20:56
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-ՊԱՀԱՆՋԻ՛Ր ՔԵԶԱՆԻՑ ԱՆՀԱՆԱՐԻՆԸ, ՈՐ ՀԱՍՆԵՍ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆ

2013-03-15 12:04

«Դե Ֆակտո» 39 (2009թ.)

Հարցազրույց ՙՏԵԽՆՈ ՖԻՏ՚ ընկերության հիմնադիր Դավիթ Չիտչյանի հետ

-Ինչո՞ւ ընտրեցիք մասնագիտական հենց այս ոլորտը:

-Մանկության տարիներից  ինձ այս մասնագիտությունը հետաքրքրել է, քանի որ պապիկս գազաֆիկացման ոլորտի մասնագետ էր, և ես մեծ հետաքրքրությամբ հետևում էի նրա աշխատանքին: Դպրոցում սովորելու տարիներին ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Այնտեղ ընդունվեցի Գուբկինի անվան ՙՆավթի և գազի՚ ինստիտուտը: Սովորելու տարիներին ստեղծեցինք մի ընկերություն, որը կոչվում է ՙՏեխնո Ֆիտ-Ռոսիա՚: Մեր առաջին քայլը եղավ ուսումնասիրել  շուկան, շուկայի պահանջները և այս ոլորտում օգտագործվող նոր տեխնոլոգիաները:

-Ինչո՞վ գրավեցին Ձեզ նոր տեխնոլոգիաները: 

-Նոր տեխնոլոգիաներով աշխատանքը տարբերվում է ավանդական մեթոդներով աշխատանքից իր մատչելիությամբ, ժամանակի, գումարի խնայողությամբ, և ամենակարևորը` որակով: Մենք ընտրեցինք նոր տեխնոլոգիաներով աշխատելու գործելակերպը և լուրջ հաջողությունների հասանք:  Քանի որ այդ տեխնոլոգիաները և դրանցով աշխատանքը Ռուսաստանում ինչ-որ չափով զարգացած էր, իսկ Հայաստանում` ոչ, որոշեցինք ստեղծել ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունն արդեն Հայաստանում: Դա 2007թ. էր, երբ սկսեցինք պոլիէթիլենային խողովակների, ձևավոր մասերի արտադրությունը, նոր սարքավորումների ձեռքբերումը հայաստանյան գործունեության համար:

-Ինչպե՞ս ընդունվեց Ձեր ընկերության մուտքը  հայաստանյան շուկա:   

-Հայաստանում մեր ընկերությունը շատ լավ ընդունվեց, քանի որ այն, ինչ մենք էինք առաջարկում, այստեղ բացակայում էր: Իհարկե, որոշ կազմակերպությունների կողմից մեր նկատմամբ անվստահություն դրսևորվեց, ինչը բնական եմ համարում, սակայն կարճ ժամանակահատվածում նրանք մեր մասին ստացան մանրամասն ինֆորմացիա, որից հետո այդ խնդիրը վերացավ:

-Այսինքն` Հայաստանում Դուք մրցակից չունեիք:

-Այո՛, քանի որ մենք նոր տեխնոլոգիաներին տիրապետող մի շարք  ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ենք Անդրկովկասում, որոնք ամբողջ աշխարհում մեծ համբավ ունեն:

-Ո՞ր ընկերությունն էր Ձեր առաջին գործընկերը Հայաստանում:

-Առաջին շնորհանդեսը կազմակերպեցինք ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ընկերությունում: ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ընկերության առավելություններից մեկն այն է, որ այդ ընկերության ղեկավարներն ընդունում են ժամանակակից տեխնոլոգիաները, ողջունում են նման մոտեցումներն ու լավատեսորեն են տրամադրված: Քանի որ մեր առաջարկած տեխնոլոգիական լուծումը սկսեց մեծ պահանջարկ ունենալ, հետագայում մեր համագործակցությունների շրջանակն ավելի մեծացավ, դրա հետ մեկտեղ` մեր աշխատանքային անձնակազմն ու նախագծերը: Ձևավորեցինք ինժեներական խումբ, որը  հագեցած է տարբեր նախագծերի իրականացման համար նախատեսված նոր տեխնոլոգիաներով: Սկսեցինք աշխատել այս ոլորտի խոշոր ընկերությունների հետ:

-Պրոֆեսիոնալ անձնակազմ ձևավորելը հե՞շտ էր, չէ՞ որ Հայաստանում նոր տեխնոլոգիաներին տիրապետող հաշված մարդիկ կարող են լինել:

-Իմ խոսքում նշեցի, որ մենք մեր գործունեությունը սկսել ենք Մոսկվայում, որտեղ աշխատող մեր անձնակազմը ես անվանել եմ ուղեղների գրոհ: Նրանք վերապատրաստում են մեր մասնագետներին: Մենք նաև հետևում ենք այն ցուցահանդեսներին, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, Չինաստանում, Ռուսաստանում, եվրոպական բոլոր քաղաքներում: Մեր ինժեներները անպայման այցելում են այդ ցուցահանդեսները, որից  հետո սկսում են մեզ առաջարկել այնպիսի նախագծեր, որոնց պահանջարկը հայաստանյան շուկան ունի: 

-Ձեր համագործակցությունների լայն շրջանակից ելնելով` ովքե՞ր կամ ո՞ր  ընկերություններն են առավել միտված աշխատել նոր տեխնոլոգիաներով:

-ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ընկերությունը, ի դեմս` գլխավոր ինժեներ Ա. Հովսեփյանի, Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՙՇինարարների միության՚ նախագահ Գ. Գալստյանը, Ջրային տնտեսության նախագահ Ա. Անդրեասյանը. ԼՂՀ վարչապետ Ա Հարությունյանը, Քաղաքաշինության նախարար Ա. Վարդանյանը, ՙԱՐՑԱԽԳԱԶԻ՚ տնօրեն Մ. Միրզոյանը: 

-Ի՞նչ համագործակցություններ եք ձեռք բերել:

-Սկզբում սկսեցինք համագործակցել ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚, ՙԵՐԵՎԱՆՋՈՒՐ՚ ընկերությունների հետ,  հետագայում` մոտ կես տարվա ընթացքում, մեր ընկերության հետ համագործակցում էր 85 կազմակերպություն: Մոնտաժային աշխատանքներ իրականացնող, շինարարության ոլորտի ընկերությունների երեսուն տոկոսը օգտվում է մեր ծառայություններից:

-Ո՞ր նախագիծն է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: 

-Կարևորներից մեկը ես համարում եմ Երևան-Արարատ գազատարի կառուցումը, որը մենք հաջողությամբ իրականացնում ենք և շատ կարճ ժամանակում կավարտենք: ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ընկերությունը 2008թ. մեր առջև խնդիր դրեց գոյություն ունեցող գազատարի ճնշումը բարձրացնելու նպատակով առաջարկենք այնպիսի մեթոդ, որը թույլ կտա մինչև 40 մ3 մթնոլորտային ճնշման առկայությամբ շահագործել գազատարը: 2008թ. դեկտեմբերին այդ խնդիրը դրվեց մեր առջև, 2009թ. փետրվարին մենք երկու մոտեցում առաջարկեցինք, ընտրվեց մեկը, որ  առանց գազազրկելու վերականգնենք հին գազատարը: Առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ընկերությունը մեզ վստահեց հաջորդ փուլը: Մինչև սեպտեմբերի 15-ը նախատեսում ենք այն ավարտել:

-Ձեր առաջարկած մեթոդի առավելությունն այս դեպքում ո՞րն է:

-Հին մեթոդի համեմատ` նոր տեխնոլոգիաներով աշխատանքի արդյունքում վերականգնման աշխատանքները տարվում են գազի հոսքի առկայությամբ, բնակիչները չեն տուժում մեր աշխատանքից: Առավելություններից մեկը ժամանակի և գումարի 40-50 տոկոս խնայողությունն է, ինչպես նաև աշխատանքի բարձր որակը:  Գազատարը կծառայի ևս 20-25 տարի: Սա աննախադեպ նախագիծ է ողջ տարածաշրջանում

-Փաստորեն` Դուք միակն եք Հայաստանում, որ աշխատում եք նման տեխնոլոգիաներով, դաշտում մրցակից չունեք: Իսկ ի՞նչ պետք է անեն այն ընկերությունները, որոնք աշխատում են հին տեխնոլոգիաներով:

-Բոլոր ընկերությունները, հետևելով շուկայի զարգացման միտումներին, պետք է հասկանան, որ պետության զարգացման համար կարևոր նախապայման է նոր տեխնոլոգիաներով աշխատանքը, քանի որ միայն այդպես է հնարավոր դուրս գալ միջազգային շուկա: Ինչո՞ւ է Արաբական էմիրություններն այդքան զարգացած, ես այդ հարցը միշտ տալիս եմ իմ շրջապատում եղած շինարարներին, բոլորն ասում են, որ եթե այդքան հարուստ պաշարներով երկիր լինենք, մենք էլ կզարգանանք, բայց Իրանի Իսլամական հանրապետոթյունը կրկնակի  մեծ պաշարներ ունի, բայց այդ երկրում տեխնոլոգիաների մոդեռնիզացիա չի լինում: Որ երկիրը սկսի կիրառել նոր տեխնոլոգիաներ, նա ավելի հարուստ և զարգացած երկիր կլինի:

-Չե՞ք պատրաստվում դաշտը մենաշնորհային դարձնել:

-Մենք նման մտադրություններ չունենք, մենք կողջունենք այն  ընկերություններին, որոնք կաշխատեն նման տեխնոլոգիաներով: Դա է ճիշտ ճանապարհը:  Այն ժամանակ, երբ պոլիէթիլենային խողովակներով մոնտաժային աշխատանքներ իրականացնելը բոլորին անհավանական էր թվում, այսօր մենք դա իրականություն ենք դարձրել: Մենք շատ ընկերությունների վաճառել ենք մեր սարքավորումները, սովորեցրել ենք ինչպես օգտագործել դրանք:

-Դուք նախագծեր եք իրականացնում նաև Հայաստանից դուրս: Մի փոքր պատմեք այդ նախագծերի մասին:

-Արցախում մենք համագործակցում ենք ՙԱրցախգազի՚ հետ, մենք շատ լավ գործընկերներ ենք և բոլոր նմանատիպ աշխատանքներն իրականացնում ենք համատեղ: Շատ եմ կարևորում Լեռնային Ղարաբաղի վարչապետի և Քաղաքաշինության նախարարի մոտեցումը, որ տեխնոլոգիաների մոդեռնիզացիան լավ են ընդունում: ՙԱրցախգազի՚ և ջրամատակարարման ոլորտի մի շարք ընկերությունների հետ կնքել ենք  համագործակցության  պայմանագրեր: Լեռնային Ղարաբաղում մենք ձևավորել ենք  աշխատանքային խումբ: Առաջին քայլը սկսեցինք անել Շուշիի ջրամատակարարման ծրագրից: Ծրագիր կա նաև Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարումը դարձնել 24-ժամյա և վերականգնել բոլոր կոյուղիները: ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունն այս տարի նախատեսած չորս փուլից երեքն արդեն իրականացրել է, սկսում է չորրորդ փուլը: Նախատեսել ենք մինչև 2010թ. Ստեփանակերտ քաղաքի ընդհանուր համակարգի աշխատանքներն ավարտել: Լեռնային Ղարաբաղում մեր աշխատանքի նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, որ բացի ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունից, այլ ընկերության թույլ չեն տալիս աշխատանքներ իրականացնել:

-Վրաստանում ի՞նչ նախագծեր եք իրականացրել: 

-Վրաստանում 2008թ. ձևավորել ենք աշխատանքային խումբ: Վրաստանը երկու մասի ենք բաժանում` Վրաստան և Ջավախք: 2008թ. մենք պայմանագիր կնքեցինք SG  գազի հետ: ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունն այնտեղ կառավարող ընկերություն է` սկսած շինարարության ոլորտում հիմնարկ ձևավորելու խնդրից` վերջացրած կադրերի ընտրությամբ, աշխատանքների կազմակերպմամբ: SG  գազը իրականացնում է Ջավախքի գազաֆիկացման ծրագիրը: Այդ ընկերության բաժնետեր Արամ Սանոսյանն իր առջև խնդիր է դրել Ջավախքն ամբողջությամբ գազաֆիկացնել:  Մենք մինչև 2010թ. վերջ պետք է ավարտին հասցնենք այդ նախագիծը: Այսօր մենք ունենք գազ սպառող 500 ընտանիք, նախատեսում ենք այդ թիվը հասցնել մինչև 20 հազար բաժանորդի:

Վրաստանի տարածքում ձևավորել ենք ՙՏեխնո Ֆիտ-Georgia՚ աշխատանքային խումբ: 2008թ. իրականացրել ենք Գորի քաղաքի փախստականների քոթեջների գազաֆիկացման աշխատանքները, Քութայիսի, Գորի քաղաքներում իրականացրել ենք ջրամատակարարման աշխատաքներ:

-Ռուսաստանյան գործունեությունն ինչպիսի՞ն է: 

-Ռուսաստանում նույնպես աշխատանքային թիմ ունենք` ուղեղների գրոհը, որոնց մասին պատմեցի: Այնտեղից նրանք հաճախակի գործուղմամբ այցելում են մեզ: Ես շատ բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը: Նրանք այնպիսի նախագծեր են իրականացնում, որ ես անհնարին եմ համարում:  Մենք մեր աշխատելաոճում որդեգրել ենք այն սկզբունքը, որ այն հաջողությունները, որ լինում են Մոսկվայում, կիրառենք նաև Հայաստանում:

-Որո՞նք են այն նոր տեխնոլոգիաները, որոնցով Դուք աշխատում եք:       

-Մենք ունենք սարք, որ կոչվում է ՙՔանդիչ սարք՚: Այն առանց ճանապարհը քանդելու օգտագործման ոչ ենթական խողովակի մեջ անցկացնում է ավելի մեծ տրամագծով խողովակ: Բոլորի համար դա հեքիաթ է, որը այս սարքը դարձրեց իրականություն: Այն հիմա Հայաստանում է: 

Երկրորդ տեխնոլոգիան նախատեսված է գազատարիների վերականգնման աշխատանքների համար: Այս տեխնոլոգիան կիրառվում Երևան-Արարատ նախագծում:

Երրորդ տեխնոլոգիան պոլիուրետանային մեկուսիչ նյութն է` նախատեսված երկաթե խողովակների համար: Այս նյութով աշխատանքի ամրության պահպանման համար տրվում է 25 տարի երաշխիք:

Չորրորդ տեխնոլոգիայով մենք սև հողից ճանապարհ ենք ստանում, որն ավելի ամուր է, քան    սովորական ասֆալտը և ավելի հեշտ է այն վերանորոգել:

Հիմա մենք շուկա ենք մտցրել ռետինե            կափարիչներ փողոցի դիտահորերը (լյուկ) ծածկելու համար: Դրանք շատ ապահով են, ջերմամեկուսիչ, չեն կոտրվում, մեքենաների  համար ավելի  հարմար են:

-Դուք նաև արտադրություն ունեք, ի՞նչ  մասեր են արտադրվում: 

-Մենք արտադրում ենք տարբեր տեսակի ձևավոր մասեր, ունենք  մեր արտադրությունից օգտվող խոշոր ընկերությունների լայն շրջանակ, որոնք օգտվում են միայն մեզանից:

-ՙՏեխնո Ֆիտին՚ կից ի՞նչ ընկերություններ են բացվել:                               

-ՙՏեխնո Ֆիտին՚ կից` AEG ընկերության հետ համատեղ  ձևավորվել է AEG-Tecno Fit Service  ընկերությունը: Քանի որ AEG ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում, ունի նոր տեխնոլոգիաներ, քայլեր է անում  ջրամատակարարման ոլորտում, որոշեցինք ստեղծել համատեղ մի ընկերություն և համագործակցել գիտելիքներով, տեխնոլոգիաներով և նախագծեր իրականացնել գազամատակարարման և գրամատակարարման ոլորտներում:

ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունը  ձևավորել է ևս մի ընկերություն, որը կոչվում է ՙԱրմնանո տեխնոլոգիաներ՚: Մենք ուզում ենք նանո տեխնոլոհգիաների մոտեցումը և  գաղափարը սկսել իրականացնել նաև Հայաստանում:

Այս տարի ձևավորեն ենք նաև ՙՏեխզննում՚ ՍՊԸ-ն:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում նանո տեխնոլոգիան:                                 

-Նանո տեխնոլոգիան ամեն ինչ բերում է մատչելիության, հարմարավետության և չափսերի փոքրության: Պատկերացրեք մի մեքենա, որը, վառելիքի փոխարեն, կարող է շահագործվել ջրով կամ աղբից ստացված  գազով: Նանո տեխնոլոգիաները Ռուսաստանում շատ մեծ համբավ ունեն, ինչպես նաև ամբողջ աշխարհում: Մենք արդեն ձևավորել ենք մի խումբ, որում ներգրավված են լուրջ մասնագետներ: Մենք, հաշվի առնելով հայաստանյան շուկայի պահանջները, կարող ենք հսկայական աշխատանքներ իրականացնել: Մենք ստեղծում ենք մի փաթեթ, որը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի: Այս տեխնոլոգիաներով Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային շուկա: Նանո տեխնոլոգիաների միջոցով կարող ենք քամուց հոսանք ստանալ, աղբից` գազ և այլն: Հիմա Հայաստանում նման ծրագիր ճապոնացիներն են անում, որոնց հետ մենք համագործակցում ենք: Սկզբունքը հետևյալն է` այն, ինչ անհնարին է, դարձնել հնարավոր: 

-Ձեր իրականացրած ծառայությունները մատչելի՞  են:

-Մեր ծառայությունները շատ մատչելի են, նույնիսկ ասում են, որ մեր ընկերությունների խումբը  ինքնարժեքով է աշխատում: Գաղտնիքն այն է, որ մենք արտադրություն ունենք:

-Ո՞ր բանկերի հետ եք համագործակցում:

-Համագործակցում ենք ՙԱմերիաբանկի՚, ի դեմս` Ա. Անեսյանի և ՙԱռեքսիմբանկի՚ հետ:

-Արդեն երկու տարի է, ինչ Դուք Հայաստանում գործունեություն եք ծավալում: Երիտասարդ գործարարի համար դժվար չէ՞ Հայաստանում կայանալը:

-Ո՛չ, եթե հիմա լիներ 1998-2000թթ., հնարավոր է խոչընդոտներ շատ լինեին: Եթե ես ավանդական, ստանդարտ ընկերություն բացեի, հնարավոր է խոչընդոտների հանդիպեի, բայց այն, ինչ ես եմ անում,  Հայաստանում նորություն է: Մրցակիցներ չունեի և հեշտությամբ կարողացա գրավել շուկան:

-Օրենսդրական դաշտը, հարկային համակարգը արդյո՞ք նպաստում են, որ նոր բացված բիզնեսը ծաղկի:

-Այո՛, ես առայժմ խնդիր չեմ ունեցել հարկային մարմնի հետ: Հետաքրքիր է, որ երբ մեր մասին  ինֆորմացիան հասել էր հարկային մարմնին, նրանք մեզ զանգահարեցին և մեծ ուրախություն հայտնեցին, որ իրենց հարկատուն այսպիսի նախաձեռնությունների հեղինակ է:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք:

-Մեր ընկերության սկզբունքը հետևյալն է, եթե մենք խնդիր ունենք այսօր, մենք այն այսօր ենք լուծում, վաղվան չենք թողնում: Ովքեր մեզ հետ աշխատել են, գիտեն, թե որքան հեշտ է աշխատել մեր ընկերություն հետ, ինձ հետ: Մեր գործընկերոջ խնդիրը մեր խնդիրն է: Մենք աշխատում ենք ունենալ երկարատև համագործակցություններ, և մեր համագործակցությունները միշտ շարունակական են լինում: Մենք ազնիվ ենք մեր աշխատանքում, այդ պատճառով էլ մեզ հետ համագործակցությունը հուսալի է, ապահով և մատչելի:

-Դուք Ձեզ կայացած համարում ե՞ք:

-Որպես գործարար` ինձ կայացած համարում եմ, բայց որպես անձ, ով սովորելու և տեխնոլոգիաներին տիրապետելու մեծ ձգտում ունի, ոչ: Ինձ թվում է` մարդն ամբողջ կյանքում էլ սովորում է, և սովորելուն սահման չկա:

-Անձնական ի՞նչ նշանակություն ունի աշխատանքը Ձեր կյանքում:

-Այս գործը շատ մեծ կախվածության մեջ է գցում, ուզում ես անընդհատ նոր ու բացառիկ նախագծեր իրականացնել, որոնք քեզ անհավանական են թվում: Նրանք, ովքեր աշխատում են ՙՏեխնո Ֆիտ՚ ընկերությունում, նույնպես կախվածության մեջ են, քանի որ սա քարացած չափանիշերով ոլորտ չէ և հնարավորություն է տալիս ազատ մտածել ու նոր գաղափարների հեղինակ դառնալ: Մեր ընկերությունում աշխատողներն  անձնական հպարտություն և հաճույք են զգում իրենց աշխատանքից:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:  

-Իմ նախասիրություններից մեկը կարդալն է: Մասնագիտական գրականություն միշտ եմ կարդում: Զավակիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, ինչը, ցավոք, ինձ ոչ միշտ է հաջողվում: Սիրում եմ նաև ձկնորսության գնալ:

-Երիտասարդ գործարար և ընտանիքի հայր` ինչպե՞ս եք համատեղում:

-Աշխատում եմ համատեղել, թեև ոչ միշտ է ստացվում: Ընտանիքիս ապահովում եմ  ուշադրությամբ, սիրով: Իսկ երբ մտահոգված գալիս եմ տուն, ընտանիքն է ինձ այդ ամենը տալիս: Շատ կարևոր է, երբ ընտանիքը կայացած է և  հասկանալով է մոտենում իմ` նրանց ոչ շատ ժամանակ հատկացնելուն: Միայն ձմռան ամիսներին եմ կարողանում ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնել:

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Մեկ որդի ունեմ, որը չորս տարեկան է:

-Կյանքում գալիս է մի պահ, երբ ի սրտե ասում ես` Սիրում եմ քեզ…: Ե՞րբ է այդ պահը եկել Ձեր կյանքում: 

-Այդ խոսքերն ի սրտե ասել եմ, երբ հանդիպել եմ կնոջս:

-Համաձայն ե՞ք այն մտքի հետ, որ սերը տարիների ընթացքում սովորույթ  է դառնում: 

-Սերը անսահմանության միջով անցնող այն զգացմունքն է, որը պետք է միշտ լրացնել, որը պետք է փայփայել ու պահել: Սերը որևէ չափանիշի կամ գծագրված կանոնների չի ենթարկվում, ու նրա հմայքը հենց դրա մեջ է: 

-Ի՞նչ եք կարծում նյութական արժեքները հոգևորի՞ ծնունդ են, լրացնո՞ւմ են միմյանց, թե՞  դրանք  բոլորովին տարբեր են:

-Կարծում եմ` տարբեր են: Ինձ համար նյութականը միշտ եղել է երկրորդական դերում:  Ես միշտ ձգտել եմ ճիշտ ապրել, որի մեջ մտնում է ճիշտ աշխատել, ճիշտ սովորել և ճիշտ խոսքեր արտահայտել: Նյութականին չափ չկա, հոգևորին էլ չափանիշ չկա:

-Երբևէ հոգևոր քաղց զգացե՞լ եք:

-Նման դեպքեր լինում են: Այդ դեպքերում մորեղբորս հետ եմ զրուցում` Մանվել Մաժունցի: Նա շատ հարուստ գիտելիքներով և նույնքան հարուստ ներաշխարհով անձնավորություն է: Հոգևոր բավարարվածություն եմ զգում ընտանիքում` կնոջս և երեխայիս հետ  շփվելիս, դա այն աշխարհն է, որի հեղինակն եմ և նրանց եմ նվիրում իմ հաջողություններն ու սերը:

-Կարելի՞ է եզրակացնել, որ Ձեր մորեղբայրը մարդու Ձեր իդեալն է:

-Այո՛, նա ունի մարդկային այն որակները, որոնք ես բարձր եմ գնահատում և որոնց ձգտում եմ` համեստություն, հոգևոր մեծ ներաշխարհ, կրթվածության բարձր մակարդակ և հաջողություն: Երբեք չեմ սիրել մեծամտությունը, մեծախոսությունը, ցուցամոլությունը: Չեմ վստահում նման մարդկանց: Իմ նշած հատկություններով մարդիկ առավել հզոր և կայուն են, քան ցուցամոլները:

-Մարդու ուժն ինչի՞ մեջ է:  

-Մարդու ուժը գաղափարի մեջ է: Երբ իմ ընկերությունում մի աներևակայելի ծրագիր է իրականանում, ես իմ աշխատակիցներին այնպիսի ուժ և հավատ եմ ներշնչում, որ բոլորը ոգևորությամբ և հավատով լցված` սկսում են աշխատել, և անհնարինը դառնում է հնարավոր: Կյանքում անիրականանալի, անհնարին ծրագիր չկա, ուղղակի պետք է պատրաստ լինել դրան հասնելու:

-Ձեզ ի՞նչն է ոգեշնչում:

-Ինձ ընկերության հաջողությունն է ոգեշնչում: Ես շուտ չեմ ընկճվում, խուճապի մատնվում: Ես շատ եմ լսում, որ մարդիկ իրենց անհաջողությունը տեսնում են ոչ իրենց մեջ, այլ վերագրում են դրսից հաղորդված նախանձից բխող բացասական էներգային: Ես կարծում եմ` ամեն մարդ իր աշխատանքով պետք է վաստակի կյանքում իրեն հասանելիքը:

-Հնարավո՞ր է` Դուք ներգրավվեք քաղաքականության մեջ:

-Դեռ նման ծրագրեր չունեմ: Հնարավոր է, եթե երկրում լինի գաղափարական  այն միտվածությունը, որին ես ձգտում եմ:

-Ձեր կյանքի ամենամեծ հաջողությունը ո՞րն եք համարում:              

-Իմ որդին` Տիգրանը, ումով իրոք ապրում եմ: Նա իր գիտելիքներով, տվյալներով իմ լիարժեք մասնիկն է, շատ ընդունակ տղա է: Նա մեծ հարգանք ունի իր ծնողների նկատմամբ, որը շատ մեծ ձեռքբերում է իմ կյանքում: Նա այն մասնիկն է, ում երբ աշխատանքից լարված տուն եմ գալիս ու գրկում, մոռանում եմ ամեն ինչ:

-Բալզակն ասում է` կյանք նշանակում է ցանկանալ+կարողանալ: Ձեր ցանկությունները մի՞շտ են  համապատասխանում Ձեր կարողություններին:

-Հիմա, այո՛, համապատասխանում են: Ես մտածում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է շատ ցանկանալ…

-Այդ դեպքում ի՞նչ է կյանքը:

-Կյանքը  հոսող ժամանակի մեջ մի հատված է, որում դու ապրում ես և որում ինչպես ձևավորես քո կյանքը, այնպես էլ այն կապրես: Եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է միշտ լարված լինես և պատրաստ դժվարություններ հաղթահարելու: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...