14:27
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՄԱՂԹԵԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013-03-25 16:56

«Դե Ֆակտո» 77 հավելված (2012թ.)

Մեր զրուցակիցը Երևանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու, Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանն է։ Ինչպե՞ս է նա պատրաստվել ընտրություններին, ի՞նչ կարծիք ունի առաջիկա ընտրարշավի վերաբերյալ, ինչպիսի՞ն են նրա քաղաքական գնահատականները և ի՞նչ պարտականություններ է ստանձնել նա մայրաքաղաքի բնակչության, իր տարածքի ընտրողների առջև . այս և այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք պատասխաններ գտնել նրա հետ զրույցում։

 -Պարո՛ն Սադոյան, Դուք բավական փորձառություն ունեցող պատգամավոր եք, ի՞նչ եք կարծում՝ որո՞նք են լինելու առաջիկա խորհրդարանի հիմնական խնդիրները։

-Կարծում եմ՝ մեծ են լինելու հասարակության կողմից պահանջները թե՛ ողջ խորհրդարանից, թե՛ յուրաքանչյուր պատգամավորից առանձին‐առանձին։ Հանրապետական կուսակցությունը բարեփոխումների լուրջ ծրագրեր ունի, որոնք արդեն ապացուցել են իրենց ճշմարտացիությունը ժամանակի մեջ։ Անհետաձգելի  խնդիրներ ունենք նաև արտաքին և ներքին քաղաքականության առումով։ Այս ամենի իրագործումը մեր հիմնական խնդիրն է լինելու առաջիկա տարիներին։

 -Ձեր կարծիքով, ի՞նչ քաղաքական վերադասավորումներ են սպասվում խորհրդարանում։

-Կարծում եմ, որ ընդդիմությունը կլինի ավելի լայն ներկայացված։ Ընդդիմության շարքերը ամենայն հավանականությամբ կլրացնի նաև ՀԱԿ‐ը։ Ես դա դրական եմ գնահատում, որովհետև նոր խորհրդարանում այն կնպաստի բազմակարծության ապահովմանը։  Չնայած շատ կցանկանայի,  որ  ընդդիմությունը  լիներ  ավելի կոնստրուկտիվ, ավելի կոնկրետ առաջարկություններ բերեր խորհրդարան, և ոչ թե միայն քարկոծեր  իշխանությանը։ Իհարկե, իշխանությունն էլ կարող է ունենալ սխալներ, բայց սխալներ անում է միայն աշխատողը, չաշխատողը երբեք սխալներ չի անում։ Աշխարհի  բոլոր առաջադեմ երկրներում  առողջ, կոնստրուկտիվ ընդդիմության առկայությունը միայն նպաստում է, որպեսզի իշխանությունները ավելի լավ աշխատեն։

Կկազմվի՞  դարձյալ իշխանական կոալիցիա, թե ոչ՝  ցույց կտա և մեծապես կպայմանավորի ընտրությունների արդյունքը։ Ես միանգամայն կողմնակից եմ մեր կոալիցիոն գործընկերների հետ հետագա համագործակցության շարունակմանը և զարգացմանը։

 

Մեծամասնականով ընտրված պատգամավորների կապը ժողովրդի հետ սովորաբար լինում է ավելի սերտ, հանդիպումները լինում են ավելի հաճախակի, քան համամասնականով ընտրված պատգամավորների դեպքում։

 

 -Դուք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եք և առաջադրվել եք մեծամասնական ընտրակարգով։ Ձեր կարծիքը համամասնականմեծամասնական տեղերի ներկայիս հարաբերակցության մասին։

-Իհարկե, ես ամբողջությամբ համամիտ եմ մեր կուսակցության դիրքորոշմանը, որ մեծամասնական համակարգի բացառումը դեռ վաղաժամ է։ Այսօր զարգացած շատ երկրներում արդյունավետորեն գործում է մեծամասնական ընտրակարգը։ Մեր կուսակցությունում ընտրակարգի վերաբերյալ ներկայացված բոլոր փաստարկները մեկ առ մեկ քննարկվել են առավելագույն մանրամասնությամբ։ Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ չի կարելի մարդուն զրկել պատգամավոր դառնալու հնարավորությունից, եթե նա չի ցանկանում անդամակցել որևէ կուսակցության։ Հատկապես, որ մեծամասնականով ընտրված պատգամավորների կապը ժողովրդի հետ սովորաբար լինում է ավելի սերտ, հանդիպումները լինում են ավելի հաճախակի, քան համամասնականով ընտրված պատգամավորների դեպքում։ Մեծամասնականով ընտրված պատգամավորը տալիս է կոնկրետ խոստումներ և անձամբ պատասխանատու է դրանց համար։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որ չի կարելի անտեսել։

-Ի՞նչ կարծիքի եք Ձեր կուսակցության ծրագրի և անելիքների մասին՝ առաջիկա շրջանում։

-Հայաստանի հանրապետական կուսակցության  գաղափարական հիմքը ազգային պահպանողականությունն է։ Սակայն նա իր մեջ է ներառել ժամանակակից կառավարման բոլոր առաջադիմական սկզբունքներն ու փորձառությունը՝ դառնալով, եթե արտահայտվեմ կուսակցության առաջնորդի՝ ՀՀ նախագահի խոսքերով, «...մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում՝ անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում»։ Ինչ վերաբերում է անելիքներին, ապա, ինչպես նշեցի, դրանք բազմաթիվ են, քանի որ մեր երկիրը գտնվում է չափազանց կարևոր և պատասխանատու փուլում։ Մենք ստանձնել ենք երկրի համար բազմաթիվ կարևորագույն ծրագրեր, բարեփոխումներ, որոնք անհնար է կիսատ թողնել։

 

Սխալներ չեն գործում միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն աշխատում։

 

-ՀՀԿ կարգախոսում շեշտված է փոփոխությունների անհրաժեշտությունը։ Ինչպիսի՞ն եք տեսնում այդ փոփոխությունները հասարակության մեջ, քաղաքական էլիտայում և Ձեր անձնական կտրվածքով։

-Վերը արդեն նշեցի, որ հանրապետականը ժամանակակից, զարգացող կուսակցություն է։ Իսկ զարգացումը նաև անհրաժեշտաբար մշտական փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ պետք է կատարենք առաջին հերթին մենք ինքներս՝ մեր մեջ։ Հնարավոր է, ունեցել ենք շատ սխալներ։ Կրկնեմ՝ սխալներ չեն գործում միայն նրանք, ովքեր ընդհանրապես գործ չեն անում։ Մենք բավականին փորձ և պատասխանատվություն ունենք այդ սխալներից հետևություններ անելու։ Անձնական կտրվածքով ով չի գիտակցում դրա անհրաժեշտությունը՝ հետ է մնում կյանքից, զիջում է իր դիրքերը։

 

 -Ի՞նչ կարծիքի եք կուսակցության ընտրացուցակում  տարբեր այլ կուսակցությունների լիդերների և անդամների ներգրավման մասին։

-Դա կառուցողական քայլ է՝ իշխող կուսակցության ազդեցության շրջանակներն ընդլայնելու, այն ավելի դեմոկրատական դարձնելու ճանապարհին։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր արձագանքներին՝ պիտակներ միշտ կարելի է կպցնել՝ եթե երիտասարդ են՝ ասում են դեռահաս են, եթե փորձառու են՝ ուրեմն իրենց ժամանակն անցել է։ Սակայն մեր կուսակցության ցուցակում ընտրված են մարդիկ, նաև մյուս կուսակցություններից գործընկերներ, ովքեր տարիների ընթացքում եղել են մեր կողքին, եղել են մեր համախոհները, կամ կառուցողականորեն վերանայել են իրենց մոտեցումները։ Կարծում եմ, նրանց ներկայությունը կօժանդակի ընդհանուր գործին։

 

Որքան պարզեցված, ընկալելի լինեն հարկերն ու հարկատեսակները, այնքան ավելի զարգացած կլինի բիզնեսը և երկրի տնտեսությունը՝ ընդհանրապես։

 

-Ի՞նչ նախասիրություններ ունեք խորհրդարանական աշխատանքումո՞րն է լինելու Ձեր նախընտրած բնագավառը և առաջնահերթ խնդիները ընտրվելու դեպքում։

-Աշխատել եմ տնտեսական հանձնաժողովում։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, և իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում, որը շատ եմ կարևորում։ Կարելի է ասել, խորհրդարան եկող հարցերի մոտ 70%‐ը, եթե ոչ ավելին, վերաբերում են հենց անմիջապես մեր հանձնաժողովին։ Այս ոլորտում ունեմ բազմաթիվ առաջարկություններ, որոնք մտել են օրենսդրական փոփոխությունների մեջ, բայց մենք դեռ բավականին շատ անելիքներ ունենք առաջիկա տարիներին։ Եթե ես աշխատեմ խորհրդարանում, պետք է ամեն ինչ անեմ մեծացնելու ուշադրությունը վարվող հարկային քաղաքականությանը։ Հարկային քաղաքականությունը պետք է նպաստի բիզնեսի զարգացմանը, ոչ թե հակառակը։ Որքան պարզեցված, ընկալելի լինեն հարկերն ու հարկատեսակները, այնքան ավելի զարգացած կլինի բիզնեսը և երկրի տնտեսությունը՝ ընդհանրապես։ Այստեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ սկսած օրենսդրական փոփոխություններից, վերջացրած պառլամենտական վերահսկողությամբ։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ միջին բիզնեսը շատ թույլ հիմքերի վրա է գտնվում, բազմաթիվ ծրագրեր կան այն ուժեղացնելու։ Բազմիցս արծարծվում է ազատ տնտեսական գոտու գաղափարը, որին ես երկու ձեռքով կողմնակից եմ։  Բայց դա պետք է իրականություն դարձնել, ինչին կարող է նպաստել նաև խորհրդարանը։ Այսօր մեզ օդի նման անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսությունը, մտցնել այստեղ ճկունություն, պայքարել անհեռանկար մոտեցումների դեմ։ Սա քաղաքական նշանակության հարց է դարձել։

 

Շատ ավելի մեծ քանակությամբ հարցեր կարելի է լուծել  առանց բարձրախոսի և տեսախցիկի առջև ելույթների։

 

-Կարծիքներ կան, որ Դուք քիչ եք ելույթներ ունենում խորհրդարանում։

-Զարմանալիորեն ոմանց մոտ մակերեսային պատկերացում է ձևավորվել, թե խորհրդարանում աշխատելու չափանիշը խոսելն է։ Հատկապես դա դուր է գալիս պոպուլիստներին։ Ճիշտ է, «պառլամենտ» բառը ծագել է «խոսել» բառից, սակայն ես այն կարծիքին չեմ, որ խորհրդարանը միայն խոսելու տեղ է։ Շատ ավելի մեծ քանակությամբ հարցեր կարելի է լուծել  առանց բարձրախոսի և տեսախցիկի առջև ելույթների։ Մենք ունենք շատ պատգամավորներ, որոնք ավելի քիչ են խոսում և ավելի շատ գործ անում հանձնաժողովներում  երկրում օրենքի և պառլամենտարիզմի  զարգացման ուղղությամբ։

- Մի քանի խոսք Ձեր կյանքի, գործունեության մասին։

-Ծնվել եմ 1968թ., Երևանում, 1989թ. ավարտել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբ ֆինանսիստ‐տնտեսագետ եմ։ Աշխատել եմ մի քանի ձեռնարկություններում՝ որպես տնօրեն, երկար տարիներ աշխատել եմ հարկային համակարգում, «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ‐ում, որից հետո` 2007‐ին, ընտրվել եմ ԱԺ պատգամավոր թիվ 9 ընտրատարածքից։ Ամուսնացած եմ, ունեմ որդի և դուստր։ Աղջիկս 16 տարեկան է, սովորում է ավագ դպրոցում, տղաս ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այժմ սովորում է մագիստրատուրայում, միաժամանակ սովորում է նաև դիվանագիտական դպրոցում, որը մեր հանրապետության փայլուն ուսումնական հաստատություններից մեկն է, և ես արդեն հպարտանում եմ նրա առաջին հաջողություններով։ 

 

Ես, որպես Կենտրոն համայնքի պատգամավոր, միշտ աշխատել եմ լինել համայնքի բնակիչների կողքին և օգտագործել բոլոր հնարավորություններս՝  բարձրաձայնելու ժողովրդի հոգսերը։

 

-Դուք առաջադրվել եք Երևանի Կենտրոն համայնքից. ինչպե՞ս եք ճանաչում այդ համայնքը և նրա խնդիրները, ինչ՞ով է ճանաչում Ձեզ այնտեղի բնակչությունը, և որոնք են, Ձեր գնահատմամբ, համայնքի ամենամտահոգիչ հիմնահարցերը։

-Ծնվել, մեծացել և մինչ օրս ապրում եմ Կենտրոն համայնքում։ Բնականաբար, լավ ծանոթ եմ նրա պատմությանը և այսօրվա խնդիրներին։ Պետք է նկատի ունենալ, որ  Կենտրոն համայնք ասելով միայն բարեկարգ Մաշտոցի, Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակն ու օպերային թատրոնը չեն։ Համայնքն ընդգրկում է Նորագյուղ թաղամասը, Կոնդը, Կիլիկիան՝ իրենց բազմաթիվ սոցիալական, հումանիտար և քաղաքաշինական խնդիրներով։ Կոնդում կոնկրետ ունենք մեծ իրացման գոտի, որտեղ բնակիչները արդեն քանի տարի է կանգնած են բազմաթիվ անհանդուրժելի խնդիրների առջև։  Ողջ բնակֆոնդը այսօր իրացման տակ է՝ մարդիկ ապրում են անտանելի կոմունալ պայմաններում։ Նման խնդիրներ կան նաև Նորագյուղի մի մեծ հատվածում։ ճիշտ է, Կենտրոն վարչական շրջանը փորձում է հնարավորինս բարելավել կոմունալ ծառայությունները, որը միշտ չէ, որ հաջողվում է՝ բնակմակերեսի խարխլության, գերխտացվածության պատճառով։ Ես, որպես տարածքի պատգամավոր, միշտ աշխատել եմ լինել համայնքի բնակիչների կողքին և օգտագործել բոլոր հնարավորություններս՝  բարձրաձայնելու ժողովրդի հոգսերը։

Պետք է ամեն ինչ անենք բնակչության սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ասենք, նույն Կոնդում հյուրանոցի շենքի կառուցումը մեծապես կնպաստեր ոչ միայն շրջակայքի բարեկարգմանը, այլև շինարարությունը աշխատատեղեր կբացեր տեղի բնակչության համար։ Դա լավագույն սոցիալական օգնությունից գերադասելի է և արդյունավետ։

Կենտրոնի գլխավոր խնդիրներից է գերծանրաբեռնվածությունը, որն այսօր վերածվել է սպառնալիքի։ Իհարկե, կարելի է այստեղ տեղավորված նախարարությունների, գերատեսչությունների մի մասը տեղափոխել այլ թաղամասեր և նույնիսկ քաղաքից դուրս՝ նախքան կոլապսային իրադրությունների հասցնելը։ Տրամաբանությունը պահանջում է, որ դրանք, ինչպեսև, մշակութային, ժամանցի վայրերը բաշխվեն համաչափ, բեռնաթափելով Կենտրոնը։

Ես գիտեմ, թե մեր իշխանությունները, երկրի նախագահը ինչպիսի ջանքեր են գործադրում՝ զսպելու սոցիալական անկման միտումները և ստեղծելու զարգացման հիմքեր։ 

 -Ի՞նչ զարգացման ուղի կունենա մեր հասարակությունը և պետությունը մոտակա ապագայում, որո՞նք են, Ձեր տեսանկյունից, զարգացման իրական հիմքերն ու հեռանկարները։

- Շատ բարդ հարց եք տալիս։ Ունենք բազմաթիվ կնճռոտ հարցեր, շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակ, պատմական ժառանգություն և այլն։  Բայց, այսուհանդերձ, եթե Ձեզ ասեմ, որ խորը հավատ ունեմ, որ շատ մոտ ապագայում մեր երկիրը կարող է  հասնել չեմ ասում շատ զարգացած, բայց որոշակի եվրոպական կենսամակարդակի, ոմանք կարող է թերահավատությամբ ընկալեն։ Հավատացե՛ք, որ իմ այս համոզումը գալիս է մասնագիտական դիտարկումներից և իրականության, պետական ծրագրերի մանրամասն վերլուծությունից։ Ես գիտեմ, թե մեր իշխանությունները, երկրի նախագահը ինչպիսի ջանքեր են գործադրում՝ զսպելու սոցիալական անկման միտումները և հաստատելու զարգացման հիմքերը։  Բայց դրա համար պետք է առաջին հերթին մենք բոլորս դրսևորենք կամք, և համոզվածություն մեր առկա կենսական ուժին։ Ինչպես գրված է մեր կուսակցության այսօրվա կարգախոսում՝   «Հավատանք, որ փոխենք»։ Իմ կարծիքով սա այսօրվա համար ամենագործնական, օրախնդիր քաղաքականությունն է։

 

Մեր ժողովրդին կմաղթեի առաջին հերթին աշխատանք և սեփական ընդունակությունները դրսևորվելու հնարավորություններ։

-Որպես հայ մարդ և քաղաքական գործիչ՝ ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին և ընթերցողին։

 

-Հայ մարդն արարող, ստեղծող բնավորություն ունի։ Առհասարակ, դարերի ընթացքում հայն ապացուցել է, որ երկրաշարժերը, եղեռնը, հրոսակները չեն կարող ընկճել հայի ոգին։ Ուստի, բացի ընդունված ցանկություններից՝ երջանկություն, առողջություն, բախտավորություն, մեր ժողովրդին կմաղթեի առաջին հերթին աշխատանք և սեփական ընդունակությունները դրսևորվելու հնարավորություններ։ Դա զարգացման հիմնական գրավականն է մեզ համար։ Ու դարձյալ հավատ, հավատ ու համբերություն։

 

-Հաջողություն ենք ցանկանում Ձեր հետագա գործունեության մեջ և հաղթանակ՝ առաջիկա ընտրություններում։

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...