17:44
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ոչ մի պաշտոն հավիտենական չէ

2013-02-27 10:57

«Դե Ֆակտո» 28 (2008թ.)

Հարցազրույց Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի հետ

Դավիթ Պետրոսյանը Նոր Նորք համայնքի ղեկավար ընտրվել է 2002թ.: Այդ տարվա համայնքի բյուջեն 680մլն դրամ էր: Նա վեց տարի անընդմեջ ղեկավարում է համայնքը: Այս տարվա բյուջեն կազմում է 1մլրդ 800մլն դրամ:

-Պարոն Պետրոսյան, Դուք ղեկավարում եք Նոր Նորք համայնքը և կրկին առաջադրում եք Ձեր թեկնածությունը։ Պատմեք, խնդրեմ, Ձեր ղեկավարման ընթացքում իրականացրած ծրագրերի մասին։

-Ամեն նոր ղեկավար գալիս է իր ծրագրերով, որոնք, անկասկած, միջոցների ներդրում են պահանջում։ Ահա ինչու, երբ ես ընտրվել եմ, իմ առջև դրված առաջին խնդիրն այն է եղել, որ արդյունավետ կազմակերպվի միջոցների հավաքագրումը, առանց միջոցների հնարավոր չէ ծրագրեր իրականացնել, մանավանդ՝ ծավալուն ծրագրեր։ Եվ տարեց-տարի ավելացան թե՛ պետության կողմից տրվող դոտացիաները (2,5 անգամ), թե՛ սեփական եկամուտները (երեք անգամ)։ Ավելացնեմ, որ մեր բոլոր ծավալուն ծրագրերի իրականացմանն իր աջակցությունն է բերել կառավարությունը։

Համայնքի կայուն զարգացման, աշխատանքների ծավալուն իրականացման ուղիներից մեկը բոլոր ուղղություններով համամասնորեն ֆինանսական միջոցների ներդրումն է, դրանց ծավալների շարունակական ավելացումը։ Որոշ մանրամասներ ներկայացնեմ։ Մինչև իմ առաջին ընտրությունը, համայնքի կանաչապատ տարածքները ընդգրկում էին մինչև 7-րդ զանգված։ Մենք աշխատանքներ տարանք եղած տարածքները պահպանելու և ավելացնելու, ինչպես նաև 7-9-րդ զանգվածները լրիվ կանաչապատելու ուղղությամբ։ Կանաչապատում առաջին հերթին ենթադրում է հանգստյան, զբոսանքի գոտիների ստեղծում՝ զրուցարանների, նստարանների տեղադրումով, գիշերային լուսավորման ապահովվածությամբ, երեխաների համար խաղային ու զբաղմունքի միջոցների տեղադրմամբ։ Հանգստյան գոտիների այս ցանցն ընդարձակվեց մինչև 9-րդ զանգված՝ քարքարոտ, անօգտագործելի տարածքները բարեկարգելու և կանաչապատելու ճանապարհով հանգստյան նոր գոտիներ ու զբոսավայրեր ստեղծելով։ 5-րդ զանգվածում, եկեղեցու հարևանությամբ, 12 հեկտար նախկին անտառա-հատվածը լրիվ վերականգնել ենք՝ նոր տնկիներով, ոռոգման համակարգով։ Հավելեմ մի փաստ՝ համայնքի 1462 հեկտար ընդհանուր վարչական մակերեսից 396,18 հեկտարը կանաչապատված է։ Համայնքի բնակչության (145 հազար) մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը կազմում է 27,3քմ, այն դեպքում, երբ միջազգային ընդունված նորմի համապատասխան, քաղաքային բնակչության մեկ շնչին պետք է բաժին ընկնի 25քմ կանաչ զանգված։ Ուրեմն կարող եմ հպարտությամբ ասել, որ Նոր Նորքը Երևան քաղաքի ամենականաչապատ տարածքներ ունեցող համայնքն է։

Անցած տարիների ձեռքբերումներից են «Հայաստանե համահայկական հիմնադրամի աջակցությամբ 7-րդ զանգվածում կառուցված մանկապատանե-կան հրաձգության կենտրոնը, քաղաքային ծրագրով կառուցված է սքեյթբորդի խաղահրապարակ։ Այդ ծրագիրը շարունակվելու է վոլեյբոլի, մինի ֆուտբոլի, բասկետբոլի խաղադաշտերի կառուցումով։ Մենք աշխատել ենք, որ մարզական նման դաշտերը տեղաբաշխվեն թաղամաս առ թաղամաս, որ ավելի հարմար լինի տվյալ թաղամասի երեխաների համար։ Համայնքն ունի երկու խոշոր մարզադպրոց։ Թիվ 1 մարզադպրոց է հաճախում 650 երեխա, իսկ «Տորք Անգեղե մարզամշակութային համալիր՝ 700, ուր գործում են նաև ազգագրական և ժամանակակից պարերի խմբակներ։ Դե հիմա պատկերացրեք համայնքի այն հազարավոր երեխաների հրճվանքը, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են այդ դաշտերում։ Ի դեպ, այդ դաշտերի հարակից տարածքները գոտևորված են պուրակներով ու կանաչապատ զբոսավայրերով։ Այդպիսի կանաչ գոտիներ ստեղծված են նաև 8-րդ և 9-րդ զանգվածներում։

Իմ և ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի «Աքուաթիքս Արմենիաե կազմա¬կերպության հիմնադիր նախագահ Գարո Լաչինյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի համար նախատեսված ջրամարզային հանգստի կենտրոնը կառուցվում է հատկապես Նոր Նորք համայնքում։ 2009թ. հուլիսին թիվ 1 մարզադպրոցի հարակից հրապարակում կավարտվի համալիրի կառուցումը։

Մեր մշտական ուշադրության կենտրոնում են սոցիալ-մշակութային հարցերը։ 2007 թվականին, օրինակ, բնակիչների բուժօգնության համար ծախսվել է 19 միլիոն 686 հազար 400 դրամ, միայն 2008թ. հունվարից– օգոստոս ժամանակահատվածում այդ ծախսերը կազմել են 18 միլիոն 140 հազար դրամ։ Համայնքի բնակչության 92%-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների համար իմ ղեկավարման առաջին տարում կարողացել էինք տրամադրել տարեկան ընդամենը 30 միլիոն դրամ, այն այսօր հասցվել է 150 միլիոն դրամի։

Մշակութային օբյեկտների պահպանությունն ամենօրյա մտահոգության առարկա է. ոչ միայն ընթացիկ նորոգումներ ենք իրականացնում, այլև ջեռուցման համակարգեր ենք տեղադրում։ Այսօր, օրինակ, մսուր– մանկապարտեզներ են հաճախում երեք հազար 350 երեխա, որոնց համար ձմեռային պայմաններն այլևս դժվար տանելի չեն։ Մշակույթի տունը, որ բնակելի շենքի առաջին հարկում էր և ոչ բարվոք վիճակում, այսօր թաղապետարանի հարակից առանձին շենքում հրաշալի հարմարություններ ունեցող մշակութային կենտրոն է, որի տարբեր խմբակներ է հաճախում 700 երեխա։ Առաջիկայում նախատեսված է այդ թիվը հասցնել 1000-1100-ի։

Մեր վերաբերմունքը նկատելի է զոհվածների ընտանիքների (215), վետերանների (280), հաշմանդամ երեխաների նկատմամբ՝ միտված սոցիալական լարվածության մեղմացմանը։

-Եթե կրկին ընտրվեք համայնքի ղեկավար, շարունակելո՞ւ եք այն նույն մարտավարությունը, որով մինչ այսօր ղեկավարել եք Ձեր համայնքը։

-Այն նույն մարտավարությունը, որ իրականացվել է վեց տարիների ընթացքում, անշուշտ իր շարունակությունը պիտի ունենա, և որոշակի խնդիրներ լուծելուց հետո, բնականաբար, միջոցները պետք է ուղղվեն դեպի այն բնագավառներ, ուր դեռևս անելիքներ կան։

Երբ քայլում եք Ձեր համայնքի փողոցներով, ի՞նչն է Ձեզ առավել ուրախացնում և հպարտություն ներշնչում, որ ձեռք է բերվել Ձեր կատարած աշխատանքի շնորհիվ։

-Ես վերևում մոռացա ծաղկապատման մասին խոսել, բայց դա մեր համայնքի հանդերձի ամենագեղեցիկ մասն է։ Մեկ ու կես հեկտար են ընդգրկում ծաղկապատման տարածքները։ Չափազանցություն չհամարեք, եթե համեմատական կարգով ասեմ, որ այդ ծավալները հավասարազոր են 1989-90 թթ. ամբողջ Երևան քաղաքի ծաղկապատ տարածքներին։ Ծաղկապատումը տարածվելու է ամբողջ համայնքում, և, կարծում եմ, ակնահաճո այդ տեսարանը մեր բնակիչների սրտով է։ Կանաչապատմանը, ծաղկապատմանը զուգընթաց պուրակներն ու հրապարակները զարդարվում են արձաններով, քանդակներով։Դրանք և խորհրդանիշեր են, և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, և մեր ազգի անվանի մարդկանց ու համայնքի երախտավորների արձաններ, կիսանդրիներ։ Նանսենի անվան զբոսայգում տեղադրված տասը հուշարձանները արդեն ավանդույթ դարձած քանդակագործների ամենամյա գիտաժողովի (շուտով «Տիգրան Մեծե այգում կանցկացվի «Հայոց արքաներե քանդակագործական գիտաժողովի հաջորդ փուլը) արդյունք են՝ Ֆրիդյոն Նանսենի, Ֆրանց Վերֆելր, Վիլյամ Սարոյանի, Ջհանգիր աղայի արձաններով, հայ-ամերիկյան, հայ-ֆրասիական բարեկամու¬թյունը խորհրդանշող քանդակներով զարդարուն այդ այգին նաև բաց դասերի անցկացման վայր է այն երեխաների համար, ովքեր հակում ունեն արվեստի այդ ճյուղի հանդեպ։ Ահա այս ամենն էլ ուրախացնում է ինձ՝ և որպես համայնքի ղեկավարի, և որպես Նոր Նորքի բնակչի, ով ամեն երեկո ընտանիքով զբոսնում է մեր այգիներում ու պուրակներում։

Համայնքում առկա կարևորագույն և արագ արձագանքման կարիք ունեցող խնդիրները որո՞նք են։

-Խնդիրները հիմնականում վերաբերում են բնակֆոնդի պահպանմանը, որի համար համայնքի բյուջեից ամեն տարի 100 միլիոնից ավելի դրամ է հատկացվում։ Կառավարության կողմից համայնքներին տրամադրված 3 միլիարդ դրամից մեր համայնքին բաժին ընկավ 139 վերելակի կապիտալ վերանորոգման ծախսերը փակող գումար, իսկ 30 վերելակի նորոգման ծախսերը կատարում ենք համայնքի միջոցների հաշվին։ Այդ աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, և ինը վերելակ էլ կփոխարինվի նորով։ Առաջնահերթ է նաև տանիքների վերանորոգման խնդիրը։ Մենք հաճախ անտեսում ենք քաղպաշտպանության խնդիրները, սակայն տարածաշրջանի անհանգիստ վիճակը թելադրում է առավել ուշադիր վերաբերվել դրանց։ Համայնքապետը, որն ի պաշտոնե համայնքի քաղպաշտ¬պանության պետն է, պարտավոր է զբաղվել ազդարարիչ շչակներ տեղադրելու և վտանգի դեպքում բնակչության տարահանման վայրերի ընտրությունն ապահովելու խնդիրներով զբաղվել։ Այս առումով մենք անհրաժեշտ քայլեր կատարել ենք։

-Ձեր կարծիքով համայնքի ղեկավարի հիմնական նպատակն ու գերխնդիրը ո՞րն է։

-Լիազորությունների սահմաններում՝ պարտավորությունների պատշաճ կատարում, մարդկային հարաբերությունների պահպանում, մշակութային կյանքի աշխուժացման ճանապարհով բնակչությանը համախմբել, նրա համար հետաքրքիր առօրյա ապահովել՝ ստեղծելով աշխատանքի ու հանգստի նորմալ պայմաններ։

Պարո՛ն Պետրոսյան, Ձեր համայնքի բնակչությունը կընտրի Ձեզ, որովհետև...

-Բնակչությունն ինձ երկրորդ անգամ է ընտրել, այդ ընթացքում տեսել, գնահատել է իմ գործունեությունը... Առաջիկայում ընտրություններ են. առաջ չընկնենք և սպասենք սեպտեմբերի 28-ին իմ հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքին։

Ձեր գործունեության ընթացքում երբևէ դժգոհ եղե՞լ եք սեփական աշխատանքից։

-Եղել եմ։ Երբեմն ծավալուն ծրագրերի մտահղացումները դեմ են առնում միջոցների սղության փաստին, և դրանից դուրս գալու խնդիրների լուծումը միշտ չէ, որ հաջողվում է։ Սակայն խոսքը պարտավորությունների շրջանակում իրագործվելիք ծրագրերի մասին չէ՝ դրանք կատարվել են, և այդ առումով դժգոհելու առիթներ չունեմ։ Միայն մի օրինակ բերեմ՝ արտաքին լուսավորության հետ կապված։ 2003 թվականին համայնքում ընդամենը երկու փողոց էր լուսավորված, այժմ և քաղաքային, և համայնքային բոլոր փողոցները լուսավորված են։ Այս տարի արդեն մնում է լուծել բակային լուսավորության խնդիրը։ Այդուհանդերձ, էլի կան գործեր, որ դեռ չենք հասցրել անել։ Ահա և ինքս ինձնից դժգոհելու որոշ առիթներ։

-Հե՞շտ է խոստումներ տալը, և արդյո՞ք այսօր բնակչությունը հավատում է գեղեցիկ խոսքերի։

-Գուցե ոմանց համար ամենահեշտ բանը խոստումներ տալն է, հատկապես նրանց համար, ովքեր գործադիր մարմնում աշխատելու փորձ չունեն, բայց դատարկ տեղը խոստումներ տալն իմ բանը չէ։ Բնակիչների մոտ քո հավատը պետք է ձևավորվի խոստումի և գործի համադրությամբ։

-Դուք որքանո՞վ եք մոտ Ձեր համայնքի բնակչությանը, հաճախակի՞ եք նրա հետ անմիջական շփում ապահովում։

-Ծնողներս էլ, ես էլ այս համայնքում ենք բնակվում։ Ես այստեղ եմ դպրոց գնացել, այստեղ ընտրվել համայնքի ավագանու խորհրդի անդամ, աշխատել եմ այս տարածքի հարկային տեսչությունում։ Դե հիմա պատկերացրեք, թե որքան սերտ են եղել իմ աշխատանքային և զուտ ընկերական հարաբերությունները համայնքի բնակչության հետ, որի վստահությունն էլ շահել եմ՝ 2002 թվականին ընտրվելով Նոր Նորք համայնքի ղեկավար։ Նրանց այդ վստահությունն ինձ համար երդումի հավասար պարտավորության ստանձնում է։ Կարծում եմ, որ այս 6 տարիներին հավատ¬արիմ եմ մնացել իմ այդ երդմանը և ազատորեն կարողանում եմ մարդկանց աչքերի մեջ պարզ ու շիտակ նայել։ Համայնքի ղեկավար աշխատած վեց տարիներին ես միշտ պարտավորված եմ զգացել նրանց տված ձայնի, նրանց վստահության համար և ջանացել եմ պատվով կրել վստահության ծիրանին։

-Պարոն Պետրոսյան, կարծում եք Ձեզ արդեն ճանաչու ՞մ Է Նոր Նորք համայնքի բնակչությունն այնքան, որքան անհրաժեշտ Է բնակչությանը ճանաչել իրենց ղեկավարին։

-Բնակչության հետ մշտական շփումների արդյունքում և լավ ենք ճանաչել իրար, և որոշ խնդիրներ ենք համատեղ քննարկել` առանց բարդույթներ ունենալու, թե մեկը թաղապետ է, մյուսը շարքային քաղաքացի, բնակիչն ավելի լավ գիտի իր հոգսերն ու խնդիրները, և նրա վեր հանած առաջարկներին անսալով՝ շատ ավելի օբյեկտիվ որոշումներ կարելի է կայացնել։ Դրան գումարած՝ ընդունելությունների օրերի հանդիպումները։ Միայն այս տարվա ութ ամիսներին ընդունելության օրերին եկել է մեկ հազար մարդ՝ չհաշված անհատական առանձին հանդիպումները։ Փոխադարձ ճանաչմանն օգնում է նաև այն, որ Նոր Նորքում շատ մտավորականներ են ապրում, գործում է «Մտավորականների խորհուրդե հասարակական կազմակերպությունը։ Մենք հաճախ ենք քննարկում համատեղ միջոցառումների ծրագրեր, փոխադարձ աջակցությամբ՝ ֆինանսական ու կազմակերպական հարցերը մեզ վրա է, գաղափարն ու իրականացումը՝ նրանց։

Ձեր բնավորության ո՞ր առանձնահատկությունն Է հատկապես օգնում Ձեզ Ձեր աշխատանքում։

-Կրկնեմ ասածս՝ մարդկանց աչքերի մեջ պարզ ու աներկյուղ նայելու սովորույթ ունեմ։ Սա նշանակում է, որ ես նրանց չեմ խաբել և չեմ էլ պատրաստվում խաբել։ Դրանով ես նրան էլ եմ անկեղծության դրդում։ Ահա սրա արդյունքում էլ մենք փոխադարձաբար իրար վստահում ենք, իսկ աշխատանքի մեջ վստահությունից ավելի մեծ գործոն ես չեմ պատկերացնում։

-Պարոն Պետրոսյան, Ձեր հայրը Նոր Նորք համայնքի կողմից ընտրվել է Աժ պատգամավոր և, ինչ-որ չափով, կարելի է ասել՝ Ձեր աշխատանքը փոխկապակցված է։ Ձեր հայրը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից։

-Գոհունակության հետ կապված հարցը, խնդրում եմ ուղղել մեր համայնքի պատգամավորին։ Իսկ զուտ անձնական առումով, որպես հայր և որդի, ասեմ, որ իրապես մեր աշխատանքը փոխկապակցված է, և դրանից ավելի շատ շահել են համայնքի բնակիչները։ Որպես այս համայնքի պատգամավոր, համայնքի հետ կապված խնդրները քննարկելիս մեր հարաբերությունը զուտ գործնական է ու պաշտոնական, երբեմն էլ անգամ կոպտության է հասնում նրա արտահայտած դիրքորոշումը։ Օրինակ` աստծու տված ամեն օր աշխատանքի գնալիս նա պտույտներ է կատարում համայնքում և որևէ բացթողում նկատելիս, ասենք՝ աղբահանության հետ կապված, ամենայն խստությամբ է արձագան¬քում։ Նա մեզ շատ է օգնել, երբ համայնքը գազաֆիկացման խնդիր ուներ, պատգամավորական իր լիազորություններով կառավարության և տարբեր գերատեսչությունների առաջ հարց դրեց ու հասավ նպատակին՝ մոտ երեք տարով առաջ գցելով գազաֆիկացման աշխատանքները։ Այժմ Նոր Նորք համայնքը լիովին գազաֆիկացված է։

Մեր բնակիչների մեծ մասը, իր իրավունքների հետ կապված և շատ այլ խնդիրներով, դիմում է իրենց պատգամավորին՝ ընդունելության մշտական վայր ունենալով 4-րդ զանգվածում տեղակայված Հանրապետական կուսակցության գրասենյակը։

(Դավիթ Պետրոսյանի հորդորով մեր հարցի առաջին մասը ուղղեցինք նրա հորը՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին։ Արձագանքը հետևյալն էր. «Անշուշտ գոհ եմ, բայց ոչ 100%-ով։ ճիշտ է, 6 տարիների նրա գործունեությունը վկայում է, որ նա շահել է բնակիչների վստահությունը, բայց դեռ կիսատ գործեր մնացել են, որ չի հասցրել անելե՝)։

ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտպանու՞մ է Ձեր թեկնածությունը։

–Այո, պաշտպանում   է. կայացվել է քաղաքական   որոշում։

-Պարոն Պետրոսյան, Դուք գործող թաղապետ եք, արդյո՞ք կարող եք ապահովել արդար և թափանցիկ ընտրություններ։

-Ես հիմա արձակուրդում եմ, չեմ օգտվում համայնքի ղեկավարին հասու ծառայություններից։ Ինձ համար շատ կարևոր է արդար ընտրված ղեկավար լինել։ Անցյալ երկու անգամներին ու հիմա էլ նպատակ է եղել ու կա՝ նպաստել արդար ընտրությունների անցկացմանը։ Ես բնակչու¬թյանը ներկայանում եմ իմ արած գործերով, որոնք բաց ափի պես նրա առջև են՝ տեսանելի ու հասկանալի, ուստի բնակիչների կամքի վրա բռնանալու կամ էլ արդար ու թափանցիկ ընտրություններից խուսափելու կարիք հաստատ չունեմ։ Ընտրությունն իրենն է` բնակչինը։ Ի վերջո, բնությունից զատ այս արևի տակ ոչինչ հավիտենական չէ, պաշտոնն՝ առավելապես, պարզապես այս անգամ կրկին առաջադրվել եմ, որ համայնքի բնակչության հետ մեր անցած ճանապարհը կիսատ չթողնենք ու շարունակենք միասին.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...