22:46
12/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջավախքը մեր տունն է, մեր հայրենիքն է…

2013-03-04 11:22

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Հայկ Սանոսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր

-Պարո՛ն Սանոսյան, Ձեր, որպես ԱԺ պատգամավոր, քաղաքական գործունեություն ծավալելու դրդապատճառը ո՞րն է, դա կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ Դուք ջավախքահայ եք:

-Ես նախկինում չեմ ցանկացել պատգամավոր դառնալ, բայց Ջավախքում առկա խնդիրները, իմ հայրենակիցների վիճակն ինձ շատ էր մտահոգում: Տեսնելով անտարբեր մարդկանց կամ Ջավախքի խնդիրներով քիչ զբաղվող մարդկանց` որոշեցի իմ մտահոգությունը գործնականորեն  դրսևորել,  ներգրավվել օրենսդրական մարմնում, որոշակի փորձ ձեռք բերել և կարողանալ օգնել իմ ժողովրդին:

Այժմ, ունենալով որոշակի փորձ, ես նաև փորձում եմ օգնել իմ գործընկերներին` մեր հայ պատգամավորներին, ովքեր աշխատում են Վրաստանի խորհրդարանում: Անցյալ տարի իմ առաջարկությունները նրանց միջոցով ներկայացրի վրացական խորհրդարանին, որոնք որոշակի առումով արդեն իրականացվում են:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

-Այսօր Ջավախքում մի  քանի տասնյակ դպրոցներ, տարբեր մշակութային կենտրոններ են վերանորոգվում: Վրաստանի բյուջեից գումար է հատկացվել այս աշխատանքներն իրականացնելու համար:

-Մշակութային կյանքն ակտի՞վ է Ջավախքում:

-Մենք փորձում ենք մշակութային տարբեր միջոցառումներ  կազմակերպել Ջավախքում: Ամեն տարի տոնում են տերյանական օրերը, Ջիվանու օրերը: Ինչպես նաև Թբիլիսիում ունենք հայկական թատրոն, որին անհրաժեշտության դեպքում օգնում ենք, օրինակ, հյուրախաղերով  հանդես գալու հարցում: Այսօր թատրոնի շենքի հետ կապված խնդիրներ կան, սեյսմիկ անվտանգության տեսանկյունից շենքը վատ վիճակում է: Փորձում ենք ֆինանսապես օգտակար լինել, որ Թբիլիսիում գտնվող մեր մշակութային կենտրոնը կանգուն մնա և գործի: Հայապահպանության գործում թատրոնը նույնպես շատ կարևոր դեր ունի: 

-Եկեղեցիների հետ կապված ճնշումներ լինո՞ւմ են:

-Արդեն բարելավվում են նաև միջեկեղեցական հարաբերությունները: Հոկտեմբերին նախատեսվում է մեր կաթողիկոսի այցը Վրաստան: Ես կարծում եմ, որ մեր կաթողիկոսը այդ խնդիրների մասին կխոսի, կբարձրաձայնի դրանք:  

-Վերլուծելով Ձեր գործունեությունը`  ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած ուղին, ո՞րն եք համարում Ձեր ամենակարևոր աշխատանքը:

-Իմ երեք տարվա գործունեության ընթացքում ես մշտապես  հետամուտ եմ եղել այն խնդիրների, հարցերի լուծմանը, որոնք առաջադրվել են  իմ ընտրազանգվածի կողմից: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ են` սկսած սոցիալական, առողջապահական հարցերից, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին: Ես  աշխատել եմ դրանց լուծում տալ և մարդկանց հուսախաբ չանել: Կարծում եմ, որպես ԱԺ պատգամավոր, ես օգուտ եմ բերել իմ ընտրողներին:

-Այսօր Ջավախքում ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնք Դուք ներկայացրել եք Ազգային ժողովում:   

-Ջավախքում տարաբնույթ խնդիրներ կան, բայց ամենաառաջնայինը սոցիալական խնդիրներն են: Մարդիկ  պետք է աշխատանք ունենան, կարողանան  վաստակել իրենց հանապազօրյա հացն  արժանավայել աշխատանքով, որն իրենց կեցության ամենամեծ գրավականն է:

Ես տարբեր առիթներով տարբեր լծակներ եմ օգտագործել, որպեսզի վրացական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի  իշխանությունները փոխադարձ համաձայնությունների գան տարբեր ոլորտներում առկա խնդիրները լուծելու հարցում, որպեսզի Ջավախքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որում մարդիկ կարողանան ապրել, աշխատել, արարել:

Ես առիթը միշտ օգտագործում եմ իմ ընկերներին և  հայրենակիցներին կոչ անելու, որպեսզի վերադառնան հայրենիք` Ջավախք, և ոչ միայն կոչ եմ անում, այլ նաև գործնական քայլեր:

-Ձեր ընտանեկան դաստիարակությո՞ւնն է Ձեզ մղում նման գործունեության:

-Մեր ընտանիքն ունի որդեգրած քաղաքականություն` Ջավախքը մեր տունն է, մեր հայրենիքն է: Մենք հավատարիմ ենք այդ գաղափարին  և փորձում ենք դրանով վարակել նաև մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք նույնպես վերադառնան հայրենիք, և ամեն մեկն իր գյուղը, բնակավայրը շենացնի: Մենք մեր գործունեության ընթացքում համոզվեցինք, որ իրոք հնարավոր է քարոզչությամբ և կոնկրետ քայլերով հասնել հաջողության: Մենք չպետք է մեր հույսը կապենք վրացական իշխանությունների հետ: Սեփականության, հայրենիքի գիտակցությունը պետք է անընդհատ շրջանառվի մեզանում:

-Այդ քարոզչության արդյունքներն այսօր նկատելի՞ են Ջավախքի սոցիալ-տնտեսական կյանքում:

-Այո՛, վերջին 4-5 տարիների ընթացքում բազմաթիվ հայրենասեր տղաներ վերադարձել են Ջավախք, վերանորոգել են դպրոցները, մշակութային օջախները, եկեղեցիները: Այդպիսի հետաքրքիր միտում այսօր, իրոք, նկատվում է: Յուրաքանչյուրը բարի նախանձով է նայում մյուսին, և ինքը նույնպես բարեգործություններ է կատարում: Դա ես համարում եմ մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:

Մենք 5-6 տարի առաջ ենք սկսել բարեգործական աշխատանքներ  իրականացնել, փորձել ենք վերծանել մեր ժողովրդի հերոսական էջերը  կազմակերպված տարբեր միջոցառումների ընթացքում, խաչքար ենք տեղադրել մեր հայրենի գյուղում, որտեղ 1918թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում մեր և հարակից գյուղերի բնակիչները քաջաբար դիմակայել են թուրքական կանոնավոր բանակին:

-Ձեր եղբայրը` Արամ Սանոսյանը, նույնպես մեծածավալ գործունեություն է ծավալում Վրաստանում: Կարո՞ղ ենք ասել` Սանոսյան եղբայրների միասնական գործունեությունն ավելի արդյունավետ է դարձնում արված աշխատանքը:     

-Մեր բոլոր աշխատանքներն իրականացվում են համատեղ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում: Այստեղ, իհարկե, մեծ դեր ունեն մեր ծնողները, ովքեր փոքրուց մեզ դաստիարակել են  հայրենասիրական ոգով, հայրենիքի պաշտամունքով ու պատասխանատվությամբ: Մենք էլ մեր որդիներին ենք փոխանցում այդ հայրենասիրական ոգին` ոչ թե խոսքերով, ճառերով, այլ կոնկրետ գործերով: Այժմ մենք ուզում ենք որոշում կայացնել մեր երեխաներին Ջավախքում կրթության տալու, ուզում ենք, որ նրանք այնտեղի դպրոցում սովորեն և կապված լինեն Ջավախքի հետ` իրենց պապերի հողին, ջրին:

-Հարցազրույցներից մեկում Դուք տեսակետ եք հայտնել, որ Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է ոչ միայն վրաց-օսական պատերազմից հետո, այլ նաև հայ-թուրքական  արձանագրություններից հետո:  Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանի վերաբերմունքի փոփոխությունը:

-Բնականաբար, հայ-վրացական հարաբերությունները միշտ ունեցել են բարդություններ, որովհետև հարևան պետությունների միջև են միշտ լինում անհամաձայնություններ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հիմնվենք այդ անհամաձայնությունների վրա: Ընդհակառակը, տեսնելով այդ բարդույթները, խնդիրները` մենք աշխատում ենք տարբեր միջոցներով այդ հարցերը կարգավորել:

Վերաբերմունքի փոփոխությունը կապված էր հետևյալի հետ: Քանի որ Հայաստանն իր կոմունիկացիոն միջոցներով կապված է Վրաստանի հետ, վրացիները որոշակի դիրքից են հարաբերվում մեզ հետ: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Փոթիից Հայաստան տեղափոխվող ապրանքի  գներն անհամեմատ ավելի բարձր են, քան Ադրբեջան տեղափոխվող ապրանքներինը: Բնականաբար, Վրաստանը պետք է իր դիրքորոշումը փոխի այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա այլընտրանքային ճանապարհներ: Ես զգում եմ, որ կա լարվածության որոշակի թուլացում և որոշակի մտերմություն բիզնեսի, տնտեսական համագործակցությունների առումներով:

-Արամ Սանոսյանը նշեց, որ վրացական իշխանությունները լավ են վերաբերվում հայ բիզնեսմեններին և Ջավախքի ծաղկումն իրենց շահերից էլ է բխում: Դուք ինչպե՞ս եք կարծում:    

-Ճիշտն ասած, վրացական իշխանություններն որոշ առումներով հակահայկական քաղաքականություն են վարում զուտ այն  պատճառով, որ սերտ համագործակցության մեջ են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Վրաստանն ուզում է նրանց ցույց տալ, որ  հայերի հանդեպ նաև կոպիտ է, կոշտ, բայց, ընդհանուր առմամբ, երբ մենք վերլուծում ենք նախորդ տարիների իշխանությունների վարած քաղաքականությունը, նկատում ենք, որ հիմա ավելի բարյացակամ վերաբերմունք ունեն Ջավախքի նկատմամբ:

Հիմա ճանապարհները ավելի բարվոք վիճակում են, նոր ճանապարհներ են կառուցվում, օրինակ, մոտավորապես 160 կմ երկարությամբ  Բոգդանովկա-Թբիլիսի ճանապարհը, որը  նպաստելու է Ջավախքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, զարգացմանը:

-Ջավախքի հայաթափման խնդիրը, թերևս, ամենակարևորն է: Այսօր միտումը դեպի  ո՞ւր է տանում:    

-Ջավախքի հայաթափումը բավականին հին ու ցավալի խնդիր է: Մեր գործունեության հիմնական նպատակը դրա դեմ պայքարելն է: Նաև Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն, որպեսզի Ջավախքը չհայաթափվի: Սոցիալ-տնտեսական վատ վիճակը մարդկանց ստիպում է գնալ այլ երկրներում ապրել ավելի բարվոք պայմաններում: Նրանց մի մասը գալիս է Հայաստան, մի մասը մեկնում է Ռուսաստան: Բայց նրանցից շատերը նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել  Ջավախքում: Ամեն դեպքում, կապը Ջավախքի հետ պահում են:  

-Ազգապահպանության ամենակարևոր գործոններից մեկը մայրենի լեզուն է: Ջավախքում հայոց լեզվի, հայ գրականության տարածման  հարցում ինչպիսի՞ խոչընդոտների կարելի է հանդիպել, որո՞նք են դրանք և ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ:

-Մայրենի լեզվի հարցը բացարձակ խնդրահարույց չէ, քանի որ այնտեղ հայեր են ապրում, հաղորդակցվում են հայերենով, դպրոցներում ուսուցումը կատարվում է հայերեն լեզվով: Պարզապես վրացերենի դասաժամերի քանակն է ավելացել: Կարծում եմ` վրացերենի իմացությունը դրական ազդեցություն կունենա: Մարդն, ապրելով տվյալ պետությունում, պետք է կարողանա հաղորդակից լինել այդ պետության անցուդարձին, ինտեգրվել հասարակական-քաղաքական կյանք, ինչը հնարավոր չէ` առանց տվյալ երկրի լեզվի իմացության:

-Մինչև այդ, ինչպե՞ս են հաղորդակցվել:

-Հաղորդակցվել են ռուսերեն լեզվով, որոշ դեպքերում` հայերենով: Վրացիների մեջ կան դավանափոխ հայեր, ովքեր հաղորդակցվում են հայերեն լեզվով:

-Մտավախություն չունե՞ք, որ ինտեգրումը կարող է հանգեցնել ազգայինի կորստի:

-Ո՛չ, ես այդ առումով լավատես եմ: Վերջերս Վրաստանի նախագահ Սահակաշվիլին մեծ հպարտությամբ և հարգանքով էր խոսում 1918թ. դեպքերի մասին և մատնանշում էր, որ հայերն իրենց պաշտպանել են թուրքական բանակի հարձակումից: Այսօր նա երախտագիտություն է հայտնում, որ Ջավախքի բնակչությունը վրացիներին պաշտպանել է թուրքերից: Հիմա էլ այնտեղ ապրող  հայերի ուժեղ կեցվածքը պետք է որ չանհանգստացնի վրացական իշխանություններին:  Ընդհակառակը, նրանք ավելի պաշտպանված կզգան իրենց. այսօրվա նրանց իրականացրած քաղաքականությունը Ջավախքում դրա մասին է խոսում:

-Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես` Ջավախքի խնդրի հետ կապված:

-Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը շատ նորմալ եմ գնահատում: Հայաստանի դիրքորոշումը վրաց-օսական պատերազմի ժամանակ շատ ճիշտ էր, թեև տպագրվեցին իրականությունը խեղող հոդվածներ: Մենք մեր մասնակցությունը ցուցաբերեցինք հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին, մասնավորապես` երկաթգծի փլված կամրջի վերանորոգման աշխատքներին: Վարած ճիշտ քաղաքականության հետևանքով` բացվեց Լարսի անցակետը, որը մեր պետության համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Հայաստանից բեռնափոխադրումների գները մոտավորապես 30 տոկոսով նվազեցին:

-Վրաստանի` Ջավախքի կարգավիճակի և ջավախքահայերի  նկատմամբ վերաբերմունքը, իրականացրած քաղաքականությունը ապագա ի՞նչ հեռանկար է խոստանում Ջավախքին:

-Ես կանխատեսում եմ, որ մի քանի տարի հետո Ջավախքը դառնալու է տարածաշրջանային կենտրոն. այսօրվա հարավ-կովկասյան կոմունիկացիոն ծրագրերը տանում են դրան. Մեղրիից Բաթումի տանող ճանապարհը պետք է անցնի Ջավախքով, Թբիլիսիից Թուրքիա տանող ճանապարհը պետք է անցնի Ջավախքով: Այդ խաչմերուկում Ջավախքը պետք է որ զարգանա:

-Ջավախքի բնակչության ցանկությունը ո՞րն է` անկախ ապրել, ապրել Վրաստանի կազմում, բայց լավ պայմաններում կամ…

-Անկախ ապրելու ցանկություն բոլորն էլ ունեն, բոլոր պետություններում էլ ազգային փոքրամասնությունները կուզենան անկախ ապրել: Այսօր վրացական իշխանությունները ձգտում են, որ Ջավախքում ծայրահեղ իրավիճակներ չստեղծվեն, մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մենք ծրագրեր ունենք, որոնք ուղղված են Հայաստանում տուրիզմի զարգացմանը խթանելուն: Մենք նախաձեռնել ենք փայտե տների կառուցում հանգստի տարբեր գոտիներում: Փայտե տներն ունեն բազմաթիվ առավելություններ` ավելի էժան են, հարմարավետ, նպատակահարմար, հիգենիկ և առողջության համար ավելի լավ: Դրանք նորույթ են Հայաստանում: 

-Պարո՛ն Սանոսյան, ինչպե՞ս եք սիրում հանգստանալ, և Ձեր հանգստի մեջ ի՞նչ դեր ունի ընտանիքը:

-Իմ ամենասիրելի զբաղմունքը ընտանիքիս, երեխաներիս հետ ժամանակ անցկացնելն է: Փորձում եմ անպայման ժամանակ գտնել նրանց հետ լինելու համար: Չորս երեխա ունեմ` երեք տղա, մեկ աղջիկ:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Իմ կարգախոսն է` մարդը պետք է ազնիվ լինի: Ազնիվ լինել շատ դժվար է, հատկապես` քաղաքական գործչի համար:

-Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

-Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն ապրի խաղաղ, հանգիստ պայմաններում, լինի միասնական, որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին և ներքին  մարտահրավերներին: Մենք 12 մլն ենք ամբողջ աշխարհում և պետք է հանդես գանք միասնաբար: Միայն այդ դեպքում կհասնենք հաջողությունների ու կդիմակայենք բոլոր մարտահրավերներին:

Հարցազրույցը` Սուսաննա  Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...