09:09
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-ԸՆՏԱՆԻՔՆ Է ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ

2013-03-01 11:23

«Դե Ֆակտո» 22 (2008թ.)

Հարցազրույց ՙԻմ մեծ չաղ հայկական հարսանիքը՚ հաղորդման հեղինակ, վարող Դիանա Գրիգորյանի հետ

-Ինչպե՞ս ծնվեց ՙԻմ մեծ չաղ հայկական հարսանիքը՚:

-Գաղափարը շատ հանկարծակի ծնվեց, ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչը խթանեց դրան: Ես այդ ժամանակ վարում էի իմ հեղինակային ՙԲումերանգ՚ հաղորդաշարը: Միաժամանակ մտածում էի մի հայկական հաղորդաշար ստեղծել, որտեղ հայ-կա-կանությունն առավել ընգծված լինի, որ մարդիկ այդ հաղորդաշարում հենց իրենց տեսնեն: Այդպես որոշեցի, որ հենց այս հաղորդումը պետք է լինի: Սա կյանք է, ընտանիք, ամուսնություն: Ես բազմիցս ասել եմ` ընտանիքն է կյանքի շարժիչ ուժը: Իսկ ցուցադրել, թե ինչպես են երիտասարդները ծանոթանում, ինչ խոչընդոտներ են հաղթահարում, վերջապես` հասնում  իրար ու ամուսնանում, այնքան ոգևորիչ է այն երիտասարդների համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, բայց ինչ-ինչ խնդիրներ ունեն: Յուրաքանչյուր երիտասարդ, որն այդ ճանապարհին է և ինչ-ինչ խնդիրներ ունի, հաղորդման ընթացքում, հանդիպելով իրեն անհանգստացնող խնդիրներին, փորձում է իր համար յուրօրինակ լուծումներ գտնել: Այսպես էլ առաջացավ գաղափարը` ստեղծել հաղորդում, որը կլինի միակը իր ֆորմատի մեջ: Նախագիծը ներկայացրեցի ղեկավարությանը, իսկ նախագահն ընտրեց հաղորդման անվանումը: Ես այլ խորագրեր էի մտածել` ՙՀարսանեկան իրարանցում՚, որին ես ավելի հակված էի, բայց մեր նախագահն ընտրեց ՙԻմ մեծ չաղ հայկական հարսանիքը՚ անվանումը և նշեց, որ սա մարդկանց մեջ առավել վառ կտպավորվի: 

-Իսկ  մեծ, չաղ  ածականները խորհրդանշական ի՞նչ իմաստ ունեն:

-Մարդկանց թվում է, թե չաղ և մեծ բառերը մենք կապել ենք սեղանի առատության, ճոխության հետ: Շատերը, որ պարզ մտածելակերպ ունեն, զանգահարում և ասում են` գիտե՞ք մեր հարսանիքը այդքան էլ ճոխ չէ, մենք չե՞նք կարող Ձեզ դիմել: Նման միտում մենք չունենք: Նույնիսկ հումոր են անում` մեր փոքր, նիհար հարսանիքը: Չաղը կապվում է մեր էության հետ: Հայկական հարսանիքը չենք կարող համեմատել, օրինակ, անգլիական հարսանիքի հետ: Այնտեղ արարողակարգը, ավանդույթներն ավելի դասական են, զուսպ: Իհարկե, ես չեմ ուզում ասել, թե մենք համեստ չենք, ուղղակի մենք մեր ուրախությունն այլ կերպ ենք արտահայտում: Օրինակ,  անկեղծ ասած,  չեմ հավատում այն երիտասարդներին, ովքեր ծաղրով են վերաբերում  մեր տաշիներին, քանի որ մենք հայ ենք և  յուրաքանչյուր մարդ,  ինչ դիրք էլ որ ունենա, ինչ կարողության տեր էլ լինի, երբ ամուսնացնում է դստերը կամ որդուն, միևնույնն է, տաշիները կան և նա այդպես է արտահայտում իր անսահման ուրախությունը: Դրա համար մենք չաղ ենք: Հաղորդման վարկանիշը երևում է նաև մարդկանց հումորների մեջ: Մեր հաղորդաշարը հենց առաջին եթերից ունեցավ իր հեռուստադիտողը և գնալով այդ բանակը ավելի մեծացավ: Մենք նախկինում հաղորդումը  եթեր էինք տալիս 18-20 րոպե` մտածելով, որ երկար չեն նայի, բայց հետևելով հաղորդման արձագանքներին` հասկացանք, որ 30-40 րոպե էլ ցուցադրենք, միևնույնն է, իրենք հետաքրքրությամբ նայելու են:

 -Որոշակի ժամանակահատված հաղորդաշարն ընդհատվել էր, ինչպե՞ս որոշեցիք վերսկսել այն:

-Ֆիլմը նկարահանելու հետ կապված հաղորդաշարը ընդհատվեց, բայց քանի որ հեռուստադիտողի պահանջը մեծ էր, որոշեցինք վերսկսել: Անկեղծ ասած` ես վախենում էի ֆիլմի հետ համատեղ չկարողանանք հասցնել, քանի որ ես շատ պահանջկոտ եմ և աշխատանքը պետք է կամ լավ անեմ կամ չանեմ: Բայց հետո հասկացա, որ եթե կենտրոնացնենք մեր ուժերն ու ժամանակը, երկուսն էլ կհասցնենք: Այդպես էլ վերսկսեցինք: Մենք մեզ լավ ենք զգում, որ սա այն հաղորդաշարն է, որն անշահախնդիր աջակցում է մեր մասնակիցներին: Նախկինում մենք լիմուզինը, հարսանյաց զգեստը, գեղեցկության սրահի հետ կապված բոլոր խնդիրներն էինք լուծում, իսկ այժմ ավելի ենք ընդլայնել նվերների ցանկը` հեռուստացույց և լվացքի մեքենա, սառնարան ենք նվիրում, նախատեսում ենք նաև յուրաքանչյուր մասնակցի Ծաղկաձորի ՙԿեչառիս՚ հյուրանոցում հանգստի, վայելքի երեք օր նվիրել: Շատ զույգերի չի հաջողվում այդ հանգիստն ունենալ:

-Անձնապես Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը: 

-Նշեցի, որ իմ աշխատանքին շատ խիստ եմ մոտենում, շատ եմ սիրում  իմ աշխատանքը և այն հաղորդաշարերը, որոնք ինքս ստեղծում եմ,  շատ սրտացավ եմ յուրաքանչյուր մանրուքի հանդեպ: Եթե իմ առաջին աշխարհն իմ ընտանիքն է, ապա սա իմ երկրորդ աշխարհն է:

-Դուք լիովին կարողանո՞ւմ եք արտահայտվել այդ աշխարհում:

-Անպայման: Իմ օրվա մեծ մասն անցնում է այստեղ: Ես, առանց իմ խմբի, օրս չեմ պատկերացնում: Նույնիսկ եթե հիվանդ եմ, միևնույնն է, գալիս եմ աշխատանքի:

-Ովքե՞ր են Ձեր խմբի անդամները և ինչպե՞ս եք աշխատում իրար հետ:

-Խումբը ութ անձից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրն իր գործի գիտակն է: 

Մենք ծանոթանում ենք մասնակիցների սիրո պատմությանը, որի հիման վրա գրվում է սցենար: Երբեմն սիրո պատմությունը այնքան էլ հարուստ ու հետաքրքիր չի լինում, մենք փորձում ենք այն գունավորել, գեղեցկացնել: ֆիլմի սցենարի նման բոլոր գործողությունները, տեսարանները մանրամասնորեն գրվում են: Մեր նկարահանող խումբը սցենարի համաձայն նկարահանումներ է կատարում, որից հետո էլ  արդեն ընթանում են մոնտաժման աշխատանքները: Այսպես` երկկողմանի համաձայնությամբ և աջակցությամբ ստեղծվում է հաղորդաշարը:

-Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ եք նկատել, որ Ձեզ հետաքրքրել ու զարմացրել է:

-Ավանդույթները հիմնականում նույնն են: Իհարկե, լինում են նաև հետաքրքիր մտահղացումներ: Եղել է մի հետաքրքիր դեպք, որը մենք չցուցադրեցինք, քանի որ արյան կադրեր կային: Տեսարանը հետևյալն էր` միսմորթ էր, որի ժամանակ կողպեքը արյան մեջ գցեցին ու արյունով շաղախեցին այն: Բացատրեցին, որ դա առատություն է խորհրդանշում: Մենք ընդհանրապես արյան կադրեր չենք ցուցադրում, սովորական միսմորթն էլ անգամ չենք ցուցադրում: Մի անգամ ցուցադրեցինք և տեսանք, որ դա եթերի համար չի նախատեսված:

Եվս մեկ դեպք կարող եմ պատմել կապված երեխայի տոտիկի հետ, որից մեկը կապույտ էր, մյուսը`  կարմիր: Հարսանյաց հանդեսի մասնակիցներին ասացին, որ պետք է տոտիկներից մեկի մեջ գումար գցեն: Որ տոտիկի մեջ գումարը շատ լինի, առաջնեկը այդ սեռին է պատկանելու: Վարդագույնի մեջ ավելի շատ գումար եղավ: Դե, հայերը միշտ առավել ցանկանում են, որ առաջնեկն  արու զավակ լինի: Փեսան բնիկ ամերիկացի էր և մեզ թվաց` թեթև կտանի, որ առաջնեկն աղջիկ է լինելու, բայց ինքը լավ տխրել էր:Նա  տխրամած ասաց` ուրեմն առաջնեկը աղջի՞կ է լինելու:

Մի հետաքրքիր բան էլ ենք նկատել: Սկեսուր-մայրիկը լավաշը կտուրը գցեց: Մենք չհասկացանք, թե այդ լավաշը, որ դնում են ուսին, ինչու վերցրեց և կտուրը գցեց: Իրենց բացատրությամբ` դա իրենց ուրախության արտահայտությունն է առ Աստված:

-Իսկ որևէ աղբյուրից Դուք օգտվո՞ւմ եք ավանդույթների խորհուրդը բացատրելիս:   

-Երբ նման դեպքեր լինում են, և մենք չենք իմանում բացատրությունը, զանգահարում ենք ազգագրագետներին, իրենք չեն կարողանում հստակ պատասխանել: Ասում են` դուք պետք է հարցնեք տվյալ գյուղի մեծերին: Մենք էլ այլևս նրանց չենք դիմում: Ես շատ պահանջկոտ եմ և իմ շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք պետք է ճիշտ լինի, որ որևէ մեկը չկասկածի կամ իրեն  իրավունք չվերապահի զանգի, ասի` Դուք սխալ խոսք ասացիք: Դրա համար մենք նշում ենք, որ դա մասնակիցների բացատրությունն է:

-Ո՞ր ավանդույթն է, որ Ձեր կարծիքով  սիրված լինելու տեսանկյունից իրեն սպառել է և խիստ ձևական բնույթ է կրում:

-Երևի այն, որ հագցնում են հարսին: Հարսին հագցնելիս պարտադիր պետք է մի կին լինի, որ գոնե ձայն ունենա ու երգի, իսկ որ չի լինում, ես այդտեղ զգում եմ այդ ձևականությունը: Իհարկե, երբ լավ ձայն է ունենում, հաճելի է լսել, իսկ հարսանեկան քողը  պտտեցնելը, մնացած արարողությունները շատ գեղեցիկ են և իմաստ են բովանդակում: Նաև շաբաշի պահը ինձ այնքան էլ դուր չի գալիս: Նաև այն, որ զարդերը նվիրում են պիտակներով և հայտարարում, թե ով, ինչ մատանի է նվիրել, քանի քար կա վրան, որ չլինի թե հանկարծ նվերները շփոթեն: Արդյունքում`  խեղճ հարսը  պիտակախառը շաբաշն էլ ձեռքին պիտի պարի: 

 -Կա՞ մի ավանդույթ, որ Դուք ինքներդ շատ եք սիրում:

-Երևի եկեղեցու արարողությունը, որն ամենախորհրդավորն ու  ամենասուրբն է: Օրհնությունը, տեր եմ, հնազանդ եմ  խոստումները եկեղեցու պատերի ներքո բոլորովին այլ և խորը իմաստ են հաղորդում միությանը: Շատերը եկեղեցի չեն գնում, միայն քաղաքացիական ամուսնությունն են գրանցում, իհարկե,  դա էլ իր կարևորությունն ունի, բայց մենք քրիստոնյա ենք և պետք է պարտադիր եկեղեցի գնանք ու Աստծո օրհնությունը ստանանք:

-Հարսանիքի հետ կապված ո՞ր ավանդույթն է, որ առավել սիրված է ժողովրդի կողմից: 

-Ես գիտեմ, որ շատ սիրված է նվերների հանձնման արարողությունը, օժիտի պահը: Շատ հաճախ, որ գնում եմ գեղեցկության սրահ, լսում եմ խոսակցությունները` տեսա՞ր ինչքան նվեր ստացավ, այդ ի¯նչ բարեկամություն ունեն: Դա ենք մենք: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բավական ունևոր են, էլի ուշադրություն են դարձնում, թող չասեն, թե այդպես չէ, դա մեր արյան մեջ է:

-Սցենարը կազմելիս հաշվի առնո՞ւմ եք այդ առանձնահատկությունները:

-Պարտադիր, քանի որ գիտենք, թե հեռուստադիտողն ինչ է սիրում: Եթե ինձնով լինի, ինձ չի հետաքրքրում այդ նվերների պահը, ինձ համար կարևորը ուրախությունն է, որ մարդիկ լիաթոք ուրախանան: Նույնիսկ իմ հարսանյաց արարողության ժամանակ, երբ ինձ հարցնում էին, թե այս կամ այն նվերն ում կողմից է, ես այդ պահին շփոթմունքի մեջ ընկա,  քանի որ ուշադիր չէի եղել:

-Իսկ մարդիկ կարողանո՞ւմ են տեսախցիկի ներկայությամբ ազատ ու անկաշկանդ ուրախանալ: Չէ՞ որ ամեն դեպքում գիտեն, որ կարող են հայտնվել ՙԱրմենիա՚ հեռուսատեսության եթերում: 

-Ես շատ գոհ եմ մեր բոլոր մասնակիցներից: Մենք նույնիսկ նրանցից մեկին ընդգրկելու ենք ՙՃակատագրի գերիները՚ սերիալում, նա պոտենցյալ դերասան է: Հիմա մտածում ենք` բա որ սխա՞լ հասկանան: Շատերը մտածում են, որ այս ամենը շինծու է, զագահարում են հարցնում այդ մասին: Ճիշտ է` Արմենիա հեռուստաընկերությունը հարուստ է, բայց որ ամեն շաբաթ հարսանի՞ք անենք…: Մի առիթով ինձ Արտեմ Սարգսյանն ասաց` դու հայ ազգին վերջը դերասան ես դարձնելու: Իհարկե, պետք է նշեմ, որ հարսանիք նկարահանելը բավական բարդ աշխատանք է օպերատորի համար, քանի որ  նկարահանելիս օպերատորը շատ խնդիրների է հանդիպում, դժվար է այդ պայմաններում միշտ որակյալ ու հետաքրքիր կադրեր ստանալ: Սա այն դեպքն է, երբ մենք ենք հարմարվում նրանց: Իսկ սիրո պատմությունը նկարելիս մեծ հնարավորություններ կան գեղեցիկ ու առավել հետաքրքիր աշխատելու համար:  Իհարկե, դա գալիս է նաև իմ խմբից, քանի որ նրանք հոգեբանական աշխատանք են տանում մասնակիցների հետ և տրամադրում նկարահանմանը:

-Ի՞նչ բառապաշար եք օգտագործում:

-Նախկինում մենք սցենարում մասնակիցների խոսքերը  չէինք գրում, թողնում էինք, որ խոսեն այնպես, ինչպես կարող են: Բայց երբ տեսախցիկը տեսնում են, դժվարանում են խոսել: Այդ պատճառով մենք, նախապես տեղեկանալով նրանց սիրո պատմությանը, հատուկ, մանրակրկիտ սցենար ենք գրում: Աշխատում ենք ժարգոնից զերծ մնալ, բայց նաև խիստ գրական լեզուն չենք օգտագործում, որ կադրի կենդանությունը պահպանենք: Մարդիկ առօրյա խոսակցության ընթացքում օգտագործում են այն բառապաշարը, որն իրենց հարազատ է: Նույնիսկ լեզվաբանները տանը խիստ գրական լեզվով չեն խոսում:

Առօրյա խոսակցական լեզուն այս դեպքում գերադասելի է: Իսկ իմ խոսքն արդեն խիստ հայեցի է:

-Ո՞րն է այն սիրո պատմությունը, որ Ձեզ առավել հուզել է:

-Երևի մանկատան երեխաների ամուսնությունները: Եթե ասում ենք մանկատուն, հուզմունքը թաքցնել հնարավոր չէ: Նրանց աչքերում այնպիսի խորություն ու թախիծ կա, որ նույնիսկ երբ նրանք ծիծաղում և ուրախանում են, միևնույնն է, այդ թախիծը չի քողարկվում, կյանքի անարդարության դրոշմը նրանց աչքերում է: Նրանց նայելիս ակամա հուզվում ես:

 

                              Հարցազրույցը` Ս. Թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...