նախատեսվում է մեր ռուս բարեկամներին ծանոթացնել հայկական մշակույթին, կազմակերպել էքսկուրսիաներ դեպի մեր հայրենիքի պատմա-մշակութային տեսարժան վայրեր։ Հույս ունենք շաբաթն անցկացնել տոնական մթնոլորտում մեր սիրելի երգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Ձախ Հարութի և այլոց մասնակցությամբ։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում և Արցախում անցկացվելիք բոլոր միջոցառումները ևս անվճար են լինելու։   

 

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում կանցկացվի աննախադեպ լայնամասշտաբ համերգային ծրագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին

 

Իսկ ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել հիմնադրամն այսօր։

-  Սեպտեմբերի 16-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում ծրագրել ենք անցկացնել աննախադեպ լայնամասշտաբ համերգային ծրագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, որին ներկա կլինեն շուրջ 100 000 հայ հանդիսատես։ Լինելու է հետաքրքիր շոու համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ` ALABINA, C.C. Catch, Boney M, In-Grid։ Իրենց երաժշտական կատարումներով հանդես կգան` Ձախ Հարութը, Անդին, Սիրուշոն, Ա. Ասատրյանը, Ա. Սերովը, Ա. Ռուսոն, Վ. Մելաձեն, Ի. Կոբզոնը, Անդրեն, Ն. Եսայանը, «Լյուբե»ն  և ուրիշներ։ Միջոցառմանը հրավիրված են հանրապետությունների առաջին դեմքերը, գործարար, քաղաքական և մշակութային գործիչներ։ Հատուկ այդ օրվա համար պատրաստվում է լազերային շոու, իսկ համերգի ավարտին կլինի տոնական հրավառություն, և երկնակամարը կողողվի Հայաստանի և Ռուսաստանի դրոշների գույներով։ Ներկաներին սպասվում է մեկ այլ հաճելի անակնկալ` 5 ավտոմեքենաների խաղարկություն։ Համերգի ողջ հասույթն ուղղվելու է հայ և ռուս երեխաների և երիտասարդության աջակցությանը։

Առաջիկայում մենք նախատեսում ենք հիմնադրամի ղեկավարությունը փոխանցել երիտասարդ սերնդին։ Տոնակատարության ընթացքում տեղի կունենա հուզիչ իրադարձություն` ծանոթություն «Ուրարտու» հիմնադրամի նոր ներկայացուցիչների հետ։

Սրանք, իհարկե, ապագայի ոչ բոլոր ծրագրերն են. անելիքներ շատ ունենք, բայց չշտապենք։

Իսկ ինչպիսի՞ արձագանք ունեցավ Ձեր նախաձեռնությունը գործարար շրջանակներում։

-  Հիմնադրամի առաջին իսկ միջոցառումներից սկսած արդեն ձևավորվեցին սերտ և արգասաբեր կապեր մշակույթի, բիզնեսի և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Առանց նրանց աջակցության մեզ համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել նման հսկայածավալ ծրագրեր։ Հիմնադրամի ղեկավարությունը անչափ շնորհակալ է ՌԴ տարբեր շրջանների հայկական համայնքների ղեկավարներից մշտապես մեր կողքին լինելու և աջակցելու համար։

Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս և ինչ միջոցներով են ձևավորվում հիմնադրամի ռեսուրսները։ Ո՞ր ծախսերին է տրվում առաջնահերթությունը։

-  Ամեն ինչ պարզ է. շնորհիվ մարդկանց, որոնք մասնակցում են մեր կողմից կազմակերպած համերգներին, հնարավոր է լինում հետագայում կյանքի կոչել լուրջ, հասարակության համար սոցիալական նշանակություն ունեցող ծրագրեր։ 2008-ի ապրիլից մինչև 2010-ի փետրվարը մեր կողմից վճարվել են մի շարք անվանական թոշակներ, որոնց թվում են ՌԴ առաջատար ԲՈՒՀ-երի  տարբեր ազգային և կրոնական պատկանելիության 173 ուսանողներ, մշակութային կրթահամալիրների 60 աշակերտներ, Մոսկվայի հայկական թատրոնի 5 երիտասարդ դերասաններ և այլն։ Այս ամենի հետ մենք նաև որոշել ենք յուրաքանչյուր համերգի հասույթից 10% հատկացնել եկեղեցաշինությանը։ Այս պահին մենք աջակցում ենք հայտնի հայ գուսան Արամ Ասատրյանի տուն-թանգարանի շինարարությանը Էջմիածին քաղաքում։

 

«Ուրարտու» հիմնադրամի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվել է երիտասարդների կողմից երիտասարդների համար 

 

Մոսկվայում բազմաթիվ են հայկական բարեգործական կազմակերպությունները, կան նաև մի քանի երիտասարդական միություններ։ Ո՞րն է Ձեր հիմնադրամի առանձնահատկությունը։

-  Հատկանշական է արդեն այն հանգամանքը, որ հիմնադրամը ստեղծվել է երիտասարդների համար և հենց երիտասարդների կողմից։  Հիմնադրամի ստեղծման ակունքներում կանգնած են Արտակ Ալեքսանյանը, Ռուբեն Առաքելովը, Արտյուշ և Կարեն Գասպարյանները, Դավիթ և Սամվել Ստեփանյանները, Արմեն Մանուկյանը և ես։ Այժմ մենք ցանկանում ենք փոխանցել այն հաջորդ սերնդին, վստահ ենք, որ անհաղթահարելի բարձունքներ չեն լինում, այլ լինում են մարդիկ, ովքեր ուղղակի չեն ձգտում բարձունքների։ Բնականաբար, ռազմավարական նպատակներին հասնելու համար պետք է անցնել երկար ճանապարհ և ոչ մեկ կյանքով։ Պետության ուժն իր ազգի մեջ է, իսկ ազգի ուժը` իր միասնության։ Հենց այդ միասնության ամրապնդումն է «Ուրարտու» բարեգործական հիմնադրամի կոչումը։

 

Վստահ եմ` ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ անհատի բարգավաճման բանալին արարչագործական, ստեղծագործական ուժն է

 

Ըստ Ձեզ, ինչպե՞ս է իրեն զգում հայ երիտասարդությունը Ռուսաստանում։ Արդյո՞ք նա բավարար չափով ինտեգրված է հասարակությանը։ Ինչպիսի՞ խնդիրների հետ է ստիպված լինում բախվել։

-  Շնորհիվ հայ-ռուսական բազմադարյա բարեկամության` հայ երիտասարդությունն այստեղ որևէ խոչընդոտի չի բախվում իր ապագան կերտելու ճանապարհին։ Իհարկե, երիտասարդության մեծ մասը ինտեգրված է երկրի ժամանակակից կյանքին, բայց, ամեն դեպքում, առանց որոշ խնդիրների հնարավոր չէ։ Տարբեր ազգերի ներկայացուցիչների մեծամասնության համար հայրենիքից հեռու ապրելը դժվարացնում է իր ազգային, պատմական բաղկացուցիչը պահպանելը, քանի որ նրանցից շատ-շատերը չգիտեն անգամ իրենց մայրենի լեզուն։  

Հատկապես ցավալի է գիտակցումն այն բանի, որ ՌԴ երիտասարդ սերնդի մեջ (անկախ ազգային պատկանելիությունից) կան մարդիկ, ովքեր ունեն բարոյական ցածր արժեքներ։ Հուսալով հարթել իրենց ճանապարհը ստի, անօրինականության և ազգայնամոլական ծայրահեղականության միջոցով, նրանք, այնուամենայնիվ, բախվում են պարզ ճշմարտությանը. ֆաշիզմն ու ծայրահեղականությունը մեր բազմազգ երկրի համար հակաբնական և անմարդկային երևույթներ են։ Սակայն ես վստահ եմ, որ հազար անգամ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ անհատի բարգավաճման բանալին արարչագործական, ստեղծագործական ուժն է։ Մարդկության պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է դա։

 

Հայ երիտասարդությունը պետք է հիշի, որ իր գործերով նա ձևավորում է ինչպես Հայաստանի, այպես էլ Ռուսաստանի կերպարը։ Պետք է սրբորեն պահպանի ինչպես ազգային ավանդույթներն ու սովորույթները, այնպես էլ մեր բարեկամությունը Ռուսաստանի բոլոր ազգերի հետ։

 

Մենք կանգ չենք առնում ձեռքբերումների վրա,

այլև մեր առջև դնում ենք առավել բարձր նպատակներ

 

«Ուրարտու» հիմնադրամի աշխատանքներում ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը։

-  Մենք կանգ չենք առնում ձեռքբերումների վրա, այլ մեր առջև դնում ենք առավել բարձր նպատակներ։ Մեր առաջնային խնդիրը մեր նախնիների ժառանգությունը պահպանելը և զարգացնելն է։ Արդարամտություն և խոհեմություն, ցանկություն և ունակություն օգտակար լինելու հասարակությանը. ահա այս հատկանիշերը մենք պետք է ունենանք և ձգտենք  դրանք սերմանել նոր սերնդի մեջ։

 

  Ուրարտուի սարերում հովիվն արածեցնում էր իր հոտը։ Հոգնելով որոշեց պառկել, և իր համար աննկատ` ննջեց։ Արթնանալով մթության մեջ` փորձեց հանել իր հոտը քարայրից, բայց նրա փորձը չհաջողվեց։ Այդ ժամանակ նա ծնկի իջավձեռքերը պարզեց երկինք ու դիմեց ԱստծունՏե՛ր, իմ տուն հյուրեր են գալու, և եթե ես չդիմավորեմ նրանց, նրանք ինձ անհյուրընկալ կհամարեն, օգնի՛ր ինձ»։ Սակայն նրա խնդրանքն արձագանք չունեցավ։ Նա կրկին դարձավ Աստծուն. «Տե՛ր Աստված, տանն ինձ սպասում է իմ սիրելի կինը, ո՞վ կպահպանի իմ հայրական օջախը և կպայքարի թշնամու դեմ, եթե ես տուն չվերադառնամ»։ Հենց նույն վայրկյանին երկնքում մի մեծ աստղ առկայծեց, որի լույսով հովիվը գտավ ճանապարհն ու հասավ տուն… 

 

«Ուրարտու» բարեգործական հիմնադրամը մեկն է այն աստղերից, որը փորձում է լուսավորել ճիշտ ճանապարհները` օգնության և աջակցության կարիք ունեցողների համար։

 

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...