06:32
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ես հենց խաղացող բառը կարդամ Ավետարանում, անմիջապես կլսեմ տղամարդկանց

2013-03-01 11:30

«Դե Ֆակտո» 22 (2008թ.)

Հարազրույց Նազենի Հովհաննիսյանի հետ

-Ինչպե՞ս է Նազենի Հովհաննիսյանը հասել այն ճանաչմանը, որն ունի այսօր:

-Իմ ճանաչում ձեռքբերելը սկսվեց այն պահից, երբ ես ընդհանրապես չէի ակնկալում դա և երբեք չեմ էլ ձգտել: Մանկուց բոլորս էլ երազում ենք հեռուստատեսային հաղորդումներ վարել, նկարահանվել ֆիլմերում` այդպիսի կյանքը համարելով գեղեցիկ. տարօրինակ հերոսուհիների կերպարները, կարծում եմ, վաղ հասակում բոլորին են հետաքրքրում: Այնուհետև, երբ գալիս է ԲՈՒՀ ընդունվելու ժամանակաշրջանը, երազանքները ետին պլան են մղվում, և դառնում ես ավելի իրատես: Ես որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ, որովհետև այստեղ կային ինձ հետաքրքրող բոլոր ասպարեզները` երաժշտություն, գեղանկարչություն, դերասանական արվեստ, ռեժիսուրա, գրականություն և մարդկանց հետ շփման հնարավորություն: Դերասանական ասպարեզում կա այսպիսի մի մտածողություն` հեռուստատեսությամբ հայտնի լինելը խանգարում է մարդու իրական արվեստին, խոչընդոտում է կերպարի ճիշտ ընկալմանը: Դրա մեջ, կարծում եմ, որ կա ճշմարտություն: Հեռուստատեսությունը դերասանական ամբողջովին այլ դպրոց է: Այն բնականությունը, կյանքին մոտ լինելը, ռեալիզմը, որն այդքան քարոզվում է, ընդամենը տեսություն են, գործնականորեն այն հասանելի է հեռուստատեսության շնորհիվ: Բեմում ես չեմ կեղծում, չեմ փակվում, անկախ մեզանից բեմի միջոցով դառնում ենք բազմաուշադիր անձնավորություն: Իսկ թե որքանով եմ հայտնի հանրությանը, դա արդեն այլ խնդիր է, որովհետև Երևանը փոքր քաղաք է, և մի քանի օրում անգամ ինչ որ մեկը կարող է հայտնի ու ճանաչելի դառնալ: Կարևոր է, թե հայտնի լինելը մարդուն որքանով է կյանքում օգնում կամ խանգարում:

-Կնոջ կերպարն ինչպիսի՞ն պետք է լինի:

-Կինը, ինչպես նաև տղամարդը ունեն մեկ կարևոր հատկանիշ` միտք: Ցանկացած կին հասարակության լիիրավ անդամ զգալու համար պետք է ունենա միտք, բովանդակություն: Թեհրանցի լավ ընկերներ ունեմ, որոնք ասում են` մարդը պետք է մշակույթով լինի: Ես չեմ սիրում կնոջ այն տեսակը, որն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքը խելացի է. դա վանում է, որովհետև խելացի լինելը բնական և սովորական երևույթ է. մարդը պետք է լինի խելացի: Եթե մարդը խելացի է, ապա իր խելացի լինելը ապացուցելու կարիք չունի: Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ ընդունեն առաջին հերթին իմ կանացիության համար, հետո իմ մարդկային տեսակը և այնուհետև որոշեն` ես խելացի եմ, թե ոչ: Բայց հետագայում մարդկանց կարծիքը պետք է ձևավորվի նախ և առաջ իմ ներքին հատկանիշների հիման վրա:

-Կին լինելը դժվա՞ր է:   

-Կին լինելը դժվար է այնքանով, որ կինը միշտ ստիպված է հոգ տանել իր ներսում ապրող բազում կանանց: Կինը պետք է բավարարի իր սեփական էգոները, կարողանա բավարարել իր տղամարդու, երեխաների, ծնողների ու իր տղամարդու ծնողների էգոները: Այդ շրջանակը չափազանց մեծ է, և եթե կինը նաև զբաղված է այլ ասպարեզներում, հատկապես քաղաքականության մեջ, ապա իր` կին լինելը չափազանց դժվար է, որովհետև քաղաքականության մեջ կինը պետք է նաև ստիպի իրեն շրջապատող տղամարդկանց լսել  իրեն, քանի որ բացի կին լինելուց ինքը մարդ  է և մասնագիտությամբ` քաղաքական գործիչ: Այո°, կինը պետք է գրավիչ լինի, բայց դժվար է ապացուցել, որ ինքը նաև մասնագետ է, և իր հետ տղամարդիկ պետք է խոսեն ինչպես հավասարը հավասարի հետ: Կինը և տղամարդը ունեն հատման եզրեր, հատվում են, երբ խոսքը մասնագիտությանն է վերաբերում: Աշխատանքում ես կանանց կարող եմ ավելի պատասխանատու գործեր վստահել, քան տղամարդկանց, որովհետև այն մանրակրկիտությունը, ուշադրությունը, տակտը, որն ունի կինը, եթե, իհարկե, չարացած չէ աշխարհի հանդեպ, ապահովում են ցանկացած աշխատանքի հաջողված լինելը:

-Ինչպիսի՞ն է կնոջ դերը հասարակությունում:

-Այսօր կանայք ավելի քիչ են ձգտում ժամանցի, քան տղամարդիկ: Դա պայմանավորված է կնոջ դերը հասարակությունում և ընտանիքում թերագնահատելու հետ: Կանայք ավելի շատ ձգտում են ինչ-որ բան անել, քան` իրագործում են: Այդ ձգտումները լինում են լոկ երազանքների տեսքով: Տղամարդիկ շատ հաճախ վախենում են ակտիվ կանանցից: Բայց պետք չէ վախենալ այդօրինակ կանանցից, պետք է նրանց ասպարեզ տալ այդ էներգիան սպառելու համար: Ցանկացած կին լավ հասարակական, քաղաքական գործիչ է դառնում, հենց իր մայրության, հոգատարության սկզբունքից ելնելով: Կինն անսպառ էներգիա ունի, որը ոչ մի կերպ չի կարող սպառվել տան չորս պատերի մեջ: Բայց կան աղջիկներ, որոնց գլխավոր նպատակը պարզապես շահավետ ամուսնությունն է: Պարտադիր չէ, որ ամուսինը լինի հարուստ, բայց նա պետք է լինի ընտանիքի տղամարդ ու խաղաղ կյանք ապահովի: Մեր հասարակությունում շատ են այդպիսի կանայք, որովհետև մի ժամանակ նորաձև էր կնոջ այդ մոդելը: Հետո ավելի նորաձև դարձավ ակտիվ կնոջ մոդելը, այնուհետև, ցավոք, առաջ եկավ օլիգարխի սիրուհի լինելու կարգավիճակը:

-Իսկ ընտանիքո՞ւմ:

Կնոջ աշխատանքն անշնորհակալ աշխատանք է, որովհետև այն դիտվում է որպես մունաթով պարտականություն: Այո°, կինը պարտավոր է հոգ տանել իր հարազատների մասին, բայց տղամարդը պարտավոր է կնոջը մեծարել ու գնահատել վերջինիս կատարած աշխատանքը: Սակայն կնոջ` թերագնահատված լինելու համար մեղավոր են հենց կանայք, մայրերը, որոնք ծնում և դաստիարակում են իրենց զավակներին այն սկզբունքով, որ տղաներին կարելի է գրեթե ամեն ինչ, իսկ աղջիկներին` ոչ: Կինը պետք է լինի հնազանդ, բայց ուժեղ տղամարդուն, ոչ թե ուժեղ խաղացող տղամարդուն: Ես հենց այդ խաղացող բառը կարդամ Ավետարանում, անմիջապես կլսեմ տղամարդկանց: Այն մարդը, որն ուժեղ է, չի վիճում, չի կռվում. նա շատ հանգիստ է: Հայ կինը պետք է իր մտածողությունից հանի հանուն երեխաների իրեն զոհելու պարտավորությունը, որովետև ի վերջո երեխային դա պետք չէ, նրանք երջանիկ չեն լինում` ապրելով մի ընտանիքում, որտեղ ծնողները միմյանց չեն սիրում, և միասին են ապրում լոկ հանուն իրենց: Արդյունքում բոլորը դժբախտ են լինում: Բայց շատ քիչ հայ տղամարդիկ են ունակ իրենց զոհել: Խտրականությունը կնոջ և տղամարդու երևում է անգամ, երբ միջին ֆինանսական հնարավորություն ունեցող ընտանիքներում տղամարդն իրեն թույլ է տալիս տնօրինել ընտանեկան բյուջեն այնպես, ինչպես հարմար է գտնում, բայց կինը, ով համարվում է կոկետ, կարող է հնոտիներով ման գալ: Անգամ երբ կինը գնում է իրեն որևէ իր գնելու, շատ հաճախ այդ գումարը ծախսում է երեխաների կամ տան համար իրեր գնելու վրա: Բայց կինը տղամարդուն գայթակղելու կարիք ունի յուրաքանչյուր օր և ժամ: Վերջերս ինձ շատ ուրախացնում է այն իրողությունը, որ մեր սերունդը այդ խնդիրն ինչ որ չափով հաղթահարել է:

-Ինչպե՞ս է հայ կինը հասարակության մեջ ճանաչում ձեռք բերում: Ի՞նչ ճանապարհներով են կանայք մտնում հայկական շոու բիզնես:

-Ես կարող եմ նշել մի քանի ճանապարհ, որ հայտնի են բոլորին. առաջին`  շոու բիզնես մտնելու համար պետք է որևէ ազդեցիկ մարդու հետ սեռական կապեր ունենալ: Եթե նպատակը միայն ճանաչում ձեռք բերելն է, ապա այս ճանապարհն ամենահեշտն է: Կան միջին տվյալներ ունեցող մարդիկ, ովքեր նկարահանում են տեսահոլովակներ և այդպիսով ճանաչում են ձեռք բերում. դա երկրորդ ճանապարհն է: Այսօր հաղորդումներ կան, երբ SMS հաղորդագրություններ ուղարկելով` շատերը կարող են ճանաչում ձեռք բերել. սա նույնպես ճանապարհ է: Հաջողության կարելի է հասնել նաև համբերության շնորհիվ, որի դեպքում նպատակը աշխատելն է ոչ թե ճանաչում ձեռք բերելու համար, այլ որովհետև հաճելի է հենց աշխատելու գործընթացը, և աշխատանքը համարում ես քո կոչումն ու կյանքն առանց այդ աշխատանքի չես կարող պատկերացնել:

-Ո՞րն է կնոջ հաջողության գրավականը:

-Միտքը տրվում է մարդուն ի վերուստ, բայց եթե այդ միտքը չաշխատեցնես, այն կդառնա մի այնպիսի իր, որը կարող ես և չունենալ: Եթե միտքն անընդմեջ աշխատեցնում ես, այն կարող է դառնալ հղկված ադամանդ, որը և կդառնա հաջողության գրավականը: Վերջերս հատկապես նորաձև է դարձել դերասան դառնալու գաղափարը: Դա ինձ վիրավորում է մասնագիտորեն, որովհետև դերասան դառնալու համար երկար և դժվար ճանապարհ է պետք անցնել: Գուցե դերասան դառնալը շատերին է հասանելի, բայց այն հեշտ չէ. բեմ դուրս գալով` դու կարող ես ազդել մարդկանց էներգետիկայի, զգացողությունների վրա, ոչ պրոֆեսիոնալները կարող են վնասել իրենց հանդիսատեսին: Արվեստը ևս բուժման գործընթաց է: Այն պետք է մարդուն հանգստություն բերի: Կեղծ արվեստը ժամանակավոր քամի է, որը կգա ու կգնա: Մենք ունենք հրաշալի մեծ սերունդ, որոնցից շատ բան ունենք սովորելու: Այդ դասերը ոչ մի ուսումնական հաստատությունում չենք կարող սովորել, ոչ մի դասագրքում չենք հանդիպի: Պետք չէ հայտնագործել այն, ինչ վաղուց հայտնագործվել է, պետք է ընդամենը սովորել նրանցից:

-Ձեզ համար ո՞վ կամ ինչպիսի՞ կինը կարող է իդեալական կնոջ կերպար հանդիսանալ:

Շատ են այդպիսի կանայք, օրինակ` ես հիանում եմ Սոֆի Լորենով, որովհետև նա չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն: Սոֆի Լորենը կին է իր ողջ էությամբ բոլոր պետությունների ու բոլոր ժամանակների համար: Շատերին կարող են դուր չգալ նրա կոնքերը կամ կնճռոտված դեմքը, բայց միևնույն է` բոլորն ընկալում և ընդունում են նրան որպես կնոջ կերպար: Շոու բիզնեսում հայտնի շատ կանայք դառնում են քաղաքական գործիչներ: Այդ կանայք իրենց ձեռք բերած անունն օգտագործում են արդեն քաղաքականության մեջ: Ես հիանում եմ Մոնիկա Բելուչիով, որովհետև նա միակն է իր տեսակով ու տաղանդով: Շատ անուններ կարող եմ թվարկել, որոնք ինձ հիացնում են իրենց կանացիությամբ, ներքին ուժով ու տաղանդով. նրանք բոլորը եզակի են: Ամենակարևորն այն է, որ տղամարդը պետք է սիրի և ընկալի իր կողքին գտնվող կնոջ եզակի լինելը ու վերաբերվի նրան ինչպես միակի:

Հասմիկ Մարտիրոսյան                      



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...