13:56
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վատ օրերին մենք կարողանում ենք միավորվել

2013-03-20 11:11

«Դե Ֆակտո» 30 (2008թ.)

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ

-Պարո'ն Մխիթարյան, պատմե'ք, խնդրեմ, Ձեր գործունեության մասին:

-Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունում, մի մասը Ազգային Ժողովում  և մնացած ժամանակն արդեն նվիրում եմ ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս, մի խոսքով` ապրում եմ իմ անձնական կյանքով: Այնուամենայիվ, իմ գործունեության գերխնդիրը Հայաստանում շուրջ 4 հազարի հասնող պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների մասին հոգալն է և նրանց շահերի պաշտպանությունը: Այս տարի Հաղթանակի զբոսայգում հուշարձան կառուցեցինք, պատրաստվում ենք Աֆղանստանի զորքերի դուրս բերման 20 ամյակին նվիրված միջոցառմանը, փետրվարի 15-ից սկսած միջոցառումների մեծ ծրագիր ունենք, որը հովանավորում է ՀՀ Կառավարությունը և Պաշտպանության նախարարությունը, հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարում է Պաշտպանության նախարարը: Հանձնաժողովում ներգրավված են հինգ նախարարներ և այլ գերատեսչություններ: Գարնանը շուրջ 35 պատվիրակներ ենք հրավիրելու Հայաստան Բալթյան և ԱՊՀ բոլոր հանրապետություններից: Բավականին շատ աշխատանքներ և ծրագրեր կան իրագործելու:

Ճիշտն ասած` ես ԱԺ-ի ակտիվ պատգամավորներից չեմ, բայց փորձում եմ առավելագույնս արդյունավետ պատգամավորական գործունեությամբ զբաղվել:

Համաշխարհային ճգնաժամը բավակնին մեծ ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի տնտեսության վրա: Գուցե առաջին մի քանի շաբաթների ընթացքում դրա հետևանքները չերևան, բայց հետագայում այն չի կարող իր վատ ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա: Աստիճանաբար մեր երկրում պակասում է առևտուրը, կպակասի նաև ներդրումների հոսքը, և մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, այնպես, ինչպես Ռուսաստանը, Եվրոմիությունը կամ Ամն-ն և մեր հնարավորությունների չափով պետք է պատրաստ լինենք այդ ճգնաժամին:

-Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այդ ճգնաժամին դիմակայելու համար:

-ՀՀ Կառավարությունն աշխատանքներ է տանում բանկային համակարգի հետ կապված, կրճատվել են շինարարական աշխատանքների տեմպերը: Մեր երկիրը չունի հումքային ռեսուրսներ, մեր տնտեսական զարգացումը պետք է հիմնված լինի նանոտեխնոլոգիաների հաշվողական ծրագրավորումների, մեր մտքի, խելքի և փոքր չափսերի արտադրանքի վրա: Մենք կարող ենք վերցնել Իսրայելի օրինակը, որի տնտեսությունն իսկապես գերազանց վիճակում է: Մեր հիմնական ուժը պետք է լինի մեր տնտեսության այն հատվածը, որը կապված է մեր մտավոր հարստության հետ: Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո մենք զգալի նահանջ ենք ապրել, պետք է մեծ ուշադրություն դարձնենք մեր երիտասարդության կրթության վրա: Շատ երկրներում, այդ թվում Ադրբեջանում և Ղազախստանում, տարեկան 3-5 հազար ուսանողներ են ուղարկվում աշխարհի լավագույն բուհերում ուսանելու, և պետությունը ֆինանսավորում է այդ երեխաներին: Եթե այսպես շարունակվի, մենք բավականին հետնահանջ կունենանք, կկորցնենք այն, ինչով միշտ հպարտացել ենք: Ցավոք, մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները շատ հարցերում են զիջում միջազգային ուսումնական կառույցներին: Սերունդների դաստիարակման, կրթման հարցն այսօր առաջնային պետք է լինի, որն էլ հետագայում իր դրական ազդեցությունը կունենա մեր տնտեսության աճի, զարգացման վրա:

-Ի՞նչ վիճակում է գտնվում երկրի ներքաղաքական կյանքը:

-Մարտի մեկյան իրադարձությունները մեծ հետք թողեցին մեր երկրի թե՛ ներքաղաքական կյանքի, թե՛ արտաքին քաղաքականության վրա, և այս ամենը հարթելու համար տարիներ կպահանջվեն: Ըստ միջազգային տարբեր կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների` Հայաստանը բավականին մեծ հետնահանջ է ապրել խոսքի ազատության, լրատվության, արդարադատության, տնտեսության որոշ ճյուղերի զարգացման հարցում, և այդ մասին լրջորեն պետք է մտածի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և թե՛ ողջ հայությունը: Ցանկացած բացասական երևույթ հետագայում լուրջ ազդեցություն է ունենում մեր երկրում կատարվող ներդրումների, Ղարաբաղի հարցի լուծման, միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացրած ծրագրերի ընդունման վրա: Երկրի զարգացումը հաջողված ծրագրերի իրագործման շղթայական կապն է: Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անում են Հայաստանին միջազգային շատ ծրագրերից դուրս մղելու համար: Եթե այսպես շարունակվի, ապա մեզ շատ դժվարություններ և անհաջողություններ են սպասվում հետագայում:  Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք մեր հարևան երկրների հետ, որպեսզի դուրս գանք այս ճգնաժամից. այն մեզ տանում է դեպի փակուղի:

-Ձեզ գոհացնո՞ւմ է մեր պետության վարած արտաքին քաղաքականությունը:  

-Ես կարծում եմ, որ դեռևս մեր արտաքին քաղաքականությունը չի կարող որևէ մեկին գոհացնել: Քանի դեռ մենք գրեթե շրջափակման մեջ ենք գտնվում, Արցախի հարցը լուծված չէ և միջազգային շատ ծրագրերից դուրս ենք մղվում, արտաքին քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող գոհացուցիչ լինել: Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, բոլոր գերատեսչությունները, մեր ողջ ժողովուրդն ակտիվորեն ամբողջ աշխարհին ներկայացնում էին արցախյան հարցը, և բավականին մեծ հեղինակություն ունեինք միջազգային կառույցներում, բայց ժամանակի ընթացքում այդ շարժումը մարեց: Եվ այսօր արդեն չկա այն ակտիվությունը, որը կար 1988-ից մինչև 90-ականների սկիզբը: Մենք չպետք է սպասենք, թե ինչ կանի Արտաքին Գործերի նախարարությունն ու ԱԳ նախարարը: Վատ են աշխատում ՀՀ դեսպանատները, նրանք պետք է ամենօրյա աշխատանք կատարեն: Մեզ հաջողվեց շատ երկրների ստիպել ճանաչել հայոց ցեղասպանությունը, որովհետև այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ էին տարվում և ակտիվ գործունեություն էր ծավալվում, դա նաև դեսպանատների ամենօրյա աշխատանքի արդյունք է, բայց արցախյան հարցի վերաբերյալ աշխատանքնեը չեն երևում, և արդյունքում ՄԱԿ-ում մենք ունենք այսպիսի ցածր վարկանիշ: Մենք մոռացա՞նք Արցախը: Ցեղասպանության հարցն առաջնային համարելով` չպետք է անտարբերության մատնել Արցախի ինքնորոշման հարցը, քանի որ դրանք փոխկապակցված հարցեր են: Արցախյան իրադարձությունները արդյունք են 1915-ի ցեղասպանության: Դրանք պետք է մեկ դաշտում դիտարկել, և սփյուռքահայությունն ու Հայ Դատի գրասենյակը, որոնք ակտիվորեն առաջ էին քաշում հայոց ցեղասպանության հարցը, միևնույն ժամանակ պետք է բարձրացնեին նաև արցախյան հիմնահարցը, որպեսզի ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ այդքան քիչ քվեներ չունենայինք:

-Ո՞ւր են գնում հայ-թուրքական հարաբերությունները: 

-Պետք է բացվի հայ-թուրքական սահմանը. մեր երկրին դա շատ է անհրաժեշտ, և դրա համար պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերը: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավվեն, բայց պետք է հիշենք, որ Թուրքիան միշտ եղել է մեր թշնամին և պետք է զգոն լինել: Ես չեմ կարծում, որ Աբդուլահ Գյուլի այցը Հայաստան շատ բան կփոխի հայ-թուրքական հարաբերություններում, առայժմ այդ այցի արդյունքները չեն երևում: Մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց Գյուլի այցից պարզ դարձավ, որ այսօր շատ հարցերի կարգավորման վերաբերյալ երկկողմանի ցանկություն կա: Եվ կարծում եմ, որ հետագայում այդ շահագրգռվածությունն իր դրական ազդեցությունը կունենա հայ-թուրքական հարաբերություններում: Կորցնել Արցախը նշանակում է կորցնել Հայաստանի կեսը: Ես շատ կցանկանայի, որ այս 15 տարիների ընթացքում Ղարաբաղի բնակչությունը կրկնակի ավելանար, և ոչ թե պակասեր: Իշխանություններն ամեն ջանք պետք է ներդնեին, որպեսզի Ղարաբաղից բնակչության հոսք չլիներ դեպի Հայաստան կամ այլ երկրներ, և պետք էր ֆինանսական մեծ ներդրումներ կատարել Ղարաբաղում, որպեսզի բնակչությունը չլքեր Ղարաբաղը: Եթե այսօր մենք ունենայինք մոտ 300 հազար բնակչություն ունեցող Արցախ, միջազգային կառույցների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այլ կլիներ: Այս խնդիրը ես մեր իշխանությունների բացթողումն եմ համարում:

-Որո՞նք են մեր երկրի առջև ծառացած ամենակարևոր և շտապ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները:

-Կառավարությունը բավականին շատ աշխատանք ունի կատարելու, բայց այսօր դեռևս միայն խոսքերն են լսվում: Առաջնային տեղ պետք է զբաղեցնի տնտեսության զարգացումը, մենաշնորհային կառույցների վերացումը և ազատ շուկայական տնտեսության ապահովումը: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգված լինի, քանի որ այն ցեցի կամ քաղցկեղ հիվանդության նման քայքայում է պետությունը: Շատ կարևոր է նաև սերունդի դաստիարակման հարցը, որոնցով պետք է զբաղվեն մեր մտավորականները, ազգային հերոսները: Խորհրդային Միության տարիներին մենք ունեինք հաղորդումներ, որոնք ուսուցանում էին մեր լեզուն, մեր պատմությունը, ներկայացնում էին մեր հուշարձանները, մեր գրականությունը, իսկ այսօր փոխարենը մեր մամուլը զբաղված է անբարոյականություն սերմանելով: Տարիներ առաջ մենք իսկապես ունեինք սերունդ դաստիարակելու բոլոր պայմանները, և այդ սերունդը կարողացավ հետագայում ղարաբաղյան պատերազմում հաղթանակել: Այսօր ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայրենասիրությունը ետին պլան են մղված, առաջնային տեղում զվարճանքն է ու կիսագրագետ, կիասագողական քաղաքացիների դաստիարակումը, որոնց մոտ ամեն ինչը կիսատ է. կիսամտավորականության, կիսաիշխանավորների, կիսապատգամավորների ժամանակաշրջանն է, որոնց մոտ մյուս կեսը միշտ բացասական հատկանիշներն են լրացնում:

-Ինչպե՞ս է աշխատում այսօր ՀՀ Ազգային Ժողովը:

-Տասը տարի առաջ Ազգային Ժողովն ավելի արդյունավետ էր աշխատում, քան` այսօր: Ազգային Ժողովը վերափոխելու և վերջինիս գործունեությունն ավելի ավտիվ ու արդյունավետ դարձնելու ցանկություն կա: Երբ 1999թ. Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովը գլխատվեց, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ ԱԺ-ում: Այն ժամանակ Ազգային Ժողովի ակտիվությունը շատ ավելի բարձր էր: Խորհրդարանը պետք է ունենա ընդդիմադիր ուժ: Ցավոք, նախորդ գումարման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին, որը բացասական անդրադարձավ Ազգային Ժողովի աշխատանքների վրա, իսկ այսօր Ազգային Ժողովում ընդդիմության ներկայացուցիչները շատ քիչ են և այն բավականաչափ ուժ չունի իշխանության դեմ պայքարելու համար: Եթե մենք դեմոկրատական, ժողովրդավարական երկիր ենք, ապա պետք է նաև հզոր ընդդիմադիր դաշտ ունենանք, որը կարող է Ազգային Ժողովում դիմակայել որևէ օրենքի ընդունմանը: Այդ պայքարի արդյունքում է, որ ծնվում է լավը, այլապես յուրաքանչյուր նախարարության, յուրաքանչյուր գերատեսչության ներկայացրած օրենք կարող է միաձայն ընդունվել, որի արդյունքում էլ շատ օրենքներ պարզապես խոտան են դուրս գալիս:

-Որպես ԱԺ պատգամավոր` Դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարում, և ի՞նչ խնդիրներ ունեք այսօր:

-Այսօր ինձ համար առաջնայինն Ազգային Ժողովում վետերանների մասին օրենքի անցկացումն է: Մի քանի երկրներում գործող օրենքներ եմ ուսումնասիրել, որպեսզի ընտրվի և մշակվի լավագույն տարբերակը: Ինձ համար որպես այդ կառույցի ղեկավար շատ կարևոր է այդ օրենքի ընդունումը: Այսօր վատ վիճակում են գտնվում հայրենական, արցախյան, Աֆղանստանի պատերազմների մասնակիցները: Մեր ազատամարտիկներին տրամադրվող 3800 դրամ փոխհատուցումը պետք է դարձնենք գոնե 10 հազար դրամ, քանի որ ԱՊՀ բոլոր երկրներում այսպիսին է ցուցանիշը: Առողջապահության նախարարն աջակցում է մեր ազատամարտիկներին, այս ամիս 8 հոգի ուղարկվեցին Ջերմուկի առողջարաններ: Եթե մենք հոգ չենք տանում մեր պատերազմի մասնակիցների մասին, ապա հետագայում նրանց որդիները, տեսնելով այդ անտարբերությունը, հավանաբար զենք չեն վերցնի և չեն պայքարի մեր երկրի համար: Գուցե այս խնդիրը շատ պաշտոնյաների համար անկարևոր թվա, բայց այս ամենի հետևանքները կարող են աղետաբեր լինել մեր երկրի համար: Զոհված ազատամարտիկների ընտանիքները, հաշմանդամ ազատամարտիկների առողջության հարցը անտարբերության են մատնված մեր իշխանավորների կողմից:

-Ի՞նչը կփոխեիք մեր երկրում:

-Յուրաքանչյուրս մեր գործը պետք է լավ կատարենք` նախ պետք է մտածենք պետության մասին, հետո միայն անձնական շահերի մասին: Այդ ժամանակ մեր երկրի նման երկրների շարքում մի քանի քայլ առաջ կլինենք մենք: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է, բայց դրա դեմ պայքարելու մասին միայն խոսում են և ավելի հաճախ հենց այն մարդիկ, որոնք տարածում են մեր երկրում կոռուպցիան: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ընտրվում են ամենամեծ կոռուպցիոներները, հանձնաժողովներում ներգրավված մարդկանցից շատերը մեկ տարի հետո պարզվում են որպես կոռուպցիոներներ: Պետք է շատ հետևողական լինել այս հարցում:

-Ինչպե՞ս պետք է պայքարել կոռուպցիայի դեմ:

-Որպեսզի պայքարն արդյունավետ լինի, մեր իշխանավորները պարզապես պետք է ցանկանան այդ երևույթն արմատախիլ անել: Պետք է բոլոր այն անձանց աշխատավարձերը, ովքեր կարող են պայքարել կոռուպցիայի դեմ, բարձրացվեն, որպեսզի այդ մարդիկ ամեն կերպ ջանան պահպանել իրենց աշխատանքը: Ժողովրդավարական երկրներում դատավորները կարող են դատի տալ անգամ հանրապետության նախագահին: Վրաստանը յոթից հինգ տարի առաջ ամենակոռումպացված երկիրն էր, պետբյուջե հարկեր չէին մտնում, իսկ այսօր կաշառք վերցնելու մասին նրանք անգամ չեն էլ մտածում:

-Հայաստանի հզորացումը որտե՞ղ և ինչպե՞ս եք տեսնում:

-Հայ ազգը զրկանքներ, ջարդեր տեսած, նաև պարտություններ կրած ազգ է, որը, այնուամենայնիվ, դիմակայել է բոլոր դժվարություններին և այս փոքրիկ լեռնային գոտում կարողացել է պահպանել իր պետականությունը, կրոնը, իր ազգային դեմքը և  արդյունքում մենք ունենք այս Հայաստանը, և իրավունք չունենք ինչ-որ բան կորցնելու, մենք պետք է մտածենք, թե ինչպիսի երկրում են ապրելու մեր երեխաներն ու թոռները, պետք է չկորցնենք ազգային միասնությունը, մեր երկրում մեկս մյուսին թշնամաբար պետք է չնայենք, ոչ ընդդիմությունն է իշխանության համար թշնամի, ոչ էլ իշխանությունն ընդդիմության համար: Քաղաքական հայացքների համար պետք չէ միմյանց հայհոյել, վատաբանել, ձերբակալել: Երկիրն էլ նման է ընտանիքի, եթե ընտանիքի անդամները թշնամանան իրար նկատմամբ ամեն անախորժության ժամանակ, ապա այդ ընտանիքը երբեք հզոր լինել չի կարող: Մենք պետք է հոգանք այսօրվա և վաղվա զինվորի մասին. պատերազմը զինվորն է հաղթում, հերոսը զինվորն է, ոչ թե գեներալը, գեներալը կարող է լավ կազմակերպիչ լինել: Հայ երեխային պետք է դաստիարակել Նժդեհի, Անդրանիկի, մարշալ Բաղրամյանի նման մարդկանց ոգով, որպեսզի նրանք ազգի նվիրյալներ լինեն: Մենք պետք է դաստիարակվենք Չարենցով, Սևակով, Շիրազով, Նարեկացիով, բայց այսօր կիսահեղինակություններով ենք հիանում, երեխաների կուռքերը դարձել են հենց այսպիսինները: Մեր այն մեծահարուստները, որոնք իրենց երեխաներին թույլ են տալիս ամեն տեսակ անկարգություններ անել, թող հասկանան, որ վաղն իրենց երեխաները նույն կերպ վարվելու են նաև իրենց հետ: Մեր արմատները մեր հողի մեջ պետք է լինեն: 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցի ունենք, հետո են եղել Վենետիկը, կաթոլիկական որոշ եկեղեցիներ, բայց նրանք կարողացել են հարյուրավոր միլիոններ ներգրավել, իսկ մենք այս տարիների ընթացքում չենք կարողացել ընդլայնվել: Մենք չենք կարող հպարտանալ միայն նրանով, ինչ ունեցել ենք, այլ պետք է պահպանենք մեր արժեքներն ու զարգացնենք դրանք: Մենք պետք է հզորացնենք մեր հայ առաքելական եկեղեցու դերը: Մեր  երկրում կան գյուղեր, որտեղ բնակչության գրեթե կեսն աղանդավորներ են:

Երբ շատ դժվարությունների միջով ես անցնում, ավելի ես հզորանում. դա բնության օրենքն է: Բայց մենք պետք է կարողանանք պահպանել ազգայինն ու մնալ իսկական հայ:

Ես ողջունում եմ ընդդիմության` երկու ամսով հանրահավաքները դադարեցնելու նախաձեռնությունը, նրանք գիտակցեցին, որ Ղարաբաղի հարցում իրոք ճնշումներ կան: Ես հպարտանում և հիանում եմ այսպիսի ազգանվեր արարքներով: Վատ օրերին մենք կարողանում ենք միավորվել:

Հարցազրույցը Հասմիկ Մարտիրոսյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...