05:47
04/08/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մինչև 2020թ. մենք կունենանք 1.5 մլն զբոսաշրջիկ

2013-02-27 11:04

«Դե Ֆակտո» 28 (2008թ.)

Հարցազրույց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ

-Պարո'ն Ապրեսյան,  կարելի՞ է զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից համարել:

- Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, ինչը փաստվում է թվերով և ոչ միայն բառերով: Վիճակագրական տվյալներով 2001-ից սկսած ներգնա զբոսաշրջային այցելությունների տարեկան միջին աճը 25 տոկոս է կազմում: 2001թվականը 2000-ի նկատմամբ 3 անգամ, իսկ 2007թվականը 2006-ի համեմատ 33.5 տոկոսով  ներգնա զբոսաշրջային այցելությունների աճ է գրանցել:

-Ինչո՞վ եք այդ աճը պայմանավորում:

- Այդ զարգացումը պայմանավորում ենք ինչպես վարվող պետական քաղաքականությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի (պետություն, մասնավոր հատված, բնակչություն, սփյուռք) ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ:

-Շրջագայությունների և զբոսաշրջության ոլորտում Հայաստանն այսօր աշխարհում ի՞նչ տեղ է զբաղեցնում:

-Համաշխարհային տնտեսական ֆորումի կատարած հետազոտությունների արդյունքում  հրապարակված մրցունակության համաթվով Հայաստանը 2007թ. 89-րդ տեղում էր 130 երկրների շարքում: Այդ համաթիվը պայմանավորող ենթահամաթվերից մի քանիսի ձևավորման չափանիշները պարզաբանելու խնդրանքով մենք դիմել ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան ներկայացուցչին` դրանք հետագայում բարելավելու նպատակից ելնելով: Ենթահամաթվերից մեկը, որը չէր նպաստել մրցունակության համաթվում Հայաստանի` առավել նպաստավար տեղ զբաղեցնելուն, միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին մասնակցությունն է: Եթե ուսումնասիրեք միջազգային ցուցահանդեսների ցանկը, որին Հայաստանը պարբերաբար մասնակցում է, կարծում եմ Ձեզ նույնպես կհետաքրքրի թե ինչ չափանիշներից ելենելով է Համաշխարհային տնտեսական ֆորումը Դուբայում կազմակերպվող ցուցահանդեսը համարում հեղինակավոր, իսկ Միլանի, Տոկիոյի, Բեռլինի ցուցահանդեսները` ոչ: Մեզ դեռևս չեն պարզաբանել նաև, թե ի՞նչ է նշանակում մարքեթինգային մակարդակում ետ մնալը (միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով ներկայացվածության իմաստով), այն պարագայում, որ երբ Հայաստանը ներկայացվում էր 2006թվականից CNN և 2007 թվականից նաև Euronews հեռուստաալիքներով, Վրաստանը նման ծրագրեր չուներ, բայց այսօր Վրաստանն ավելի առաջնային տեղ է զբաղեցնում  այդ ենթահամաթվում: 

-Հայաստանում ինչպիսի՞ ծախսեր են կատարում միջազգային զբոսաշրջիկները: Ինչպիսի՞նն է զբոսաշրջությունից ստացված եկամուտը:

-Հայաստանում միջազգային զբոսաշրջիկների կատարած ծախսերը նույնպես դինամիկ աճում են, 2006թ. այն կազմել է շուրջ 299 մլն, իսկ 2007թ.` 400 մլն ԱՄՆ դոլլար: 19500 մարդ ուղղակիորեն աշխատում է զբոսաշրջության ոլորտում` ընդհանուր աշխատուժի 1.7 տոկոսը: Զբոսաշրջկների կատարած ծախսերի չափերը տարբեր են` կախված թե նրանց ծագման երկրից, ազգությունից, և թե այցելության միջոցից (զբոսաշրջային փաթեթով, կամ ինքնուրույն): Այնուամնենայնիվ մեկ զբոսաշրջիկի հաշվով մեկ այցելության ընթացքում կատարած ծախսը կազմում է 700-800 ԱՄՆ դոլար: 2006-ի սեպտեմբերից մինչև 2007-ի օգոստոս ամիսը, համագործակցելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ԱՄՆ ՄԶԳ ՄՄՀՀ (USAID CAPS) ծրագրի և Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության հետ, իրականացրել ենք զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացում կազմել թե զբոսաշրջիկների կատարած ծախսեր, և թե զբոսաշրջային այցելությունների աշխարհագրության, զբոսաշրջիկների սեռի, տարիքի, նրանց ակնկալիքների, տպավորությունների, այցելության նպատակի, միջոցի և այլ անհրաժեշտ տվյալների մասին: Հետազոտության հաշվետվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով www.mineconomy.am, www.caps.am կամ www.armstat.am :

-Մարքեթինգային ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացվում Հայաստանը զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր ներկայացնելու համար:

-Զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով 2001թ. հիմնադրվել է ՙԶբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն՚ փակ բաժնետիրական ընկերությունը, որի միջոցով ապահովվում է  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը, գովազդային և տեղեկատվական նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը, օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այցերի կազմակերպումը, ավանդական տոնակատարությունների կազմակերպումն ու անցկացումը: Որպես ՙԶբոսաշրջության զարգացման ազգային գործակալություն՚ ՓԲԸ-ի ծառայություն 2001թ. ստեղծվել է կովկասյան տարածաշրջանում զբոսաշրջային առաջին տեղեկատվական կենտրոնը` ՙՀայաստան՚ Տեղեկատվական Կենտրոնը, որն իրականացնում է խորհրդատվական և տեղեկատվական գործունեություն: Աշխատանքներ են տարվում նաև մարզերում տեղեկատվական կենտրոններ հիմնադրելու ուղղությամբ: Վերջերս բացվեց ՙՀայաստան՚ Տեղեկատվական Կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղը: 

Սկսած 2006 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանը ներկայացվում է միջազգային հեղինակավոր (CNN և Euronews) հեռուստաալիքներով: Այս տարվանից Հայաստանը ներկայացնող հոլովակները հեռարձակվում են նաև  Мир հեռուստաալիքով, որը հեռարձակումն իրականացնում է անվճար: Այս տարի բոլոր երեք հեռուստաալիքներով հեռարձակվում է հոլովակների նորացված տարբերակները` Հայաստանը ներկայացնելով նաև որպես գրավիչ ձմեռային զբոսաշրջավայր:

Համագործակցելով Buzz Business և Transglobe մասնագիտացված, հեղինակավոր վավերագրական ֆիլմ նկարահանող կազմակերպությունների հետ 2008թ. հունիս ամսին նկարահանվել և ներկայումս պատրաստվում է Հայաստանը ներկայացնող մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ: ֆիլմը նախատեսվում է հեռարձակվել ողջ աշխարհով, հնարավոր բոլոր հեղինակավոր հեռուստաալիքներով: Նվազագույն երաշխիքները, որ պայմանագրով ամրագրված են, երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր մայրցամաքում առնվազը երկու անգամ հեռարձակելն է: Բայց մեր իսպանացի գործընկերները պետք է իրեց ջանքերը գործադրեն` հնարավորինս լայնորեն ֆիլմը հեռարձակելու և ներկայացնելու համար ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև ցուցահանդեսներում, օդանավակայաններում և այլն:

-Ինչպիսի՞ միջազգային ցուցահանդեսների է մասնակցում Հայաստանը:

-Հայաստանը մասնակցել է հետևյալ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին`

Vakantiebeurs-Նիդերլանդներ – /Նիդերլանդներ/

BIT -Միլան

ITB -Բեռլին

CTF -Թբիլիսի

JATA -Տոկիո

WTM -Լոնդոն

GLOBE -Հռոմ

TOP REZA -Դովիլ

Հայաստանում նույնպես, արդեն ավանդաբար, կազմակերպվում է միջազգային ցուցահանդես` “Խոսող քարերի երկիր” խորագրով, համագործակցելով Ճամփորդական գործակալների հայկական միության, Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության, անցած տարի նաև ԱՄՆ ՄԶԳ ՄՄՀՀ ծրագրի հետ:

-Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական նշանակություն ունի զբոսաշրջությունը: 

-Զբոսաշրջությունը եկամտի գեներատոր է: Մասնագետները շատ հաճախ այն համարում են տնտեսության շարժիչ ուժ: Զբոսաշրջությունը նպաստում է տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը: Զբոսաշրջությունն ապահովում է Եվրոպայի ՀՆԱ-ի 5%-ը, աշխարհի ՀՆԱ-ի 3.6%-ը,  իսկ Հայաստանում 4.7 %-ը: Մինչև 2030թվականը, ըստ 2008 թվականի փետրվարի13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, նախատեսվում է այն հասցնել մինչև 12 տոկոսի: Զբոսաշրջությունը նաև նպաստում է երկրների միջև նոր հարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու ներկայացմանը:

Զբոսաշրջությունն ունի նաև քաղաքական նշանակություն` այն նպաստում է երկրների համերաշխությանը, ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և խաղաղության պահպանմանը:

-Համաշխարհային զբոսաշրջության ներկա վիճակն ու զարգացման խոչընդոտները …              

-2006 թվականին ավելի քան 846 մլն միջազգային այցելություններով, 733 մլրդ ԱՄՆ դոլար եկամտով և զբոսաշրջության ոլորտում ավելի քան 231 մլն աշխատատողներով` զբոսաշրջությունը աշխարհի ամենախոշոր և ամենամրցունակ ծառայությունների ոլորտներից մեկն է: Համաշխարհային զբոսաշրջությունը կազմում է աշխարհի արտահանվող ծառայությունների 35%-ը:

Մինչև 2020 թվականը, համաշխարհային միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կաճի` հասնելով 1.6 մլրդ-ի, զբոսաշրջային ծախսերի գումարը կհասնի մինչև 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ ոլորտում աշխատատեղերի թիվը` 262 միլիոնի:

Համաշխարհային զբոսաշրջության հիմնական խնդիրը երկրագնդի տաքացումն է, որը հատկապես վատ ազդեցություն է ունենում ձմեռային զբոսաշրջության վրա:

-Որո՞նք են պետական քաղաքականության սկզբունքներն այս ոլորտում:

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ամրագրված են ՙԶբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում.

1.ճանաչել զբոսաշրջությունը որպես տնտեսության գերական ճյուղ

2.աջակցել զբոսաշրջային գործունեությանը և դրա առաջնային ուղղություների զարգացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ

3.սահմանել զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները

4.իրականացնել Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը

5.ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար

6.իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը

7.աջակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորներին:

-Արդյո՞ք Հայաստանն այսօր կարող է մրցունակ համարվել համաշխարհային շուկայում: Եվ ինչպիսինն է մրցակցությունն այս ասպարեզում:

-Ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև Հայաստանում շատ առողջ և կոշտ մրցակցություն կա այս ասպարեզում: Բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ են գործում Հայաստանում, և այս շուկայում որևէ ընկերություն գերիշխող դիրք չի զբաղեցնում:

-Պարո'ն Ապրեսյան, Հայաստանի զբոսաշրջության բնութագիրը մինչև մոտակա տասը տարիներն ինչպիսի՞նն է:

-Ըստ հայեցակարգի մեր տեսլականն ամրագրված է մինչև 2030թ.: Նախատեսված է, որ մինչև 2020թ. մենք կունենանք 1.5 մլն զբոսաշրջիկ, իսկ մինչև 2030թ.` մինչև 3 մլն: Հետևաբար զբոսաշրջությունից եկամուտները ևս կավելանան, և 2030-ին ապահովվելու է մոտ 3 մլրդ եկամուտ: Նախատեսում ենք, որ ներքին զբոսաշրջությունը ևս աճելու է և լինելու է մոտ 1.5 մլն` իր համապատասխան եկամուտով:

-Կատարվող մոնիտորինգի և գնահատման արդյունքները Ձեզ գոհացնո՞ւմ են:

-Այս տարի դեռևս մոնիտորինգ չի իրականացվել, այն կատարվելու է տարվա վերջին, իսկ վիճակագրական տվյալների վերլուծությունը գոհացնում է:

-Ինչպիսի՞ ներդրումներ են կատարվում զբոսաշրջության ոլորտում:

-Որևէ երևույթ գնահատելիս կատարում ենք համեմատություն` թե ինչ ունեինք մի քանի տարի առաջ, ինչ ունենք այսօր և ինչ է լինելու վաղը: Տարիներ առաջ զբոսաշրջության բնագավառի մարքեթինգային քաղաքականության իրականացման համար պետական բյուջեից տրամադրվում էր ընդամենը 20 մլն դրամ: Սկսած 2005 թվականից այդ գումարը զգալի աճել է կազմելով 70 մլն, իսկ  2006-ից ավելի քան 250 մլն դրամ: Եթե 2000 թվականին Հայաստանում 2-3 հյուրանոց կար, որ կարող էր միջազգային զբոսաշրջիկներ ընդունել, ապա ներկայումս մասնավոր ներդրումների շնորհիվ դրանց թիվն անցել է յոթանասունից, զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, թարմացվել և համալրվել է տրանսպորտային պարկը, օդանավակայանը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:

Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով նախատեսված խնդիրների արդյունավետ իրականացումը պայմանավորված է պետություն մասնավոր հատված ակտիվ համագործակցությամբ, ինչը նաև զգալի ներդրումներ է ենթադրում:  

Հասմիկ Մարտիրոսյան

 

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց