17:17
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Թող Մարտի 8-ն ավետի Հայուհու անձնական, ընտանեկան և անանձնական գերագույն երջանկության հաղթարշավը

2013-03-08 12:19

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մարտի 8-ը:

Մարտի 8-ը հասարակական գիտակցության մեջ մտավ որպես կանանց իրավունքների ընդլայնման, դրանց պաշտպանության համար պայքարի օր, որը տարիների ընթացքում դարձավ խորհրդանիշ ողջ աշխարհում կանանց միասնության ու համերաշխության:

Խորհրդային տարիներին դրան տոնի խորհուրդ հաղորդվեց, քանզի ավտորիտար համակարգում հնարավոր չէր պայքարել մարդու իրավունքների համար:

Հայ իրականության մեջ այն նախ և առաջ ընկալվեց որպես հայ կնոջը մեծարելու, գեղեցիկը գնահատելու, կանանց դերը հասարակության մեջ վերարժևորելու, հայ ինքնության պահպանման կարևորագույն օղակի` ընտանիքի հենասյունը հանդիասացող հայ մայրերի գնահատանքի օր: Սակայն հանրապետության անկախացման առաջին տարիներին Մարտի 8-ը հանվեց պետական տոնացույցից և մարդիկ այն նշում էին ավանդույթի ուժով: Կար լուրջ դժգոհություն կանանց շրջանում, որ նախկին խորհրդային երկրներում այս տոնը պետականորեն նշվում է, իսկ Հայաստանում` ոչ: Խորհրդարանում երկար քննարկումներն ինձ մտահոգեցին և պարզ դարձավ, որ այդ ժամանակահատվածում Մարտի 8-ը վերականգնել հնարավոր չէ, և ես նախաձեռնեցի ՙՄայրության և գեղեցկության օր՚ ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, որը սուրբ օր է, Մայր Աստվածածնի հայտնության օրը, այն դարերով տոնվում է եկեղեցական աշխարհում: Կյանքից վերցված այս օրվան օրենքի ուժ տալով, ավանդույթն օրենքի աստիճանի բարձրացնելով` Խորհրդարանն ընդունեց Ապրիլի 7-ը` որպես մայրության և գեղեցկության տոն` առավել ընդգծելով հայ մոր դերը, նրա նկատմամբ տածած անսահման հարգանքն ու սերը հայ հասարակության կողմից:

Մարտի 8-ն էլ, լինելով միջազգային տոն, ընդունվում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի կողմից: Եվ Մայրության տոնի ընդունվելուց հետո հայտարարեցի, որ հայ կանայք ունեն մեկամսյակ: Ահա թե ինչ խորհուրդ ունի ինձ համար Մարտի 8-ը, որի շուրջ առաջացած տարակարծությունները մեզ համար միամսյակի առիթ հանդիսացան:

-              Ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը:

Յուրաքանչյուր տոն իր մեջ որոշակի խորհուրդ պարունակելով` միաժամանակ և° ձև է, և° բովանդակություն: Կարևոր է, որ այս երկուսի պարագայում երբեք գերակշռություն չունենան նյութական դրսևորումները: Պետք է մեծարել հայ մայրերին, կանանց` ոչ միայն տոնական այս օրը և ոչ միայն մեկամսյակի ընթացքում նվերներ, ծաղիկներ նվիրելով, այլև այնպիսի հասարակության կերտումով, որում հայ կինն իրեն պաշտպանված և լիարժեք անդամ զգա, այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայ կինը լիովին նվիրվի պետության, հասարակության կերտմանը, իր հնարավորությունների բացահայտմանը: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տոնական դառնա հայ կնոջ, հայուհու առօրյա ցանկացած ձեռնարկում: Պետք է յուրաքանչյուր տոնական օր վերածել իսկապես ազգային տոնի, որը կմիավորի հայությանը ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս` Սփյուռքի հայկական համայնքներում: Ես փորձում եմ պետական տոները հասանելի դարձնել մեր համայնքներին, նրանց հորդորել, որ այս տոները մեզ հետ տոնեն, որ կանանց միամսյակը ևս իրենցը դարձնեն:

Տոնի կենտրոնում իմ մայրն է, ինձ համար ամենաթանկ և ամենասուրբ էակը: Այդ օրը մենք չորս երեխաներով շնորհավորում ենք մեր մայրիկին` բազմավաստակ մանկավարժին, իմ ամենակարևոր խորհրդականին և մաղթում նրան միայն առողջություն: Լրատվամիջոցները երբեք հնարավորություն չեն տալիս, որ ես այդ օրը տանը լինեմ, միշտ մի հանդիպման, մի ասուլիսի մասնակցել եմ, ապա նորից աշխատել: Տանն էլ եմ աշխատում, բայց այդ օրը փորձում եմ 18:00-ից հետո տանը լինել և փոքրիկ, ջերմ սեղանի շուրջ, ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ ավարտել օրը:

-              Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք:

-              Ամենասիրելի և ամենասպասված նվերը, որին, կարծում եմ, սպասում է յուրաքանչյուր կին, ծաղիկներն են, որոնք առատորեն ստանում եմ: Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին, այս տոնական օրերին կարծես դրանց մասին ավելի ենք խոսում: Ես ամեն օր հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներից բարի լուրերի եմ սպասում, նրանց հաջողությունների ու հաղթանակների մասին եմ ցանկանում իմանալ:

Հավատում եմ, որ դարեր շարունակ մաքառող և հայկական ինքնության պահպանման ամենաեռանդուն պայքարի մղողը` հայ կինը, այսուհետ ևս կշարունակի սրբազան այդ առաքելությունը` ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին, հաղթահարելով անհաղթահարելի թվացող բոլոր դժվարությունները:

-Ձեր բարեմաղթանքները:

-Մաղթում եմ, որ հայոց երկնակամարը միշտ խաղաղ և կայուն լինի, երբեք հայ մայրերի աչքերին արցունք չլինի, որ հայ մայրն այնքան կիրթ և գրագետ լինի, որ իր զավակներին կարողանա դաստիարակել որպես հայրենիքի մարտիկներ և ազգի նվիրյալներ: Մաղթում եմ, որ հայ կինը, աշխարհի որ ծայրում էլ լինի, միշտ գիտակցի, որ ազգի պահապանը, ազգի դաստիարակը, հայ տան սյունը ինքն է` իր կեցվածքով, իր նվիրումով, իր ստեղծագործ և արարող էությամբ: Թող 2010 թվականի Մարտի 8-ն ավետի Հայուհու անձնական, ընտանեկան և անանձնական գերագույն երջանկության հաղթարշավը, թող իմաստուն և գորովագութ ներկայությունն առանձնակի ջերմություն և ամրություն հաղորդի հայ ընտանիքներին և հայ ինքնությանը, թող այս շենշող գարնանային տոնը բազմապատկի բոլոր կանանց կենսական ուժերը և երջանկության կենսալիցքերը:

Առողջ եղեք և շարունակեք ձեր կանացի իմաստնությամբ աշխարհում ամրապնդել Բարու և Լույսի տիրույթները:

Ձեզ հղում եմ Սեր, Երջանկություն, Ջերմություն, Ժպիտ և Հայրենիքի դյուցազնաշունչ կենսուժը:

Ընդունեք իմ կողմից Ձեզ նվեր Արարատի վեհաշունչ ու ջերմ պատկերը, Արագածի հազարահրաշք ծաղիկները և Արաքսի մայրահամ շնչառությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...