10:55
12/08/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բոլոր հաղթանակներն էլ ինձ համար նշանավոր են

2013-02-28 11:20

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

-Արթու՛ր, Ձեր վերջին հաղթանակը ինչպե՞ս  կգնահատեք, պայքարը  դաժա՞ն էր:

-Իմ  հակառակորդը անգլիացի  Վեյն Հելքոքն էր, որը մասնակցել էր քսան մենամարտերի, 18 հաղթանակ, 2 պարտություն, Անգլիայի չեմպիոն էր, աշխարհի բազմակի չեմպիոն, շատ վտանգավոր մրցակից: Նրա հարվածները շատ ծանր էին: Ես, իհարկե, մինչ նրա հետ մրցելը, նայել էի նրա մենամարտերը, վերլուծել էի նրա մարտաոճը: Դե, բնականաբար, ինքն էլ ինձ էր ուսումնասիրել: Բայց ռինգում ով ավելի արագ է մտածում, նա էլ հաղթում է: Նրա մասին կարող եմ ասել, որ շատ լավ, համեստ մարդ էր: Ես դա զգացի նրա տված մամուլի ասուլիսներից, որոնց հետևելիս նկատելի էր նրա համեստ էությունը: Նա հայտարարեց, որ հարգում է ինձ, որպես աշխարհի չեմպիոնի, և որ, իհարկե,  ամեն ինչ կանի ինձ հաղթելու համար:

-Ձեզ համար ինչպե՞ս նշանավորվեց այս հաղթանակը:

-Բոլոր հաղթանակներն էլ ինձ համար նշանավոր են: Կարևորը ես պաշտպանեցի իմ տիտղոսը: Դեկտեմբերի 10-ին լրացավ երկրորդ  տարին, ինչ ես աշխարհի չեմպիոն եմ: Այդ առիթով մեծ քեֆ արեցինք, ուրախացանք: Այս երկու տարիների ընթացքում  հասկացա, որ ձեռքբերումը պահպանելն ավելի դժվար է, քան դրան հասնելը:

-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ օգնում պահպանել Ձեր կայուն դիրքերը բռնցքամարտում:

-Առաջին հերթին օգնում է իմ մարզիչը, օգնում են ծնողներս, հարազատներս, օգնում է ամբողջ ազգը, որովհետև երբ զգում ես, որ քեզ սիրում են, հարգում, ակամա մեծ էներգիայով և ուժով ես լցվում: Այնտեղ ինձ են այցելում իմ երկրպագուները, որ գալիս են Հայաստանից, օրինակ, Յունիբանկի նախագահ Վարդան Աթայանը, մեր դատախազը` Աղվան Հովսեփյանը,  Հարութ Ղարագյոզյանը, շատերն են գալիս: Ինձ համար դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է:

-Ամանորը ինչպիսի՞ տոն է Ձեզ համար: Որտե՞ղ եք նշում Նոր տարին:

-Չորս տարի  էր չէի կարողանում Հայաստանում նշել Նոր տարին: Մենամարտեր էի ունենում, պարապմունքները թույլ չէին տալիս, որ գամ: Այս տարի հաջողվեց տասնհինգ-քսան օրով գալ Հայաստան ու այստեղ նշել Նոր տարին: Ամանորը դիմավորեցի ընտանիքիս, հարազատներիս հետ: Երեխաների համար Ձմեռ պապ և Ձյունանուշ էինք հրավիրել, նրանք եկան, ուրախացրին բոլորիս: Ձմեռ պապը յուրաքանչյուրիս նվերը հանձնեց միայն մի պայմանով` բոլորս պետք է արտասանեինք, թե չէ նվեր չէր տալու:

-Դո՞ւք էլ եք արտասանել, եթե այո, ապա ի՞նչ:

-Բա ոնց` Юри Гагарин хороший парень, пет молоко, летит далеко.

-Ձմեռ պապի հեքիաթին հավատո՞ւմ եք:

-Ոչ թե հավատում եմ, այլ դա հաճելի հեքիաթ է, որ  մեզ մանկությունից ուղեկցում է:  Ու հաճելի է արդեն մեծ տարիքում երեխաներին ուրախացնել ու նրանց հետ միասին վայելել հեքիաթը: Ես, իրոք, վայելում էի այդ պահերը: Փողը, ճոխությունները չէ, որ մարդուն նման պահեր են պարգևում, մարդը վայելում է այն պահերը, որ անցկացնում է իր հարազատների հետ: Ես միշտ կազմակերպում եմ նման միջոցառումներ և  բոլորի հետ ուրախանում: 

-Ինչո՞վ  է տարբերվում Գերմանիայի Նոր տարին հայաստանյանից: 

-Բոլորովին տարբեր է այնտեղի Նոր տարին: Հազարավոր մարդիկ հավաքվում են մի տեղ ու միասին նշում այն: Գերմանացիները մեկ օր են նշում, բայց շատ բուռն:

Մեր  Նոր տարին յուրահատուկ է: Աշխարհում ոչ մի տեղ Նոր տարին մեր նման չեն նշում: Ինձ հատկապես դուր է գալիս այն սովորույթը, որ մարդիկ իրար տուն են գնում` միմյանց նկատմամբ հարգանք  ցուցաբերելով: Սա եվրոպացիաների համար զարմանալի երևույթ է:

-Նոր տարի է, առատ սեղաներ, ի՞նչ եք նախընտրում ուտել:

- Լավաշ, լոռի պանիր, պոմիդոր, համեմ ու սոխ: Դիետա չեմ պահում այստեղ, պարզապես իմ սիրած ուտելիքներն են  դրանք:

-Մեր ամսագրին տված նախորդ հարցազրույցում Դուք պատմեցիք Ձեր մասին նկարահանվող ֆիլմի աշխատանքներից, ինչպե՞ս  են դրանք ընթանում:

-Նկարահանումները ավարտվել են: Երևի թե այս տարվա մեջ կավարտվեն նաև  մոնտաժման աշխատանքները:

 -Ձեր եղբայր Ալեքսանդրը  նո՞ւյնպես այստեղ նշեց Ամանորը Ձեզ հետ միասին, ի՞նչ հաջողություններ նա ունի:

-Նա չեկավ Հայաստան, որովհետև մենամարտ ուներ, պետք է պարապեր: Ալեքսանդրն  ունի 19 մենամարտ, 18 հաղթանակ, 1 ոչ ոքի: Վարկանիշային մրցումների է մասնակցում, որ առաջին տասնյակի մեջ ընդգրկվի, նա 13-րդն է աշխարհում:

-Վերջերս  Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում հնարավորություն ունեցաք հաղորդակցվել Ձեր երկրպագուների հետ: Ո՞ւմ նախաձեռնությունն էր դա: Ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար նման շփումները:  

-Դա Արմենիա  հեռուստաընկերության նախաձեռնությունն էր, որը անչափ ուրախացրեց ինձ: Պետք է ասեմ, որ շատ լավ էին կազմակերպել, հաջող ստացվեց: Ինձ հաճախ են պատահաբար տեսնում, հարցեր տալիս, ու որպեսզի ավելի ամբողջական լինի շփումը, սա լավագույն տարբերակն էր:

-Ամենահիշվող պահը ո՞րն է Ձեզ համար, որը  հուզեց Ձեզ, գուցե որևէ հարց:

  -Բոլորը շատ լավ հարցեր էին, ամենահուզիչ պահն այն էր, երբ հնչեց հայկական հիմնը: Ես ռինգի ժամանակ էլ, որ հայկական հիմնը հնչում է, տեղիցս թռչում եմ վերև, իմ էներգիան շատանում է:

-Երբեմն ցանկություն չե՞ք ունենում  փախչել ծանոթ միջավայրից ու ծանոթ մարդկանցից:

-Ես հաճախ եմ անում այդպիսի բաներ. գնում եմ որևէ կղզի, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում: Շատ եմ սիրում ծով, սիրում եմ լողալ:

-Ի՞նչ մեքենա եք նախընտրում:

 -Նախընտրում եմ Ֆերարի, Աուդի: Ես հատուկ բծախնդրություն չունեմ մեքենաների հանդեպ: Այնտեղ ունեմ տարբեր մեքենաներ` ոչ միայն սպորտային: Հիմնականում նախընտրում եմ արագընթաց  մեքենաներ:

-Ինչպիսի՞ երաժշտություն եք լսում:

-Օրվա տարբեր ժամերի տարբեր երաժշտություն եմ լսում: Առավոտս սկսվում է դասական երաժշտությամբ, պարապմունքի ընթացքում երաժշտություն չեմ լսում, քանի որ  ինձ կխանգարի: Պարապմունքից հետո ուրախ երաժշտություն եմ լսում` հայկական, ռուսական, արտասահմանյան: Շատ եմ լսում դանդաղ հայկական երգեր` հայկական դուդուկ, կլառնետ: Էստրադային երգիչ  Հայկոյի երգերն եմ հաճույքով լսում:

-Արթո՛ւր, ժողովրդի կողմից սիրված եք, աշխարհահռչակ բռնցքամարտիկ, չե՞ք ցանկանում դպրոց հիմնել Հայաստանում:

-Ես այդպիսի նպատակ ունեմ, բայց մի բնավորություն էլ ունեմ, որ մի բան անում եմ, պետք է լավ անեմ, ինքս հետևեմ աշխատանքներին, զարգացումներին: Կարծում եմ, եթե մարդ մի գործ լավ է ուզում անել, պետք է անձամբ հետևի դրան, իսկ հիմա ես չեմ կարող անձամբ հետևել:

-2008թ. ի՞նչ պլաններ ունեք:

-Դե, մենամարտեր ունեմ մարտ ամսին, ուզում եմ ամուսնանալ: Ընտրյալը կա, բայց քանի դեռ մատանի չեմ դրել, անունը չեմ ասի: Ասեմ, որ հարսանիքը Հայաստանում է տեղի ունենալու: Իմ ընտանիքում ամեն ինչ, սկսած հարսանիքից, պետք է հայկական ավանդույթներով, հայկական մթնոլորտում լինի:

-2007թ. ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար, կարո՞ղ եք նշել, թե  Ձեր  ամենակարևոր ձեռքբերումը որն է եղել:

-2007թ. ինձ համար հաջող տարի էր: Բոլոր մենամարտերս հաղթեցի, գոտիս պաշտպանեցի: Երևի այն, որ 25-րդ մենամարտը հաղթեցի, ինձ համար յուրահատուկ էր: Ես 25 տարեկանում ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն, դարձա: Նաև այն, որ ծանոթացա  այն աղջկան, որը իմ ապագա կինն է լինելու:

Հ.Գ.

Դավիթ Աբրահամյան, Արթուր Աբրահամի հորեղբոր 11-ամյա որդին

-Ինչ-որ հետաքրքիր դեպք կպատմե՞ս Արթուրի հետ կապված:

-Ինքը շատ լավ անձնավորություն է, երբ գալիս է այստեղ, բոլորիս ուրախացնում է: Նրա զվարթությունը տարածվում է բոլորիս վրա: Մի անգամ ես ու Արթուրը պլանավորել էինք  գալ տուն ու գիշերը ժամը 4-ին  բոլորին արթնացնել քնից: Եկանք տուն,  բոլորը քնած էին,  գոռացինք, ոչ ոք չարթնացավ, որոշեցինք ջուր լցնել…վախից բոլորը արթնացան ու ամբողջ գիշեր միասին  ուրախացանք:  Արթուրը նաև շատ անկանխատեսելի է. կարող է գիշերը  բոլորիս արթնացել ու ասել` գնում ենք տեղ:

-Կպատմե՞ս քո մասին:

-Ես նոր եմ սկսել բռնցքամարտով զբաղվել: Ես էլ եմ ուզում, դառնալ աշխարհի չեմպիոն: Արթուրը ինձ միշտ լավ խորհուրդներ  է տալիս:

 Հարցազրույցը` Ս. Թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...