07:03
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայկական երգից պետք է ծիրանի հոտ գա

2013-03-05 12:22

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Արսեն Գրիգորյան (Մրո)

-Պարո՛ն Գրիգորյան, ծնվել եք արտերկրում, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ հայրենիք և ո՞ր տարիքում եղավ Ձեր վերադարձը:

 -Ես, ինչպես նաև շատ հայորդիներ, ոչ մեր կամքով ենք ծնվել  Հայաստանից դուրս, դա հետևանք  է ցեղասպանության և հայրենազրկման: Ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ Սասունցի պապերը  հայրենազրկվեցին  և ստիպված եղան բնակություն հաստատել Սիրիայում: Վերադարձի ճանապարհը դեպի հայրենիք,  դեպի արմատները ամենաբնական երևույթն է յուրաքանչյուր տարագիր հայի: Ես արդեն քսաներեք տարի է ինչ վերադարձել եմ Հայաստան և դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն է:

-Ձեր մեջ շատ է հայրենասիրությունը, անկեղծ հայրենասիրությունը, իսկ եթե մի օր Ձեր զավակը  որոշի հեռանալ հայրենիքից Դո՛ւք ինչպե՞ս կարձագանքեք դրան, կփորձե՞ք նրան խանգարել:   

-Ես երեխաներիս դաստիարակում եմ  այնպես, որ նրանց մեջ խորը արմատներ գցի հայրենասիրությունը: Սերը դեպի հայրենիք պետք է մանկուց սերմանել երեխայի մեջ: Իհարկե ես կուզենամ , որ իմ երեխաները ամբողջ աշխարհով շրջեն,կամ  եթե մասնագիտության բերումով` կրթություն ստանան արտասահմանյան որևէ երկրում , խնդիր չէ, կարևորը  որտեղ էլ որ կրթություն ստանան և ինչ մասնագետ էլ որ դառնան, նրանք գիտակցում են , որ այդ ամենը  պետք է   ծառայի հայրենիքին և հայ ժողովրդին: Ես ու կինս փառք Աստծո միանման ենք  մտածում  և այնպես ենք դաստիարակում երեխաներին, որ նրանք արդեն գիտեն.  ամեն ինչ սկսվում և ավարտվում է  հայրենիքով և հայրենիքի համար: Եթե թռչունը դուրս եկավ իր երամից ուրեմն նրա կյանքն այլևս անիմաստ է:

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ ինչո՞վ է հայրենիքը մեզ փոխհատուցում: Ինչո՞ւ տարբեր ոլորտներ ներկայացնող լավագույն մասնագետներից շատերը այստեղ` իրենց հայրենիքում, չգնահատվելով ըստ արժանվույն հեռանում են և իրենց դրսևորում այլ երկրներում: Կարելի՞ է արդյոք նրանց մեղադրել:

-Ես նրանց չեմ մեղադրում, ես առհասարակ ոչ ոքի չեմ մեղադրում`  չունեմ դրա իրավունքը: ես երբեք չեմ մտածել և չեմ էլ մտածի թե ինչ է անելու հայրենիքս ինձ համար , հակառակը միշտ պետք է մտածենք.  ի՞նչ ենք անում մենք մեր հայրենիքի համար: Բոլորս էլ խնդիրներ ունենք:  Բայց չեմ կարծում, որ  խնդիրների լուծման ճանապարհ պետք է ընտրենք հայրենիքից հեռանալը , հեռանալ կնշանակի հանձնվել: Իսկ ի՞նչ պետք է լինի մեր հայրենիքի վիճակը, եթե բոլորս թողնենք և հեռանանք: Շատ արվեստագետներ, մշակույթի գործիչներ  մութուցուրտ տարիներին հեռացան: Եվ  նրանցից շատերը հիմա նույնիսկ չեն էլ զբաղվում իրենց մասնագիտությամբ` թեև նրանցից շատերի կենսամակարդակը բարձրացել է…    Ունայնություն ունայնության :  Ես հավատում եմ, որ երբ մարդ ծնվում է, իր հետ ծնվում է նաև մի առաքելություն, որը մարդ պետք է հաճույքով կրի: Եվ եթե մի քանի երիտասարդներ չդիմանալով դժվարություններին հեռացել են` ապա հազարավոր երիտասարդներ նույն դժվարությունները ունենալով չեն ընկճվել և չեն թողել իրենց հայրենիքն ու հեռացել: Մայրս միշտ ասում է. ՙԵթե Աստված բոլոր դռները փակում է անպայման  մեկը միշտ բաց է թողնում՚, պարզապես պետք է այդ մեկը գտնել:

-Ո՞ր տարիքից եք սկսել երգել:

-Ես դեռ փոքր տարիքից աչքի եմ ընկել իմ ընդունակություններով: Բոլոր միջոցառումներին թե՛ դպրոցական և թե՛ համահայկական` Սիրիայի մասշտաբով, միշտ մասնակցել եմ երգով, պարով, թատերական ներկայացումներով: իհարկե ամենաշատը սիրում էի երգել: Հայրս և մայրս նույնպես երգում  են և դա ժառանգաբար փոխանցվել է ինձ: 13 տարեկան հասակում արդեն ներգրավվել էի մի երաժշտախմբում, որտեղ բոլորը 25 տարեկանից բարձր էին: Ես սկսեցի մեծ ոգևորությամբ և եռանդով աշխատել. գրեթե երկու տարի անց արդեն ղեկավարում էի այդ երաժշտախումբը` չունենալով   երաժշտական կրթություն: 15-16 տարեկանում արդեն, մեծ հավաքների ժամանակ, մեր համայնքը ես էի ներկայացնում: Բայց, ցավոք այդ ժամանակ հայկական երգին  քիչ էի ծանոթ: Միայն հայրնասիրական երգերի մասին ճիշտ պատկերացում ունեի: իսկ որպես հայ երգ գիտեի այն երգերը,  որոնք տարածված էին սփյուռքում, առանց տարբերելու թե տվյալ երգը հայկական է, թե ուղղակի հայերեն բառերով շարադրված օտարածին երգ : Այսինքն ես երգերի ժանրերը չէի տարբերում, քանի որ այդ ժամանակ գրեթե ամբողջ սփյուռքը  ինֆորմացված չէր, որպես հայերեն երգեր լսում և երգում էին ՙռաբիս՚ երգեր, որոնց միայն բառերն էին հայերեն: Իմ կյանքը փոխվեց երբ  Հայաստան եկա, ընդունվեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Սկսեցի աշակերտել երջանկահիշատակ հայ երգի մեծ վարպետ Հովհաննես Բադալյանին  : Այդ ժամանակ սկսեցի հաճախել նաև ՙԱկունք՚ ազգագրական խմբի փորձերին` աշակերտելով նաև հայ երգի հայրիկ` Հայրիկ Մուրադյանին: Այդ տարիներին էր, որ հասկացա.  հայերեն երգված երգերի և հայկական երգերի միջև հսկայական տարբերություն կա: Մեկ բան է, երբ երգի բառերը հայերեն են և մեկ այլ բան, երբ երգը հայկական ոգի է պարունակում: Այսօր նույն ոգով փորձում եմ այն ամենը ինչ սովորեցի և ամբարեցի իմ վարպետներից փոխանցել  մեր մատաղ սերնդին:

-Ինչո՞ւ որոշեցիք երգել հատկապես հայրենասիրական երգեր:

-Ես տարբեր ոճերի երգեր եմ երգել: Բայց, ինչպես վերը նշեցի հավատում եմ, որ երբ մարդ ծնվում է նրա հետ էլ ծնվում է ինչ որ մի փոքրիկ շնորհք և  առաքելություն: Գիտակցեցի, որ իմ առաքելությունը հենց դա է: Սա այն երգն է, որը իր մեջ այնքան հզոր ուժ ունի, որի միջոցով  կարողանում ենք  մեր տեսակը պահել-պահպանել: Դարեր շարունակ, երբ մեր պետականությունն ենք կորցրել, մեր մշակույթով և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցով ենք կարողացել մեր տեսակը պահել: Շատ ազգեր իրենց բնութագիրը կորցրել են: Մեր ազգային բնութագիրը պահպանելու  համար մենք պետք է պայքարենք, իսկ պայքարելու ձևերից մեկը նաև անաղարտ հայկական  երգն է, իր պատկանելիությամբ և իր մշակութային արժեքով մաքուր երգը: Հայկական երգից պետք է ծիրանի հոտ գա, եթե բանանի հոտ եկավ ուրեմն դա հայերեն երգ չէ:                      

- Հայրենասիրական-ֆիդայական երգերը հիմա հաճ ախ չեն հնչում, ինչո՞ւ և ի՞նչ անել, որպեսզի դրանք ավելի հաճ ախ հնչեն:

- Կան որոշ մարդիկ, որոնց համար իրենց ազգային պատկանելիությունը առաջնահերթ չէ և նրանք մտածում են, որ այդ երգերը արդի և եկամտաբեր չեն, ուստի չարժե դրանց անդրադառնալ: Իսկ ըստ իս այդ երգերը միշտ էլ պետք են, դրանք դաստիարակիչ են և հայրենասիրություն են սերմանում սերունդների մեջ: Հունիսի 29-ին, իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ  ՙԼավագույնը մեր ազատամարտիկներին՚ խորագրով համերգ, որը առաջին հերթին պիտի լիներ իբրև բարոյական վերաբերմունք մեր ազատամարտիկներին և նաև նախապես որոշել էի, որ համերգից ստացված ողջ հասույթը պիտի տրամադրվեր պատերազմի ժամանակ  սայլակավոր դարձած  տասներկու ազատամարտիկների : Եվ ինձ շատ ուրախացրեց այն, որ դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով, ովքեր մեծ ոգևորությամբ երգիչների հետ  հավասար երգում էին մեր ֆիդայական երգերը:  Իսկ ինչո՞ւ չեն հնչում այդ երգերը որոշ չակերտավոր աստղերի համերգների ժամանակ. նախ որովհետև ինչպես վերը նշեցի, ըստ իրենց այդ երգերը արդի չեն, և հետո էլ ամեն մեկը չէ որ կարող է այդ ոգեղեն երգերը կատարել : Ռազմահայրենասիրական երգեր կատարելը երգչի համար պետք է օրգանական լինի, այսինքն պետք է զգաս երգը, հոգով երգես, երգելիս էլ գիտակցես ու  արժեվորել ես  մեր  հերոսների գործած սխրանքներն ու զոհողությունները: Այսօր մեր ազգային երգերը քիչ են հնչում , որի համար  բոլորս պետք է մտահոգվենք ու մտածենք,  ինչ անել, որպեսզի  ավելի հաճախ հնչեն  մեր ազգային  երգերը,  որոնց միջոցով  մեր երեխաների  այրան մեջ ազգային պատկանելիության բջիջները  միշտ արթուն մնա

Լիլիթ Սաֆարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...