00:15
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես կուզենայի, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լիներ, ժողովուրդը առողջ և ապահոված ապրեր, մտածեր ոչ թե հանապազօրյա հաց ստեղծելու մասին, այլ թե ինչպես և որտեղ կազմակերպել իր հանգիստը

2013-02-20 12:26

«Դե Ֆակտո» N55 (2010թ.)

Ես կուզենայի, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լիներ, ժողովուրդը առողջ և  ապահոված ապրեր, մտածեր ոչ թե հանապազօրյա հաց ստեղծելու մասին, այլ  թե ինչպես և որտեղ կազմակերպել իր հանգիստը

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարար Մանուկ Վարդանյան

ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը,  արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, գնահատելով երկրում իրականացված մեկ տարվա աշխատանքը` ճանաչում է ՙՏարվա նախարար՚ այն գործչին, ով աչքի է ընկնում իր արդյունավետ աշխատանքով ու նվիրումով, իրականցրած ապագային միտված ծրագրերով: Այդպիսին է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ով կարճ ժամանակահատվածում առանցքային խնդիրներին ցուցաբերեց համարձակ մոտեցումներ, որոնց շնորհիվ` ՀՀ տրանսպորտի և կապի ոլորտը թևակոխեց զարգացման որակապես նոր  փուլ:

-Պարո´ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք 2010թ., ինչպիսի՞ հաջողություններ արձանագրվեցին տրանսպորտի և կապի  ոլորտում:

-Եթե ամփոփենք ամբողջ տարվա աշխատանքը, ապա պետք է նշեմ, որ բավականին  աշխատանք է իրականացվել գրեթե բոլոր ոլորտներում:

Առաջին հերթին իրականացվեցին նախարարության կառուցվածքային բարեփոխումներ` հստակեցնելով քաղաքականության վարման, իրականացման և վերահսկման խնդիրները:

Ճանապարհաշինության ոլորտում հիմք դրվեց ճանապարհաշինական  նոր մշակույթի ներդրմանը` կապված ՙՀյուսիս-հարավ՚ ճանապարհի կառուցման աշխատանքների հետ: Մենք ներդրեցինք աշխատանքի նոր որակ ստանալու չափանիշերի համակարգ` հիմք ընդունելով եվրոպական, բրիտանական, ամերիկյան և ռուսական ճանապարհաշինական լավագույն ստանդարտների համակցումը և կազմեցինք   մայրուղիներին ներկայացվող հայկական ստանդարտները, որոնք պետք է առաջադրվեն շինարարներին: Մեզ հաջողվեց ՙՀյուսիս-հարավ՚ ավտոճանապարհի կառուցման ծրագրի իրականացումը ռեալ հիմքերի վրա դնել, որի արդյունքում հաջորդ տարվա սկզբին մենք կունենանք 41 կմ  երկարությամբ պատրաստի նախագիծ:

Ամբողջ շինարարական աշխատանքներում ներդրվեց ապահովագրական համակարգը, հետերաշխիքային ժամկետները վերանայվեցին:

Վերականգնվեց միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների` շուրջ 46 մեր վթարային տեղամասերը, որտեղ երկու-երեք տարվա կուտակված խնդիրներ կային: Ամբողջությամբ կարողացանք իրականացնել կենսական ճանապարհների կառուցման ծրագիրը, որի արդյունքում շուրջ 140 կմ նոր ճանապարհ վերականգնվեց, իսկ գյուղական ճանապարհներից` 32 կմ:

Մեզ հաջողվեց վերականգնել երեք կամուրջ, էապես բարելավվել թունելների վիճակը, որոցում ներդրեցինք նոր տեսանկարահանման և տեսավերահսկման համակարգ:

Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմվեց մայրուղիների վերականգնման ծրագիր, որը  կիրականացվի 2011-2012թթ., ներդրեցինք գործող և նոր կառուցվող ճանապարհների անվտանգության աուդիտի իրականացման նոր ինստիտուտ: 

Պետք է նշեմ, որ ստեղծվեց նախարարին կից ճանապարհաշինարարական խորհուրդ, որտեղ ներգրավվեցին բոլոր խոշոր ճանապարհաշինարարները, նախագծողները, ոլորտի գիտնական մասնագետները: Ցանկացած ռազմավարական խնդիր, ցանկացած նորություն ճանապարհաշինության ոլորտում մենք կքննարկենք նոր ստեղծված խորհրդում:

Տրանսպորտի ոլորտում հիմք դրվեց նոր սկզբունքներով երթուղային նոր  ցանցի տրանսպորտային դիզայնի ստեղծմանը, մշակվում է նաև օդանավակայանին մոտեցող տրանսպորտների նոր ծրագիր, որը ավարտին կհասցվի հաջորդ տարի:

Երկաթգծի ոլորտում, նախորդ տարվա համեմատ, էապես բարելավվեցին երկաթգծի անվտանգության, արագության խնդիրները, այսինքն` բեռնափոխադրումների իրականացման մեջ փոփոխություններ կատարվեցին, բայց սակագնային փոփոխություն չեղավ: Կազմվեց նաև նոր ծրագիր` ՙՎանաձոր-Ֆիալետովո՚, հստակեցվում է ՙՀյուսիս-հարավ՚ ծրագիրը: Նորմատիվ, իրավական դաշտը մշակվեց և համապատասխանեցվեց միջազգային պահանջներին, ստեղծվեց երկաթուղու տեսչություն տրանսպորտի տեսչության կազմում:

ՙՀափոստ՚-ում աշխատանքներ ենք իրականացնում ժամանակակից փոստային համակարգ ներդնելու ուղղությամբ, որի համար պետք է փոխվեն  կառավարման սկզբունքները:

Կապի ոլորտում բավականին նորմատիվ դաշտ է ստեղծվել` միջազգային հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շնորհիվ: Հաջորդ տարի կմտածենք կապին ներկայացվող վերահսկողության պահանջների, վերահսկողության խնդիրները կանոնակարգելու մասին:

Նոր մշակույթ, նոր մոտեցում, եվրոպական ստանդարտներ ճանապարհաշինության ոլորտում, որոնք առաջադրում են լուծել բազմաթիվ խնդիրներ` խոստանալով զարգացման հեռանկար և որակական լուրջ առաջընթաց:

-Նշեցիք, որ ճանապարհաշինության ոլորտում նոր մշակույթի ներդրման հիմքեր դրվեցին: Ի՞նչ է դա նշանակում:

-Պետք է նշեմ, որ ճանապարհաշինության ոլորտում հաջողություններ ունենալը բավականին թանկ հաճույք է, քանի որ այն առավել կապված է որակյալ շինանյութի ապահովման, ժամանակակից տեխնիկային տիրապետելու, որակյալ աշխատանքի, ճանապարհային և երթևեկության անվտանգության նորմերի ապահովման հետ: 

Մենք ունենք բավականին որակյալ նախագծողեր, այդպիսի ծառայություն իրականացնող ընկերություններ, որոնք կառուցում են  խորհրդային տարիներին համահունչ ճանապարհներ, ինչի արդյունքում ՀՀ-ում նոր խոսքը, նոր ստանդարտները բացակայում են: Մենք սովորելու խնդիր ունենք: Դա վառ արտահայտվեց այն ժամանակ, երբ ՙՀյուսիս-հարավ՚ ճանապարհի նախագծման աշխատանքներում մեր առջև ծառացան բազմաթիվ խնդիրներ: Երբ նախագծողի առջև դրվեց այդ խնդիրը, նրանք մեզ պատասխանեցին` մենք չգիտենք, թե որն է Ձեր ուզած ճանապարհը, ներկայացրեք մեզ, թե ինչպիսի չափանիշեր են պահանջվում, և մենք կփորձենք դրանք կիրառել նախագծման աշխատանքներում: Այսինքն` խնդիր առաջացավ առաջին հերթին փորձել նախագծողների աշխատանքում ներդնել նոր որակի, նոր մշակույթի ստեղծման չափանիշերը: Դա էր պատճառը, որ մենք նախաձեռնեցինք մեր ուսանողներին ուղարկել վերապատրաստման: Կնքվեց եռակողմ պայմանագիր մեր ծրագիրն իրականացնող կազմակերպության` ՊՕԱԿ-ի, ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի և  ֆրանսիական կազմակերպության միջև, որի համաձայն` 75 ուսանողներ պետք է անցնեն վերապատրաստման ուսուցման առանձին փուլեր: Ենթադրում եմ, որ պարբերաբար դա կիրառելու դեպքում մենք մեր մասնագետների շրջանում կարձանագրենք որակական աճ:

Պետք է նշեմ, որ մենք դեռևս ձգտում ենք նոր չափանիշերով կառուցել ՙՀյուսիս-հարավ՚ ճանապարհը: Իմ մեծ ցանկությունն է, որ մենք ֆինանսական  հնարավորություն ունենանք մեր բոլոր ճանապարհները  կառուցել հենց այս որակի նոր չափանիշերով: 

Քանի որ պետությունը լուրջ գումարներ է ներդնում այս աշխատանքներում, դրանք իրականացվում են եվրոպական չափանիշերով, ապա հետևելով դրանց` պետք է աշխատանքի մյուս փուլերն էլ համահունչ լուծումներ ստանան:

Ճանապարհը կառուցելուց հետո առաջանում է տեխնիկական վերահսկողության խնդիրը: Ցավոք, մենք լուրջ վերահսկող կազմակերպություններ չունենք, ունենք առանձին անհատներ, ովքեր հանդես են գալիս անհատ ձեռներեցի կամ փոքրիկ կազմակերպությունների տեսքով: Այստեղ նույնպես մենք խնդրի առջև կանգնեցինք: Պետք է վարձել տեխնիկական վերահսկողի, ով պատվիրատուի անունից կվերահսկի շինարարի աշխատանքը և դրա հետ կապված խնդիրների դեպքում նա կլինի պատասխանատուն, այլ ոչ շինարարը: 2011թ. կձևակերպվի վերահսկողների աշխատանքի  կանոնակարգը, մանավանդ, որ եկող նոր սերունդ ենք ակնկալում: 

Շինարարի կամ շինարարական կազմակերպության ընտրության հարցում մենք նույնպես խնդիրներ ունեցանք: Ճիշտ է` այսօր մենք  առնվազն 10-12 շինարարական կազմակերպություն ունենք, որոնք առանձնանում են թե´ ինժեներական կազմով, թե´ շինտեխնիկայով, բայց նոր պահանջները նրանց էլ են անծանոթ: 

Մյուսը` ճանապարհը կառուցելուց հետո հետերաշխիքային խնդիրը կարգավորելն է: Այսինքն` որքա՞ն ժամանակ պետք է շինարարի առաջ պարտավորություն դնենք իր կառուցածի համար: Մենք դա 1-ից փոփոխեցինք 3 տարի:

Ռիսկայնությունը կիսելու համար որոշեցինք ապահովագրության համակարգը կիրառել  ամբողջ շինմոնտաժային աշխատանքների մեջ: Այսինքն` փորձեցինք կատարել շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն: Մենք պետք է փորձենք ապահովագրել և´ տեխնիկական վերահսկողին, և´ նախագծողին` բարձրացնելով պատասխանատվությունը նախագծված, կառուցված ճանապարհի համար և նվազեցնելով պատվիրատուի ռիսկերը, այդ թվում` ներդրված ֆինանսական միջոցների:

Ճանապարհաշինարարության մեջ վերջին նորությունը, որ ուզում ենք կիրառել և ուզում ենք արդեն ՙՀյուսիս-հարավ՚-ի համար մրցույթ հայտարարել, դա ճանապարհների անվտանգության աուդիտի իրականացումն է: Արդյո՞ք մեր նախածողները, մեր շինարարները կառուցելուց հետո լիարժեք անվտանգ ճանապարհ են կառուցում, որովհետև արագըթաց ճանապարհն իր առանձին անվտանգության պահանջներն ունի, որն իր մեջ ներառում է նաև ճանապարհների կահավորանքը:

Եթե մենք կարողանանք կայացնել այս համակարգերը, ապա այդ ժամանակ կարող ենք մտածել, որ նոր մշակույթ ենք ներդրել  ճանապարհաշինարարության ոլորտում:

-ՙՀյուսիս-հարավ՚ ճանապարհը ինչպիսի՞ դրական ազդեցություն կունենա:

-Սա  ռազմավարական նշանակության ճանապարհ է: Այն ոչ միայն տնտեսապես կէժանացնի փոխադրումները, այլ նաև մենք  կհանդիսանանք տրանզիտ մեր հարևան երկրների համար:

-Այլ նորամուծություններ եղա՞ն ճանապարհաշինարարության բնագավառում:

-Մենք սկսեցինք փորձարկել տեխնոլոգիաների զուգահեռ կիրառումը: Խոսքս սառը և տաք ասֆալտի վերամշակման, նոր տեխնիկայի կիրառման մասին է, ինչպես նաև գյուղական համայնքներում գրունտային ճանապարհների կառուցման, որը քիչ ներդրում է  պահանջում, կծառայի շուրջ չորս-հինգ տարի և որակով շատ չի զիջում գյուղական ճանապարհներին ներկայացվող պահանջներին: Մենք փորձարկեցինք և մեծ առումով, կարելի է ասել, որ հաջողեցինք:

Ճանապարհային անվտանգության հետ կապված արդեն բավականին աշխատանքներ ենք իրականացրել: Դրանցից են ճառագայթող լույսերը, տեսահսկման համակարգը` թունելի մեջ ամբողջությամբ վերահսկվում է, թե ինչ է կատարվում, լուծեցինք օդափոխության խնդիրները:

Լուծվեցին նաև ճանապարհային կահավորանքի հետ կապված խնդիրները: Եթե մեր առանձին ճանապարհներով տեղանքին անծանոթ մարդ երթևեկի, ապա կկորի, որովհետև անհրաժեշտ նշաններն ու հուշումները չկան, թե ճանապարհն ուր է տանում:

Տաթևի համալիրի ստեղծումը  2010թ. պատմական տարեթիվ դարձրեց, որի կայացման գործում իր ներդրումն ունի նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

-Պետական լուրջ ծրագիր էր Տաթևի ամբողջ համալիրի վերականգնումը, որի հետ կապված մենք բավականին կարճ ժամանկետում իրականացրեցինք ճանապարհաշինարարական աշխատանքները:

2010թ. ՀՀ կառավարությունը ՀՀ նախագահի հանձնարարությամբ  ֆինանսական միջոցներ առանձնացրեց ճանապարհները նորմալ վիճակում պահելու համար: Գոնե միջպետական և հանրապետական ճանապարհները մենք պարտավոր ենք նորմալ վիճակում պահել, որովհետև ոչ մի երկիր իրավունք չունի դրանք փակ պահել:

Տրանսպորտի  ոլորտը նույնպես շատ խնդիրներ ունի, այստեղ համակարգային փոփոխությունների կարիք կա: Այդ ուղղությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում:

-Պարո´ն Վարդանյան, տրանսպորտի ոլորտում ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել:

-Մենք ստեղծեցինք նոր ՊՕԱԿ: Խորհրդային տարիներից հետո ամբողջ երթուղային ցանցը կազմվել է չինովնիկների կողմից իրավիճակային լուծումներով` հաշվի չառնելով գիտական ներուժը և մոտեցումները: Մենք առաջնային խնդիր դրեցինք, այսպես կոչված, տրանսպորտի գլխավոր հատակագիծը փոխելու: Մեր միջմարզային, քաղաքային, ներմարզային տրանսպորտի աշխատանքը լիարժեք կանոնակարգված չէ, այսօր կարող է գյուղից ժամանող տրանսպորտը անցնել Երևանով` ծանրաբեռնելով քաղաքի երթևեկությունը, կանոնակարգված չէ, թե ինչպիսին պետք է լինի ավտոբուսի, միկրոավտոբուսի և էլեկտրոտրանսպորտի, մետրոյի փոխկապակցվածությունը, կանգառները մեկը մյուսից որքան հեռավորություն պետք է ունենան, չի իրականացվում ամբողջ գործընթացի մոնիտորինգը:

Մյուսն օդանավակայան-Երևան  ճանապարհատրանսպորտի խնդիրն է: Ծրագիրն արդեն մշակվում է, փորձում ենք պարզել, թե նոր ճանապարհի կարիք կա, թե ոչ, երկաթգիծն ինչպես մոտեցնել օդանավակայանին, անհրաժեշտ է վերգետնյա մետրո կամ էլեկտրիչկա:  Այսինքն` մարդը օդանավակայանից դուրս գալուց պետք է տրանսպորտային միջոցի ընտրության հնարավորություն ունենա, ինչպես բոլոր նորմալ քաղաքներում է:

Այնպես որ, մենք տրանսպորտի ոլորտում բավականին շատ խնդիրներ ունենք` սկսած փոխադրավարձերից, երթուղիների կանոնակարգումից, ավտոկայանային տնտեսությունը կարգի բերելուց: Դա Է պատճառը, որ մենք ավտոկայանային տնտեսության  հետ կապված դիմել ենք կառավարություն, վարչապետի կողմից ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով: 

Սրանք բոլորը խնդիրներ են և դրանք լուծելուց հետո միայն, կարծում եմ, բավականին հարցեր կլուծվեն: Սրանք երկարաժամկետ լուծման խնդիրներ են: Տրանսպորտի հետ կապված նույնպես անվտանգ երթևեկության ու կանոնների, տրանսպորտային պարկի թարմացման, մեքենաների տեխնիկական հսկողության  խնդիրներ կան, ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների հարցում: 

-Թերևս, երթուղային տաքսիների ծանրաբեռնված աշխատանքն այսօր լուրջ խնդիր է տրանսպորտի ոլորտում, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ոտքի վրա երթևեկում: Այս խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի:

-Տրանսպորտի տեսչության միջոցով այդ խնդիրները պետք է լուծվեն, որը մեր նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց է: Հիմա մենք վերանայում ենք տրանսպորտի տեսչության ամբողջ իրավական դաշտը` ինչ լիազորություններ կան, որոնց իմաստը չկա, պետք է զսպողական մեխանիզմներ կիրառենք և սահմանենք, թե ինչ լիազորություններ չկան, որոնք անհրաժեշտ  են տեսուչին աշխատելու համար: Տեսուչը քաղծառայող է և աշխատում է ժամը 9-ից 6-ը: Այսինքն` նրա միջնորդությունը մինչև 9-ը և 6-ից հետո բաց է: Այդ պատճառով մեր շատ քաղաքներում, նաև միջպետական երթուղիներում  ժամը 6-ից հետո նկատում ենք գնային խախտումներ: Այժմ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ենք իրականացնում, որոնց միջոցով կկանոնակարգվի մրցույթ իրականացնողի, շահագործողի, փոխադրողի, վերահսկողի աշխատանքը:

Տրանսպորտի վիճակը ես չէի ասի, որ հիանալի է:

-Մեր երկրում պարտադիր ապահովագրության համակարգը ներդրվեց, համամի՞տ եք այն տեսակետին, որ պարտադիր ապահովագրությունից հետո ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կտրուկ կաճի:

-Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը առաջին հերթին երաշխիք է մարդու կյանքի անվտանգության համար: Փաստորեն` ապահովագրական ընկերությունները կիսեցին այդ ռիսկը: Մենք դա կիրառեցինք նաև ճանապարհաշինարարության մեջ, որը էապես նվազեցրեց պետական ռիսկերը:

Ինչ վերաբերում է պատահարների հնարավոր աճին, ապա նշեմ, որ կլինեն համապատասխան կառույցներ, որոնք վերահսկողություն կիրականացնեն: Եթե Դուք նկատի ունեք, որ ապահովագրող ընկերությունը հանգիստ կփոխհատուցի գումարները, ապա ես խիստ կասկածում եմ: Պետք է ապացուցել, որ դա իրոք վթար էր, այլապես կհարուցվեն քրեական գործեր: Նոր համակարգ ներմուծելը միշտ էլ իր հետ խնդիրներ է բերում: Ամբողջ աշխարհը դրան է գնացել, և մենք այլընտրանք չունենք: 

Ռազմավարական նշանակության ևս մեկ նախագծի իրականացման  հիմք դրվեց` ՙՀյուսիս-հարավ՚ երկաթգծի կառուցումը: 

-ՙՀյուսիս-հարավ՚ երկաթգծի` մեր ռազմավարական ծրագրի տեխնիկական առաջադրանքն արդեն կա, որը կազմվել է մեր ռուս  գործընկերների կողմից: Հիմա քննարկում ենք դրա տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացումը, որպեսզի, ի վերջո, տեսնենք` ամբողջակա՞ն ենք իրականացնում ծրագիրը, թե՞ փուլ առ փուլ: Չմոռանանք, որ ՙՀյուսիս-հարավ՚ երկաթգծին զուգահեռ` կառուցվում է նաև ՙՀյուսիս-հարավ՚ ավտոճանապարհը, այդ աշխատանքները համակցելու խնդիր ունենք:

Իրականացվելիք ծրագրեր կան նաև ՙՀարավ-կովկասյան՚ երկաթուղում, որոնք կապված են երկաթգծի անվտանգության, արագության, սպասարկման որակի բարձրացման հետ: Գիտեք, որ այս տարի դեպի հարևան երկիր ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջացան, ես ստիպված միջամտեցի, անձնակազմ փոխվեց, և իրենք ևս տեսան, որ ինչ-որ խնդիրներ կան: Եթե աշխատանքներ տարվեն ամբողջ կառավարման համակարգի, այդ թվում նաև տոմսերի իրացման, շարժման և նաև վնասաբերության նվազեցման ուղղությամբ, ապա կկարողանա ավելի արդյունավետ աշխատել:

Մեր համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրված ոչ թե սակագնային փոփոխություն իրականացնել, այլ   տնտեսումների հաշվին  պահպանել կամ որոշակի իջեցումներ կատարել:

Բացի վերը նշվածից, կա նաև երկու մեծ ծրագիր: Մեկը ՙՎանաձոր-Ֆիալետովո՚ նոր գծի կառուցումն է: Արդեն 2011թ. կսկսվեն նախագծային աշխատանքները: Մեր ցանկությունն է` 2011թ. սկսել շինարարական աշխատանքները:

-Դա մոտավորապես ե՞րբ կլինի:  

-Ես ենթադրում եմ, որ արդեն աշնանը մենք կկարողանանք սկսել շինարարական աշխատանքները:

ՙՀայփոստ՚-ի ծառայությունը նույնպես փոփոխություններ է կրել` իր գործառույթների իրականացումը դարձնելով առավել արդյունավետ:

-ՙՀայփոստ՚-ի գործառույթներում ինչպիսի՞ բարեփոխումներ են իրականացվել:

-Մեզ հաջողվեց որոշակիորեն կանոնակարգել ՙՀայփոստ՚-ի աշխատանքները: Այսօր ՙՀայփոստ՚-ի կառավարիչը  մեր հայրենակիցն է` արգենտինահայ  Էդուարդո Էռնեկյանը: Նրա հետ համատեղ քննարկումների արդյունքում` եկանք այն եզրակացության, որ կառավարման ձևի փոփոխության խնդիր կա: Այլ տեսակետ լինել չի կարող, որովհետև մեր ներդրումային ծրագիրը, որ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից, լավ կառավարելու արդյունքում պետք է կարողանար ապահովել արդյունավետություն:

Փոստը միակ կառույցն է, որը Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում առկա է բաժանմունքների տեսքով: Փոստի ծառայությունները չպետք է  սահմանափակվեն միայն նամակ կամ ծանրոց ուղարկելով: Նոր ծառայությունների ներդրման կարիք կա հատկապես գյուղական վայրերում` համապատասխանեցնելով եվրոպական չափանիշերին: Դա նշանակում է, որ շատ գյուղական վայերում շատ ծառայություններ կարելի է պատվիրակել փոստի միջոցով:

Եվ երկրորդը` ստեղծել ՙՓոստ-բանկ՚ ծառայությունը: Արդեն երկուսը կան, ներդրված է երկու ծառայություն միասին: Շուրջ երեսուն կազմակերպություններում արդեն վերանորոգման աշխատանքներն ընթանում են:  Սա շատ խնդիրներ կլուծի հատկապես գյուղերում, որովհետև փոստը որոշակի սոցիալական խնդիրներ է լուծում, այդ թվում նաև` սպասարկման առումով:

Մինչև տարվա վերջ, փոստի նոր կառավարիչը մեզ կներկայացնի ներդրումային ծրագիր, կքննարկենք և ես վստահ եմ, որ նորմալ ծրագիր կընտրվի, կառավարման ձևը կփոխվի: Դրանից հետո արդեն հաջորդ տարվա սկզբներին մենք կունենանք նոր պահանջներով կառավարվող փոստի ստեղծմանն ուղղված աշխատանքներ:

Կապի համակարգը, համեմատած վեր նշված ոլորտների, թերևս, ամենակայացածն է, որտեղ առկա է առողջ մրցակցություն և զարգացման հեռանկար:

-Երբ խոսվում է կապի համակարգի մասին, ես միշտ ասում եմ` որքան քիչ միջամտենք կապի ոլորտի աշխատանքներին, այնքան, ի հաշիվ առողջ մրցակցության, ոլորտը կզարգանա` առաջարկելով նոր ծառայություններ և նոր տեխնոլոգիաների ներդրում:

Ես գոհ եմ կապի ոլորտի զարգացման տեմպերից, կապի որակից: Ճիշտ է` կան թերացումներ, սակայն դրանք ժամանակի ընթացքում կլուծվեն: Ես կարծում եմ` ՀՀ քաղաքացիներն էլ են գոհ կապի որակից, եթե հաշվի առնենք, որ երեք-չորս տարի առաջ մենք բոլորովին այլ կապի միջոցներից էինք օգտվում:  Հատկապես երրորդ օպերատորի մուտքը նոր որակի խնդիր առաջացրեց:

Այսօր կառավարությունում քննարկվում է ինտերնետ-հասարակություն ստեղծելու հարցը: Քննարկվում են հայեցակարգեր: Մրցույթ կիրականացվի ամբողջ երկրով մեկ ցանցը կառուցելու և համապատասխան ինտերնետային ծառայություն ապահովելու հնարավորության վերաբերյալ: Իհարկե, այստեղ կարևոր է, որպեսզի կարողանանք առողջ մրցակցություն ապահովել: Ամեն ինչի համար ժամանակ է պետք:

Փորձենք պարզել, թե ինչպիսին է ՙՏարվա նախարարը՚ աշխատանքի վայրում և տանը:

-Մենք Ձեզ ճանաչել ենք ՙՏարվա նախարար՚` գնահատելով Ձեր կատարած աշխատանքը և նվիրումն այդ աշխատանքին: Ի՞նչ դեր ունի աշխատանքը Ձեր կյանքում:

-Ես, 10-12 ժամ աշխատելով հանդերձ, աշխատանքի մեջ եմ 14 ժամ: Այդ նույն ռեժիմով աշխատում եմ 23 տարեկանից: Ես, որպես գերատեսչության ղեկավար, Հանրապետությունում աշխատում եմ 1997թ.: Այս աշխատանքային ռեժիմն ինձ համար արդեն առօրյա է դարձել: Սիրում եմ աշխատել: Ճիշտ է` տրանսպորտի և կապի ոլորտը առնվազն երեք ուղղություններով ինձ համար նոր ոլորտ էր, քանի որ ես մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց ես փորձեցի ուսումնասիրել և հասկանալ դրանց էությունը: Կառավարությունը, իմ գործընկերները, հասարակությունը կարող են փաստել, թե որքանով է դա ինձ հաջողվել:

-Հանգիստն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:

-Սիրում եմ մենակություն: Դա ինձ համար հանգստի լավ տարբերակ է, երբ լուռ խորհում եմ, մտածում տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ, երբեմն վճիռներ կայացնում: Իմ լռությունը խոսուն է և արդյունավետ: Շատ եմ սիրում շփվել բնության հետ, քայլել: Ցավոք, գեղարվեստական գրքեր կարդալու ժամանակ քիչ եմ ունենում:  Ավելի շատ պաշտոնական, մասնագիտական գրականություն եմ կարդում:

Շաբաթ օրն ինձ համար աշխատանքային է, կիրակի օրը փորձում եմ երեխաներիս հետ անցկացնել:

-Ընտանիքում և աշխատանքում շա՞տ տարբեր եք:

-Ես պահանջկոտ մարդ եմ թե´ աշխատանքում, թե´ ընտանիքում: Ես մի տղա և մի աղջիկ ունեմ, նրանց շատ եմ սիրում, բայց նաև շատ պահանջկոտ եմ: Երբեք չեմ բարկանում, բայց իրենք գիտեն, որ ես չեմ սիրում, երբ նրանք չարություն են անում:

-Կա՞ կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Ես միշտ ձգտել եմ, որպեսզի իմ երեխաները վատ չզգան: Փորձել եմ բացասական բան իրենց քիչ հասցնել: Ամեն գործ անելիս ես ձգտում եմ, որ այն չստացվի այնպես, ինչպես միշտ, այլ ավելի լավ ստացվի: Մարդը պետք է փորձի իր աշխատանքով, որքան հնարավոր է, դրական  հետք թողնել: 

-Ձեր ամանորյա շնորհավորանքը, խնդրեմ:

-Շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորը և Սուրբ ծնունդը: Ես կուզենայի, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լիներ, ժողովուրդը առողջ և  ապահոված ապրեր, մտածեր ոչ թե հանապազօրյա հաց ստեղծելու մասին, այլ  թե ինչպես և որտեղ կազմակերպել իր հանգիստը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...