18:10
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հանուն Կապանի զարգացման ու բարօրության

2013-02-26 11:20

«Դե Ֆակտո» 75 (2012թ.)

Իր քաղաքական գործունեությունը Արտուր Աթայանը սկսել է դեռևս 1990 թվականից, երբ անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը: Որդեգրելով կուսակցության գաղափարախոսությունը` հետագա տարիների ընթացքում հավատարմորեն ծառայել և եղել է այդ գաղափարախոսության կրողն ու կյանքի կոչողը: 1991 թվականին բազմաթիվ հայորդիների հետ Արտուր Աթայանը ևս որպես կամավորական անդամագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Հետպատերազմյա տարիներին արդեն խաղաղության մեջ շարունակել է ծառայել հանուն իր հայրենի քաղաքի զարգացմանն ու բարորությանը: «Սյունյաց տուն» ազգային-մշակութային ընկերության հիմնադիր անդամ է: 2002 թվականից նախաձեռնել ու նպաստել է «Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության» հիմնադրմանը: Տարիներ շարունակ օգնել և աջակցել է սոցիալապես անապահով ընտանիքներին` լուծելով վերջիններիս առողջապահական և կրթական խնդիրները: Արտուր Աթայանն իր անհատական ֆինանսական ներդրումն է ունեցել Կապանի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներում: Բարեգործական այդպիսի ծրագրերը բազմաթիվ են և բազմաոլորտ:

Կուսակցական և հասարակական գործունեության տարիների փորձը հիմք հանդիսացան Արթուր Աթայանի համար տեղափոխվելու մեծ քաղաքականություն, ուստի 2008 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեց որպես Կապանի քաղաքապետի թեկնածու և ընտրվեց:

- Պարո՞ն Աթայան, անդրադառնանք նախորդ չորս տարիների Ձեր գործունեությանը` որպես Կապանի քաղաքապետ:

- Կապանը եղել է պատերազմական գործողությունների կենտրոնում, ունեցել է և' մարդկային լուրջ կորուստներ, և' տուժել ռմբակոծություններից: Թեև անցել է մոտ քսան տարի, սակայն այսօր էլ պատերազմի հետևանքներն ամբողջովին սպիացած չեն: Այսօր Կապան քաղաքը բավական լուրջ և բազմաբնույթ խնդիրներ ունի` կապված ճանապարհաշինության, շենքերի տանիքների և վերելակների վերանորոգման, աղբահանության արդյունավետ կազմակերպման, քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման, ներքին և քաղաքը այլ գյուղերի և բնակավայրերի հետ կապող ճանապարհների շինարարության հետ և այլն: Բոլոր այս խնդիրներին քաջատեղյակ էի, քանի որ երկար տարիներ ղեկավարել եմ տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվել են սոցիալական աջակցության ծրագրերով: Ընտրվելով Կապանի քաղաքապետ` իմ առջև նպատակ դրեցի շուտափույթ լուծել և կարգավորել հասարակության բարեկեցության և զարգացման համար առաջնային համարվող խնդիրները:  Այս չորս տարիների ընթացքում կարողացել ենք վերանորոգել 30-ից ավելի բազմաբնակարան շենքերի տանիքները, մուտքերը, դռները, աստիճանավանդակները, կատարել պատուհանների տեղադրում և ապակեպատում, երկու տասնյակից ավելի վերելակներ վերանորոգում կամ փոխարինում նորերով: Հսկայական աշխատանքներ են տարվել ճանապարհաշինության ոլորտում` վերանորոգվել և բարեկարգվել են քաղաքի գլխավոր պողոտաներն ու փողոցները, կառուցվել է Քաջարանյան մայրուղին, Ա. Մանուկյան և Գր. Արզումանյան փողոցներին կապող նոր կամուրջ: Իրականացվել են փողոցների և ճանապարհների ջրահեռացման հանգույցների վերանորոգման, վերականգնման, մաքրման, ինչպես նաև նոր ջրահեռացման հանգույցների կառուցման աշխատանքներ, շենքերի բակերի նորոգում, կենտրոնական փողոցների մայթերի նորոգում, կանգառների վերակառուցում և նորոգում և այլն: Իրականացված ծրագրերը բազմաթիվ են, արդյունքը, կարծում եմ, նկատելի է նույնիսկ անզեն աչքով:

-Ես տեղյակ եմ, որ մարդիկ Ձեզ «Երեխաների քաղաքապետ» անունն են շնորհել: Ինչո՞ւ:

- (ժպտում է) Նշված բազմաթիվ խնդիրների կողքին Կապան քաղաքն ուներ մեկ այլ ոչ պակաս կարևոր և լուրջ խնդիր: Դա նախադպրոցական ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակն էր, որը պետք էր անհապաղ շտկել:  Ինձ համար երեխան ամուր ընտանիքի, առողջ հասարակության և կայացած երկրի գրավականն է: Ուստի պետական մարմինները, այս դեպքում քաղաքապետարանը, պետք է ամեն ինչ անեն այդ երեխաների խաղաղ, ապահով, բարեկեցիկ մանկությունն ապահովելու, հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու գործում իրենց մեծ ներդրումն ունենալու ուղղությամբ: Ուստի ես կարևորում եմ հիմնանորոգված, լավ կահավորված, համալիր ջեռուցմամբ ապահովված մանկապարտեզներ ունենալու անհրաժեշտությունը: Այսօր Կապանում վերանորոգված և գազաֆիկացված են բոլոր մանկապարտեզները: Սա թույլ է տալիս ծնողներին հանգիստ խղճով իրենց երեխաներին հանձնելու մանկապարտեզների խնամքին: Բացի այդ` բակերում երեխաների ժամանցն ապահովելու ուղղությամբ լուրջ ուշադրություն ենք դարձնում մանկական խաղահրապարակների ստեղծման և պահպանման աշխատանքներին: Ես շատ ուրախ ու հպարտ եմ այդ անվան համար:

- Խոսք գնաց մատաղ սերնդի դաստիարակման, բարեկեցության մասին: Այս ուղղությամբ մշակութային և սպորտային ինչպիսի ծրագրեր են իրականացվել քաղաքում:

- Ինչպես և ողջ հանրապետությունում, մեր մարզում և քաղաքում ևս սկսել են մեծ ուշադրություն դարձնել սպորտի զարգացմանը: Այս ուղղությամբ կատարվել են մի շարք լուրջ ներդրումներ և աշխատանքներ. աթլետիկայի  դպրոցի, մանկապատանեկան մարզադպրոցի, մարմնամարզության մարզադպրոցի համար գույքի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքներ: Պետք է նշեմ, որ աթլետիկայի բնագավառում մեր քաղաքի պատանիները մեծ ձեռքբերումներ ունեն: Ինչ վերաբերում է կրթության և մշակույթի բնագավառին, ապա երիտասարդության ինտելեկտուալ զարգացման նպատակով կատարվել են քաղաքային գրադարանների նորոգում, գրադարանային ֆոնդի թարմացում, տեխնիկական վերազինում /համակարգիչ, ինտերնետ կապ/: Աջակցում ենք սպորտի, մշակութի և կրթության բնագավառներում հաջողությունների հասած պատանիներին` կատարելագործվելու և միջազգային միջոցառումներին մասնակցելուն խթանելու նպատակով: Աջակցել և կազմակերպել ենք պրոֆեսիոնալ երգչախմբերի, ազգային պարի և ժող. գործիքների համույթի ստեղծման, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հետ համատեղ եկեղեցական և ազգային տոների կազմակերպման աշխատանքներին: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև Կապանի երկրագիտական թանգարանի շենքի հիմնանորոգումը:

-Խոսենք նաև աշխատանքի և սոցիալական ապահովության խնդիրների մասին: Ինչպիսին է գործազրկության մակարդակը Կապանում: Ինչ քայլեր են ձեռնարկվում այն կրճատելու ուղղությամբ:

- Ինչպես գիտեք, Կապանը երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք է եղել, այստեղ աշխատել են համամիութենական նշանակության 12 խոշոր գործարաններ, որոնք, ցավոք, այսօր չեն աշխատում, ուստի անշուշտ առկա է գործազրկության խնդիրը: Այսօր զարգացման հեռանկարային հիմնական ուղղությունը հանքարդյունաբերությունն է, որի զարգացումից կախված է քաղաքի հետագա զարգացումը ևս: Այսօր կապանցիների զբաղվածության հարցը լուծվում է Կապանի պղնձամոլիբդենային և Կապանի պղնձի գործարանի միջոցով: Եթե խոսենք թվերով, ապա քաղաքում գործազրկության մակարդակը 34%-ով բարձր է հանրապետական միջին ցուցանիշից, և հիմնական զբաղվածության խնդիր ունի քաղաքի երիտասարդությունը:

-Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում երիտասարդության ժամանցի խնդիրը: Ինչպիսի՞ մշակութային և ժամանցային կենտրոններ են գործում Կապանում:

-Ասեմ, որ մշակութային կյանքը բավական աշխույժ է Կապանում: Ունենք մշակույթի կենտրոն, թատրոն, նոր վերանորոգված կինոթատրոն: Քաղաքում գործում է գեղարվեստի դպրոցներ, երաժշտական երեք դպրոց, ունենք երկու թանգարան: Կապանում անցկացվում են թատերական միջազգային փառատոներ և այլն: Այս տեսանկյունից, անշուշտ, Կապանը շատ գրավիչ և հետաքրքիր քաղաք է:

-Ի՞նչ կասեք սպորտային կյանքի  մասին:

-Սպորտային կյանքը նույնպես աշխույժ է: Կապանն ունի իր ֆուտբոլային ակումբը` «Գանձասարը», որը բավականին լուրջ առաջընթաց է գրանցում վերջին տարիներին: Ցանկանում եմ ընդգծել նաև, որ կապանի թեթև աթլետները արդեն երեք տարի անընդմեջ ճանաչվում են Հայաստանի չեմպիոններ: Հայաստանի թեթևաթլետիկայի հավաքականը հիմնականում կապանցի մարզիկներով է համալրված: Ունենք գեղարվեստական մարմնամարզության լավ թիմ, որը ևս նախորդ տարի Հայաստանի չեմպիոն դարձավ:

-Ինչպես արդեն ասացիք, Կապանը եղել է ղարաբաղյան պատերազմի կիզակետում: Կապանը տվել է շատ հերոսներ և ցավոք, նաև զոհեր` հանուն մեր հաղթանակի: Այսօր ինչպիսի՞ն է արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների և վետերան ազատամարտիկների սոցիալական վիճակն ու կարգավիճակը: Աջակցության ինչպիսի ծրագրեր են իրականացվում:

-Ինքս արցախյան ազատամարտի մասնակից եմ և մեծ ուշադրություն եմ դարձնում այս խնդրին: Քաղաքապետարանը հատուկ ծրագրեր է մշակում այս ընտանիքներին օգնելու և աջակցելու ուղղությամբ: Այսօր մենք ունենք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` շնորհիվ այս հերոս-ազատամարտիկների անձնուրաց պայքարի և իրավունք չունենք ակնթարթ անգամ մոռանալու կամ ըստ արժանվույն չգնահատելու նրանց մեծագույն առաքելությունը: Չմոռանանք, որ արցախյան պատերազմի տարիներին Կապանը  մշտապես եղել է պլատսդարմ զենք-զինամթերքի, պարենային օգնության, զինուժի տեղափոխման համար: Քաղաքը մշտապես եղել է կրակոցների, վտանգի ներքո. ադրբեջանական ավելի քան տասը կրակակետեր եղել են սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Երեք տարի շարունակ եղել ենք պատերազմական վիճակում, բնակչության մեծ մասը ապրել է ապաստարաններում, հազարավոր մարդիկ մասնակցել են ռազմական գործողություններին` և՛ որպես կամավորներ, և՛ որպես զինծառայողներ, և՛ ուղղակի գործել թիկունքում: Ունեցանք 500-ից ավելի զոհ: Այսօր Կապանում չկա մի ընտանիք, որի հարազատը զոհված չլինի, և մեր մեջ այդ ցավը երբեք չի մարի: Մեր Եղբայրական գերեզմանը մեզ համար դարձել է սրբատեղի: Եվ ես կցանկանայի, որ Կապանին տային հերոս-քաղաքի կոչում: Սակայն այսօր գրեթե չի խոսվում, եթե խոսվում էլ է, ապա ըստ արժանվույն չի գնահատվում քաղաքի դերն ու նշանակությունը մեր հաղթանակի գործում: Ուստի մենք բարձր ենք գնահատում նրանց սուրբ գործը, և հնարավորինս աջակցում այդ ընտանիքներին: Հիշենք, պատերազմն այսօր ավարտված չէ, մենք զինադադարի մեջ ենք և իրավունք չունենք թուլանալու:

- Եթե ամփոփելու լինեք Ձեր գործունեությունն` իբրև քաղաքապետ, ինչպես կգնահատեք այդ չորս տարիները:

-Ընդհանուր առմամբ այն բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էի իմ առջև պաշտոնավարման սկզբում, կարող եմ ասել, որ իրականացվել են: Սակայն սա չի նշանակում, որ քաղաքն այլևս խնդիրներ չունի: Պետք է նշեմ, որ չորս տարի առաջ ես չէի էլ պատկերացնում, թե որքան լուրջ ու խորն են քաղաքի խնդիրները, որոնք են առաջնահերթությունները: Իսկ այսօր իմ չորս տարիների փորձառությունն ինձ թույլ է տալիս առավել լավ և խորը պատկերացնել քաղաքի խնդիրները, զարգացման ուղղություններն ու հեռանկարները: Իմ գործունեությանը գնահատական պետք է տամ ոչ թե ես, այլ կապանցին, ում համար աշխատել եմ, և այն թիմը, որը հավաքվել է իմ շուրջը: Իսկ լավագույն գնահատականը կլինի քաղաքացու ձայնը և վստահությունը. սա կնշանակի, որ ես իմ գործունեության մեջ հաջողել եմ` որպես քաղաքապետ, և կապանցին հույս է կապում ինձ հետ` երկրորդ անգամ իր վստահության քվեն տալով ինձ:

 

- Պարո՛ն Աթայան, որն է այն գլխավոր խնդիրը, որ պլանավորում եք իրականացնել առաջիկայում վերընտրվելու դեպքում:

- Կապանը ինքնին թե՛ արդյունաբերական ներդրումների, թե՛ տուրիզմի` հատկապես էկոտուրիզմի զարգացման առումով, բավականին գրավիչ քաղաք է, սակայն այն հանգամանքը, որ Կապանը գտնվում է աշխարհագրական բավականին բարդ դիրքում և մայրաքաղաքից շատ մեծ հեռավորության վրա, այսպես ասենք, վանում է պոտենցիալ ներդրողներին: Ուստի ես ժամանակի պահանջ և հրամայական եմ համարում երբեմնի կարևորագույն նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանի հիմնովին վերանորոգումը և վերագործարկումը: Սա անշուշտ մեկնարկային հարթակ կդառնա քաղաքի հետագա զարգացման համար բոլոր ուղղություններով: Բացի այդ կան բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց մեկնարկն արդեն տրված է, որոնց մասին արդեն խոսեցինք, դրանք շարունակական ծրագրեր են  և անհրաժեշտ է արդյունավետ կառավարման միջոցով ավարտին հասցնել:

-Եթե անդրադառնանք Ձեր կենսագրական գործունեությանը, ապա մի քանի բառով կարող ենք բնութագրել այսպես` պատերազմ, խաղաղություն, քաղաքականություն …

- (ժպտում է) Պատերազմն ինձ համար կյանքի մեծ դաս էր` հայրենիքի, գաղափարի, ընտանիքի ու կյանքի արժեքը վերաիմաստավորելու համար: Խաղաղությունն ինձ համար մի փուլ է, որն ինձ թույլ տվեց ապրելու պատերազմից քաղած դասերով և արժեքներով, ինձ թույլ տվեց առավել ճիշտ և խորը ճանաչելու և սիրելու աշխարհն ու մարդկանց, հայրենիքս` հայրենի քաղաքս: Քաղաքականությունն ինձ համար ասպարեզ է, որտեղ ես կարողացա և հետագայում էլ փորձելու եմ կյանքի կոչել գաղափարներս ու ծրագրերս, որոնք ծնվում են այն դասերից և արժեքներից, որոնց մասին արդեն նշեցի:

-Խոսենք Արթուր Աթայան մարդու, ընտանիքի հոր մասին:

- Որպես մարդ, չափազանց արժևորում եմ ընտանիք հասկացողությունը, սերը, հարգանքը դեպի ընտանիքը, դեպի ծնողը: Շատ կարևորում եմ մարդու մեջ պատասխանատվության զգացումը սեփական քայլերի և դիմացինի նկատմամբ: Ունենալով երկու որդի և մեկ դուստր` որպես ընտանիքի հայր ապրում և իմ զավակների մեջ էլ սերմանում եմ նույն սկզբունքները: Իմ զավակներն ու հարազատները երբեք չպետք է անհարմար զգան իմ գործողությունների պատճառով, և հակառակը` փոխադարձաբար ես պետք է մշտապես հպարտանամ իմ զավակներով:

- Ունեք երկու որդի, խի՞ստ հայր եք, նրանց մասնագիտության ընտրության հարցում մե՞ծ է եղել Ձեր դերը, որքանով եք փորձել ազդել նրանց ընտրության վրա:

- Կարծում եմ ես զավակներիս դաստիարակել եմ իբրև մեր պետության համար արժանի զավակներ: Դաշնակցությունն իմ մեջ արմատավորեց անկեղծությունը, ազնվությունը, ճշտապահությունն ու հավատարմությունը` որպես գերագույն արժեքներ, դե ես էլ այդ ամենը փորձել եմ փոխանցել զավակներիս, կարծում եմ, հաջողվել է: Մշտապես փորձել եմ պարզապես ուղղորդել, բայց ոչ ստիպել անելու այս կամ այն քայլը: Ես իմ կենսակերպով եմ օրինակ ծառայում նրանց: Սա դաստիարակության լավագույն մեթոդն է, ըստ իս:

-Իսկ կցանկանայիք, որ Ձեր զավակները գնան Ձեր ճանապարհով:

- Ավագ որդիս ավարտել է Երևանի տնտեսագիտական համալսարանը, կրտսեր որդիս ավարտել է թատերական ինստիտուտը, իսկ դուստրս դեռ դպրոցական է և ցանկանում է հոգեբան դառնալ: Նրանց ընտրությունից կարծում եմ արդեն պարզ է, թե որքանով նրանք ազատ են իրենց մասնագիտության և հետագա կյանքի կազմակերպման ընտրության հարցում: Ունեմ երկու հրաշք թոռնիկ` Նռանեն և Արթուրը, նրանք են այսօր իմ ուրախությունը, կարծես Աստծո պարգև լինեն (ժպտում է):

-Իսկ ինչպիսի՞ նախասիրություններ ունեք, որոնք ցրում են առօրյա հոգսերն ու աշխատանքային լարվածությունը:

- Բավականին շատ եմ կարդում, շատ սիրում եմ ճանապարհորդել, եղել եմ աշխարհի բազմաթիվ քաղաքներում, շատ գեղեցիկ, զարգացած, պատմամշակութային կոթողներով հարուստ քաղաքներում եմ եղել: Սիրում եմ մեկնելու պահը, բայց շատ արագ կարոտում եմ Հայրաստանը` Կապանը: Ամեն տեղ մի հետաքրքիր ու առանձնահատուկ բան կա, սակայն կա մի բան, որ աշխարհի ոչ մի երկրում չեք գտնի, դա, այսպես կոչված, ՙմարդկությունն է՚, մարդկանց սերն ու հարազատությունն է միմյանց նկատմամբ: 

- Եվ վերջում, ինչպիսի՞ն եք տեսնում Կապանը չորս տարի անց:

-Հուսամ, որ շատ ավելի բարեկարգ, գեղեցիկ ու զարգացած: Բոլոր հիմքերն ու նախադրյալները դրված են հետագա զարգացման ու առաջընթացի համար: Վերընտրվելու դեպքում կշարունակեմ աշխատել նույն կերպ` հանուն Կապանի զարգացման ու բարօրության:     

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...